Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Նոր շահնշահ է հռչակվել բանտից ազատված Կավադը, որն անմիջապես հանձնարարել է սպանել գահընկեց արված հորը և բազմաթիվ եղբայրներին»

23:07, կիրակի, 19 հունիսի, 2022 թ.
«Նոր շահնշահ է հռչակվել բանտից ազատված Կավադը, որն անմիջապես հանձնարարել է սպանել գահընկեց արված հորը և բազմաթիվ եղբայրներին»

626 թվականի ամռանը Հերակլիոսը չէր կարող լուրջ ռազմական գործողություններ ձեռնարկել Պարսկաստանի դեմ, որովհետև նրա ուշադրությունն ամբողջովին կենտրոնացված է եղել կայսրության արևմուտքում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Այդ իրադարձությունները պիտի վճռեին Կոստանդնուպոլսի ճակատագիրը: Ավարների խաքանն իրեն հպատակ սլավոնների մեծ բազմությամբ՝ համաձայն Խոսրովի հետ պայմանավորվածության, պաշարած է եղել կայսրության մայրաքաղաքը: Նա մտադիր է եղել ստրկացնել Կոստանդնուպոլսի ամբողջ բնակչությանը և տիրանալ քաղաքի մասնավոր մարդկանց բոլոր հարստություններին: Խաքանը հանձնարարել է պաշարված քաղաքի պարիսպների բարձրության փայտե աշտարակներ կառուցել, որպեսզի ներթափանցի քաղաք: Բայց քաղաքի պաշտպաններն առաջին անգամ գործածել են «հունական կրակ» -ը՝ հրդեհելով փայտե աշտարակները: Վճռական դեր կատարողը, սակայն, գիշերային հարձակումն ու հաղթանակն է եղել, որի հետևանքով ավարների 300 հազարանոց բանակն սկսել է քայքայվել, և խաքանն ստիպված է եղել դադարեցնել պաշարումը և հեռանալ: Իսկ պարսիկները չեն կարողացել որևէ գործողություն սկսել, որովհետև բյուզանդական ուժեղ նավատորմը նրանց թույլ չի տվել մոտենալ քաղաքին:

Վտանգն անցնելուց հետո Հերակլիոսը վերսկսել է պատրաստությունները Պարսկաստանի վրա հարձակվելու համար: 627 թվականին Անդրկովկաս է մտել խազարների զորքը՝ Բյուզանդիային օգնելու նպատակով: Զորքի հրամանատարը՝ խաքանի որդի Շաթը, սպառնալից վերջնագիր է ուղարկել Խոսրով Փարվեզին՝ պահանջելով Բյուզանդիայի կայսրին վերադարձնել այն բոլոր երկրները, որոնք խլված են եղել նրանից, ինչպես նաև Քրիստոսի գերեվարված խաչափայտը՝ քրիստոնյաների մեծագույն սրբությունը:

Իսկ Հերակլիոսն արշավանքի նոր ուղղություն է ընտրել: Նա Արարատյան դաշտով անցել է Հեր և Զարեվանդ գավառները՝ փակելով այն ճանապարհը, որով պարսից զորքը սովորաբար Միջագետքից Հայաստան է անցել: 627 թվականի դեկտեմբերի 12-ին թշնամի բանակները հանդիպել են ներկայիս Մոսուլի մոտ: Վճռական ճակատամարտում Հերակլիոսը ոչ միայն հրամանատարություն է արել, այլև կռվել է զինվորների հետ մի շարքում: Պարսիկները պարտվել են: Նրանց հրամանատարը սպանվել է, և բյուզանդացիների ձեռքը մեծ ավար է ընկել: Իրանը մեծ հարված է ստացել հենց իր մայրաքաղաքի մոտ: Այնուհետև Հերակլիոսն իր հարվածներն ուղղել է այն պալատների դեմ, որ պարսից թագավորները կառուցել էին մայրաքաղաքից տարբեր հեռավորության վրա և որոնք լի էին հարստություններով և պաշարներով: Դրանցից մեկում Հերակլիոսը տոնել է Քրիստոսի ծնունդն ու հայտնությունը:

Խոսրովն այս պարտություններից բազում տարիներ առաջ էր իր նստավայրը Տիզբոնից տեղափոխել այն դղյակը, որ «Դաստակերտ» է կոչվել: Բյուզանդացիները կարծել են, թե պարսիկներն այստեղ լուրջ դիմադրություն ցույց կտան, բայց լուր են ստացել, թե Խոսրովը, վերցնելով իր հարստություններն ու հարեմը, գնացել է Տիզբոն, և երեք օրվա ճանապարհ է մնացած եղել, որ հասնի մայրաքաղաք: Բայց Հերակլիոսը դեպի Տիզբոն չի գնացել՝ լավ հասկանալով, որ շատ դժվար կլինի Տիգրիս գետով պաշտպանված քաղաքը գրավելը: Հերակլիոսը նույնիսկ իր գրաված պալատներում չի մնացել, այլ կրակի է մատնել դրանք ու առհասարակ ամայացրել է ամբողջ երկիրը, որպեսզի Խոսրովը զգա, թե որքան անողոք է իր վրեժը: Հերակլիոսը ձմռանը բարձրացել է Մարաստանի սարահարթ և մտել է Ատրպատականի Գանձակ մայրաքաղաք: Այստեղ նա սպասել է Պարսկաստանում իրադարձությունների հետագա ընթացքին:

Իսկ այդ ընթացքը կործանարար է եղել Խոսրով Փարվեզի համար: Ամոթալի փախուստը Հերակլիոսից կարճ ժամանակում խիստ նվազեցրել է նրա հեղինակությունը ժողովրդի մեջ, նրա բարձր համարումը մեծ արագությամբ գահավիժել է, և 628 թվականին Իրանում պալատական հեղաշրջում է տեղի ունեցել. երկրի հազարամյա փառքի կարևոր մասը կազմող վերջին աշխարհակալ Խոսրով Փարվեզից դժգոհ ավագանին, մի նեստորական սիրիացու գլխավորությամբ, նախ բանտից ազատել է տիրակալի բազմաթիվ կանանցից ծնված բազմաթիվ որդիներից ավագագույնին՝ Կավադին, որին հայրը զրկել էր գահաժառանգությունից, բանտարկել էր մի ամրոցում, իսկ գահաժառանգ էր հայտարարել Շիրին տիկնոջից ծնված որդուն, ապա Խոսրովին գահընկեց է հայտարարել: Նոր շահնշահ է հռչակվել բանտից ազատված Կավադը (Կավադ 2-րդ), որն անմիջապես հանձնարարել է սպանել գահընկեց արված հորը և բազմաթիվ եղբայրներին: Հեղաշրջման գլխավոր պատճառներից մեկը Խոսրով Փարվեզի դաժան հարկահանությունն է եղել. նրան առանձնապես ատել են երկրի նեստորականներն ու քրիստոնյաները, քանի որ նա էր գերության տարել Քրիստոսի խաչափայտը: Նեստորականների ատելության պատճառներից մեկն էլ այն է եղել, որ Խոսրովը հովանավորել է միաբնակ քրիստոնյաներին:

Նկարում՝ Հերակլիոսի պատկերով ոսկեդրամ:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
862 | 0 | 0
Facebook