Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մանիի միսիոներական գործունեությունը (2)

18:54, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2022 թ.
Մանիի միսիոներական գործունեությունը (2)

Իսկ հետո, երբ Մանին ընդունելության է արժանացել մեկ այլ թագավորի կողմից, նրան ասել է. «Շապուհ արքան հոգածու եղավ ինձ, նա բոլոր պաշտոնյաներին հետևյալը գրեց. «Պաշտպանեք ու աջակցեք նրան, որպեսզի ոչ մեկը նրա դեմ անարդարություն կամ մեղք չգործի»:

Մանիի այս գրառումը հաստատել է փիլիսոփա Ալեքսանդր Լիկոպոլիսեցին: Նա նա և հաղուրդում է, թե Մանին ապրել է Հռոմի Վալերիանոս կայսրի օրերում և ուղեկցել է պարսից Շապուհին նրա արշավանքի ժամանակ՝ «մարտնչելով նրա հետ»:

Այս հաղորդումից մենք նաև իմանում ենք, որ նոր կրոնի հիմնադիրը մի քանի տարի ապրել է շահի պալատում, իսկ դա նշանակում է, որ նա արքայական շքախմբում է եղել: Այսպիսով, Շապուհի և Մանիի միջև հավատարմության և հնազանդության հատուկ հարաբերություններ են հաստատվել: Այս կարգավիճակով՝ որպես արքունի պալատական, Մանին իր տիրոջն ուղեկցել է նրա արշավանքներում:

Շապուհի արշավանքները դեպի արևմուտք ռազմական և քաղաքական մեծ հաջողություններով են պսակվել: 260 թվականին նույնիսկ թվացել է, թե Շապուհը վերականգնում է Աքեմենյաննների տիրապետությունը Փոքր Ասիայում: Այդ իսկ պատճառով լիովին բացատրելի է, թե ինչում է նրա արքունական զրադաշտական քրմապետ Կարտիրն արքայից արքայի կողմից լիազորվել Փոքր Ասիայի գրաված շրջաններում նորից կազմակերպել կրակի պաշտամունքը տաճարներում: Իրանական կրոնի բոլոր ճյուղավորումների դավանանքի, չնայած հակասություններին, բաղկացուցիչն է եղել կրակի պաշտամունքը:

Քանի որ Կարտիրը, իր իսկ վկայությամբ, անձամբ է ղեկավարել ատրուշանների տաճարների վերականգնումը, պարզ է դառնում, որ նա նույնպես ուղեկցել է արևմուտք արշավող պարսից զորքերին: Այսպիսով ապագա երկու հակառակորդները՝ Մանին և Կարտիրը, եղել են արքայից արքայի շքախմբում: Վստահաբար կարելի է ենթադրել, որ Շապուհը ոչ մի որոշում չի կայացրել երկու կրոններից մեկը պետական ճանաչելու վերաբերյալ: Մանիի կրոնը քրիստոնեության, Միջագետքի հին կրոնի, գնոստիկական բապտիզմի և իրանական կրոնի մի յուրօրինակ խառնուրդ է եղել: Միջագետքյան այս կրոնականությանը, ի դեպ, հարմարվել են ինչպես քրիստոնեական այնպես էլ իրանական կրոնը, քանի որ տեղական ավանդույթն ուժեղ ազդեցություն է ունեցել երկու կրոնների վրա:

Այնուամենայնիվ, Շապուհ Առաջինի երեսունամյա գահակալության շրջանում զրադաշտականության քրմապետի և Մանիի միջև ստատուս քվոն պահպանվել է: Տվյալ ժամանակաշրջանում մանիքեականությունը Սասանյանների պետությունում եղել է մի ուսմունք, որն առավ շատ է համապատասխանել նրա պահանջներին, բայց չի դարձել պետական կրոն: Թե ինչու է Շապուհը ձեռնպահ մնացել մանիքեությունը պետական կրոն դարձնելուց, հայտնի չէ, բայց համոզված կարելի է ասել, որ պատճառը պահպանողական այն ավանդույթներն են եղել, որոնք ժառանգաբար անցել են նրան իր նախնիներից՝ Սպահանի կրակապաշտ զրահադաշտականներից: Նրանց թողած արձանագրություններից ակնհայտ է դառնում, որ Շապուհը հին ավանդույթներին հավատարիմ զրադաշտական իշխանի կերպարով է ներկայացել իր հպատակներին: Դա եղել է նրա պաշտոնական դիրքորոշումը, բայց լիովին արդարացի են այն պնդումները, թե նրա անձնական համակրանքը Մանիի կողմն է եղել, այլապես հնարավոր չէր լինի բացատրել նրա բարյացակամ վերաբերմունքը լույսի առաքյալի նկատմամբ:

Մոտավորապես 3-րդ դարի կեսերից զրադաշտականությունը վճռականորեն որոշել է ամրապնդվել ամբողջ երկրում և պաշտպանել իր կարգավիճակը: Սակայն Մանին սկսել է իրականացնել լավ մտածված, զարմանալիորեն կազմակերպված գործունեություն: Խնամքով մշակված ծրագրին հետամուտ այս առաքյալն իր միսիոներական գործունեությունն է ծավալել ինչպես արևելքում, այնպես էլ արևմուտքում: Մանին պատմում է, թե ինքն անձամբ միսիոներական ճանապարհորդություններ է նախաձեռնել կայսրության տարբեր մասերում. «Ես բազում տարիներ անցկացրեցի Պարսկաստանում, պարթևների երկրում և հռոմեական պետության սահմանային երկրներում»:

Նա ամենուր մանիքեական համայնքներ է ստեղծել: Նրա ուսմունքի տարածմանը մեծապես նպաստել են իր աշակերտները: Մանիքեական մի տեքստ հետևյալն է պատմում. «...Հետո տերը (Մանին) երեք գրագրի, Ավետարան և էլի երկու գրություն ուղարկեց Ադդային: Նա հրամայեց. «Դու սրանց ավելի հեռուն մի՛ տար, այլ մնա այդտեղ որպես վաճառական, որը գանձ է բացահայտում»: Ադդայը շատ ջանք թափեց այդ երկրներում, նա շատ վանքեր հիմնեց, նա ընտրեց շատ ընտրյալների և ունկնդիրների, նա գրություններ ստեղծեց և իմաստությունը զենք դարձրեց, նա «դոգմաներին» հակադրեց այդ գրությունները, ցանկացած առումով նա փրկված էր: Նա հաղթահարեց ու բանադրեց «դոգմաները»: Նա մինչև Ալեքսանդրիա հասավ...Նա բազմաթիվ հրաշքներ գործեց այդ երկրներում: Պատգամաբերի կրոնը տարածվեց հռոմեացիների պետությունում»:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
761 | 0 | 0
Facebook