Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդու մեջ ապրում են և՛ Հիսուսը, և՛ Հուդան

22:22, երկուշաբթի, 02 հունվարի, 2023 թ.
Մարդու մեջ ապրում են և՛ Հիսուսը, և՛ Հուդան

Բրազիլիացի աշխարհահռչակ գրող Պաուլո Կոելիոյի նշանավոր ստեղծագործություններից մեկում՝ «Սատանան և սինյորիտան» վեպում, որի գլխավոր հարցադրումն այն է, թե ընդհանրապես կա՞ արդյոք վատ մարդ և փորձ է արվել տալ այդ հարցի պատասխանը, հետևյալ առասպելն է պատմվում.

«Խորհրդավոր ընթրիք» -ը կերտելիս Լեոնարդո դա Վինչին մեծ դժվարության է առնչվել. անհրաժեշտ է եղել, որ նա այդ ստեղծագործության մեջ պատկերի Հիսուսի կերպարում խտացված հավաքական Բարին, իսկ խտացված Չարը՝ Հուդայի կերպարում:

Որմնանկարի կերտման գործն առաջ չի գնացել, և Լեոնարդոն մի որոշ ժամանակ ընդհատել է աշխատանքն: Վերսկսել է կատարյալ նախատիպ գտնելուց հետո միայն:

Մի անգամ, երբ նկարիչը եկեղեցում ներկա է եղել երգչախմբի ելույթին, շատ երիտասարդ երգիչներից մեկում նկատել է Քրիստոսի կատարյալ պատկերը և, հրավիրելով նրան իր արվեստանոց, մի քանի ուրվանկար և էտյուդ է արել:

Անցել է երեք տարի: «Խորհրդավոր ընթիրքը» գրեթե ավարտված է եղել, բայց Լեոնարդոն դեռևս գտած չի եղել Հուդայի կերպարին համապատասխանող բնորդ: Տաճարի որմնանկարազարդման պատասխանատու կարդինալը շտապեցրել է Լեոնարդոյին՝ պահանջելով, որ որմնանկարը հնարավորինս շուտ ավարտվի:

Բազմօրյա որոնումներից հետո նկարչին վերջապես հաջողվել է գտնել համապատասխան բնորդին, որը թավալվելիս է եղել կեղտաջրի առվի մեջ: Դա ժամանակից շուտ զառամած, կեղտի մեջ կորած մի ցնցոտիավոր հարբեցող երիտասարդ է եղել: Լեոնարդոն իր օգնականներին կարգադրել է նրան անմիջապես տանել տաճար:

Մեծ դժվարությամբ հարբեցողին, որը չի հասկացել, թե ինչ են ուզում իրենից, քարշ են տվել տաճար, և Լեոնարդոն կտավի վրա անմիջապես դրոշմել է այդ անձնավորության դեմքին դաջված մեղսականությունը, եսասիրությունն ու չարամտությունը:

Երբ նկարիչն ավարտել է աշխատանքը, այդ ընթացքում մի քիչ սթափված երիտասարդ հարբեցողը բացել է աչքերը, տեսել է նկարը և վախեցած բացականչել է.

-Ես այս նկարը նախկինում տեսել եմ:

-Ե՞րբ, - զարմացած հարցրել է Լեոնարդոն:

-Երեք տարի առաջ, երբ ես ամեն ինչ դեռ չէի կորցրել: Դա այն ժամանակ էր, երբ ես երգչախմբում էի երգում և ամբողջովին համակված էի պայծառ երազանքներով: Ահա այդ ժամանակ մի նկարիչ ինձնից Քրիստոս նկարեց:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1748 | 0 | 0
Facebook