Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Օսմա՛ն, որդի՛ս, շնորհավորո՛ւմ եմ, քանզի Աստված քեզ ու քո սերունդներին գերագույն իշխանություն շնորհեց...»

13:43, երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ.
«Օսմա՛ն, որդի՛ս, շնորհավորո՛ւմ եմ, քանզի Աստված քեզ ու քո սերունդներին գերագույն իշխանություն շնորհեց...»

Հենց սուլթան Օսմանի հետ են կապվել երբեմնի հսկայածավալ պետության և այդ պետությունը հարյուրավոր տարիներ կառավարած տոհմի կազմավորման առանցքային այն իրադարձությունները, որոնց լույսի ներքո շատ սովորական քոչվոր հորդայի թալանչիական, ավազակային արշավանքները սրբազան պատերազմի շղարշով են պատվել, իսկ այդ արշավանքները գլխավորող տոհմին սուրբ մարդուց (շեյխ Էդեբալիից) սերված են հռչակել: Գործունեության ասպարեզ մտնելու վաղ տարիներից սկսած Օսմանը սերտ հարաբերություն է հաստատել իսլամի սուֆիական աղանդին պատկանող այդ հարգված շեյխի հետ: Համաձայն օսմանյան ավանդապատման՝ դա տեղի է ունեցել Բիլեջիկի մոտ Օսմանի առաջին հաղթանակից հետո: «Օսմանյան դինաստիական հորինվածք» -ն արտացոլված է «Օսմանի երազներ» -ի մասին առասպելում:

Առաջին երազն ասում է, թե մի անգամ Օսմանը գիշերել է Էդեբալիի տանը, որն Օսմանին հատկացված ննջասենյակում Ղուրան է դրել: Դեռևս իսլամ չընդունած Օսմանը հափշտակվել է այդ գրքի ընթերցանությամբ, այնպես է հափշտակվել, որ ամբողջ գիշեր կարդացել է ու քնել է միայն առավոտյան կողմ: Նրա երազում մի հրեշտակ է հայտնվել, որը նրան ու նրա սերունդներին փառք ու պատիվ է ավետել: Արթնանալով՝ Օսմանն անմիջապես իսլամ է ընդունել:

13-րդ դարի առաջին տասնամյակներին մոնղոլ-թաթարների արշավանքներից փախած թուրքական ցեղախմբերը զանգվածաբար լցվել են Փոքր Ասիայի հյուսիս-արևելք, խառնվել են Օսմանի ցեղախմբի հետ և նույնպես իսլամ են ընդունել:

Օսման իր երկրորդ երազը նույնպես Էդեբալիի տանն է տեսել: Ավանդապատումը գրում է.

«Նա տեսավ, թե ինչպես սրբի (Էդեբալիի) կրծքից լուսինը դուրս եկավ և իջավ իր կրծքի վրա: Այնուհետև նրա պորտից ծառ աճեց, և այդ ծառի ստվերը ծածկեց ամբողջ աշխարհը: Այդ ստվերի ներքո էին սարերը, իսկ յուրաքանչյուր սարի ստորոտից գետեր էին հոսում: Որոշ մարդիկ խմում էին այդ այդ գետերի ջրից, ոռոգում էին իրենց այգիները, իսկ ուրիշները ջրանցքեր էին փորում: Արթնանալով՝ Օսմանն իր երազը պատմեց սուրբ մարդուն, և նա մարգարեացավ. «Օսմա՛ն, որդի՛ս, շնորհավորո՛ւմ եմ, քանզի Աստված քեզ ու քո սերունդներին գերագույն իշխանություն շնորհեց, իսկ իմ դուստր Մալխունը կդառնա քո կինը»:

Գեղեցկուհի Մալխուն խաթունի սրտին տիրելու մասին զանազան հորինվածքները օսմանյան հեղինակների սիրելի թեման են եղել: Նրանք մեծ նշանակություն են տվել կայսրության հիմնադրման մասին պատմող այս առասպելին՝ օսմանայան սուլթանների ծագումնաբանությունը հասցնելով շեյխ Էդեբալիին և նրա դստերը՝ Մալխունին՝ ապագա սուլթան Օրխանի մորը (մինչդեռ Օրխանի մայրը եղել է Օսմանի մեկ ուրիշ կինը):

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2543 | 0 | 0
Facebook