Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մանիի միսիոներական գործունեությունը

14:53, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2022 թ.
Մանիի միսիոներական գործունեությունը

Հնազանդվելով Երկնային Պատգամաբերին՝ Մանին մեկուսանում է աշխարհից: Նրա հետագա գործունեությունից կարելի է ենթադրել, որ նա այդ նախապատրաստական շրջանում կրոնական գրականություն է ուսումնասիրել ու խորհրդածել է իր կարդացած գրությունների շուրջ:

Դրանից հետո նա երկնքից հրաման է ստացել, որին, անկասկած, անհամբեր սպասելիս է եղել, որպեսզի աշխարհին իր ուղերձը հղի: Մ.թ. 240/241 թվականին հրեշտակը նրան ասել է. «Ինձնից ու տիրոջից, որն ինձ ուղարկել է քեզ մոտ և որը քեզ իր Առաքյալն է ընտրել, խաղաղությո՛ւն քեզ, Մանի՛: Նա քեզ հրամայում է դիմել ճշմարտությանը և ճշմարտության բարի լուրն իր անունից ազդարարել և քո անձը նվիրել դրան: Հիմա եկել է ժամանակը, որ դու բացահայտ խոսես և բարձրաձայն ազդարարես քո ուսմունքը»:

Այսպիսով, հրեշտակի պատգամով Մանին կանչվել է առաքելական ծառայության: Մերձավոր Արևելքում երկնային ուղերձները միշտ գրավոր տեսք են ունեցել, որպեսզի հետո դրանք մարդկանց փոխանցվեն ուսմունքի տեսքով:

Հետևելով հրեշտակի ցուցումներին՝ Մանին հայտնության մասին տեղեկացրել է հորն ու իրենց ընտանիքի մյուս ավագ անդամներին և նրանց բոլորին դարձի է բերել: Այս վկայությունից մենք իմանում ենք, որ Մանիի հայրը պահպանել է կապն իր տոհմի հետ, և դա այնքանով է կարևոր, որ շնորհիվ այդ կապի Մանին կարող էր ակնկալել ազդեցիկ մարդկանց աջակցությունը:

Սակայն բացահայտ գործունեությունը Մանին սկսել է ոչ թե Միջագետքում, այլ Հնդկաստանում: Այդ մասին նա ինքն է պատմում ղպտիական տեքստում. «Արտաշիր թագավորի կյանքի վերջին օրերին ես մեկնեցի քարոզելու: Ես նավարկեցի հնդիկների երկիր: Ես նրանց քարոզեցի կյանքի հույսը: Եվ ես այնտեղ լավ աշակերտներ ընտրեցի»:

Բայց, ամենայն հավանականությամբ, Մանին ոգևորված է եղել Հնդկաստանում քարոզած Թովմա առաքյալով, և այդ իսկ պատճառով մեկնել է դեպի Հնդկաստան, սակայն հասել է մինչև Իրանի ծայրագավառ Թուրան և Մուքրան և հյուսիսարևմտյան Հնդկաստանի այն տարածք, որն այժմ Պակիստանի կազմում է: Իսկ Հնդկաստանի հյուսիս-արևմուտքը մոտավորապես մ.թ.ա. 130 թվականից եղել է պարթևական ուժեղ ազդեցության ներքո: Այս երկրամասերում Մանիին, գոնե վերնախավը, կարող էր հասկանալ միայն նրա մայրենի լեզվով՝ պարսկերենով, քանի որ այստեղ երկար ժամանակ կառավարել են պարթև իշխանները, թեպետ մ. թ. առաջին դարի սկզբից «հնդկասյութական» անվանյալ դինաստիա է իշխանության անցել: Այս դինաստիայի ամենանշանավոր ներկայացուցիչը՝ Կանիշկան, պատմությանը հայտնի է որպես բուդդայականության մեծ պաշտպան: Ըստ էության բուդդայականությունը մեծ տարածում է ունեցել Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում և Իրանի արևելքում: Եվ Մանին սերտ շփման մեջ է եղել այս համաշխարհային կրոնի հետ, որն այդ ժամանակ իր միսիոներական գործունեության ծաղկման փուլում էր: Բուդդայականությունը Մանիի վրա խորը տպավորություն է թողել, որի ազդեցությամբ է նա կազմակերպել իր եկեղեցին և որի քարոզչության մեթոդներ է նա կիրառել իր ուսմունքը տարածելիս:

Հնդկաստանում Մանին երկար չի մնացել՝ ընդամենը մեկ տարուց մի քիչ ավելի: Այդ մասին նա ինքն է գրել. «Այն տարում, երբ մահացավ Արտաշիր արքան և թագավոր դարձավ նրա որդի Շապուհը, ես հնդիկների երկրից նավարկեցի պարսիկների երկիր, իսկ Պարսկաստանից գնացի Բաբելոն և Խուզիստան»:

Մանիքեական առասպելը հետևյալն է պատմում Մանիի առաջին նշանավոր ուղերձի մասին.

«Արքայից արքա Շապուհը մի եղբայր ուներ՝ Մայշանի կառավարիչը, և նրա անունն էր Միհրշահ: Եվ նա լույսի առաքյալի հրաշափառ կրոնի կատաղի թշնամին էր: Նա մի պարտեզ էր տնկել, որն ապշեցուցիչ գեղեցիկ էր ու անասելի մեծ: Դա իր նմանը չունեցող պարտեզ էր: Հենց այդ ժամանակ էլ առաքյալը հասկացավ, որ եկել է ազատագրման օրը: Եվ նա վեր կացավ ու կանգնեց Միհրշահի առջև, որը պարտեզում տոնական մեծ խնջույքի մեջ էր: Միհրշահն առաքյալին ասաց. «Այն դրախտում, որը դու փառաբանում ես, իմ այս պարտեզի նման պարտեզ կա՞»: Երբ առաքյալը լսեց այս անմիտ խոսքերը, իր հրաշագործ ուժով ցույց տվեց լույսի այգին բոլոր աստվածների և կյանքի անմահ շնչառության հետ միասին, նաև ամեն տեսակ բույսերով զարդարուն պարտեզը ու էլի բաներ, որոնք արժանահիշատակ են և որոնք կարելի է այնտեղ տեսնել: Այդժամ Միհրշահը գիտակցությունը կորցրեց ու գետին ընկավ և երեք ժամ պառկած մնաց: Եվ այն ամենը, ինչ նա տեսավ, հիշողության ու սրտի մեջ պահեց: Հետո առաքյալը ձեռքը նրա գլխին դրեց, և նա նորից գիտակցության եկավ: Երբ նա ոտքի ելավ, նետվեց առաքյալի ոտքերը և խոստովանեց, որ հավատում է նրա արդարությանը»:

Այս իրադարձությունից հետո Մանին մեկնել է Սուսիստան, այնուհետև՝ Մարսատան ու Պարթևստան: Երբ նա ժամանել է պետության մայրաքաղաք Տիզբոն, կարողացել է շփում ունենալ Շապուհ արքայի հետ և երեք անգամ արժանացել է նրա ընդունելությանը: Այդ ընդունելությունները կազմակերպել է Շապուհի եղբայր Պերոզը, որն արդեն Մանիի հետևորդն էր դարձել:

Առաջին ընդունելությանը Մանիին ուղեկցել են նրա հայրն ու երկու աշակերտները: Օգտվելով առիթից՝ Մանին արքայից արքային է նվիրել միջին պարսկերենով գրված իր առաջին գիրքը:

Մանիքեական աղբյուրներն ասում են, թե Մանիի քարոզը խորը տպավորություն է գործել Շապուհի վրա, և երկրով մեկ իր ուսմունքն ազատ քարոզելու նրա ցանկությունը բավարարվել է: Մանին ինքը պատմում է, թե արքայից արքան նույնիսկ նամակներ է հղել տեղական իշխանություններին՝ հանձնարարելով պաշտպանել նոր կրոնը: Իր ինքնակենսագրական գրառումներում Մանին ասում է. «Ես ներկայացա Շապուհ արքային: Նա ինձ մեծ պատվով ընդունեց և թույլ տվեց, որ ես շրջեմ իր երկրում և քարոզեմ կյանքի խոսքը: Ես ևս մեկ տարի մնացի նրա և նրա մերձավոր շրջապատի հետ»:

Նկարում՝ Կաոան տաճարի Մանին, որ անվանվում է «Լույսի Բուդդա»:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
748 | 0 | 0
Facebook