Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Օ՜ ժամանակներ, Օ՜ կանայք. «Պետության համար ո՞րն է օգտակար՝ մեկ տղամարդը երկո՞ւ կին ունենա, թե՞ մի կինը երկու տղամարդու հետ ամուսնանա»

15:45, երկուշաբթի, 27 մարտի, 2023 թ.
Օ՜ ժամանակներ, Օ՜ կանայք. «Պետության համար ո՞րն է օգտակար՝ մեկ տղամարդը երկո՞ւ կին ունենա, թե՞ մի կինը երկու տղամարդու հետ ամուսնանա»

Ընթերցողներիս առաջարկում եմ տեղեկանալ 18-րդ դարի գերմանացի հռչակավոր գեղանկարիչ, Ֆրանսիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի առաջին կին անդամ Անժելիկա Կաուֆմանի վրձնած «Մայրն աղաչում է Պապիրիուս Պրետեքստատուսին» նկարի ատաղձը դարձած հետաքրքիր և զվարճալի պատմությանը:

Իսկ ո՞վ է եղել Լուցիուս Պապիրիուս Պրետեքստատուսը:

Հին Հռոմում սովորույթ է եղել սենատի նիստերին մասամբ կարմիր շերտավոր տոգա (պրետեքստա) կրող որդիների հետ գնալ:

Այդ ժամանակներում, երբ սենատում մի որևէ կարևոր գործի քննարկումը չի ավարտվել, հետաձգվել է հաջորդ օրվան: Ընդ որում բոլոր սենատորներից պահանջվել է, որ քննության առարկա գործը ոչ ոք չի բարձրաձայնելու այնքան ժամանակ, քանի դեռ դրա վերաբերյալ որոշում չի կայացվել:

Նիստերից մեկին հոր հետ մասնակցած պատանի Պապիրիուսը երբ տուն է վերադարձել, մայրն սկսել է նրան հարցուփորձ անել, թե սենատորներն ինչ են քննարկել:

Տղան պատասխանել է, թե այդ մասին խոսել չի թույլատրվում, և ինքը պարտավոր է լռել:

Որդու լռությունը, գործի գաղտնի բնույթն այս կնոջ մեջ ավելի են բորբոքել քննարկման մանրամասներին տեղեկանալու ցանկությունը, և նա պոկ չի եկել պատանուց ու համառորեն ցանկացել է անպայման գոհացում տալ իր հետաքրքրասիրությանը:

Այլևս չկարողանալով դիմադրել մոր համառությանը՝ տղան որոշել է նրան խաբել ու մի անմեղ սուտ է հորինել: Նա ասել է, թե սենատում քննարկվել է, թե պետության համար ո՞րն է օգտակար՝ մեկ տղամարդը երկո՞ւ կին ունենա, թե՞ մի կինը երկու տղամարդու հետ ամուսնանա:

Երբ մայրն այդ լսել է, սարսափահար է եղել: Խիստ տագնապած կինն անմիջապես դուրս է նետվել ու լսածը պատմել է ուրիշ մայրերի:

Հաջորդ օրը սենատի մոտ մայրերի մեծ բազմություն է հավաքվել: Նրանք ողբաձայն աղաչել են, թե ավելի լավ կլինի, որ մեկ կինը երկու տղամարդու հետ ամուսնանա, քան մեկ տղամարդը երկու կին ունենա:

Սենատորներին զարմացրել է կանանց անզսպությունը, չափավորության բացակայությունը:

Իսկ Պապիրիուսը կանգնել է կուրիայի կենտրոնում ու պատմել, որ մոր համառ պահանջից ազատվելու համար է ինքն այդ սուտը հորինել:

Սենատի անդամներն իրենց հիացմունքն են հայտնել պատանուն, որ բերանբացություն չի դրսևորել, բայց որոշում են կայացրել, որ իրենց հայրերի հետ տղաների մուտքը սենատ արգելվի: Թույլատրվել է միայն Պապիրիուսին: Նրան «Պրետեքստատուս» մականունն է տրվել, քանի որ նա պրետեքստի տարիքում ողջամտություն է դրսևորել ու լռություն է պահպանել:

Երիտասարդը պրետեքստի տոգայով:
Երիտասարդը պրետեքստի տոգայով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6017 | 0 | 0
Facebook