Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դարեր առաջ տեղի է ունեցել գրեթե անհավանականը

15:58, չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ.
Դարեր առաջ տեղի է ունեցել գրեթե անհավանականը

1635 թվականի հունվարի սաստիկ ցրտերն անտեսելով՝ Օսմանյան կայսրությունը մեծ զորահավաք է կատարել և փետրվար ամսին հարձակվել է Պարսկաստանի վրա: Երևանի Մուհամմադ ղուլի կամ Մահմադ խանը (1652 - 1656) շրջական գյուղերի բնակչությանը հրամայել է փախչել՝ որքան կարելի է հեռու: Բոլորը շտապել են հնարավորինս շուտ հեռանալ, որպեսզի օսմանցիների ձեռքը չընկնեն: «Եվ ելան, - ասում է ժամանակագիր Զաքարիա Քանաքեռցին, - իրենց բնակավայրերից և ցրվեցին՝ ոմանք Վրաց աշխարհ, ոմանք Աղվանից աշխարհ, ոմանք Գյանջա, Խաչեն, Վարանդա և այլ վայրեր՝ ուր որ կարողացան: Իսկ կարբեցիները Վարդավառի բարեկենդանի շաբաթ օրը գնացին Քաշաթաղի երկիր և հասան Հոչես գյուղ: Եվ այդտեղ սև վրանների տակ բնակվել էին քրդերի բազում ընտանիքներ: Երբ քրդերը տեսան կարբեցիներին, ասացին, թե սրանք փախստականներ են, ուստի եկեք կոտորենք սրանց և կողոպտենք նրանց ունեցվածքը: Կարբեցիներն իմացան նրանց մտադրությունը, զինվեցին նրանց դեմ: Եվ քրդերն հարձակվեցին կարբեցիների վրա և սպանեցին հինգ տղամարդու…Եվ թեպետ կարբեցիներն էլ նրանցից սպանեցին, բայց պարտվեցին, քանզի նրանք հանգիստ էին և չհոգնած, իսկ կարբեցիները՝ աշխատած և անպատրաստ: Եվ քրդերը կողոպտեցին նրանց, կանաց մերկացրին և հասցրեցին վերջին թշվառության, գերեցին մանուկներին»:

Բայց հետո գրեթե անհավանական բան է տեղի ունեցել. Թավրիզի հետ առևտուր անող մի կարբեցի, լսելով իր հայրենակիցների հետ տեղի ունեցածի մասին և տեղեկանալով, որ Պարսկաստանի տիրակալ Սեֆի շահը պարտաստվում է արշավել դեպի Երևան և կասեցնել թուրքերին, հետևյալ խնդրագիրն է հանձնել պարսից զորքերի հրամանատարին. «Երբ մենք լսեցինք, որ օսմանցի է գալիս մեր աշխարհ, իսկ մենք ղզլբաշի (ասել կուզի՝ պարսիկի) ենք սովոր, գեղով ելանք փախանք, որովհետև օսմանցու ծառա չենք ուզում լինել: Եկանք դեպի քո տերության սահմանը և հասանք Հոչես գյուղ: Այդտեղի քրդերը կողոպտեցին մեզ, մեզանից շատերին կոտորեցին, մեր կանանց մերկացրին ու խայտառակեցին, մեր մանուկներին գերեցին և մեր ամբողջ ունեցվածքը հափշտակեցին: Մեր մնացյալ կանայք և երեխաները մերկ են և ողորմելի: Չկա մեկը, որ օգնի մեզ՝ բացի Աստծուց և քեզանից, քանզի քո տերությունը խնամում է մեզ, և մենք շահի հնազանդ ծառաներն ենք»:

Կարդալով այս խնդրագիրը, Սեֆի շահը մի զորախումբ է ուղարկել Քաշթաղ կամ Քշթաղ գավառ, պատվիրելով անխնա պատժել քրդերին, նրանց հետ վարվել ճիշտ այնպես, ինչպես իրենք են վարվել հայերի հետ; Հրամանը բարեխղճորեն կատարվել է. զորախումբը կողոպտել է քրդերին, ավարը հանձնել է հայերին, ետ է խլել գերիներին, մերկացրել և անարգել է նրանց կանանց, սպանել է նույնքան քուրդ, որքան քրդերն են հայ սպանած եղել: Շահի այս խստությունը, անշուշտ, պայմանավորված է եղել նրանով, որ քրդերը օսմանցի թուրքերի դավանակիցներն են, այսինքն՝ սյունի մահմեդականներ են:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1386 | 0 | 0
Facebook