Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

Առանց անհավատների դեմ սրբազան պատերազմի (ջհադ) իսլամական պետություն չէր կարող լինել

22:07, կիրակի, 04 սեպտեմբերի, 2022 թ.
Առանց անհավատների դեմ սրբազան պատերազմի (ջհադ) իսլամական պետություն չէր կարող լինել

Մահմեդականության կամ իսլամի հիմնադիր Մահմեդը (Մուհամմադ, Մուհամեդ, Մահմուդ, Ահմադ, Համիդ, իսկ «մահմեդ» եզրույթն արաբերենում նշանակում է «փառավոր», «գովասանքի արժան»), ընդամենը մեկ տիտղոս է ունեցել՝ «Ալլահի մարգարե», իսկ նրա հաջորդները «խալիֆ» են կոչվել: Առաջին խալիֆն Աբու Բաքրն է եղել: Խալիֆ հռչակվելուց հետո սա ընդամենը երկու տարի է ապրել (632 – 634 թթ): Նրան հաջորդել է Մահմեդի ամենաեռանդուն և ունակ օգնականներից մեկը՝ Օմարը (634 – 644 թթ.): Կրոնների պատմության գիտակներն այն կարծիքին են, որ իսլամի զարգացման և տարածման գործում այս անխոնջ անձնավորությունը գրեթե նույնքան մեծ ներդրում է ունեցել, որքան Պողոս առաքյալը՝ քրիստոնեական եկեղեցու կազմավորման մեջ: Հենց Օմարի ժամանակ է իսլամը դուրս եկել Արաբական թերակղզու սահմաններից և զինական ուժով, հրով ու սրով իր տիրապետությունը հաստատել Սիրիայում, Իրանում, Պաղեստինում և Եգիպտոսում: Այս նվաճումները կատարվել են ապշեցնող արագությամբ, և նույնիսկ Բյուզանդիան չի կարողացել կանգնեցնել ընդամենը մեկ տասնամյակում ստեղծված և իրենց «Ալլահու աքբար» («Աստված մեծագույնն է») մարտական աղաղակ-կարգախոսով ամենուր հաղթանակող բանակներին: Օմարը ոչ միայն հմուտ զորապետ է եղել, այլև դրսևորել է նվաճված երկրները և առհասարակ իսլամական խալիֆայությունը կառավարելու մեծ կարողություն: Նա Մուհամմեդից հետո իսլամական առաջին օրենսդիրն է եղել, և նա է օրենսդրել այն հարաբերությունները, որ պիտի ունենար իսլամ իշխանությունը մյուս՝ ոչ իսլամ ազգությունների և կրոնների նկատմամբ:

Մահմեդը Ղուրանում հրամայել է կռվել անհավատների, այսինքն հեթանոսների դեմ, որոնք երկնքից շնորհված գիրք չունեին: Մահմեդի պահանջած պատերազմը պատերազմ է հավատի համար, այսինքն «սուրբ» պատերազմ է, և այն ամենայն սաստկությամբ ու հետևողականությամբ պիտի մղվեր այնքան ժամանակ, մինչև որ անհավատները դարձի գային, այսինքն մահմեդականություն ընդունեին, իսկ եթե չընդունեին, պիտի բնաջնջվեին: Այս պահանջը ենթադրելու տեղիք է տալիս, թե քրիստոնյաներն ու հրեաները, իբրև երկնքից շնորհված գրքեր ունեցողներ, մահմեդականների կողմից անհավատներ չէին համարվի և նրանց դեմ սրբազան պատերազմի սլաքները չէին ուղղվի: Բայց այդպես չէ, քանզի պատմությունը վկայում է, որ մարգարեն ինքը հարձակվել է հրեական մի ցեղի վրա և բնաջնջել է բոլորին: Դարձյալ Մահմեդն է եղել, որ հրամայել է հարձակվել Բյուզանդիայի վրա: Այս գործողություններն ու հետագա ժամանակների իրադարձությունները հաստատ համոզմունք են ձևավորել, որ մուսուլմանների տեսանկյունից անհավատ են բոլոր նրանք, որոնք իսլամը չեն ընդունում: Առանց անհավատների դեմ սրբազան պատերազմի (ջհադ) իսլամական պետություն չէր կարող լինել:

«Իսլամ» բառը նշանակում է Ալլահի կամքին անվերապահորեն հնազանդվող: Միևնույն նշանակությունն ունի նաև «մյուսլիմ» (հոգնակի ձևը՝ «մուսիլման») բառը: Իսլամին չհետևող ամբողջ մարդկությունը «քյաֆիր» (այստեղից էլ «գյավուր» -ը) է, որը բառացի նշանակում է «անհավատ», «հայհոյող», «անաստված»: Ըստ մուսուլմանների՝ այս քյաֆիրը, չընդունելով Մահմեդի աստվածային առաքելությունը, ապրում է խավարի մեջ, և նրա աչքերը փակ են լույսի և աստվածային շնորհի առջև: Իսլամի տիրապետության տակ գտնվող երկիրը, որտեղ թագավորել է իսլամական օրենսդրությունը (շարիաթ), կոչվել է «դար յուլ իսլամ», այսինքն՝ «իսլամի երկիր», իսկ մնացած բոլոր երկրները կոչվել են «դար յուլ խարբ», այսինքն՝ «պատերազմի երկիր»: Քանի որ «դար յուլ խարբ» -ում շարիաթը չի գործել և իսլամը տիրապետող չէ, ուրեմն պետք է, ինչպես հրամայում է Ղուրանը, պատերազմել նրանց դեմ:

Իսլամի ծայրահեղ ռազմատենչության ժամանակաշրջանում իսլամական օրենքները մեկնողներն ասել են, թե «ջիհադ» հասկացությունը նշանակում է «հանուն աստծու պատերազմում ամեն ջանք գործադրել՝ թե՛ անձնական մասնակցությամբ, թե՛ դրամական հատկացումներով, թե՛ խորհուրդներով ու այլ գործողություններով»: Երբ իսլամի երկիրը հարձակողական պատերազմ է մղում, այդ պատերազմին պետք է մասնակցի այնքան մուսուլման, որ հաղթանակն ապահովված լինի: Հարձակողական պատերազմի դեպքում զինվորագրումից ազատվել են ծնող ունեցող պատանիները, ստրուկները, կանայք, կույսերը, կաղերը, անդամալույծները, պարտապանները (որոնք պարտավոր են թույլտվություն խնդրել իրենց պարտատերերից), պարտապանների երաշխավորները, այն հռչակավոր գիտնականները, որոնց կորուստը կվնասեր իսլամին:

Իսկ եթե քյաֆիրներն են հարձակվել իսլամի երկրի վրա, այդ ժամանակ բոլոր մուսուլմանները, բացի ծանր հիվանդներից, պարտավոր են եղել դուրս գալ թշնամու դեմ:

Նկարում ՝ «Ալլահու աքբար» կարգախոսը:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
232 | 0 | 0
Facebook