Հեղափոխական պրոլետարիատի տասներկու սեռական պատվիրանները. տասներորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ պատվիրաններ
![]() 10. Խանդ չպիտի լինի: Սեռական սիրային կյանքը, որը կառուցված է փոխհարգանքի, հավասարության, գաղափարական խորը մերձավորության, փոխվստահության վրա, մերժում է սուտը, կասկածը, խանդոտությունը: Խանդը պարունակում է մի քանի նեխած գծեր: Խանդը, մի կողմից, արդյունք է սիրելի մարդու նկատմամբ անվստահության, և այն վախի, որ նա թաքցնում է ճշմարտությունը, իսկ մյուս կողմից էլ խանդն ինքն իր նկատմամբ վստահություն չունենալու ծնունդ է (ինքնանսեմացման վիճակ) . «Ես այնքան վատն եմ, որ նրան պետք չեմ, և նա կարող է ինձ հեշտությամբ դավաճանել»: Այնուհետև, խանդը պարունակում է խանդողի կեղծիքի, ստի տարր. սովորաբար սիրո հարցերում չեն վստահում նրանք, ովքեր իրենք արժանի չեն վստահության (սեփական ստի փորձառության հիման վրա նա ենթադրում է, որ զուգընկերը/զուգընկերուհին նույնպես ստի, կեղծիքի հակում ունի): Իսկ ամենավատն այն է, որ խանդի մեջ նրա ամենահիմնական բովանդակությունը հանդիսանում է կոպիտ սեփականատիության տարրը՝ «Ես նրան ոչ մեկին չեմ ուզում զիջել», որն արդեն իսկ անթույլատրելի է պրոլետարական-դասակարգային տեսակետից: Եթե սիրային կյանքը, ինչպես և իմ ամբողջ կյանքը, դասակարգային արժեք է, եթե իմ սեռական վարքը պետք է բխի դասակարգային նպատակահարմարությունից, ապա ակնառու է, որ նաև սեռական օբյեկտի ընտրությունն իմ կողմից, ինչպես նաև ինձ ընտրելն ուրիշների կողմից որպես սեռական օբյեկտ, պետք է նախ և առաջ հաշվի առնի այդ ընտրության դասակարգային օգտակարությունը: Եթե ինձանից իմ սեռական զուգընկերոջ/զուգընկերուհու բաժանվելը կապված է նրա դասակարգային հզորության ուժգնացման հետ, եթե նա ինձ փոխարինել է մեկ այլ օբյեկտով՝ դասակարգային առումով առավել արժեքավորով, ապա այդպիսի պայմաններում իմ խանդոտ բողոքը հակադասակարգային, ամոթալի ու խայտառակ է դառնում: Ինձ համար դժվար է դատել, թե ով է ավելի լավը՝ ե՞ս, թե՞ ինձ փոխարինողը: Այդ դեպքում հենվիր ընկերային, դասակարգային կարծիքի վրա և աներերորեն համակերպվիր, եթե գնահատականը քո օգտին չէ: Իսկ եթե քեզ վատն է փոխարինել, ապա դու իրավունք ունես պայքարել հետ նվաճելու, վերադարձնելու հեռացածին, կամ էլ, անհաջողության պարագայում, արհամարհել նրան, որ չի կարողացել իրեն զսպել դասակարգային տեսակետով: Բայց դա խանդ չէ: Խանդի մեջ սեփական ստի, սեփական ոչնչության և անզորության զգացման հարուցած վախն է, կենդանական-սեփականատիրական մոտեցումը, այսինքն հենց այն, որը հեղափոխական-պրոլետարական մարտիկը չպիտի ունենա ոչ մի դեպքում: 11.Սեռական այլասերվածություն չպիտի լինի: Արդի սեռական այլասերվածությունների ոչ ավելի, քան 1 – 2 տոկոսն է միայն ներկենսաբանական ծագման, այսինքն՝ ի ծնե, իսկ մնացյալը ձեռքբերովի պայմանական ռեֆլեքսներ են, որոնք ծնունդ են արտաքին պայմանների գարշելի կոմբինացիաների, և պահանջում են ամենահետևողական պայքար դրանց դեմ դասակարգի կողմից: Ցանկացած սեռական այլասերում, թուլացնելով կենտրոնական սեռական բովանդակությունը, դրանով իսկ անդրադառնում է սերնդի որակի և զուգընկերների միջև սեռական հարաբերությունների ամբողջ զարգացման վրա: Սեռական այլասերումները միշտ մատնանշում են, որ տեղի է ունեցել սեռական կյանքի կոպիտ շեղում մերկ զգացմունքայնության կողմը, որը սեռական հակման մեջ սոցիալ-սիրային խթանիչների կտրուկ անբավարարության հետևանք է: Այլասերված սեռական կյանքը զրկված է այն ստեղծագործորեն կարգաբերիչ տարրերից, որոնք ինքնին բնութագրում են սեռական նորմալ հարաբերությունները. նորանոր բազմազանության պահանջը, կախվածությունը պատահական գրգռիչներից և պատահական տրամադրությունից այլասերվածի մոտ դառնում են հսկայական. դժվարությունը գտնելու այնպիսի զուգընկեր, որն ամբողջովին կբավարարի այլասերված պահանջները, արդեն գտնված զուգընկերոջը կորցնելու վախը, նրան իրեն հարմարեցնելու բարդությունը (այսինքն՝ փաստորեն զուգընկերոջ խեղումը հանուն սեփական հաճույքի), հաճախակի խանդը, որն այլասերվածի մոտ ընդունում է շատ խորը և բարդ բնույթ. այս ամենն իր կնիքն է դնում այլասերվածի ստեղծագործական աշխարհի վրա, շարունակաբար խեղելով նրա հոգեկան այլ մղումները: Դասակարգը պարտավոր է բոլոր ուժերով այլասերվածին մղել նորմալ սեռական ապրումների հուն: 12. Դասակարգը, ի շահ հեղափոխական նպատակահարմարության, իրավունք ունի միջամտել իր անդամների սեռական կյանքին: Սեռականը պետք է ամբողջովին ենթարկվի դասակարգայինին՝ վերջինիս ոչնչով չխանգարելով, ամեն ինչով նրան սպասարկելով: Ժամանակակից սեռական կյանքում քաոսը չափազանց մեծ է, չափազանց շատ են անհեթեթ պայմանական ռեֆլեքսները սեռական կյանքի ոլորտում, որոնք ստեղծվել են շահագործողական սոցիալականությամբ, որպեսզի հեղափոխական կազմակերպող դասակարգն այդ ժառանգությունն առանց պայքարի ընդունի: Ժամանակակից սեռական բովանդակության 90 տոկոսը կորցրել է իր կենսաբանական տարերայնությունը և ենթարկվում է ամենատարբեր գործոնների ապականող ազդեցությանը, որոնց ազդեցությունից պետք է ազատագրել սեքսուալությունը և դրան տալ այլ, առողջ ուղղություն, դրա համար ստեղծելով դասակարգային նպատակահարմար կարգավորիչներ: Եվ այդ դեպքում սեռական կյանքը կդադարի լինել «առանձին մարդու մասնավոր գործը» (ինչպես մի ժամանակ ասել է Բեբելը, բայց չէ՞ որ նա ապրել է պրոլետարական հեղափոխության ոչ մարտական դարաշրջանում, նա չի ապրել հաղթանակած պրոլետարիատի երկրում) և վերածվում է սոցիալական, դասակարգային կազմակերպության մի մարզի: Իհարկե, մենք դեռ հեռու ենք պրոլետարիատի միջավայրում սեռական կյանքի դասակարգային սպառիչ կանոնավորումից, քանի որ դեռ բավարար հստակ ուսումնասիրված չեն այդ կանոնավորման սոցիալ-տնտեսական նախադրյալները, դեռ շատ ֆետիշիզմ կա նաև սեռական հարցի կենսաբանական ստուգաբանության մեջ: Սեռային կոշտ կարգավորման փորձերը, իհարկե, կհանգեցնեն ողբերգական անհեթեթության, բարդագույն թյուրիմացությունների ու կոնֆլիկտների, բայց և այնպես սեռական հարցի կարգավորման ընդհանուր դասակարգային ուղենիշը ներդրված է: Ընկերական նրբանկատ խորհրդով կազմակերպելով դասակարգային կարծիք համապատասխան կողմում, արվեստի օգնությամբ տալով որոշակի տիպին բնորոշ արժեքավոր գեղարվեստական կերպարներ, առանձին դեպքերում կոպտորեն միջամտելով նույնիսկ արհմիութենական դատարանի, ժողովրդական դատարանի և այլնի միջոցով, դասակարգն այժմ կարող է տալ հիմնական ազդակները սեռական ընտրության գծով, սեռական էներգիայի խնայողության գծով, սեռականությունը սոցիալականացնելու գծով, որպեսզի ազնավացնի այն: Որքան հստակեցվում է ճանապարհն այս հարցում, այնքան վճռական և մանրամասն է դառնում դասակարգի պահանջն իր անդամների սեռական վարքի նկատմամբ: Բայց դասակարգը ոչ միայն պահանջներ է ներկայացնելու, այլև կառուցելու է այդ պահանջների կատարմանը նպաստող իրավիճակը: Նրա պահանջների չափը համապատասխանելու է նոր իրավիճակին, նոր միջավայրին, նրա հասունության և ուժի հնարավորություններին: Սեռականը պիտի ամբողջովին ենթարկվի դասակարգի ազդեցությանը: Դրան համապատասխանող իրավիճակ արդեն ձևավորվում է: Իհարկե, մեր «12 պատվիրաններով» լիովին չեն սպառվում հեղափոխական պրոլետարիատի վարքի բոլոր նորմերը: Հեղինակը միայն դնում է դրա նախասկզբնական տեսքի հարցը, փորձում է ամրագրել դրա առաջին ուղենիշները: Նա ջանացել է հետևողականորեն պահպանել պրոլետարիատի դասակարգային-սեռական վարքի՝ վերը նշված երեք չափորոշիչները՝ սերնդի հարցը, դասակարգային էներգիայի հարցը, դասակարգի ներսում փոխհարաբերության հարցը: Իր էներգիայի առավելագույն արգասաբեր օգտագործմամբ և դասակարգի մյուս ընկերների հետ լավագույն համագործակցությամբ առողջ հեղափոխական սերունդ կապահովի միայն այն աշխատավորը, որն ուշ կսկսի իր սեռական կյանքը, որը մինչև ամուսնանալը կույս կմնա, որը ժուժկալություն կդրսևորի սեռական հարաբերություններում: |