Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

Մահմեդական աշխարհի բարոյական ու ֆիզիկական այլասերման գլխավոր օջախը՝ սուլթանի հարեմը

14:44, երեքշաբթի, 24 հունվարի, 2023 թ.
Մահմեդական աշխարհի բարոյական ու ֆիզիկական այլասերման գլխավոր օջախը՝ սուլթանի հարեմը

Օսմանյան սուլթանների պալատի այգիների և մակույկների պահպանությունը 2500 հոգուց բաղկացած հատուկ զորախումբ է իրականացրել: Այդ զորախմբի անդամներին անվանել են «բոստանջի»: Պալատի դռների պահպանությունը հանձված է եղել «կափուջիներ» -ին, որոնց ընդհանուր թիվը 800 հոգի է եղել: Մի քանի հարյուր հոգի էլ տարաբնույթ ծառայություններ մատուցող «բալթաջիներ» -ը, «չաուշներ» -ը և «իչ օղլաններ» -ն (մանկլավիկներ) են եղել: Բայց սուլթաններին ամենամոտ պահակախումբը եղել է սպիտակամորթ և սևամորթ նեքինիների մեծ բազմությունը, որը պահպանել է սուլթանի կանանոցը (հարեմ): Ներքինիներին «կարա-աղալար» են անվանել, իսկ նրանց գլխավորին կամ ներքինապետին՝ «ղզլար-աղասի»: Մահմեդական աշխարհի բարոյական ու ֆիզիկական այլասերման այս գլխավոր օջախը՝ սուլթանի հարեմը, չզարմանաք, երբեմն աղետաբեր ազդեցություն է ունեցել կայսրության քաղաքական կյանքի վրա: Պատմությունն անհամար փաստեր ունի, որ աշխարհի շատ միապետերից ու բռնակալներից վեր եթե իշխողներ են եղել, ապա դրանք հիմնականում կանայք են եղել: Պետությունների բախտը հաճախ կախված է եղել այս կամ այն թագավորի կամ բռնակալի սիրուհուց կամ կնոջից, և ժողովրդից խլված հարստությունները մսխվել են սիրուհիների քմահաճույքների բավարարմանը: Իսկ Օսմանյան կայսրությունը, շնորհիվ հարեմական համակարգի, աներևակայելի չափերով է ենթարկված եղել գեղեցիկ ու ճարպիկ կանանց կամայականություններին: Ինչպես սուլթանի, այնպես էլ ամեն մի մահմեդականի անձնական երջանկությունը մեծ ու շքեղ հարեմով է պայմանավորված եղել: Ամբողջովին ստրուկներից կազմված այս հաստատությունը տիրոջ կրքերին ծառայելու պարտականություն է ունեցել: Սուլթանական հարեմում հարճեր են եղել բոլոր ազգերից՝ իտալուհի, հունգարուհի, թրքուհի, հայուգի, ֆրանսուհի, ուկրաինուհի և այլն: Հեշտանքի, հաճույքների ու նաև նախանձի, խարդավանքների ու մրցակցության այդ շքեղ տան մեջ է եղել կայսրության՝ թեպետ անտեսանելի ու գաղտնի, բայց իսկական ու ամենակարող կառավարությունը:

Գահակալող սուլթանի մայրը, որին «վալիդե» են անվանել, հարեմի բոլոր կանանցից միակն է եղել, որ որոշակի դեր է խաղացել բարձր կառավարությունում: Նրան առանձին եկամուտ է հատկացվել («բաշկաքլըգ» - «կոշկագին»), որը հավաքվել է «խաս» կոչվող պետական կալվածքներից: Իր դիրքն ամուր պահելու համար վալիդե սուլթանուհին ջանացել է միշտ իր ձեռքի մեջ պահել գահակալող որդուն: Եվ բնական է, որ գահի զանազան թեկնածուների մայրերը, որոնք ապրել են միևնույն հարկի տակ, շարունակ դավադրություններ են մտմտացել, որպեսզի իրենց որդիներին նստեցնեն գահին:

Սարսափազդու սուլթաններն անգամ հաճախ հաշվի են առել իրենց սիրած կանանց խոսքը և կատարել են նրանց ցանկություները: Սուլեյման Մեծն իր կյանքի վերջին տարիներին եղել է իր կանանցից մեկի, ուկրաինուհի Ռոքսոլանայի բռում: Այս կինն իր խարդավանքներով արյունահեղությունների պատճառ է դարձել և պետությունն աղետների մեջ է գլորել: Իսկ Սուլեյմանի մի քանի թույլ ու անառակ հաջորդները հարեմի հյուծող ազդեցության արգասիք են եղել: Մուրադ 3-րդը (1574 - 1595) լիովին ենթարկվել է Սաֆիե անունով վենետիկուհի իր կնոջը: Սուլթանի մոր՝ Նուր Բանուի ջրերը Սոֆիի ջրերի հետ մի առվով չեն գնացել, և նա աշխատել է որդուն ազատել նրա ազդեցությունից: Այդ անզիջում պայքարը խաթարել է ոչ միայն հարեմի, այլև պետության խաղաղությունը: Մայրը որդու համար մեկը մյուսից գեղեցիկ հարճեր է գտել, որպեսզի դրանք երկրորդ պլան մղեն Սաֆիեին: Եվ Մուրադն ընկղմվել է հեշտամոլության և անառակության գիրկը: Հարեմն աննախադեպ չափերով մեծացվել է, Կոստանդնուպոլսում վաճառվող ստրկուհիների գինը հարյուրապատիկ բարձրացել է: Սեռական չափազանցությունները, այլանդակությունները Մուրադին ընկնավոր են դարձրել: Այդ անհաշիվ ծախսերից պետական ֆինանսներն այնքան են տուժել, որ կառավարությունն ստիպված է եղել հատել իրական գնից շատ ցածր արժեք ունեցող դրամներ: Զինվորները չեն ընդունել այդ դրամները և տարբեր տեղերում ապստամբել են:

1622 թվականին հարեմն այնքան է հզոր եղել, որ գահ է բարձրացրել մի խելագարի՝ Մուսթաֆա Ապուշին: Թեև բոլորն էլ շատ լավ իմացել են, որ նրա ծալը պակաս է, բայց հարեմի հարճերի հարկադրանքով երկրի գլխավոր կրոնավորը՝ Շեյխ ուլ Իսլամը, ֆեթվա է տվել, թե այդ ապուշությունը սրբության նշան է: Այդ «սուրբ» ապուշի ժամանակ պետությունը կործանման եզիրին է հասել, բայց սուլթանի մոր համար պետության կործանումը կարևորություն չի ունեցել, կարևորն այն է եղել, որ նա հնարավորություն է ունեցել անձամբ կառավարել՝ վարագույրի հետևից հրամանաններ տալով բարձրաստիճան պաշտոնյաներին:

Իր հարեմի ստրուկն է եղել սուլթան Իբրահիմը (1640 - 1648): Կանանցից մեկը ցանկացել է, որ նա իր մորուքը թանկագին քարերով զարդարի, և նա կատարել է այդ կնոջ ցանկությունը: Էլ ավելի տրվելով հարեմական թելադրանքներով ներշնչված պճնամոլությանը, նա մի օր էլ ցանկացել է սամույրի մորթիներով ծածկել իր պալատի բոլոր պատերը, ապա պահանջել է, որ, որ ակնեղենով պատված նավակներ շինվեն իր համար և ակնեղենով պատված կառքեր իր կանանցից մեկի համար: Եվ մեծ վեզիրը կատարել է իր տիրոջ այդ քմահաճույքները՝ հատուկ հարկեր է սահմանել սամույրներ, բուրումնավետ հեղուկներ ու ակնեղեն գնելու համար: Բայց հարկերի ավելացումն էլ չի ապահովել անհագուրդ սուլթանի պահանջները, և պալատականները դիմել են ծայրահեղ միջոցի, սկսել են կողոպտել ոչ միայն տեղացի, այլև եվրոպացի այն վաճառականների խանութները, որոնցում թանկարժեք քարեր ու անուշահոտություններ են վաճառվել: Եվրոպական դեսպանները բողոքել են, բայց հարեմը բանի տեղ չի դրել այդ բողոքները, իսկ Իբրահիմը հեշտամոլության հարուցած ուժասպառությունից դարձել է գազանաբարո մի անձնավորություն: Նա ամեն մի չնչին առիթից գրգռվել է ու հրամայել է սպանել աննշան հակաճառության դեպքում անգամ: Երբ ծովակալ Յուսուֆը նվաճել է Կրետե կղզին ու վերադարձել է մայրաքաղաք, անմիջապես գլխատվել է զուտ այն պատճառով, որ ավար քիչ է բերել: Հարուստ ավար հավաքելու հույսով՝ նա հրամայել է կոտորել երկրի բոլոր քրիստոնյաներին:

Հարեմը կթել է պետությունը Ներքինիներն ու հարճերը դարձել են պաշտոն բաժանողներ: Նույնիսկ մեծ վեզիրները վախեցել են այս ծպտյալ կառավարությունից և պարտավորված են եղել ընծաներով քաղցրացնել հարեմի բնակիչների սիրտը: Մեծ վեզիրները բոլորովին անզոր են եղել վալիդե սուլթանուհու, ղզլար աղասու և սուլթանի սիրեցյալ հարճերի առջև:

Մուստաֆա Ապուշ
Մուստաֆա Ապուշ
Իբրահիմ Առաջին
Իբրահիմ Առաջին
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
235 | 0 | 0
Facebook