Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2022 թ.

Հոդվածներ

Քահանայի կատուն

16:24, երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2022 թ.
Քահանայի կատուն
    
    

Կատուն, որի անունը ոչ ոք չգիտեր, անհասկանալի գույնի կատու էր՝ գազարագույն ու սև աչքերով:

Մի ժամանակ ապրում էր ողորմածիկ Արեգնազի տան նկուղում, բայց երբ տիրուհին մահացավ, երբ չգիտես թե որտեղից հայտնվեցին բազմաթիվ ազգականներ ու հոգեհանգստի սեղանից սկսվեցին տան հանդեպ ունեցած վեճերը՝ ազգակցական առաջին երկրորդ, երրորդ կարգի, կատուն հասկացավ, որ իրեն կամ դուրս են անելու կամ կամ էլ հանձնեն ինչ որ լաբորատորիայի:

Փախավ տանից ու հայտնվեց իր գույնի մի «Մոսկվիչ» ավտոմեքենայի մոտ՝ գյուղի միակ փոքրիկ եկեղեցու ետևի բակում:

Քահանան, որը ռեալ հավատացյալ էր, նկատել էր կատվին, որ գիշերները քնում էր մեքենայի մեջ, բայց չգիտես ինչու չէր խառնվում նրա կյանքին մինչև այն պահը, երբ մի օր կատուն փորձ արեց մտնել եկեղեցի:

Մտավ:

Այդ օրվանից սկսվեց նրանց՝ Աստծո կողմից տված երկու արարծների մտերմությունը:

Քահանան ուր որ գնար՝ թաղում, հարսանիք, կնունք կատուն ետևից գնում էր ու միշտ նստում քահանայի ծնկներին, երբ քահանան ինքը նստում էր:

Գյուղացիներին դուր չէր գալիս կատվի ներկայությունը, բայց ամեն անգամ լսում էին քահանայի միակ պատասխանը.

- Տիրոջ տվա՜ծն է, ինչպես տվեց այնպե՜ս էլ կվերցնի:


    

Մի հինգշաբթի օր էր, անհասկանալի ինչպես բոլոր հինգշաբթի օրերը, երբ եկեղեցու բակում, ծառից մի վիրավոր ճնճղուկ ընկավ գետնին:

Փորձ արեց թռչելու, չստացվեց, դա չվրիպեց բնածին որսորդի կարգավիճակով լույս աշխարհ եկած կատվին, որը մի ոստյունով փորձեց հասնել ու բռնել ճնճղուկին:

Ճնճղուկի հուսահատ վերջին փորձը պսակվեց ծառի ամենացածր ճյուղին հայտնվելը:

Կատուն էլ բարձրացավ ծառը, թռչակը մի ճյուղ էլ բարձրացավ, կատուն ետևից, հետո նորից մինչև համարյա ծառի կատարը, կատուն էլ ետևից ու երբ թռչակն ընկավ ծառից, կատուն մի այնպիսի վայնասուն բարձրացրեց, որ ձայնից քահանան դուրս եկավ եկեղեցուց ու հասկացավ, որ նա չի կարող իջնել:

Փորձ արեց բարձրանալու, բայց հասկացավ, որ անիմաստ է, ճյուղերը չեն դիմանա:

Կատվի աղիողորմ կանչերը եկեղեցու բակ հավաքեցին գյուղացիներին:

Ըստ հայկական ավանդական սովորությունների սկսվեց խորհուրդների տարափը:

- Տե՜ր Հայր, զանգերը խփի՛ր, վախից մի կերպ կիջնի:

- Քաղաքից հրշեջ մեքենա կանչենք, աստիճանով:

- Քարո՛վ խփենք, վախից կընկնի, կատուները չեն սատկում ընկնելուց:

- Մի երկար փայտ բերենք դեմ տանք ճյուղին, թո՛ղ իջնի:

- Չէ՜, անկյունը, փոքր կլինի, չի՛ կարող:

Կատուն շարունակում էր ականջ ծակող ձայով մլավելը:

- Տիրոջ տվա՜ծն է, ինչպես տվեց այնպե՜ս էլ կվերցնի:

Քահանան բարկացած նայեց վերջին խորհուրդ տվողին, որը դեմքը թաքցրեց մեկ ուրիշի մեջքով:

- Հրե՜ն, Ենոքը գալիս է, մի բան կգտնի:

Ենոքը գյուղի ամենասրամիտ մարդն էր ու ամենաերկար բեղ ունեցողը:

Մոտեցավ, իր տեղն իմացողի լրջությամբ, առանց բարևելու, պտտվեց ծառի շուրջը, բեղի տակ մի հատ «Հը՜մ» արեց ու դարձավ քահանային:

- Պարան ունե՞ս, Տեր Հայր, - լուրջ դեմքով բարձր հարցրեց Ենոքը:

- Ի՞նչ անի, գնա կախվի՞, - սրամտեց մեկը ու շարժեց հավաքվածների ծիծաղը:

- Մեքենայում կա, որ ի՞նչ:

- Հանգույց ենք անում, գցում ճյուղին ու քաշո՜ւմ կպցնում գետնին, էլ ի՞նչ:

- Ա՛յ քեզ Ենո՜ք, դե՜ սրամիտն ուրիշ է, էլի՜:

- Հա էլի՜…

Քահանան վազեց դեպի իր «Մոսկվիչը»:


    

Եկեղեցու հարևանությամբ ապրում էր աշխարհագրության ուսուցչուհի, Արզումանի աստվածավախ այրի Երանուհին՝ իր չորս տարեկան Մարիամիկի հետ:

Բաց պատուհանից երևում էին հավաքված մարդիկ ու եկեղեցու բակում կատարվելիքը:

Անընդհատ խաչակնքելով Երանուհին ինչ որ բան էր շշնջում, երբ լսեց երեխայի լացակումած ձայնը:

- Մա՜մ, ո՞վ է լաց լինում, արի՜:

Մայրը մոտեցավ, գրկեց երեխային ու նորից եկավ պատուհանի մոտ:

- Այ անիծվե՜ք դուք, անիծվե՜ք, բա՞ Աստծու տված արարածին կտանջեն այդպես, վա՜յ չունենամ ձեզ…

- Մա՜մ, ի՞նչու է լաց լինում փիսիկը, փիսիկ եմ ուզում, ա՜յ նրանից, որ լաց է լինում:

- Կունենաս Մարիամիկ ջան, կունենա՜ս, աղոթիր Աստծուն, ոնց ես եմ սովորեցրել ու քեզ Աստված կտա, հագնվի՜ր, մոտեցիր Ատվածամոր նկարին ու ինչպես որ սովորեցրել եմ, հիշո՞ւմ ես չէ:


    

Երրորդ փորձից Բուդաղյան Հրաչի փեսա Ավագին հաջողվեց պարանն իր հանգույցով գցել ճյուղի համապատասխան տեղը:

- Փա՜ռք Աստծո, - միաժանակ լսվեց հավաքվածներ ձայնը:

Քահանան ու Բուդաղյան Հրաչի փեսա Ավագը սկսեցին քաշել պարանը:

Ճյուղն ընդամենը մի քսան սանտիմետր իջավ, իսկ կատվի ձայնն ավելի աղիողորմ դարձավ:

- Ա՛յ գեղացիք, ի՞նչ եք կանգնել, ձեռք գցեք:

Հինգ տղամարդով չկարողացան ճյուղը կախել ցած:

- Հը՞, Ենոք, հիմա ի՞նչ կասես:

- Տե՛ր հայր «Մոսկվիչը» խոդ տո՛ւր, մոտեցրու, կապենք ավտոյից:

- Ա՜յ քեզ Ենոք, դե սրամիտն ուրիշ է էլի՜:

Երբ մեքենան մոտեցավ, գյուղի ավտոմեքենաներից ամենալավ գլուխ հանող, Թանաքուտողանց Պետրոսի ձեռքերով պարանը կապվեց մեքենայի ետևի մասից:

- Դե, ինչպես կասեր մեծն Գագարինը «Գնացի՜նք», մենակ թե Տեր Հայր, դանդա՜ղ, հավասարաչա՜փ, - Ենոքը գոհ, հպարտ հայացքով նայեց հավաքվածներին:

Քահանան գլխով արեց ու մեքենան սկսեց շարժվել:

Ճյուղը սկսեց տեղի տալ ու դանդաղ սկսեց մոտենալ գետնին:

Ծափերի ձայնը խլացրեց կատվի խելահեղ մլավոցը:

Երբ մնացել էր մի երկու մետր ճյուղը գետնին հասնելու, պարանը կտրվեց…

Ճյուղը Գագարինի տիեզերք թռնելու սկզբնական արագությամբ վերադարձավ իր տեղն ու կատվին շպրտեց…


    

Կատուն օդում մի քանի պտույտ անելով աշխարհագրության ուսուցչուհի, Արզումանի աստվածավախ այրի Երանուհու պատուհանից ընկավ ներս…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
347 | 0 | 0
Facebook