Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Երբ դուք մահանաք»

12:34, շաբաթ, 14 հունվարի, 2023 թ.
«Երբ դուք մահանաք»

1905 թվականին ցարական Ռուսաստանում հրեական ջարդեր են տեղի ունեցել: Օդեսայում բնակվող Խեյմի և Սառա Խոդորովսկիները կարողանում են փախչել երկրից և բնակություն հաստատել Չիլիում: Այստեղ էլ ծնվում է նրանց որդին՝ Ալեխանդրո Խոդորովսկի Պրուլանսկին՝ ապագա նշանավոր սյուրռեալիստ ռեժիսորը, թատերագիրը, դերասանը, երգահանը:

Ալեխանդրոյի հայրը ցանկացել է, որ որդին բժիշկ դառնա, բայց նա Չիլիի համալսարանում ուսանելու տարիներից սկսած հափշտակվում է թատրոնով, աշխատում է որպես կրկեսի ծաղրածու և տիկնիկավար, ապա մեկնում է Փարիզ ու անմիջապես զանգահարում է ֆրանսիացի գրող, բանաստեղծ, սյուրռեալիզմի հիմնադիրԱնդրե Բրետոնին՝ պահանջելով, որ նա իրեն անմիջապես ընդունի: «Բայց դուք ո՞վ եք», - հարցել է Բրետոնը: «Իմ ազգանունը Խոդորավսկի է, - ներկայացել է նա, - քսանչորս տարեկան եմ, եկել եմ Չիլիից, որպեսզի հարություն տամ սյուրռեալիզմին»:

Նա Փարիզում աշխատել է Մորիս Շեվալյեի հետ, ընկերակցել է սյուրռեալիստներ Ռոլան Տոպորի, Ֆերնանդո Արաբայի, նշանավոր մնջախաղաց Մարսել Մարսոյի հետ:

Ոմանց կարծիքով նա պարզապես շառլատան է, ուրիշներն էլ նրան «միստիցիզմի քուրմ» և «ապստամբ ավանգարդ» -ի վարպետ են անվանել: Նա սկանդալային ռեժիսորի համբավի է արժանացել «Խլուրդը» և «Սրբազան լեռը» կինոնկարներով: Նա փորձել է բացահայտել մարդկային գիտակցության գաղտնիքները և «նոր դեղատոմսեր» է գտել: «Հոգեմոգություն» անունն ստացած նրա մեթոդիկան կիրառվում է հոգեբանական խաթարումների բուժման գործում:

Ահա՛ նրա փոքրածավալ ստեղծագործություններից մեկը՝ կյանքի ու մահվան մասին նրա մտորումը.

«Երբ դուք մահանաք, ձեր մարմնի համար մի՛ անհանգստացեք...ձեր մերձավորները կանեն անհարաժեշտ ամեն ինչ ըստ իրենց հնարավորությունների:

Նրանք ձեզ կմերկացնեն, ձեզ կլվացնեն, նրանք ձեզ հագուստ կհագցնեն:

Նրանք ձեզ ձեր տնից կհանեն և ձեզ կուղեկցեն դեպի ձեր նոր տունը:

Շատերը կգան ձեր թաղմանը, որպեսզի հրաժեշտ տան: Ոմանք ժամադրությունները կչեղարկեն և նույնիսկ աշխատանքից կբացակայեն, որպեսզի մասնակցեն ձեր թաղմանը:

Ձեր ունեցվածքը, նույնիսկ այն իրերը, որոնք դուք շատ եք սիրել, կտրվեն ուրիշներին, կվաճառվեն կամ կայրվեն:

Ձեր բանալիները,

Ձեր գործիքները,

Ձեր գրքերը,

Ձեր սիդիները,

Ձեր կոշիկները,

Ձեր հագուստները...

Եվ վստահ եղեք, որ աշխարհը կանգ չի առնի, որ արտասվի ձեզ համար: Ամեն ինչ շարունակվելու է:

Ձեր աշխատավայրում ձզ փոխարինող կնշանակվի: Ձեզ նման մեկը կամ ձեզնից ավելի ձեռնահասը կզբաղեցնի ձեր պաշտոնը:

Ձեր ունեցվածքը կանցնի ձեր ժառանգներին...

Եվ համոզված եղեք, որ ձեր խոսքերը կմեջբերվեն, ձեզ կքննադատեն այն մեծ ու փոքր գործերի համար, որոնք արել եք կյանքում:

Ձեր անկեղծ բարեկամները մի քանի ժամ կամ մի քանի օր կսգան, բայց դրանից հետո նրանք կմխրճվեն իրենց առօրյա գործերի և հոգսերի մեջ:

Այն «բարեկամները», որոնք քեզ մարտահրավեր էին նետել, ձեզ արագ կմոռանան:

Ձեր կենդանիները կվարժվեն նոր սեփականատիրոջը:

Ձեր լուսանկարները որոշ ժամանակ պատից կախված կամ կահույքի վրա կմնան, այնուհետև դրանք կդասավորվեն գզրոցի խորքում:

Մեկ ուրիշը շուտով կնստի ձեր բազմոցին և սնունդ կընդունի ձեր սեղանին:

Ձեր տանը խորը վիշտը մեկ-երկու շաբաթ, մեկ-երկու ամիս, մեկ...երկու տարի կտևի: Դրանից հետո դուք հիշողություն կդառնաք, և ձեր պատմությունը կավարտվի:

Այն ավարտված կլինի ձերոնց համար, այն կավարտվի այս աշխարհում:

Բայց ձեր պատմությունը կսկսվի ձեր նոր ռեալության մեջ...

Դուք չեք կարողանա այստեղի ձեր իրերի հետ ձեր կեցավայրը փոխել, որովհետև ձեր մեկնումով՝ դրանք կկորցնեն իրենց երբեմնի արժեքը:

Մարմինը

Գեղեցկությունը

Կերպարանքը

Անունը

Հարմարավետությունը

Վարկը

Կարգավիճակը

Հաշիվը

Տունը

Մեքենան

Մասնագիտությունը

Տիտղոսը

Դիպլոմը

Մեդալները

Ընկերները

Վայրը

Կողակիցը

Ընտանիքը...

Ձեր նոր կյանքում դուք կունենաք միայն այն բանի կարիքը, որը դուք կառուցել եք ձեր ոգեղեն կյանքում:

Եվ այն արժեքը, որ դուք աշխատանքով վաստակել եք այստեղ, կլինի միակ հարստությունը, որը հաշվի կառնվի այնտեղ:

Այդ հարստությունը միակն է, որ ձեզ հետ կտանեք և ոչ թե այն, որը դուք կուտակել եք այն ժամանակի ընթացքում, երբ ապրել եք այստեղ:

Եթե ձեր կյանքը սիրով ու խաղաղությամբ է լցված եղել ձեր բարեկամների և ուրիշների նկատմամբ, դուք կքաղեք ձեր ոգեղեն հարստությունը:

Ահա, թե ինչու փորձեք ապրել լեցուն կյանքով և եղեք երջանիկ այնքան ժամանակ, քանի դեռ այստեղ եք, որովհետև այստեղից դուք չեք վերցնի այն, ինչ ունեք:

Դուք ձեզ հետ կտանեք միայն այն, ինչը տվել եք»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1192 | 0 | 0
Facebook