Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ծիսական զոհաբերություն չի եղել, բայց տեղի ունեցածին այդ որակումը տալու դիտավորություն եղել է

20:50, երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
Ծիսական զոհաբերություն չի եղել, բայց տեղի ունեցածին այդ որակումը տալու դիտավորություն եղել է

Ըստ ռուսական էզոթերիկական (գաղտնագիտական) վերծանման՝ 19-րդ դարի սկզբում գոյություն է ունեցել մարդկանց ծիսական զոհաբերության մեկնաբանության երկու հիմնական շարժառիթ կամ դրդապատճառ՝ հեթանոսական և հուդայական: 19-րդ դարի վերջում դավադրապաշտական գրականությունը սևեռված է եղել դրանցից առաջինի վրա, իսկ դա «Մուլտանյան դատավարություն» կոչեցյալի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությամբ է պայմանավորված եղել:

Երկրով մեկ տարածվել է, թե 1892 թվականի մայիսի 5-ին Ռուսաստանի Վյատկայի նահանգի Մալմիժանսկի գավառի ուդմուրտաբնակ Ստարի Մուլտա գյուղի տասը բնակիչներ ծես կատարելու համար սպանել են ընչազուրկ գյուղացի Կոնոն Մատյունինին:

1892 թվականի մայիսի 5-ին 16-ամյա Մարֆա Գոլովիզինան հայրենի Չուլյա գյուղից (Ուդմուրտիայի Կիզների շրջան) մեկնել է երեք կիլոմետր հեռավորության վրա գտնվող Անիկ գյուղ՝ իր տատին այցելության: Չուլյայի և Անիկի միջև գտնվող անտառի երկայնքով շրջանցիկ ճանապարհ է եղել, բայց աղջիկը նեղ արահետով է գնացել…Եվ հանկարծ արահետի լայնքով պատկած մի տղամարդ է տեսել, որի մարմնի վերին մասը ծածկված է եղել տնայնագործական բանվածքի կապայով (կաֆտան): Աղջիկը որոշել է, թե նա հարբած է ու կողքով անցել է: Հաջորդ օրը, երբ նա նույն ճանապարհով իրենց գյուղ է վերադարձել, կապան մի կողմ է ընկած եղել, և աղջիկը տեսել է, որ մարմինը գլխատված է:

Մինչև ոստիկանության հայտնվելը դիակը տեսնելու են եկել երկու գյուղերի բնակիչները, և շուջբոլորը բավականին մեծ տարածություն տրորված է եղել: Դատելով ուրյադնիկի և կատարածուի կազմած արձանագրություններից՝ մարմնի կրկնակի զննման միջակայքում մարմնի հետ փոփոխություններ են տեղի ունեցել (փոխվել է մարմնի դիրքը, որոշ փոփոխություն է կրել նաև հագուստը):

Գլխատվածի անձը պարզվել է: Դա եղել է պատահարի վայրից 100 կմ հարավ գտնվող գործարանային ավանի բնակիչ Կոնոն Մատյունին: Հետագայում պարզվելու է, որ Մատյունինը «ընկնավորություն» հիվանդությամբ է տառապել: Նա իր օրվա սնունդը մուրացկանությամբ է ապահովել: Այն օրվա նախօրեին, երբ աղջիկն արահետին առաջին անգամ տեսել է դիակը, Մատյունինը գիշերել է դիակի հայտնաբերման վայրից մոտավորապե հինգ կիլոմետր հեռու մի տեղում: Կատարածու Տիմոֆեևն ականջ է դրել երկու գյուղերի գյուղացիների խոսակցություններին, որոնցում կարծիք է հնչել, որ սպանությունը Չուլի գյուղից մոտավորապես 5 կմ հեռավորության վրա գտնվող ուդմուրտական Ստարի Մուլտան գյուղի բնակիչների ձեռքի գործն է: Չուլիի բնակիչներից մեկն էլ կատարածուին ակնարկել է, թե ուդմուրտներն իրենց հեթանոսական աստվածներին մարդկային զոհաբերություններ են կատարում: Մի քանի մուլտանցիներ ներկա են եղել Տիմոֆեևի կողմից դիակի զննմանը և ջանացել են նրա ուշադրությունը հրավիրել դիակի կողքին ընկած արյունոտ տաշեղներին, բայց Տիմոֆեևը, որ արդեն համոզված է եղել, որ ծիսական սպանություն է կատարվել, տաշեղները ճահիճն է նետել:

Դեպքի վայրի ուշադիր և անկանխակալ զննության պարագայում հաստատապես թաղվելու էր ծիսական սպանության վարկածը, որովհետև հանցանշանները ցույց են տվել, որ զոհը սպանվել է հենց մարմնի հայտնաբերման վայրում: Արյունոտված տաշեղները, որոնք կատարածուն թեթևամտորեն կամ հանցավոր դիտավորությամբ ճահիճն է նետել, հավանաբար եղել են ճահճի միջով գցված գերանուղու տաշեղները. այդ գերանուղու վրա են կտրել զոհի գլուխը: Դիակի տակ հայտնաբերվել է շեկ մազերի մի փունջ. Միանշանակ է, որ այդ մազափունջը կացնի հարվածից է կտրվել:

Տեղանքի առավել մանրազնին ուսումնասիրության դեպքում կգտնվեր նաև կտրված գլուխը, որը սպանողը կամ սպանողները նետել էին ճահիճը՝ մարմնից մոտ հարյուր մետր հեռու: Գլուխը հայտնաբերվել է դատավարության ավարտից մի քանի ամիս անց՝ ընդամենը մի քանի մետր հեռու այն սահմանագծից, որի ամբողջ շառավղով կատարվել է որոնումը 1892 թվականին: Միակ լուրջ առարկությունն այն բանի դեմ, որ սպանության վայրն ու զոհի գտնվելու վայրը համընկնում են, կայանում է նրանում, որ սպանվածի տրեխները մաքուր են եղել, թեպետ նա քայլել է ճահճոտ արահետով: Սակայն կատարածուի կազմած արձանագրությունում նշվել է, որ տրեխները լավ կապված չեն եղել: Հավանաբար, դրանք հանվել են մահացածի ոտներից, մաքրել են, ապա նորից հագցրել են:

Նկարում՝ «վոտյակ» կոչվող ուդմուրտներն ազգային տարազով:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
958 | 0 | 0
Facebook