Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ծիսական զոհաբերություն չի եղել, բայց տեղի ունեցածին այդ որակումը տալու դիտավորություն եղել է (3)

09:52, հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ.
Ծիսական զոհաբերություն չի եղել, բայց տեղի ունեցածին այդ որակումը տալու դիտավորություն եղել է (3)

Այդ ընթացքում մեղադրյալների պաշտպանությունն ի սկզբանե ստանձնած փորձառու փաստաբան Միխայիլ Դրյագինը վերաքննիչ գանգատ է նախապատրաստել Սենատին դիմելու համար: Սենատորները, հիմնականում Սենատի Քրեական դեպարտամենտի օբեր-դատախազ Անատոլի Կոնի կարծիքի ազդեցությամբ, որոշում են ընդունել գործի քննությունը հանձնել դատավորների նոր կազմի: Երկրորդ դատավարությունը տեղի է ունեցել 1895-ի աշնանը: Ինչպես հիշողություններում գրել է Կորոլենկոն, որն իր երկու գործընկերների հետ ստենոգրաֆիական գրառում է կատարել, «և նորից նրանց (մուլտանցիների) դեմ հանդես եկան ոստիկանական երկու կատարածուներ, երեք ուրյադնիկներ, ստարշինան, մի քանի ավագանի, ընդհանուր առմամբ՝ 37 վկա, որոնց թվում դարձյալ չկար գոնե մեկը, որ կանչված լիներ պաշտպանական կողմի պահանջով...12 երդվյալների ուշադրությանը ներկայացվեց այն նույն մեղադրական նյութը, նույն բամբասանքները...»:

Փաստաբանը նորից է ներկայացրել վերաքննիչ գանգատը: Սենատորները նորից են որոշել չեղարկել դատավճիռը և գործն ուղարկել են վերաքննության՝ այս անգամ Կազանի օկրուգային դատարանին: Այդ ընթացքում անհողդողդ Կորոլենկոն գործի քննությանը կարողացել է ընդգրկել ռուսաստանյան ամենհայտնի փաստաբաններից մեկին՝ Նիկոլայ Կարաբչևսկուն, որն անմիջապես համաձայնել է առանց վարձատրության իրականացնել պաշտպանությունը:

Երրորդ դատավարությունը տեղի է ունեցել 1896-ի մայիսին: Ի տարբերությունը նախորդ երկուսի՝ այս անգամ պաշպանական կողմը հարձակողական է գործել: Ոստիկանական աստիճանավորներն ստիպված են եղել ակամա խոստովանել ծառայողական չարաշահումները: Մեղադրական կողմի փորձագետները խճճվել են, իսկ նրանց մի մասը բացահայտորեն անցել է պաշտպանական կողմ: Կարաբչևսկին հետևողականորեն ջախջախել է մեղադրող կողմի փաստարկներն ու եզրահանգումները (տոհմական խրճիթում չար աստվածներին զոհաբերություններ չեն արվում, ծիսակատարության համար այնտեղ չեն կարող միավորվել տարբեր տոհմերի անդամները, ուդմուրտների համար առնվազն տարօրինակ է կենդանիների զոհաբերություն կատարելիս աստվածներին նվիրաբերել ոչ թե լյարդը, այլ կենդանու սիրտն ու թոքերը և այլն): Ջախջախելով մեղադրող կողմի ազգագրական բնույթի մեղադրանքները՝ պաշտպանը անցել է քրեագիատականին: Նա համոզիչ կերպով ցույց է տվել, որ բոլոր հանցանշանները վկայում են այն մասին, որ Կոնոն Մանյուտինի մարմինը հայտնաբերվել է սպանության վայրում: Վերլուծելով դատաբժշկական փորձագիտության եզրակացությունները՝ Կարաբչևսկին համոզել է երդվյալներին, որ «բացարձակապես խոսք չի կարող լինել ոտքերից կախելու միջոցով արյունաքամման մասին»:

Փաստաբանը հանգամանորեն քննության է առել մեղադրողի հավաքած ցուցմունքները ուդմուրտների իբրև թե արնախմության մասին. դրանք բոլորը կամ չհաստատված խոսակցություններ են եղել կամ կեղծ դեպքերի կեղծ մեկնաբանություններ, կամ էլ ընդհանրապես գործին չեն առնչվել:

Ելույթի առանձին մասն է կազմել ոստիկանների կամայականությունները հետաքննության ընթացքում: Կարաբչևսին դա դիտմամբ է թողել ամենավերջում. Տասը երդվյալ գյուղացիները բազմիցս են իրենց կյանքում բախվել ուրյադնիկների և կատարածուների հետ, և նրանք դժվար թե պատրանքներ տածեին օրենքին նրանց հավատարմության մասին: «Մեծ ցավ և դժբախտություն է հանցագործությունը, բայց դրա բացահայտման հանցագործ կամ անբարոյական մեթոդներն էլ ավելի մեծ ցավ ու դժբախտություն են, և դա աքսիոմա է, որով ներծծված է մեր Դատական կանոնադրությունների ամբողջ մարդասիրական ոգին: Դա իդեալ է, դա օրենսդիրների կարծր ցանկությունն է», ամփոփել է փաստաբանը:

Հետագայում Կորոլենկոն հիշել է իր խոսակցությունները երդվյալներից մեկի՝ ջրաղացպանի հետ՝ դատավարության ավարտից հետո: Այդ մարդը դատարան էր եկել համագյուղացիների հանձնարարությամբ» «Տե՛ս, եղբա՛յր, ուդմուրտներին բաց չթողնես: Թող արյուն չխմեն»: Առաջին օրերին նա նստել էր անշարժ, աներեր ու թշնամական: Ի վերջո, վեցերորդ օրը, դատաքննության որոշ դրվագներում, նրա աչքերում շողացել է զարմանքի ճառագայթը: Արդյունքում այդ հասարակ մարդը երախտագիտություն է հայտնել Կարաբչևսկուն և Կորոլենկոյին այն բանի համար, որ նրանք թույլ չեն տվել, որ անարդարությունը հաղթանակի: «Այժմ արդեն սիրտս թեթևացած է…», - ասել է նա:

Երդվյալները մեկ ժամից էլ պակաս ժամանակամիջոցում արդարացնող վճիռ են կայացրել:

Իսկական մարդասպանների անունը 1932 թվականին հայտնի է եղել պատմաբան Միխայիլ Խուդյակովին: 1927 թվականին նա գնացել է Ստարի Մուլտան, հանդիպել է այս իրադարձությունների մասնակիցներից մի քանիսի հետ: «Կամա-Վյատկայի երկրամասի պատմությունը» գրքում նա գրել է. «Պրոֆեսոր Պատենկոն, որը բացահայտել է «Մուլտանյան գործ» -ը, հաղորդել է, որ մարդկային զոհաբերությունը բեմականացվել է Անիկ գյուղի երկու գյուղացիների կողմից: Պատճառը եղել է վրեժխնդրությունը: Բայց պրոֆեսորն անուններ չի տվել, քանի որ այն ժամանակ նրանք դեռ ողջ են եղել: Այժմ մենք հրապարակում ենք այդ անունները: Սպանողները եղել են Տիմոֆեյ Վասյուկինը և Յակով Կոնեշնին: Մահվանից առաջ Տիմոֆեյը Պյոտր Տուկմաչովին խոստովանել է իր մեղքը: Նա նպատակ է ունեցել մուլտանցիներին վտարել արգասաբեր հողերից և հողը բաժանել անիկցիներին: Տիմոֆեյ Վասյուկինը մազը գցել է Մոյիսեյ Դմիտրիևի խրճիթը ու ինքն էլ «գտել է» այդ մազը»:

«Մուլտանյան գործ» -ը ռուսական արդարադատության պատմության մեջ կմնա որպես օրենքի և առողջ բանականության դժվարին, բայց և այնպես մեծ հաղթանակը պարզունակ օտարատյացության, չինովնիկական անտարբերության և իրավական նիհիլիզմի նկատմամբ:
     Վերին լուսանկարում՝ դատավարության մասնակիցները:

Կորոլենկո (նախկին Ստարի Մուլտան) գյուղը:
Կորոլենկո (նախկին Ստարի Մուլտան) գյուղը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1605 | 0 | 0
Facebook