Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սուլթանական սանձարձակ, վայրագ ու մոլեգին գվարդիան (2)

18:26, չորեքշաբթի, 06 հուլիսի, 2022 թ.
Սուլթանական սանձարձակ, վայրագ ու մոլեգին գվարդիան (2)

Մահմուդ 2-րդ (1808 – 1839 թթ.) սուլթանը վերջապես որոշել է ազատվել այս անհուսալի «գվարդիայից»:

Ենիչերիների հերթական խռովության առիթը եղել է նոր մշտական բանակի ստեղծումն ու ենիչերական զորանոցների առջև այդ բանակի հանդիսավոր շքերթը: 1826 թվականի հունիսի 15-ի գիշերը ենիչերները որոշել են վրեժխնդիր լինել իրենց այդպես ծաղրելու և նսեմացնելու համար: Ստամբուլի Մսի հրապարակում (Աթմեյդան) զինվորական կաթսաներ են դրվել, և քաղաքում սկսվել են ջարդերն ու ավերմունքը: Մեծ վեզիրի ու այդ ժամանակվա աղայի տները թալանվել են ու հրկիզվել, իսկ աղայի 12-ամյա որդին դաժանորեն սպանվել է:

Ենիչերների դեմ են ելել Ստամբուլի բնակչությունն ու իսլամ հոգևորականությունը: Նրանց ոչնչացումը պաշտոնապես հայտարարվել է աստվածահաճո գործ, իսկ նրանց դեմ կռվում զոհվելը՝ նահատակություն հանուն հավատի: Սուլթանին հավատարիմ զորքերը գրավել են փողոցները, և ենիչերական զորանոցները հրանոթներով ռմբակոծվել են: Փայտե շինությունները բոցավառվել են: Ոչ մի ենիչերիի չեն խնայել: Շուրջ հազար գերված ենիչերիի բանտարկել են Ստամբուլի ձիարշավարանում, ու այստեղ էլ տեղի է ունեցել նրանց դատավարությունը: Դատավճիռը մեկն է եղել՝ մահապատիժ խեղդամահ անելով: Հաշվեհարդարը մի քանի օր է տևել: Խռովարարների մարմինները ծովն են նետել: Ենիչերիների կաթսաներն ամբողջ ժողովրդի աչքի առաջ կեղտով ու մարդկանց կղանքով են լցվել, նրանց դրոշները ծվեն-ծվեն են արվել, իսկ ենիչերության խորհրդանիշ համարվող թաղիքե նշանավոր գդակը քարշ են տվել փողոցներով ու նետել են շներին:

Մահմուդ 2-րդն ամրապնդել է այս հաղթանակը՝ հրաման (ֆիրման) հրապարակելով ենիչերիների զորախումբը վերացնելու և դրա փոխարեն «Մուհամմեդի հաղթական բանակ» ստեղծելու մասին: Այդ նույն ֆիրմանով արգելվել է բարձրաձայն արտասանել «ենիչերի» եզրույթը: Ավերվել են ենիչերների մզկիթը, այն սրճարանները, որոնցում նրանք հաճախ են եղել: Ոչնչացվել են նույնիսկ այն մարմարյա շիրմաքարերը, որոնք ենիչերական են համարվել, քանի որ դրանց վրա պատկերվել է շեյխ Բեկթաշի խալաթի լայն թևքին նմանվող թաղիքե սրածայր գլխարկը:

Թուրքական բոլոր հաղթանակներն ու նվաճումները հիմնականում ենիչերիների շնորհիվ են եղել: Այս զորախումբն օսմանյան զինված ուժերի ամենամարտունակ միավորն է եղել, և այն միշտ համալրվել է 8 – 16 տարեկան քրիստոնյա տղաներով (հիմնականում՝ սլավոններ): Հեծելազորի սպայական կադրերը և սիփայները նույնպես ենիչերիների զորախմբից են եղել: Նրանց պատրաստել են ենիչերիների դպրոցում:

Չափազանցություն է այն տարածված կարծիքը, թե ենիչերիիներին շատ ուժեղ զոմբիացրել են ու դարձրել մուսուլմանական հավատի մոլեռանդ կողմնակից, նրա հիշողությունից ջնջել են իր նախկին ընտանիքի հիշատակներն ու դարձրել են թուրք տերերի հնազանդ ստրուկներ: Ե՜վ այն ժամանակներում, և՛ այժմ այդպիսի տեխնոլոգիաներ չկան:

«Օտարազգի երեխաներին» իսլամի ու թուրքերենի տարրական գիտելիքներ են տվել Անատոլիայի թուրքական ընտանիքներում, հետո հանձնել են զորանոցներին, որտեղ նրանց սովորեցրել են բոլոր տեսակի զենքերի գործածությունը: Նրանց վարժեցման ծրագրի պարտադիր մասն են կազմել վազքը, ընբշամարտը, երեք լեզուների տիրապետումը, իսլամական կրոնը և իսլամական մշակույթը:

Ենիչեիների զորախմբին անդամագրվելը շատ հարգի է համարվել, և իսլամացած բոսնիացիներն ու ալբանացիները «դասավորել են», որ իրենց որդիները, բացառության կարգով, ենիչերի դառնան:

Ենիչերիներն իրենք են ընտրել իրենց հրամանատարներին, ընտրել են նրան, ում վստահել են, ում համարել են ամենախիզախն ու ամենաարժանավորը: Նրանք իրենց հրամանատարին «դեյա» («քեռի», «մորեղբայր») են անվանել: Ենիչերական զորախմբում հորիզոնական և ուղղահայաց կապերը շատ ամուր են եղել, գրեթե ընտանեկան կապեր են եղել: Հետաքրքիր է, որ Օստրովիցա քաղաքից սերբ ռազմիկ Կոնստանդինի «Ենիչերիի հշատակարան» -ում, որ գրվել է 1497 թվականին, հեղինակն ասում է, թե իր եղբայրները նույնպես ծառայության մեջ են եղել, իսկ նրանցից մեկը դարձել է սուլթանական գանձարանի պահապան, այսինքն, խոսքը չի վերաբերում է կամքից ու հիշողությունից զուրկ զոմբիացած մեկին: Դա եղել է մարդկանց մի խմբի մի յուրօրինակ եղբայրություն, որի անդամներին կայսրությունը ցեխից հանել ու մարդ է դարձրել: Եթե նրանք մնային տանը, առավել հավանական է, որ ոչխար էին արածեցնելու և խոնարհվելու էիր իրենց կողքով անցնող ամեն մի մեծավորի: Եվ նրանք շատ լավ են հասկացել, թե ինչով են պարտական այն երկրին, որի համար իրենք կռվում են ու այն կառավարում են:

Առավել ընդունակներին նկատել են դեռ ուսուցման շրջանում: Երեք հազար կուրսանտներից քառասունին ամեն տարի տարել են արքունիք: Նրանք ապրել են սուլթանական պալատում, հարեմի կողքին: Հարևանությունը հարեմի հետ շատ բարենպաստ է եղել: Հարեմը ևս եղել է յուրօրինակ դպրոց՝ միայն թե կանացի: Սուլթանի կանանցից կամ հարճերից մեկը դառնալու համար աղջիկները մի քանի տարի սովորել են: Սուլթանական անկողնուն արժանացել են շատ քչերը՝ ամենահավակնոտներն ու չարասիրտները, որոնք հետևողականորեն նպատակադրվել են մեծ քաղաքականություն մտնել: Մնացյալն ամուսնացել են սուլթանի պաժերի հետ և նրանց հետ մեկնել են, երբ վերջինները նշանակում են ստացել:

Սրանում է թուրքական նվաճումների գաղտնիքը: Օսմանյան կայսրությունը երբեմն յուրաքանչյուրին տվել է ըստ իր ունակությունների: Դա չեն կարողացել անել ո՛չ մեկմեկու դեմ շարունակ կռվող սլավոնական պետությունները, ո՛չ այլասերված Բյուզանդական կայսրությունը, ո՛չ էլ Արևմտյան Եվրոպայի կաթոլիկական պետությունները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1181 | 0 | 0
Facebook