Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ոչ ոք չէր արժանանում հաղորդության՝ քավության վերջին կերակուրին, որովհետև սուրը արգելում էր, սովը՝ խեղդում, մահը՝ կոկորդը բռնում»

23:51, չորեքշաբթի, 22 հունիսի, 2022 թ.
«Ոչ ոք չէր արժանանում հաղորդության՝ քավության վերջին կերակուրին, որովհետև սուրը արգելում էր, սովը՝ խեղդում, մահը՝ կոկորդը բռնում»

«Ապա նրանց հրամայվեց նստել իրենց հետ ուտելու, - գրում է Մովսես Կաղնկատվացին: - Նրանց ըստ իրենց սովորույթի չոքեցրին՝ պիղծ մսով լցված ամաններն առաջները դնելով, բայց նրանք չցանկացան ճաշակել, որովհետև Մեծ պասի օրերն էին: Ընդառաջելով Աստծու ծառաների ցանկությանը՝ միսը վերցրին և տապակի վրա թխված մի քիչ բարակ հաց դրին: Գոհանալով Աստծուց՝ օրհնեցին ու հացը կտրեցին, կերան՝ գրավելով նրանց համակրանքը: Երբ ընթիքից վեր կացան, հրամայեց, որ կաթողիկոսին յուրայիններով հանդերձ մեծ պատվով ուղարկեն, որ գնա քաղաք և իր տանը հանգիստ օթևանի: Ա յդ օրվանից կաթողիկոսը նրանց հետ էր լինում՝ նրանց բանակում թե՛ երթի, թե՛ հանգստի ժամանակ:

Իսկ երբ նրանք վստահեցին ու համակրեցին նրան, ապա նա սկսեց համարձակորեն իր խնդիրը ներկայացնել. նա արքայորդու ներկայությամբ ասաց. «Որովհետև քո ծառաներն ենք, տե՛ր իմ, ուստի քո ներկայությամբ կխոսեմ այն, ինչն օգտակար է: Որպեսզի այս երկիրը խոպանանալով անապատի չվերածվի, քո կողմից վստահելի մարդկանց ուղարկիր իբրև կառավարիչների բոլոր տեղերը, շեներն ու ագարակները, բերդերն ու ավանները, որպեսզի այս երկրի բնակիչները վերադառնան ու աշխատեն առանց երկյուղի և նրանց միջոցով ապահովվեն քո զորքերի բռնի գործողություններից: Եվ քանի որ դու և քո հայրը այս երկիրը ստացաք ի նշան ձեզ անկեղծ հնազանդության, ապա դու էլ քո մեծամեծներով անսա՛ իմ աղաչանքներին և հրամայի՛ր ազատել քո զորքերի կողմից գերված բոլոր մարդկանց՝ արանց ու կանանց, աղջիկներին ու տղաներին, որոնց ներփակել են իրենց սենյակներում, որպեսզի չզատվեն ու չբաժանվեն հայրերն իրենց որդիներից, մայրերը՝ դուստրերից, և դրանք երկրից չփախչեն, ինչպես սիրակարոտ եղնիկները հալածվելով որսորդներից, փախչում են իրենց հորթերից»:

Այսպես մեղմ ու աղաչական խոսքերով նրանց սիրտը գրավեց իր խնդրանքների կողմը: Եվ ահա արքայորդու կողմից իր բոլոր զորքերին ուղղվեց այս հրամանը, որպեսզի ազատվեն բոլոր գերվածները, և ոչ ոք չհանդգնի արգելել կամ թաքցնել, այլապես խիստ պատիժների կենթարկվեն: Սրա հետ միաժամանակ նա ուղարկեց իր մերձավորներից նշանավոր մարդկանց, որոնց «թնդյուններ» էին անվանում, կաթողիկոսի սպասավորներով հանդերձ: Սրանք, մտնելով իրենց բանակատեղիները, նայում և հետախուզում էին նրանց սենյակներն ու վրանները, և կահկարասիների տակ թաքցրածներին կամ գրաստների ծածկոցներով փաթաթած, մատղաշ մանուկներին քաշում, դուրս էին բերում, և ոչ ոք չէր հանդգնում ընդդիմանալ նրանց: Հավաքելով՝ խումբ-խումբ բերում էին կաթողիկոսի պալատը: Իսկ նա, իբրև հավք, որ գուրգուրում է իր ձագերին, տկլորներին հագցնում էր, քաղցածներին՝ կերակրում և յուրաքանչյուրին իր տունն էր ուղարկում: Աստծու շնորհները ուղեկցում էին նրան, ուստի իր բոլոր ճանապարհներում ու մտադրությունների մեջ հաջողություն էր գտնում: Նրա անունը մեծացավ թշնամի բազմության մեջ մինչև այն օրը, երբ Աստված այցելեց՝ նրանց ձեռքից իր ժողովրդին փրկելու»:

Բայց այսքանով չի ավարտվել երկրի տառապանքը: Ավերիչ արշավանքին հաջորդել է համատարած սովը, և Կաղանկատվացին սրտի կսկիծով անդրադարձել է դրա սարսափազդու հետևանքներին.

«Մենք անհրաժեշտ ու արժանի ենք համարում այսուհետև հիշատակել սովի, նեղ ժամանակի մասին. վրա հասավ սովը, ամեն ինչ ոչնչացնող մուկը կերավ բոլոր բույսերը, սպառեց մեր հանդերի ամբողջ բերքը: Ապա երեք սոսկալի զորավարները՝ սովը, սուրը և մահը, որ գործակից է նախորդներին, միանալով, հավասար էին ընթանում ու միմյանց հետ մրցում և անխնա կերպով կոտորում էին ու դիակներ սփռում: Ոչ ոք չէր արժանանում հաղորդության՝ քավության վերջին կերակուրին, որովհետև սուրը արգելում էր, սովը՝ խեղդում, մահը՝ կոկորդը բռնում: Վա՜յ այս դառը ժամանակիս, ողբալից են աչքերը նրանց, որոնք տեսան այն մեծ խորխորատը: Թշվառացած ազատվածները լեռներին աղերսում էին, թե ընկեք մեզ վրա: Նրանցից ահաբեկվածները միայն տերևի խշրտոցից սրտապատառ էին լինում: Եվ այդ նեղ ժամանակ՝ Մեծ պահքի օրերին, հախուռն կերպով, առանց խտրության մոտենում էին անմաքուր սատկածների դիակներին, նաև բանջարների արմատները, ծառերի կեղևներն էին հանում ու ճյուղերի ծայրերը ծամում. բայց դրանք ուտելով ուժ չէին ստանում, իսկ այդ թշվառ մարդկանց ո՞վ կտար նույնիսկ խաղողի չոր կորիզ, որպեսզի աղային և ուտեին: Սովյալների բազմությունը, միատեղ հավաքվելով, հարձակվում էին նրանց վրա, ովքեր ունեին. հափշտակում էին նրանցից, ինչքի համար անգամ սպանում էին նրանց: Եվ այս ունևորներն էլ մեռնում էին չքավորների հետ: Նրանց աչքերը միշտ անկուշտ էին ընկերոջ ունեցվածքը հափշտակելու և խլելու: Ես վստահելի մարդկանցից լսեցի, որ ասում էին, թե «Մենք տեսանք, որ ոմանք ուտում էին մեռածի մարմնի անդամները, այլև անասունների հնամենի կաշիները, ծխոտված պարկերը, կոշիկների հին կապիչները եփում ուտում էին: Մեր փորձություններին համապատասխան օրինակ չեմ կարող գտնել, բացի Վեսպասիանոսի ու Տիտոսի կողմից կատարված Երուսաղեմի ավերը: Քայլեցինք սովամահների դիակների վրայով, որոնք սևացել, ուռել էին դաշտերի երեսին և ճանապարհներին իբրև հեղեղատի քարեր: Կատարվում էր մարգարեի խոսքը, որ ասում էր. «Էշի թաղումով կթաղվի և հոգեհաց չի կիսվի ձեր տանը»: Եվ այդ ժամանակ, երբ ուրիշ ուտելիքներին խառնվեց կանաչը, ավելի մեծացավ մեռնողների թիվը, քան ամբողջ ձմեռվա ընթացքում: Եվ մանավանդ այն, որ ավելի կարևոր է լսելու և հիշելու համար, հետևյալն է: Սովի ժամանակը վերջանալու մոտերքը մի այլ համաճարակ հիվանդություն տարածվեց այս երկրի սահմաններում, որ ըստ էության նման չէր այլ հիվանդությունների: Այս հիվանդությամբ բռնվածները անզգա էին դառնում մեկ կամ երկու ամիս, բերանը փակ կրճտում էին իրենց ատամները և շուռ էին տալիս աչքերը. չէին իմանում, թե ինչը կամ որտեղն է ցավում, անգամ ունակ չէին ջուր պահանջելու: Ոմանք իբրև կատաղի խելացնորությամբ հիվանդներ, մերկանդամ, խայտառակ կերպով դուրս էին փախչում անկողիններից, պատերի հետ էին խոսում և օդը ծեծում, ուրիշները հիվանդապահներին էին բռնցքահարում: Չնայած ծանր հիվանդություն էր, որ անվանեցին «խելագարության ցավ», այնուամենայնիվ մահացություններ չեղան, բայց հյուծվում, սևանալով հալ ու մաշ էին լինում նրանց մարմիննեը, թուլանում էին հոդերը, թափվում էին գլխի մազերն ու մորուքը: Դրանց ողբալով՝ երկար օրեր սգացի բազմատեսակ մահերով մեռնողների վրա՝ աղաչելով անողորմ Աստծուն, որ վերջ տա անտանելի հարվածներին»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1408 | 0 | 0
Facebook