Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պետք է ողջունել արդարացի քննադատությունը

14:32, հինգշաբթի, 12 հունվարի, 2023 թ.
Պետք է ողջունել արդարացի քննադատությունը

Եթե ձեզ որևէ մեկը «գարշելի ապուշ» անվանի, դուք, ինչ խոսք, առնվազն կզայրանաք: Այդպես է վարվել նաև ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը: Նրա կառավարության ռազմական նախարար Էդվարդ Մ. Սթենթոնը մի անգամ նրան «գարշելի ապուշ» է անվանել, որովհետև նրան զայրացրել է, որ Լինքոլնը միջամտում է իր իրավասությանը ենթակա գործերին: Բանն այն է, որ Լինքոլնը, ցանկանալով գոհացնել մի եսասեր քաղաքական գործչի, հրամանագիր է ստորագրել որոշ գնդերի տեղակայման վայրը փոխելու մասին: Սթենթոնը ոչ միայն հրաժարվել է կատարել նախագահի հրամանները, այլև երդվել է, թե Լինքոլնը «գարշելի տխմար է», քանի որ այդպիսի հրամաններ է ստորագրում:

Երբ Լինքոլնին հաղորդել են, թե ինչ է ասել Սթենթոնը, նա հանգիստ պատասխանել է. «Եթե Սթենթոնն ասել է, թե ես «գարշելի տխմար եմ», կնշանակի՝ այդպես է, որ կա, քանի որ նա գրեթե միշտ իրավացի է: Ստիպված եմ հասկանալ, թե ինչու եմ տխմար ու գարշելի»:

Եվ Լինքոլնը գնացել է Սթենթոնի մոտ և խնդրել է պարզաբանել, թե ինչու է այդ գնահատականին արժանացել: Սթենթոնին հաջողվել է իր վերադասին համոզել, որ նրա արձակած հրամանը սխալ է, և Լինքոլնը չեղարկել է այն:

Լինքոլնը միշտ բարյացկամորեն է վերաբերվել իր հասցեին հնչած քննադատություններին, երբ զգացել է, որ այդ քննադատություններն անկեղծ են, հիմնավորված և բարեկամաբար ու սրտացավությամբ են արված:

Իրեն քննադատողների արարքը ողջունել է նաև ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտը պաշտոնավարման ամբողջ ընթացքում:

Իսկ աշխարհահռչակ Ալբերտ Էյնշտեյնը խոստովանել է, թե իր եզրահանգումները 99 տոկոսով թյուր են:

«Մեր մասին մեր թշնամիների կարծիքը, - ասել է 17-րդ դարի ֆրանսիացի քաղաքական գործիչ Ֆրանսուա դը Լարոշֆուկոն, - շատ ավելի մոտ են ճշմարտությանը, քան մեր սեփական կարծիքը մեր մասին»:

Հիրավի, այս պնդումը շատ հաճախ ճիշտ է լինում, բայց երբ որևէ մեկը սկսում է մեզ քննադատել, սկսում ենք անմիջապես ինքնաբերաբար պաշտպանվել՝ նույնիսկ դույզն-ինչ պատկերացում չունենալով, թե ինչ է ուզում ասել քննադատողը: Մենք բոլորս հակված ենք ուրախանալ, երբ մեզ գովում են՝ անկախ նրանից, թե մենք արժանի ենք արդյոք այդ գովեստին: Առողջ տրամաբանությունը մեզ բնորոշ չէ, քանզի մեզ կառավարում են հույզերը: Մեր տրամաբանությունը նման է մի նավակի, որին դես ու դեն է նետում փոթորկվող հույզերի ծովը: Մեզանից շատերը բարձր կարծիքի են իրենց անձի մասին, բայց տարիներ կամ տասնամյակներ անց մենք հասկանում ենք, որ սխալվել ենք մեր այս ինքնագնահատականում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
848 | 0 | 0
Facebook