Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ձմեռային հանգստի յուրահատուկ տարբերակներ Հայաստանում

Content Master
Մամուլի խոսնակ`
Content Master
20:51, շաբաթ, 28 հոկտեմբերի, 2023 թ.
Ձմեռային հանգստի յուրահատուկ տարբերակներ Հայաստանում

Ձմեռային հանգիստն ունի իր առանձնահատուկ հրապույրը: Ձմռանը հանգստանալ ցանկացողների մեծամասնությունը, բնականաբար, ընտրում է հանգստի այն տարբերակները կամ ուղղությունները, որոնք առավել թրենդային են տվյալ տարածաշրջանում կամ ժամանակահատվածում: Սակայն պետք չէ մոռանալ, որ միշտ էլ գոյություն ունեն այլընտրանքներ, չբացահայտված վայրեր, որոնք առանձնապես գրավիչ են նրանց համար, ովքեր սիրում են փոփոխություններ և բացահայտումներ:

Ներկայացնենք Հայաստանի ձմեռային հանգստի այլընտրանքային ուղղությունները և միջոցառումները, որոնց մասին հնարավոր է ոչ բոլորը գիտեն:
    
    

Լեռնանիստ: Հրազդանի շրջանում գտնվող այս գյուղը բոլորովին վերջերս է դարձել ձմեռային հանգստի կենտրոն՝ շնորհիվ վերջին մի քանի տարում այստեղ ձևավորված դահուկային սահուղիների և ճոպանուղու: Ձմեռային սպորտաձևերի զարգացմանը նպաստում են տարվա 4 ամիսներին ձյունառատ լեռնալանջերը: Ատրակցիոններից բացի, գյուղի շրջակայքում կան պատմամշակութային հուշարձաններ, տեսարժան վայրեր:


     Աշոցք:
Աշոցքում տարեցտարի շատանում են ձմեռային տուրիզմի կենտրոնները: Այստեղ դահուկասպորտով և այլ ձմեռային սպորտաձևերով կարող են զբաղվել թե՛ հմուտ մարզիկներն ու թե՛ սկսնակները, որոնց համար գործում են ուսուցումներ: Այստեղ գործում են նաև հանգստի ու գիշերակացի պայմաններ: Սպասվում է, որ ժամանակի ընթացքում Աշոցքն ավելի հայտնի կդառնա և կճանաչվի որպես ձմեռային սպորտաձևերի տուրիստական կենտրոն:


     Կրաշեն: Հայաստանի ձմեռային հանգստի ևս մեկ հիշարժան վայր՝ Շիրակի մարզում: Կրաշեն գյուղում ձմռանն անցկացվում են դահուկային զբոսանքներ տեղացիների և արտասահմանից ժամանած տուրիստների համար: Բոլոր անհրաժեշտ պարագաներն այստեղ կարելի է վարձակալել, իսկ քաղցած լինելու դեպքում օգտվել հյուրատան առաջարկած ճաշացանկից:


     Թեժ լեռ: Լոռու մարզի թերևս ամենաճանաչված հանգստավայրերից է: Այստեղ գործող հանգստյան համալիրները մարդաշատ են տարվա բոլոր եղանակներին, իսկ ձմռանը Թեժ լեռը նշանավորվում է հատկապես նրանով, որ այստեղ է անցկացվում «Լոռվա Ձմեռ» մարզական տոնահանդեսը՝ ձմեռային սպորտաձևերի ուղեկցությամբ:
    
    

Ապարան: Ձյունառատ Ապարանում սպորտի սիրահարները կարող են մասնակցել «Ապարանյան ձմեռ» փառատոնին, որը ներառում է դահուկասպորտ, ձմեռային խաղեր, ձնամարտի առաջնություն: Վերջինս նորություն է Հայաստանում: «Յուկիգազն» կամ «Ձնամարտ» -ի առաջնությունն առաջին անգամ անցկացվել է հենց «Ապարանյան ձմեռ» փառատոնի շրջանակներում՝ 2019թ.: Ձնամարտն ունի հստակ կանոններ, խաղի ժամանակ օգտագործվում են հատուկ սարքով պատրաստված ձնագնդիներ:


     Ձմեռային ռաֆթինգ: Այս էքստրեմալ սպորտաձևով կարելի է զբաղվել բոլոր այն վայրերում, որտեղ առատ ձյուն կա և սահելու հնարավորություն: Դասական ռաֆթինգից ձմեռայինը տարբերվում է նրանով, որ սահում են ոչ թե ջրի, այլ ձյան վրայով: Հայաստանում ձմեռային ռաֆթինգն իրականացվում է առայժմ Աշոցքում գտնվող դահուկային կենտրոնում, սակայն կան բոլոր նախադրյալները, որ ձմեռային էքստրեմալ այս սպորտաձևը կզարգանա նաև այլ վայրերում, որտեղ կան նպաստավոր պայմաններ և համապատասխան կենտրոններ:


     «Ձնեմարդուկ» փառատոն: Ձմեռային ակտիվ հանգստի սիրահարներին անշուշտ կհետաքրքրի Ջերմուկում իրականացվող այս իրադարձությունը: Ամենամյա դարձած փառատոնի շրջանակում անցկացվում են «Լավագույն ձնեմարդ» եւ «Լավագույն ձնեքանդակ» մրցույթներն ու շնորհվում անվանակարգեր: Միջոցառումը հագեցած է նաև զվարճալի խաղերով, դահուկավազքով:
    
    

Թեղենիս, Հատիս, Եղեգիս: Ձմեռային Հայաստանը զբոսաշրջիկներին գրավում է հատկապես նրանով, որ հնարավորություն է տալիս հաղթահարել լեռների ու բլուրների վրայի ձյան հաստ շերտը, բարձրանալ գագաթներն ու վերևից վայելել ձյունածածկ բնության գեղեցիկ տեսարանները: Նշված գագաթներն իդեալական են ձմեռային այնպիսի ակտիվ հանգստի համար, ինչպիսիք են դահուկասահքը, ձմեռային քայլարշավը ձյունակոշիկներով (snoeshoeing) :
    
     Դե, իսկ դասական հանգիստը նախընտրողների համար միշտ էլ գործում են ձմեռային հանգստի դասական տարբերակներ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
565 | 0 | 0
Facebook