Իոսիֆ Ստալինը՝ Ֆինլանդիայի դեմ իր ղեկավարած պետության մղած զավթողական պատերազմի մասին
1939 թվականի նոյեմբերի 30-ին՝ Երկրորդ աշխարհամարտն սկսվելուց 3 ամիս անց, Խորհրդային Միության Կարմիր բանակը ներխուժել է Ֆինլանդիա: Փոքրիկ երկրի անձնվեր դիմադրությունը տևել է երեք և կես ամիս: Պատերազմն ավարտվել է 1940 թվականի մարտի 13-ին. ստորագրվել է Մոսկվայի պայմանագիրը։ Չնայած ռազմական մեծ գերակշռությանը՝ ԽՍՀՄ-ն ահռելի կորուստներ է կրել: Մինչև հարձակումը ԽՍՀՄ-ը Ֆինլանդիային առաջարկել է հանձնել մի քանի սահմանամերձ տարածք և փոխարենը ստանալ այլ տարածքներ՝ իր առաջարկը պատճառաբանելով Ֆինլանդիայի սահմանից ընդամենը 32 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լենինգրադ քաղաքի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ: Երբ Ֆինլանդիան մերժել է տարածքների փոխանակման առաջարկը, Կարմիր բանակն անմիջապես ներխուժել է այդ երկիր: ԽՍՀՄ-ի իրական նպատակն է եղել նվաճել ամբողջ Ֆինլանդիան և այնտեղ հաստատել կոմունիստական խամաճիկային ռեժիմ: «Մոլոտով Ռիբենտրոպ» պակտը ԽՍՀՄ-ին լիովին ազատ գործելու հնարավորություն էր ընձեռել: Ֆինլանդիան ավելի քան երկու ամիս հետ է մղել ԽՍՀՄ զորքերի գրոհները և շատ մեծ կորուստներ է պատճառել նրան: ԽՍՀՄ ռազմաքաղաքական ղեկավարությունը վերանայել է ռազմական գործողությունների մարտավարությունը, որից հետո միայն վերսկսել է հարձակումը: Փետրվարին հաղթահարվել է ֆինների պաշտպանությունը։ Ըստ Մոսկվայում ստորագրված հաշտության պայմանագրի՝ ԽՍՀՄ-ը զավթել է Ֆինլանդիայի տարածքի 11 տոկոսը (Լադոգա լիճն իր հարակից տարածքներով) ։ Չնայած տարածքային այս նշանակալի կորուստներին՝ Ֆինլանդիան պաշտպանել իր ինքնիշանությունը և բարձրացրել է իր միջազգային հեղինակությունը, իսկ Կարմիր բանակի թույլ պատրաստվածությունն Ադոլֆ Հիտլերին վստահություն է հաղորդել, որ ԽՍՀՄ-ի վրա հարձակումը հաջողությամբ կավարտվի: Հաշտության պայմանագրի կնքումից 35 օր անց Ստալինը Կարմիր բանակի ղեկավար կազմի խորհրդակցություն է հրավիրել և խորհրդակցության մասնակիցների առջև Ֆինլանդիայի դեմ պատերազմի ընթացքի, թույլ տրված սխալների ու այդ սխալների ուղղման ուղությամբ հընթացս կատարված քայլերի վերաբերյալ խորը վերլուծական բնույթի ընդարձակ ելույթով է հանդես եկել: Հուսամ, այդ ելույթը շատերին կհետաքրքրի և մեր մղած պատերազմների ու մեր իրականության հետ զուգորդելու ազդակ կդառնա: *** Ստալին - Ես կուզենայի, ընկերներ, անդրադառնալ որոշ հարցերի, որոնք կա՛մ չբարձրացվեցին ելույթներում, կա՛մ բարձրացվեցին, բայց բավարար չափով չլուսաբանվեցին: Առաջին հարցը Ֆինլանդիայի դեմ պատերազմի մասին է: Արդյո՞ք կառավարությունն ու կուսակցությունը ճիշտ վարվեցին, որ Ֆինլանդիային պատերազմ հայտարարեցին: Այս հարցը վերաբերում է հատկապես Կարմիր բանակին: Արդյո՞ք հնարավոր չէր առանց պատերազմի հարցը լուծել: Առանց պատերազմի հնարավոր չէր: Պատերազմն անհրաժեշտ էր, քանի որ Ֆինլանդիայի հետ խաղաղ բանակցություններն արդյունքներ չտվեցին, իսկ Լենինգրադի անվտանգությունը պետք էր առանց այլևայլության ապահովել, քանի որ այդ քաղաքի անվտանգությունը մեր Հայրենիքի անվտանգությունն է: Ո՛չ միայն այն պատճառով, որ Լենինգրադը ներկայացնում է մեր երկրի պաշտպանական արդյունաբերության 30 – 35 տոկոսը և, կնշանակի, Լենինգրադի ամբողջականությունից ու պահպանվածությունից է կախված մեր հայրենիքի ճակատագիրը, այլև այն պատճառով, որ Լենինգրադը մեր երկրի երկրորդ մայրաքաղաքն է: Ճեղքելով հասնել Լենինգրադին, գրավել այն և այնտեղ ստեղծել, ասենք, բուրժուական, սպիտակգվարդիական կառավարություն, կնշանակեր Խորհրդային իշխանության դեմ երկրի ներսում քաղաքացիական պատերազմի բավականին լուրջ հանգրվան ստեղծել: Ահա սա է Լենինգրադի պաշտպանական և քաղաքական նշանակությունը որպես արդյունաբերական կենտրոն և որպես մեր երկրի երկրորդ մայրաքաղաք: Ահա թե ինչու Լենինգրադի անվտանգությունը դա հենց մեր երկրի անվտանգությունն է: Հստակ է՝ քանի որ Ֆինլանդիայի հետ խաղաղության բանակցություններն արդյունքների չհանգեցրին, հարկավոր եղավ պատերազմ հայտարարել, որպեսզի ռազմական ուժի օգնությամբ կազմակերպվի և ամրացվի Լենինգրադի անվտանգությունը և, դրանով իսկ, մեր երկրի անվտանգությունը: Երկրորդ հարցը. իսկ գուցե մեր կառավարությունը շտապե՞լ է՝ հենց նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին պատերազմ հայտարարելով, մի՞թե չէր կարելի հետաձգել այդ հարցը, սպասել երկու, երեք, չորս ամիս, նախապատրաստել և դրանից հետո հարվածել: Ո՛չ: կուսակցությունն ու կառավարությունը բացարձակորեն ճիշտ են վարվել՝ չհետաձգելով այդ գործը և, իմանալով հանդերձ, որ մենք Ֆինլանդիայի պայմաններում դեռ լիովին պատրաստ չենք պատերազմին, սկսեցինք ակտիվ ռազմական գործողություններ հենց նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին: Այդ ամենը կախված էր ոչ միայն մեզանից, այլ, ավելի շատ, միջազգային իրադրությունից: այնտեղ՝ Արևմուտքում, երեք ամենամեծ տերություններ միմյանց կոկորդից էին բռնել. էլ ե՞րբ կարելի էր լուծել Լենինգրադի վերաբերյալ հարցը, եթե ոչ այն պայմաններում, երբ նրանց ձեռքերն զբաղված են և մեզ տրամադրված է բարենպաստ մի իրավիճակ նրանց այդ պահին հարվածելու համար: Մեծ հիմարություն, քաղաքական կարճատեսություն կլիներ կլիներ պահը բաց թողնելը և չփորձել հնարավորինս արագ, քանի դեռ այնտեղ՝ Արևմուտքում, պատերազմ է ընթանում, լուծել Լենինգրադի անվտանգության հարցը: Այդ գործը երկու ամիս հետաձգելը կնշանակեր այդ գործը 20 տարով հետաձգել, քանի որ քաղաքականության մեջ ամեն ինչ չես կարող կանխատեսել: Ճիշտ է, նրանք այնտեղ կռվում են, բայց այդ պատերազմը ինչ-որ թույլ է. ոչ այն է՝ կռվում են, ոչ այն է՝ թուղթ են խաղում: Հանկարծ ու նրանք վերցնեն ու հաշտվեն, որը բացառված չէ: Կստացվի, որ Լենինգրադի պաշտպանության վերաբերյալ հարցի լուծման ու պետության անվտանգության ապահովման բարենպաստ իրավիճակը բաց թողնված կլիներ: Դա մեծ սխալ կլիներ: Ահա թե ինչու մեր կառավարությունն ու կուսակցությունը ճիշտ վարվեցին՝ չհետաձգելով այդ գործը և սկսելով ռազմական գործողությունները Ֆինլանդիայի հետ բանակցությունների ընդմիջումից անմիջապես հետո: Նկարում՝ կարմիրբանակային կուսակցական ժողով ֆիննական ճակատի խրամատներից մեկում: (շարունակելի) |