Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 31 հունվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

Սկսած 14-րդ դարից հայ իշխանական դասակարգը Հայաստանի տերը դարձած քոչվոր ցեղերի հարատև ճնշման ներքո աստիճանաբար զիջել է իր տնտեսական ու քաղաքական դիրքերը (2)

11:41, շաբաթ, 21 հունվարի, 2023 թ.
Սկսած 14-րդ դարից հայ իշխանական դասակարգը Հայաստանի տերը դարձած քոչվոր ցեղերի հարատև ճնշման ներքո աստիճանաբար զիջել է իր տնտեսական ու քաղաքական դիրքերը (2)

Վաչկատուն ցեղերի անընդհատ ճնշմամբ իրենց քաղաքական և տնտեսական կշիռն աստիճանաբար կորցրել են նաև հայ ավատատիրական մյուս գերդաստանները՝ Խաչենի Հասան-Ջալալյանները, Ծարի Դոփյանները, Վայոց ձորի և Կոտայքի Պռոշյանները և ուրիշներ:

Խաչենի Զագա իշխանի մահվանից հետո՝ 15-րդ դարի սկզբներին, Հասան Ջալալյան տոհմի իշխանները զրկվել են երբեմնի տիրույթներից և իրենց գոյությունը քարշ են տվել որպես սովորական գյուղատերեր՝ ինչպես ժամանակագիրն է նշում՝ «ի ներքո ձեռին անօրինաց»:

1386 թվականին ծանր հարված է կրել Դոփյան ավատատիրական ընտանիքը: Լանկ Թեմուրի հրոսակների դեմ կռվում սպանվել է Փոքր Սյունիքի (Ծարի) իշխան Հասան Դոփյանը՝ իր երեք որդիների հետ միասին: 1430-ականներին Հասանի թոռնորդի Այտինի իշխանության տարիներին Դոփյան իշխանների կալվածքները պետությունը բռնագրավել է: Դատական ատյաններում երեք տարի անօգուտ կյանք մաշելով և նյութական մեծ միջոցներ ծախսելով, ի վերջո, Այտին իշխանին հաջողվել է հետ ստանալ Դոփյան իշխանների կալվածքները ընդամենը մի մասը: 15-րդ դարի երկրորդ հիսնամյակում Դոփյանները երեք ընտանիքի (Ուլուբեկենց, Այտենցոց, Ջհանշեցոց) են բաժանվել, որով և ավելի է մասնատվել Ծարի երբեմնի հզոր իշխանների տնտեսական կարողությունը:

Մինչև 1426 թվականը Վասպուրականում իշխել է կաթոլիկ դավանանքի հայ ավատատերերի մի ընտանիք, որի պատմությանը հնարավոր է եղել հետևել սկսած 13-րդ դարի կեսերից: Այս ավատատերերի նստավայրը Մակու ամրոցն է եղել՝ իր անառիկ միջնաբերդով, որը չի կարողացել գրավել նույնիսկ Լանկ Թեկուրը: Նրա առաջարկով Նուր ադ Դին իշխանը համաձայնվել է ընդունել աշխարհակալի գերիշխանությունը և 20 հազար հեծյալ տրամադրել, երբ պահանջվի: Սրա որդի Սոյուրղաթմիշը, առերես մահմեդականություն ընդունելով, դարձել էր Թեմուրի թոռ Օմար Միրզայի մերձավոր զինակիցներից մեկը: Նրա մյուս որդին, ըստ 1403 թվականին Մակվում հյուընկալված իսպանացի դեսպան Ռուի Գոնզալես դե Կլավիխոյի վկայության, «զենքի մարդ չլինելով հանդերձ, հայ լեզվի և քերականության լավ մասնագետ» է եղել: Մակվի հայ իշխանությունը վերացրել է Իսքյանդար Կարակոյունլուն, 1426 թվականին: Նշանավոր գրիչ Թովմա Մինասենցն իր հիշատակարանում այդ առթիվ գրել է. «Անմխիթար կսկիծը պատեց բոլոր քրիստոնյաներին, քանի որ ամբողջ երկրում այդ մի բերդն էր մնացել քրիստոնյաների ձեռքին»:

Մինչև 15-րդ դարի 80-ական թվականները հայկական ավատատիրական մի իշխանություն էլ եղել է Համշեն գավառում: Հիշյալ Կլավիխոն, Սամարղանդից Իսպանիա իր վերադարձի ճանապարհին, 1406 թվականին, անցել է Համշենով և ուշագրավ տեղեկություններ է գրառել այդ իշխանության, գավառի դժվարանցանելի կածանների ու ժողովրդի բարքերի մասին: «Այս երկրամասը, - գրում է նա, - շատ լեռնոտ է, ունի մի քանի լեռնանցքներ, որոնցով անկարող են անցնել կենդանիները: Որոշ տեղերում ժայռից ժայռ անցնելու համար փայտե կամուրջ են կապել: Բեռնակիր կենդանիներն այս երկրամասում մեծ մասամբ անկարող են տեղաշարժվել մի վայրից մյուսը, և մարդիկ ստիպված են բեռներն իրենց ուսերին կրել: Այստեղ հացահատիկ քիչ է աճում»: Այնուհետև Կլավիխոն հայտնում է, թե բնակիչները, չնայած հայ են ու քրիստոնյա, ավազակաբար են վարվում ճամփորդների նկատմամբ: Այսպիսի գնահատական տալու առիթը եղել է այն, որ համշենցիները Կլավիխոյին ու իր ուղեկիցներին ստիպել են բարձր մաքս վճարել իրենց հետ տարվող ապրանքների համար:

Կլավիխոյի ժամանումից ոչ շատ առաջ Սպերի ամիրան Համշենը խլել էր պարոնաց պարոն Առաքելից ու նրա փոխարեն մի մահմեդական կառավարիչ է նշանակած եղել՝ նրան օգնական տալով մի քրիստոնյայի: Սակայն այս վիճակը երկար չի շարունակվել, և այդ մասին է վկայում 1422 թվականին գրված մի հիշատակարան, որտեղ Համշենի տեր է նշվում այս նույն Առաքելը: Հավանաբար սրա որդին է պարոնաց պարոն Դավիթը, որի մասին հիշատակված է 1425 – 1440 թվականների վերջում՝ իր պատանի զավակ պարոն Վարդի հետ միասին: 1460 թվականին հիշատակվում է Համշենի իշխան, մանկահասակ Վեքեն, որին գերեվարած է եղել Բաբերդի մահմեդակաան ամիրան: Եվ, վերջապես, 1489 թվականի մի հիշատակարանում արժեքավոր տվյալներ կան հայկական այս իշխանական տան վերջին շառավղի՝ Դավթի մասին: Այդ թվականին կամ դրանից մեկ-երկու տարի առաջ թուրքերը, որ 15 տարի առաջ ոչնչացրել էին Տրապիզոնի կայսրությունը, գրավել են նաև Համշենը՝ փակելով աղկոյունլուների նահանջի ճանապարհը դեպի Սև ծով: Հայրենազուրկ եղած Դավիթ իշխանը, փախչելով իր երկրից, պատսպարվել է Սպերի շրջանում, որը դեռևս աղկոյունլու փադիշահի տիրապետության ներքո է եղել: 15-րդ դարի 60 – 90-ականներին Երզնկայի շրջակայքում գտնվող վանքերում բարձրագույն դպրոց է հիմնադրել Հովհաննես րաբունապետ Համշենցին, որը, ժամանակակիցների վկայությամբ, թագավորական տոհմից է սերված եղել: Հավանաբար, նա Համշենի հայ իշխանների գերդաստանից է եղել:

15-րդ դարի ընթացքում Հայաստանի տարբեր մասերում հիշատակվում են նաև բազմաթիվ այլ հայ հողատերեր ու գյուղատերեր: Օրինակ՝ հիշյալ դարասկզբին հիշատակվել է Արագածոտնի Արց գյուղի տերը, պարոն Աղիդանը, որին բռնի հավատափոխ են արել և այլ հայ իշխանների հետ տարել են Սամարղանդ, բայց հետո թույլ են տվել, որ վերադառնան հայրենիք: 1424 թվականի մի տարեգրությունում հիշատակվում է Սանահինում իշխող կարգավիճակ ունեցող իշխանաց իշխան Չալապին՝ պարոն Սորղաթմիշի թոռը և Փաշի որդին: Այս Չալապիի եղբայրն էր Անիի եպիսկոպոս Հովհաննես Ոսկեփորիկը, որի մասին հիշատակված է Թմորք (Թմբկաբերդ) դղյակի առնչությամբ: 1432 թվականի տարեգրությունը հիշատակել է ոմն Ծատուրի, որը եղել է Բջնի քաղաքի «նախարարը, վերակացուն և առաջնորդը»: 1442 թվականին շարադրված մի հիշատակարան տեղեկացրել է Արագածոտն գավառի Սերկևիլի գյուղի հայ տերերի՝ պարոններ Ալիբեկի, Շալվեի, Վաչուտի, Քրդի և Սարգսի մասին, որոնք, ամենայն հավանականությամբ, Վաչության իշխանների շառավիղներն են եղել: Սրանցից Շալվեն, որը որդին է պարոն Սարգսի և թոռը պարոն Բուղլախի, այսպիսի խոսքերով է դրվատվել. «Հսկայազոր այր պատերազմներում, ազատների մեջ դյուցազն և իշխանների պայազատ»:

1444 թվականին որպես Եղվարդ գյուղի տեր հիշատակվել է «մեծազգի և փառավոր…ազատածին» Ազիզպեկն իր Զաքարիա և Ավագ որդիների հետ (տարիներ առաջ Զաքարիան գնած է եղել Մուղնի գյուղը), իսկ 1465-ի թվագրմամբ հիշատակված է ոմն պարոն Վիշել, որը վերակացու է եղել: Բյուրական գյուղին անդրադարձող մի հիշատակարան էլ՝ 1467 թվականի թվագրմամբ, գրել է պարոն Բաբաջանի և նրա կնոջ՝ իշխանուհի Թամարի մասին: Մի հիշատակարան էլ 1461 թվականի ներքո անդրադարձել է Վայոց ձորի իշխաններ Ջումային և Ինանիկին, իսկ 1475-ին վերաբերող արձանագրությունում Ջումանը հիշատակված է որպես «սպարապետ Հայոց» և «իշխանաց իշխան»: Նաև ասվում է, թե նա սերված է Պռոշյաններից ու թվարկված են նրա որդիները՝ Ղալաբեկը, Ուսուլբեկը, Թումանբեկը և եղբորորդիները՝ Հայկազը, Ամիր-Վասակը, Խաղբակը և Ամիր-Հասանը: Ջումայի եղբայրներից Հովհաննեսն ու Ստեփանոսը եղել են Վայոց ձորի արքեպիսկոպոսներ և նրանց նստավայրը եղել է Այրիվանքը: 1488 թվականին, Յաղուբ փադիշահի ծավալած կրոնական հալածանքների շրջանում, հայ ավատատիրական ընտանիքների այս վերջին ներկայացուցիչներից 40 հոգի բանտարկվել են և ստիպված են եղել մահմեդականություն ընդունել, սակայն յոթ ամիս անց, մեծ տուգանքներ վճարելով, ազատ են արձակվել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
5390 | 0 | 0
Facebook