Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

16-րդ դարի Իսպանիայի ազնվազարմ տիկնանց մասին փոքրիկ պատմություններ

14:57, երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
16-րդ դարի Իսպանիայի ազնվազարմ տիկնանց մասին փոքրիկ պատմություններ

Մի տիկին, երբ իրեն սիրատածող ասպետի հետ Մադրիդի արքայական պալատում զբոսնելու ընթացքում անցնելիս է եղել մեկուսի որմնախորշերից մեկի մոտով, ասպետը նրան հարգալից տոնով ասել է.

«Սենյո'րա, տեսե՛ք ինչ հարմար անկյուն է… եթե ձեր փոխարեն մեկ այլ տիկին լիներ…»:

Տիկինն անմիջապես արձագանքել է.

«Անկյունը, հիրավի, շատ հարմար է, եթե ձեր փոխարեն մեկ ուրիշ տղամարդ լիներ»:

Այսպես է ազնվազարմ տիկինը կշտամբել ասպետին երկչոտության համար, իսկ հետո ընդհանրապես մերժել է նրան ու վանել է իրենից:

***

Մեկ ուրիշ ՝ շատ երիտասարդ ու շատ գեղեցիկ տիկին, որը հարգանք է վայելել իսպանական արքունիքում, համաձայնել է իրեն հետամտող ասպետի հետ մեկ գիշեր նույն անկողնում լինել՝ միայն պայմանով, որ վերջինս չի ստիպի իրեն սեր անել: Հիշյալ ասպետն ինքն իրեն հարկադրել է ամբողջ գիշերը սարսափելի տվայտանքների զոհը դառնալ ու տիկնոջը նույնիսկ չհպվել: Տիկինը շատ գոհ է մնացել իրեն հետամտող ասպետի այդպիսի անձնուրաց հնազանդությունից և շուտով նրան պարգևել է սիրո բոլոր ուրախությունները՝ թույլ տալով, որ նա իր մարմինը վայելի այնպես, ինչպես իր երևակայությունը կթելադրի:

***

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-րդի (1527 - 1598) երրորդ կինը եղել է Ֆրանսիայի թագավոր Հենիրխ 2-րդի դուստր Եղիսաբեթ Վալուան (1545 - 1568): Այս Եղիսաբեթը, ըստ էության, իր ամուսնու առաջին կնոջից ծնված որդու՝ մոտավորապես իր հասակակից Աստուրիայի իշխան Դոն Կարլոսի (1545 - 1568) խորթ մայրն է եղել: Ինչպես գիտեք, միջնադարյան Եվրոպայում հաճախակի են ասպետական մրցամարտեր կազմակերպվել: Եվ, ահա, իսպանական արքունիքի կազմակերպած մրցամարտերից մեկի հանդիսատես դարձած Եղիսաբեթը, ըստ ժամանակակիցների հորինած առասպելի, աչքը չի կտրել իր սիրեկանը դարձած խորթ որդուց, որը հմտորեն ձիավարել ու խիզախորեն մենամարտել է: Դոն Կարլոսի մենամարտի մի պահի երիտասարդ թագուհին չի կարողացել թաքցնել իր հիացմունքը և բացականչել է.

«Նա որքա՜ն դիպուկ է նշան բռնում»:

Նրա կողքին նստած թագավորը դժգոհությամբ ասել է.

«Ճիշտ է, բայց արդյո՞ք չափից ավելի բարձր թիրախի չէ նա նշան բռնել»:

Ամուսնու՝ իր ասածի հետ ամենևին կապ չունեցող այս խոսքերը զարմացրել են թագուհուն, քանզի նա կարծել է, թե իր և երիտասարդ արքայազնի սիրային կապի մասին ոչ ոք չգիտի:

Առասպելն ասում է, թե որոշ ժամանակ անց Դոն Կարլոսը սպանվել է պալատից դուրս գալիս, իսկ թագուհի Եղիսաբեթը մահացել է այն թույնից, որը թագավորի հրամանով խառնվել է նրա կերակրին և ըմպելիքին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1099 | 0 | 0
Facebook