Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«...այսուհետ խնայի՛ր քո ծառաներին և քո սուրը հեռացրու մեզնից, որպեսզի ծառայենք քեզ և քո հորը այնպես, ինչպես ծառայեցինք Սասանյան պետությանը»

23:34, երեքշաբթի, 21 հունիսի, 2022 թ.
«...այսուհետ խնայի՛ր քո ծառաներին և քո սուրը հեռացրու մեզնից, որպեսզի ծառայենք քեզ և քո հորը այնպես, ինչպես ծառայեցինք Սասանյան պետությանը»

Հասնելով խաքանի հանձնարարած վայրը՝ նրա որդին, ըստ իր հոր պատվերի, պատգամագրեր է ուղարկել Աղվանքի մարզպան Սեմա-Վշնասպին և կաթողիկոս Վիրոյին: Իր ծառայության ընթացքում Աղվանքից հափշտակած հարստությունը վերցնելով իր հետ՝ մարզպանը փախել է երկրից և ապաստանել է Պարսկաստանում: Վիրո հայրապետը դժվարացել է կողմնորոշվել, թե չարիքներից որն ընտրի: Ի վերջո որոշել է ներկայանալ թշնամիների առաջնորդ արքայազնին երկիրը կոտորածից ու ոչնչացումից փրկելու համար ու միաժամանակ գաղտնի նամակ է գրել պարսից թագավորին՝ հայտնելով թշնամու սպառնալիքները և հարցնելով, , թե կների՞ թագավորն իրեն, եթե այս անգամ գոհացնի թշնամու սիրտը՝ նրան ներկայանալով: Մովսես Կաղանկատվացին գրում է.

«Եվ քանի դեռ նա սպասում էր թագավորի պատասխանին, կամենում էր նաև որոշ ժամանակ հրապուրել, պահել պատգամավորներին, որոնք թշնամու կողմից էին ուղարկված, նրանց աչքերը կապում էր սակավ դրամով: Նրանց տանում-բերում էր այլևայլ պատրվակներ հնարելով. մեկ ասում էր. «Կկանչեմ երկրի բոլոր գավառների ղեկավարներին ու առաջնորդներին, որպեսզի նրանք էլ ինձ հետ միաբանվեն ձեր թագավորի առաջարկությանը տրվելիք պատասխանի վերաբերյալ»: Մեկ ասում էր. «Բնավ էլ կարիք չկա, որ ես համբերեմ, սպասեմ շատերի խորհրդատվության, այլ ես ինքս կպատասխանեմ, կպատրաստեմ թագավորին վայել ընծաներ ձեր թագավորին ողջունելու պատվին»:

Այն ժամանակ պատգամավորներն սկսեցին ստիպել նրան և ասել. «Ինչո՞ւ ես սպասում, ինչի՞ համար ես հապաղում. ահա՛ ամբողջ Աղվանքով մեկ ասպատակ սփռելու սահմանված օրը հասավ. մենք քեզ ահա՛ հայտնեցինք մեր իշխանների և մեր տեր Շաթի գաղտնի մտադրությունը: Արդ՝ եթե չես կամենում նրա առաջարկության համաձայն գործել, շտապիր դուրս պրծնել, փախչել, որովհետև մենք ձեր կողմից մեծարանքների ու նվերների արժանացանք, ուստի երկյուղ ենք կրում մեր աստծուց և չենք կարող նենգել ու տեսնել, թե ինչպես մեր բազմաթիվ զորքերի ձեռքերը բարձրանում են քեզ ու քո ժողովրդի վրա»:

Մինչդեռ նրանք այսպես խոսում էին, հանկարծ մեգ ու մառախուղ պատեց մեր ամբողջ երկրի երեսը, միաժամանակ դաշտերը, լեռների գագաթները, բլուրները, ձորերի խորքերը. Ոչ մի վայր չմնաց, նույնիսկ ոտքի տեղ մեր երկրի բոլոր սահմաններում՝ շեներում, ագարակներում, տներում և ճանապարհներում: Բոլորի բերանները «վա՜յ, վա՜յ» էին աղաղակում, բարբարոսական գոռում-գոչումը չէր լռում, և չկար մի վայր, ուր չլսվեր թշնամիների սպանիչ ձայնը: Եվ այս ամենը՝ միևնույն օրը, միևնույն ժամին: Որովհետև նախապես վիճակով գնդերի վրա բաժանել էին գավառները, շեները, հեղեղատները, գետերը, աղբյուրները, ճահիճները, լեռներն ու դաշտերը, որպեսզի ամենուրեք միասին ու միաժամանկ ըստ սահմանված ժամկետի աշխարհակուլ ասպատակությունը սփռեն: Մեր սահմանները ծայրից ծայր սասանվում էին:

…Այն օրերը այսպես վրա հասան մեզ: … լքված, թուլացած, սովահար՝ ակամայից գերության էին դիմում, ինչպես որ թշնամու կատաղի տեսքի ահից փախչում և չարաթույն օձերից խայթվում էին:

(նրանք) սկսեցին հետամտել նաև մեր կաթողիկոսին. հանեցին նրան վիմահատակ լեռների ապառաժոտ մի գյուղից, որ կոչվում էր Կողթ-ագարակ: Նա թողել էր իր կահկարասիները, գանձերը, ձի էր հեծել և փախել նրանց հետապնդումից:

…Բայց Արցախի անառիկ գավառների լեռների ձորառատ ապառաժները չկասեցրին թշնամու արշավանքները…Թշնամիները հասան կաթողիկոսին, իրենց աղեղները լարեցին նրա վրա: Այդ ժամանակ սուրբ խաչի սքանչելի զորությունը, որ կաթողիկոսն ուներ իր հետ, անջրպետ դարձավ նրա ու թշնամիների միջև. այդ օրը նրան ձեռք չդիպավ: Եվ այդ գիշեր ընդարձակվեց մեծ հայրապետի ու բոլոր ազատվածների փրկության ճանապարհը»:

Վիրո կաթողիկոսը կանգ է առել Չարաբերդ ամրոցում, որտեղ պատսպարվել էին Աղվանք աշխարհի տերերը՝ թագավորազունները, մեծամեծները, գավառապետները և գյուղապետները, երեցները, սարկավագները և դպիրները: Նա բոլորին հորդորել է, որ բերեն իրենց հարստությունները՝ ոսկի, արծաթ, պատվական շորեր, որպեսզի դրանցով կարելի լինի կաշառել անգութ թշնամուն: Ամենքը համաձայնել են: Կուտակված հարստությունը բարձվել է սայլերին, և կաթողիկոսը բազմաթիվ հետևորդներով իջել է Ուտիի մեծ դաշտը, ուր բանակած է եղել արքայազնը՝ գրաված լինելով Պարտավ քաղաքի հյուսիսային շրջակա տարածքները:

«Երբ նրանք հասան, , - գրում է Կաղանկատվացին, - պալատում նրա առջև էին մեծամեծներն ու նախարարները: Նրանք չոքած էին ծանրաբեռ ուղտերի քարավանի նման: Յուրաքանչյուր կոնք լցված էր անսուրբ անասունների մսով. դրանց հետ դրված էին սկուտեղներ, որոնց մեջ աղաջրով թրջում էին իրենց ձեռքերը՝ ուտելիս: Թե՛ բաժակները, թե՛ ըմպանակները ոսկեջրած քանդակազարդ արծաթից էին, որոնք բերված էին Տփղիսի ավարից: Այդպես էլ եղջյուրե ըմպանակները, թասաձև արծաթե մեծ գդալները, որոնցով արգանակն էին խփշտում և նույն յուղոտ-մսոտ, սառած աղտեղություններով մի բաժակից երկու-երկու կամ երեք-երեք ագահաբար, առանց զգալու ընտիր գինին կամ ուղտերի ու ձիերի կաթը անհագաբար, ինչպես ուռած տիկերը, իրենց որովայններն էին լցնում: Նրանց առջև չկային կանոնավոր մատռվակներ և ոչ էլ հետևներում կանոնավոր սպասավորներ: Անգամ թագավորի որդին չուներ սպասավորներ ու մատռվակներ, բացի զինվորներից, որոնք շուրջանակի, վահանափակ, խիտ նիզակներով զգուշությամբ նրա դուռն էին պահպանում:

Երբ նրանց ներս մտցրին, առաջին դռնապանների միջով անցկացրին մինչև երկրորդ դռնապանները նաև ողջույնի ընծան, որ մերոնք վերցրած իրենց բազուկների վրա տանում էին կաթողիկոսի ետևից. դրանից հետո դուրս եկան նրա առջև և հրամայեցին, որ բոլորը շարժվեն քայլ առ քայլ ու երեք անգամ երկրպագություն մատուցեն. և մյուսներին երկրորդ դռան մոտ կանգնեցրին՝ նրանց ձեռքերից վերցնելով նվերները, միայն կաթողիկոսին տարան ամենաներսի դահլիճը, ուր նստած էր արքայորդին: … կաթողիկոսը երեսի վրա երկրպագեց ու մատուցեց ընծաները. նույն ձևով նվերներ տվեց նաև բոլոր մեծամեծներին: Արքայազնը նրա ձեռքից ընդունեց նվերները և չափազանց ուրախացավ նրան տեսնելով: Բազմության հետ մոտեցավ նրան ու առաջարկեց իրեն մոտ նստել միևնույն դահլիճում: Մոտ մի ժամ նայելով կաթողիկոսի երեսին՝ ասաց. «Դու իմ հայրն ես, իսկ քո տեսքը նման է աստծո տեսքին. ինչո՞ւ հապաղեցիր ինձ մոտ գալ. եթե գայիր, իմ զորքերի կողմից քո երկրին հասած այս դժբախտությունը չէր լինի: Արդ՝ երբ եկել ես, իմ անունից հրաման կուղարկվի իմ բոլոր զինական ուժերին, որպեսզի կրկին իրենց բանակատեղիները վերադառնան և այլևս դուրս չգան ասպատակ սփռելու քո երկրի սահմաններում, և քո հրամանին կհնազնդվեն իմ բոլոր ուժերը: Պայման կկապեմ քեզ հետ իմ հոր՝ Ջեբու խաքանի արևով երդվելով, որ ինչ էլ խնդրես ինձնից, անշեղորեն կկատարեմ: Իսկ դու պատվիրիր քո երկրի բնակիչներին, որպեսզի բոլորը վերադառնան իրենց տները, իրենց վաստակներին և աշխատանքներին: Իսկ ես կասպատակեմ քո երկրի շրջակա երկրները և ավարն ու կողոպուտը կբերեմ, կլցնեմ քո սահմաններն ու վնասի փոխարեն կրկնակի կհատուցեմ քեզ այնպես, որ լիանան մարդիկ և անասունները, որովհետև իմ հայրը այս երեք երկիրը՝ Աղվանքը, Լփինքը և Չորը ստացավ իբրև հավերժական ժառանգություն»: Կաթողիկոսը ոտքի կանգնեց, երկրպագեց նրան և ասաց. «Քո և քո հոր ծառաներն ենք ես ու իմ երկրի բոլոր բնակիչները. այսուհետ խնայի՛ր քո ծառաներին և քո սուրը հեռացրու մեզնից, որպեսզի ծառայենք քեզ և քո հորը այնպես, ինչպես ծառայեցինք Սասանյան պետությանը»: Հենց որ այս ասաց, սուրբ խաչի զորությամբ գազանաբարո ցեղի բոլոր նախարարների բարկությունը իջավ կաթողիկոսի և ամբողջ զորքի ներկայությամբ: Հեզացան ոչխարների նման, դարձան իբրև Աստծուց երկյուղած զինվորներ և մեզ վերաբերվում էին ինչպես սիրելի եղբայրների, համագոյակից քաղաքացիների ու դրացիների: Կաթողիկոսի անունը հնչում էր իրենց արքայորդու անվան նման՝ «աստված արքայորդի» և «աստված կաթողիկոս», իսկ այնտեղ կաթողիկոսի հետ գնացողներին «սիրելի եղբայր» էին կանչում:

Նկարում՝ Աղվանքը 5 – 6-րդ դարերում:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1077 | 0 | 0
Facebook