Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մոգի և աթեիստ գիտնականի մենամարտն ուղիղ եթերում

09:37, երեքշաբթի, 17 հունվարի, 2023 թ.
Մոգի և աթեիստ գիտնականի մենամարտն ուղիղ եթերում

2008 թվականի մարտի 3-ին «Rationalist International» գիտական ընկերության նախագահ Սանալ Էդամարուկուն Հնդկաստանում ժողովրդականություն վայելող հեռուստաշոուի ժամանակ մարտահրավեր է նետել Հնդկաստանի ամենահզոր կախարդ Պանդիտ Սուրինդեր Շարմային՝ խնդրելով նրան ցուցադրել իր ուժը և մոգության զորությամբ սպանել իրեն:

Այս տարօրինակ մենամարտի ակունքներում քաղաքականությունն է եղել: Հնդկաստանի Մադհյա-Պրադեշ նահանգի կառավարության նախկին ղեկավար Ումա Բհարատին մեղադրել է իր քաղաքական հակառակորդներին այն բանում, որ նրանք իրեն վնասել են՝ կիրառելով «Տանտրա» անունով հայտնի մոգական ուսմունքից ստացած գիտելիքները: Ըստ այս նախկին բարձրաստիճան պաշտոնատարի՝ մի քանի օրվա ընթացքում մահացել է իր սիրելի հորեղբայրը, վնասվել է իր ավտոնեքենայի դուռը, իսկ իր ոտները պատվել են վերքերով ու բշտիկներով. և այդ ամենն արել են իր հակառակորդները Տանտրայի ընձեռած մեթոդներով ու հնարքներով: Այս հայտարարությունն է դարձել սկիզբն աննախադեպ մի փորձաքննության, որը հեռարձակվել է Հնդկաստանի հեռուստատեսությամբ:

Նշանավոր հնդիկ մոգ-տանտրիկ Պանդիտ Սուրինդեր Շարման գլուխ է գովել, թե հեռուստադիտողներին կապացուցի, որ Տանտրայի օգնությամբ ինքը կկարողանա ներազդել գիտնական Սանալ Էդամարուկուի վրա, իսկ վերջինս էլ գրազ է եկել, որ Շարման ձախողվելու է:

Հեռուստահաղորդումն սկսելուց վայրկյաններ անց տանտրիկը հայտարարել է, թե իրեն ձեռնոց նետած աթեիստը շուտով իրեն վատ կզգա և սկսել է մանթրաներ կարդալ, նզովքի բանաձևեր արտասանել և տանտրիական ծեսեր կատարել: Բայց Սանալը իրեն հիանալի է զգացել, նրա ինքնազգացողության մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել:

Այդժամ տանտրիկը խմորի միջից մարդուկի արձանիկ է հանել, այն առել է թելից օղակի մեջ և հայտարարել է, թե ի զորու է երեք րոպեի ընթացքում սպանել ցանկացած մարդու: Երբ գիտնականն ասել է, թե չի հավատում, տանտրիկն հայտարարել է, թե Սանալին կսպանի հենց ուղիղ եթերում «ավերման վերջնական ծեսի միջոցով»: Սանալը համաձայնել է և նստել է սև մոգության ծիսական զոհասեղանին:

Այս պահից հնդկական մյուս հեռուստաալիքները ևս միացել են հեռարձակմանը, և հաղորդման վարկանիշը կտրուկ բարձրացել է:

Տանտրիկը երգելով բարձրաձայնել է հմայախոսքը՝ «Օմլինգալինգալինգալինգա, կիլիկիլի», բայց նրա ճիգերը ո՛չ երեք րոպե անց, ո՛չ էլ հինգ րոպե անց ոչ մի ներգործություն չեն ունեցել գիտնականի վրա: Հաղորդման ժամանակը մոտեցել է ավարտին, և որոշում է կայացվել հաղորդումը երկարաձգել:

Տանտրիկը փոխել է ներգործության եղանակը. նա սկսել է ջուր ցայտեցնել Սանալի վրա և նրա դեմքին շատ մոտ դանակ ճոճել: Սանալը նույնիսկ թեթևակի չի անհանգստացել: Այդժամ տանտրիկը ձեռքը հպել է Սանալի գլխին, խառնշտորել է նրա մազերը և մատերով սկսել է սեղմել նրա ճակատը: Երբ ավելի ու ավելի ուժեղ է սեղմել, Սանալը նրան հիշեցրել է, որ նա պետք է գործի դնի միայն սև մոգությունը և ոչ թե ֆիզիկական ուժով սպանի իրեն: Տանտրիկն էլի մի քանի անգամ փորձել է և՛ ջուրը, և՛ դանակը, և՛ մատները, և՛ աղոթքները, բայց Սանալը ոչ միայն չի մահացել այլև բոլորովին անվնաս է մնացել:

Երկու ժամ տևած պայքարից հետո դատավորը հայտարարել է, որ տանտրիկն անզոր է, իսկ տանտրիկն էլ արդարացել է, թե Սանալն առավել հզոր աստծու է պաշտում, որն էլ պաշտպանել է նրան: Սանալն անմիջապես պատասխանել է, թե ինքն աթեիստ է:

Այդժամ տանտրիկը հայտարարել է, թե վերջնական ավերման ամենահուսալի մոգությունը ներգործում է միայն գիշերը: Սանալն անմիջապես ընդունել է այս նոր մարտահրավերը, և որոշում է կայացվել ուղիղ երթերում հեռարձակումը շարունակել մինչև կեսգիշեր:

Հետագա երեք ժամվա ընթացքում հնդկական նորությունների ծրագրերն ազդարարել են տանտրայի նոր մարտահրավերի մասին, և մի քանի հարյուր միլիոն հեռուստադիտող գամվել է հեռուստաէկրաններին:

Աթեիստ գինականի և մոգի «բախումը» շարունակվել է գիշերային երկնքի ներքո: Տանտրիկն ու իր երկու օգնականները կրակ են վառել, հետո տանտրիկը նախազգուշացրել է, թե երբ կախարդությունը կրակից արձակվի, հետդարձ այլևս չի լինի ու երկու րոպե անց Սանալը կգժվի, կսկսի ցավից ճչալ, իսկ մեկ րոպե անց կմեռնի: Դրանից հետո տանտրիկը հարցրել է, թե Սանալը չի՞ ցանկանում արդյոք, քանի դեռ ուշ չէ, կյանքը փրկել: Ի պատասխան Սանալը ծիծաղել է, ու սկսվել է ժամանակի հետհաշվարկը:

Տանտրիկը նորից երգել է «Օմլինգալինգալինգալինգա, կիլիկիլի» -ն՝ երգեցողությունն ուղեկցելով անհասկանալի բառերի ու տարօրինակ հնչյունների տեղատարափով: Նրա օգնականները կրակն են նետել տարատեսակ «կախարդական» նյութեր, որոնցից կրակի գույնը փոխվել է, կրակը ճարճատել է ու թշշացել: Երգելու ընթացքում տանտրիկն ընդհուպ մոտեցել է Սանալին, թեթևակի հրել է, խաչաձևել է նրա ձեռները, բայց դատավորը նրան ետ է կանչել:

Սանալի նկատմամբ թաքուն ձևով ֆիզիկական ուժ գործադրելու այս փորձից հետո տանտրիկից պահանջել են, որ նա տարածություն պահպանի և չդիպչի Սանալին: Իսկ Սանալը հիանալի տրամադրության է եղել և չի պատրաստվել մահանալ:

Այդժամ տանտրիկը Սանալի անունը գրել է թղթի վրա, այն մանր կտորների է բաժանել, նետել է եռացող յուղով ամանի մեջ: Այնուհետև նա Սանալի վրա ջուր է ցողել և սիրամարգի փետուրների կապուկ նրա գլխին է քսել, ապա մանանեխի հատիկներ ու այլ սերմեր է գցել կրակի մեջ:

Հեռուստաեթերին հատկացված ժամանակը լրացել է, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, իսկ Սանալը միայն ժպտացել է:

Կեսգիշերից յոթ րոպե առաջ տանտրիկը գործի է դրել վերջին միջոցը՝ խմորի գունդը: Նա այն մի լավ տրորել է, փոշոտել է խորհրդավոր նյութերով, հետո խնդրել է Սանալին ձեռքով դիպչել դրան: Սանալը կատարել է խնդրանքը, և սկսվել է կախարդական մեծ եզրափակիչը: Տանտրիկը խմորի մեջ բութ մեխեր է խրել, այնուհետև դանակով ծվեն-ծվեն է արել խմորի գունդը և կրակն է նետել: Այդ պահին Սանալը պիտի փշուր-փշուր լիներ: Բայց դա տեղի չի ունեցել: Դատավորը հաշվել է ժամանակը՝ 40 վայրկյան, 20 վայրկյան, 10 վայրկյան, 5 վայրկյան: Վե՛րջ, ավարտվա՛ծ է:

Միլիոնավոր հեռուստադիտողներ թեթևացած շունչ են քաշել, որովհետև Սանալ Էդամարուկուն չի մահացել ու գոհունակ ժպտացել է:

Միլիոնավոր հնդկաստանցիներ ուղիղ եթերում տեսել են, որ Տանտրայի ամբողջ հզորությունն ի վիճակի չէ դույզն-ինչ վնասել նրան, ով իրեն չի հավատում: Այդ գիշեր Հնդկաստանում լայնորեն տարածված սնահավատություններից մեկին ուժեղ հարված է հասցվել:

Սանալ Էդամարուկուն այսպես է մեկնաբանել հեռուստահաղորդման արդյունքները. «տանտրիկները վախի այնպիսի մթնորոլտ են ստեղծում, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք գիտեն, որ մոգությունը ոչ մի ուժ չունի, կարող են վախից չդիմանալ ու ընկնել»:

Կախարդների մարտահրավերն ընդունելը մեծ քաջություն է պահանջում, քանի որ ինքնաներշնչումը մարդու վրա հսկայական իշխանություն ունի: Եթե Սանալը թուլություն դրսևորեր և հավատար հեղինակավոր տանտրիկին և նրա խոսքը սրտին մոտ ընդուներ, ապա, հնարավոր է, որ ուղիղ երթերում գետնին տապալվեր: Բայց կատարյալ աթեիստ և սնահավատությունից զերծ Սանալը համոզված է եղել, որ կախարդություն գոյություն չունի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
891 | 0 | 0
Facebook