Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ոչ ոք չկարողացավ հասնել իր տունը՝ սարսափելի գույժը հաղորդելու, իր սիրելի ամուսնուն պատվեր տալու, իր արգանդից ծնվածին սիրելու կամ ծնողների ծնողական սերը մտաբերելու»

23:20, երկուշաբթի, 20 հունիսի, 2022 թ.
«Ոչ ոք չկարողացավ հասնել իր տունը՝ սարսափելի գույժը հաղորդելու, իր սիրելի ամուսնուն պատվեր տալու, իր արգանդից ծնվածին սիրելու կամ ծնողների ծնողական սերը մտաբերելու»

Իշխանության հասնելուց կարճ ժամանակ անց Կավադը բանակցություններ է սկսել Բյուզանդիայի կայսր Հերակլիոսի հետ՝ մշտական հաշտություն կնքելու համար: Նա Սիրիան և Պաղեստինը վերադարձրել է Բյուզանդիային, վերադարձրել է նաև քրիստոնյաների համար ամենակարևորը՝ Քրիստոսի խաչափայտը:

Այս հայրասպանին ու եղբայրասպանեին գովաբանել է մեր Մովսես Կաղանկատվացի պատմագիրը: «Նա բարեխոհ և ողորմած էր ամբողջ աշխարհի և իր ծառաների նկատմամբ», - գրել է նա:

Կավադն ազատ է արձակել և իրենց հայրենիքն է վերադարձրել այն բոլոր մարդկանց, որոնց կալանավորել և բանտարկել էր իր հայր Խոսրովը: «Նա ամենուրեք հրամաններ ուղարկեց, - գրում է Կաղանկատվացին, - որ ամենքն ապրեն ցնծությանբ և ուրախությամբ, այդ պատճառով էլ բաշխեց տերության բոլոր հարկերն ու մաքսերը երեք տարի ժամանակով»: Այս խաղաղասիրական քաղաքականությունից առատ բաժին է հասել Հայաստանին և Աղվանքին: Կավատը Հայաստանի մարզպան է նշանակել երբեմնի Սմբատ Վրկան մարզպանի որդուն՝ Վարազտիրոց Բագրատունուն: Վարազտիրոցը մեծացել է պարսից արքունիքում և սիրելի է եղել շահնշահ Խոսրովին: Նա դաստիարակվել է իբրև Խոսրովի որդիներից մեկը և պատվելի է եղել Տիզբոնի պալատում: Որպես Սմբատ Վրկանին պարգևատրում՝ Խոսրովը Վարազտիրոցին արժանացրել է միապետի սեղանին գինի մատուցելու (մատռվակ) պատվին, ապա նրան «Ջավիտյան Խոսրով» պատվանունն է տվել:

Կավադը Վարազտիրոցին Հայաստան է ուղարկել իր հոր բոլոր հարստություններով և պատվիրել է շենացնել երկիրը: Հայերը շատ են ուրախացել, որ մարզպանի պաշտոնը նորից հայ մարդու է տրվել:

Կավադը շնորհ է արել նաև Աղվանքին՝ բանտից ազատելով և իր պաշտոնին վերադարձնելով նրա Վիրո կաթողիկոսին, որը Պարսկաստանում 25 տարուց ի վեր արգելափակված է եղել որպես մասնակից այն ապստամբության, որն Աղվանքի իշխանները կազմակերպել էին Խոսրով շահնշահի դեմ, բայց հաջողություն չէին ունեցել, որովհետև բոլոր դավադիրները բռնվել և սաստիկ պատիժների էին ենթարկվել: Միայն Վիրոն է, շնորհիվ իր ճարտար լեզվի, կարողացել իրեն այնպես հմտորեն արդարացնել, որ նրան թողել են իր պաշտոնում՝ սակայն առանց հայրենի Աղվանք վերադառնալու իրավունքի:

Կավատ 2-րդն ընդամենը վեց ամիս թագավորելուց հետո մեռել է, և Իրանի գահ է բարձրացել նրա յոթնամյա Արտաշիր որդին: Քանի որ Արտաշիրի ժամանակ երկիրն ավելի է թուլացել, խազարները համարձակվել են նորից Անդրկովկաս արշավել: Նրանց դարձյալ առաջնորդել են Ջեբու խաքանն ու իր որդի Շաթը:

Արշավանքի նպատակն է եղել պատժել Թիֆլիս քաղաքին այն անարգանքի համար, որ 626 թվականին իրենց խաքանը կրել էր նրանց պարիսպների տակ: Վրաստանի մայրաքաղաքն անգթորեն կողոպտվել ու ավերվել է: Թիֆլիսից խազարները հեղեղի պես թափվել են Աղվանքի վրա: Աղվանքի պարսիկ մարզպանը, չկարողանալով պաշտպանել երկիրը, փախել է Պարսկաստան: Խազարներն ամենուրեք ասպատակություններ են սփռել: Մովսես Կաղանկատվացին այս արշավանքին բավականին մանրամասն է անդրադարձել: Նա գրում է.

«Եկավ վրա հասավ ոչնչացնող մեծ գազանը՝ Շաթ կոչված իր արյունարբու որդու հետ: Նա նախ ուղղվեց Վրաստանի դեմ, դիմեց Տփղիս քաղաքի վրա. առաջվա քաջ տղամարդկանցից քաղաքի ներսում ոչ ոքի չգտնելով՝ տեղին համարեց կուտակված վրեժը լուծել նրանց կողմից հասցված նախկին նախատինքների համար: Եվ երբ քաղաքը պաշարեց ու սկսեց մարտնչել ու նեղել նրա մեջ գտնվող բնակիչներին, վերջիններս էլ դուրս եկան նրա դեմ: Մոտ երկու ամիս ծանր պայքարեցին՝ իզուր ջանալով իրենց վախճանի ճակատագիրը փոխել:

Այնժամ նրանց վրա մռնչաց սարսափելի գազանը, բավականաչափ մարդկանց իր կորյունների համար որսաց և խեղդեց, որջերը լցրեց որսով և իր զորքերը լիացրեց հափշտակությամբ: Բոլորը միասին իրենց սրերը բարձրացրին ու դիմեցին դեպի պարիսպները. այդքան բազմություն միմյանց վրա դիզվելով՝ ավելի բարձր դարձան, քան պարիսպները: Մութ ստվեր ընկավ քաղաքի ողորմելի բնակիչների վրա: Նրանց անդամների հոդերը խախտվեցին, բազուկները թուլացան, պարտության մատնվեցին, ետ նետվեցին պարսպից և խուճապի մատնվեցին՝ ինչպես որսորդների ծուղակների մեջ բռնված ճնճղուկներ: Ոչ ոք չկարողացավ հասնել իր տունը՝ սարսափելի գույժը հաղորդելու, իր սիրելի ամուսնուն պատվեր տալու, իր արգանդից ծնվածին սիրելու կամ ծնողների ծնողական սերը մտաբերելու, այլ սարսափահար եղած ջանում էին թաքնվել՝ ոմանք տանիքների վրա, ոմանք խողովակների մեջ, իսկ շատերն էլ լցվեցին եկեղեցիները և բռնեցին սեղանի անկյուններից:

Նրանց գոռում-գոչյունները, հառաչանքները նմանվում էին մաքիների մեծաքանակ հոտի մայունին, գառների կամ մայրերի ողբին՝ իրենց ձագերի համար: Նրանց ետևից ընկած էին անողորմ հնձողները, որոնց ձեռքերն արյան վտակներ էին հոսեցնում, ոտքերը տրորում էին դիակները, իսկ աչքերը տեսնում էին կարկուտի տեղատարափի չափ դիակների կույտերը: Երբ ողբերի ու վայնասունների ձայները դադարեցին, ու ոչ մի մարդ չազատվեց, ապա կոտորողները նույնպես հասկացան որ իրենց սրերը հագեցան: Բռնած բերեցին նաև երկու իշխաններին. դրանցից մեկը պարսից թագավորական կուսակալ էր, իսկ մյուսը քաղաքի բուն բնակիչներից՝ Վրաստանի իշխանական տոհմից էր: Երբ դրանք ձերբակալված ներկայացվեցին թագավորին, վերջինս հրամայեց փորել-հանել դրանց աչքերը իբրև հատուցում այն բանի, որ իրեն անարգելիս իր պատկերը կույր նկարեցին: Դաժան չարչարանքներով խեղդամահ արեցին նրանց՝ ողջ-ողջ հանելով մաշկը նրանց անդամներից: Ապա ձգեցին, հարմարեցրին, խոտով լցրին դրանք ու կախեցին պարսպի բարձունքից:

Նույն ժամանակ ձեռք բերեցին հավաքված գանձերի արկղերը և բազմաքանակ ավարներով ծանրաբեռնված բերում շեղջ առ շեղջ, կույտ առ կույտ լցնում էին իրենց բռնակալի առջև: Այնքան շատ բերեցին ու լցրին նրա առաջ, մինչև որ ձանձրացավ նայել ու դիտել ոսկու և արծաթի անհամար տաղանդները: Իսկ եկեղեցիների զարդերը, ակնապատ, մարգարտաշար սպասները ո՞վ կարող է նկարագրել:

Արդ՝ երբ հրամայեց ամբողջ ավարը դուրս բերել այնտեղից, ինքը գանձերով վերադարձավ իր տեղը, իսկ պատերազմող զորքերը հանձնեց իր Շաթ որդուն, որին հրամայեց դաստիրարակների, քաջ մարդկանց հետ միասին շարժվել Աղվանքի սահմանները: Նրանց պատվիրեց հետևյալը, ասելով՝ «Եթե նրանց երկրի մեծամեծներն ու առաջնորդները ընդառաջ կգան իմ որդուն, իրենց երկիրը կհանձնեն նրա ձեռքը ի հպատակություն ինձ և իմ զորքերի առջև բաց կանեն իրենց քաղաքները, ամրոցները, շուկաները, դուք էլ թողեք, որ նրանք ապրեն ու ծառայեն ինձ. իսկ եթե ո՛չ, մի՛ խնայեք նրանց տասնհինգ տարեկանից վեր արական բոլոր հասակներին. բայց մանկահասակ տղաներին ու ամբողջ իգական սեռը պահեցեք ինձ ու ձեզ ծառայելու և աղախնություն անելու համար»:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
801 | 0 | 0
Facebook