Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երեք ասպետներից ամենաքաջը

10:44, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2022 թ.
Երեք ասպետներից ամենաքաջը

1248 թվականին Կաստիլիայի, Գալիսիայի և Լեոնի թագավոր Ֆերնանդո 3-րդը պաշարել է մավրերի տիրապետության տակ գտնվող Սևիլիա քաղաքը:

Պաշարման ժամանակ նրա զորքի երեք պատվախնդիր ասպետներ վիճել են, թե իրենցից ով է առավել լավ տիրապետում զենքին: Նրանցից մեկին անվանել են դոն Լորենսո Սուարես Գալինատո, երկրորդին՝ դոն Գարսիա Պերես դե Վարգաս, իսկ երրորդ ասպետի անունը, ցավոք, չի պահպանվել:

Քանի որ ասպետներից ոչ մեկը չի կարողացել իր ընդդիմախոսին համոզել, թե ինքն է ամենահմուտը, ուստի նրանք պայմանավորվել են մոտենալ Սևիլիայի դարպասներին ու իրենց նիզակը ցցել այդ դարպասներին:

Հաջորդ օրվա առավոտյան ասպետներն ընթացել են դեպի դարպասները, և քանի որ պարիսպներին կանգնած մավրերը կարծել են, թե մոտեցողները սուրհանդակներ են, ոչ ոք չի հարձակվել նրանց վրա:

Ասպետները հանգիստ անցել են խանդակը, մոտեցել են քաղաքի պարիսպներին և իրենց նիզակներով հարվածել են գլխավոր դարպասին: Հետո նրանք ձիերի գլուխները շրջել են ու շարժվել են դեպի իրենց ճամբար: Երբ մավրերը հասկացել են, որ ասպետները ոչ մի ուղերձ էլ չեն բերել, ու նրանցից ոչ մեկը մեկ բառ անգամ չի բարձրաձայնել, շատ են վիրավորվել ու անմիջապես սկսել են ասպետներին հետապնդել: Ըստ խիստ չափազանցված պատումների՝ ասպետներին հետապնդել են 1500 հեծյալ ու 2000 հետևակային: Ասպետները հասցրել են բավականին հեռանալ դարպասներից, բայց երբ նկատել են, որ իրենց հետապնդում են, կանգ են առել ու սկսել են սպասել մոտեցող թշնամիներին:

Երբ թշնամիները բավականին մոտեցել են, անանուն ասպետը հարձակվել է նրանց վրա, իսկ մյուս երկուսը մնացել են իրենց տեղում: Երբ թշնամիներն էլ ավելի են մոտեցել, դոն Գարսիա դե Վարգասը ևս հարձակման է անցել, իսկ դոն Լորենսո Սուարեսը տեղում այնքան է մնացել, մինչև թշնամիներն իրեն ընդհուպ մոտեցել են, և միայն այդ ժամանակ է մարտի մեջ մտել ու իր զենքով հրաշքներ է գործել: Քրիստոնեական ճամբարում նկատել են այդ մարտը, և շուտով երեք ասպետներին օգնության են հասել: Կռիվն այնպես է ծավալվել, որ դրան մասնակցել է նույնիսկ Ֆերնանդո թագավորը, և քրիստոնյաներն այս անգամ հաղթել են:

Երեք ասպետները վիրավորվել են, բայց ողջ են մնացել:

Վերադառնալով ճամբար՝ Ֆերնանդոն հրամայել է կալանավորել երեք ասպետներին, քանի որ նրանք իրենց անմիտ արարքով ամբողջ զորքը ներքաշել էին չծրագրված մարտի մեջ ու վտանգել էին իր երեք քաջ վասալների կյանքը: Զորահրամանատարները պաշտպանել են քաջ ասպետներին, և թագավորը որոշումը փոխել է ու կարգադրել է ազատել նրանց: Հետաքններլով տեղի ունեցածը՝ թագավորն իմացել է, որ ասպետներն այդ արարքը կատարել են, քանի որ գրազ են եկել: Այդժամ թագավորը հրավիրել է իր զորքի բոլոր անվանիներին, որպեսզի նրանք որոշեն, թե ասպետներից որն է ամենամեծ սխրանքը գործել; Դատավորները միակարծիք չեն եղել, քանի որ բոլոր ասպետներն էլ արտասովոր խիզախություն են դրսևորել: Ի վերջո բոլորն այն եզրակացության են հանգել, որ ասպետները մի այնպիսի բան են ձեռնարկել, որի ժամանակ նրանք հաղթելու հույս չէին կարող ունենալ, քանի որ թշնամիները շատ մեծաթիվ են եղել: Այդ է եղել պատճառը, որ առաջին ասպետը հարձակման է նետվել, քանի որ չի դիմացել իրադրության լարվածությանը. Նա վախեցել է փախուստի դիմել ու վախկոտ համարվել, և այդ վախերի հարկադրանքով է հարձակվել թշնամիների վրա:

Դոն Գարսիա դե Վարգասն ավելի երկար է սպասել, և դա նշանակում է, որ նա առաջին ասպետի հետ համեմատած քիչ է վախեցել: Ահա թե ինչու նրան բանակի մեծավորները քաջ են համարել:

Իսկ դոն Լորենսո Սուարեսը, որը սպասել է այնքան, մինչև մավրերը թափվեն իր վրա, փաստորեն, կարողացել է լիովին հաղթահարել ամբողջ վախը և, ուրեմն, երեք ասպետներից ամենաքաջն է:

1248 թվականի նոյեմբերին Ֆերնանդո 3-րդ թագավորը գրավել է Սևիլիան և այն դարձրել է իր մայրաքաղաքը:

Նկարում՝ Սևիլիան անձնատուր է լինում Ֆերնանդո 3-րդին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
817 | 0 | 0
Facebook