Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«...կնամոլ թագակիրը ... բարբարոս գիշատիչների առջև ճանապարհ է հարթել՝ նրանց դարձնելով խաղաղ քրիստոնյա երկրների համար մշտական պատուհաս» (2)

20:41, ուրբաթ, 17 հունիսի, 2022 թ.
«...կնամոլ թագակիրը ... բարբարոս գիշատիչների առջև ճանապարհ է հարթել՝ նրանց դարձնելով խաղաղ քրիստոնյա երկրների համար մշտական պատուհաս» (2)

Խազարներին վաղուց է հայտնի եղել ճանապարհը դեպի Աղվանք և հարևան երկրներ, բայց Պարսից թագավորի ներշնչած ահը զսպել է նրանց: Իսկ այժմ Բյուզանդիայի քրիստոնյա կայսրը, որ պատերազմել է Քրիստոսի խաչափայտն ազատագրելու համար, առաջարկել է, որ բարբարոս խազարները թալանի գնան: Բյուզանդիայի կայսրի այս «հրավերին» արձագանքող խազարական առաջին հրոսակախմբի մասին հայացած աղվան պատմիչ Մովսես Կաղանկատվացին գրել է.

«Հերակլիոսի հրամանով խազիրներն անհամար բազմությամբ գլուխ բարձրացրին՝ ասպատակելու մեր երկիրը: Պարսից արքա Խոսրովի պատգամատարները գնում են նրանց մոտ և նրանց տալիս են պատգամ, ուր ասված էր. «Դուք ո՞ւմ հրամանով մտաք իմ երկիրը, նրա՞, որ թափառական ու փախստական ընկած իմ երեսից շրջում է արևմտյան ծովի կղզիներում: Եթե կարոտել եք նրա ոսկուն, արծաթին, թանկագին քարերին կամ ոսկեհյուս, մարգարտազարդ հագուստներին, բեհեզներին ու ծիրանիներին, ես կարող էին նրանից բազմապատիկ շատով գոհացնել քեզ: Դրա համար քեզ ասում եմ. մի՛ շարունակիր իմ նկատմամբ դրա դատարկ պահանջով…Բայց ահա նախապես քեզ ասում եմ այն, ինչ որ անելու եմ առաջիկայում: …նրա երկրից կկանչեմ իմ հաղթական մեծ զորավար Շահվարազին իմ երկու քաջ զորականներ Շահենի և Քրտիկարինի հետ միասին, նաև իմ բյուրավոր զորքը, հազարավոր ընտիր սպառազենները, որոնց ես պատրաստեցի արևմուտքի դեմ քշելու ու ջնջելու երկրի երեսից: Արդ՝ ահա երասանակները կդարձնեմ արևելքի դեմ ու իմ ամբողջ ուժով կշարժվեմ քո վրա և բաց չեմ թողնի քեզ, հանգիստ ու դադար չեմ տա, մինչև երկրագնդի ծայրերը քեզ չքշեմ»: Եվ այսպես՝ համաձայն սպառնալից պատգամի, այդ տարի (խազարները) դադարեցրին արշավանքը և վերադարձան նույն լեռնանցքով:

…Այնուհետև բոլորին, որ իրեն էին ենթարկվում՝ տոհմերին, ցեղերին, լեռնականներին ու դաշտայիններին, հաստատուն բնակություն ունեցողներին ու քոչվորներին, ծովագնացներին ու ցամաքայիններին, գլուխները խուզածներին ու մազավորներին, հայտարարեց, որ ակնարկելու պարագային ամրակուռ ու պատրաստ գտնվեն:

Եվ ահա երեսունութերորդ տարում, որ Խոսրովին սպանելու, նեղության ու աղետի տարի էր, եկավ վերևում հիշատակված նույն ինքը՝ Ջեբու խաքանը՝ որդուն իր հետ ունենալով: Նրա զորքի քանակը ոչ ոք չէր կարող հաշվել: Երբ ահավոր գույժը հասավ Աղվանք, կամեցան մեր երկրի բնակչությունն ամրացնել մեծ մայրաքաղաք Պարտավի բերդի մեջ: Այս բանը կատարվեց Գայշաք անունով մի մարդու հրամանով, որը Խոսրովի կողմից ուղարկված էր իբրև այս երկրի պետ ու իշխան: Սա շրջակա գավառների բազմությունը լցրեց ներս ու կամեցավ ուժեղանալ այս երկրի մեծամեծների ու բնակիչների միաբանությամբ ու դիմադրել նրանց: Բայց նա տեսավ, թե ինչ աղետների ենթարկվեցին Չոր մեծ քաղաքի սքանչելի պարիսպների պահապանները և գումարտակները...

Արդ՝ երբ մոտեցավ տիեզերական ցասումը, որ մեր ամենիս առջև էր գտնվում, նախ ծովի ծավալված ալիքները հարվածեցին նրան (Չոր քաղաքին) և հիմնահատակ տապալեցին: Որովհետև տեսնելով սաստկացած սարսափը ժանտատեսք, հանդուգն երեսով, լայնադեմ, անարտևաունք բազմության, որոնք կանացի կերպարանքով, գիսարձակ վրա էին տալիս, սարսափը պատեց նրանց: Մանավանդ երբ տեսան ուժեղ քաշված աղեղների նետերը, որոնք կարկուտի նման տեղում էին նրանց վրա:

Իբրև լկտիացած գիշակեր գայլեր հարձակվեցին նրանց վրա և առանց խնայելու կոտորեցին քաղաքի անցուղիներում ու փողոցներում. նրանց աչքը մինչև անգամ չէր խնայում գեղեցկատես, պայծառագեղ պատանի տղայի կամ աղջկա և ոչ էլ անպետքներին և անօգտակարներին: Չէին թողնում հաշմանդամներին ու ծերերին և ոչ էլ գութ էին տածում, կամ գալարվում էին նրանց աղիքները երեխաների խանդաղատանքի նկատմամբ, որոնք փարվում էին սպանված մայրերին և իբրև կաթ ծծում էին նրանց ստինքների արյունը: Այլ, իբրև եղեգնուտում բոցավառված հուր, մի դռնից մտնում, մյուսից դուրս էին գալիս...:

Արդ՝ երբ այս ամենը լսեց մեր ղեկավար իշխանը, որ իր ձեռքն առել և պահպանում էր Պարտավ քաղաքը, կամեցավ մեր բերդում հավաքած ամրացած բազմությանը սաստկացող սարսափի վերաբերյալ խոսք ասել, թե ինչ պետք է անել: Բերանը բաց արեց, բայց մեծ երկյուղի պատճառով խոսքը կրկնել չկարողացավ, որովհետև նրա սիրտը թուլացավ ու դող բռնեց նրան ոտքերից մինչև գլուխ, և ծնկները սկսեցին բախվել միմյանց: Երբ ամբոխը զգաց մարդու անչափ թուլասրտությունը, աղաղակ բարձրացրեց ու ասաց. «Ինչո՞ւ մեզ բոլորովին կաշկանդեցիր, այս ժամի համար պահելո՞ւ, մեզ կանանցով ու որդիներով արյունարբու գազանների ձեռքը տալո՞ւ: Եվ այժմ՝ ինչպե՞ս կարող ենք մենք՝ քաղաքի այսքան խառնիճաղանջ բազմությունս, նրանց ներկայությամբ դուս գալ փախչել, երբ ոչնչացնող թշնամին մեզնից հեռու է գտնվում երեք մղոնի չափով»: Ապա մեկմեկու ասում են. «Ինչո՞ւ ենք հապաղում.այս քաղաքը գերեզմա՞ն պետք է դարձնենք մեզ համար. թողնենք մեր կահկարասին, դուս գանք, թերևս ազատվել կարողանանք»: Եվ դիմելով միաժամանակ դեպի քաղաքի չորս դարպասները՝ աճապարում էին իրենց գցել լեռնային Արցախ գավառը:

Երբ թշնամիները վերահասու եղան տեղի ունեցածին, հետապնդեցին փախստականներին և մի մասին հասան այն լեռան ստորոտին, որ գտնվում է Կաղանկատուք մեծ գյուղի հանդեպ, որը նույն Ուտի գավառում է, ուսկից և ես եմ: Օրը մթնելու հետևանքով մեծ վնաս չկարողացան հասցնել, այլ փոքր ի շատե ձեռք ընկածներից մի մասին կոտորեցին, մի մասին էլ գրավված սայլերի և գրաստների հետ վերադարձրին իրենց բանակը: Աստծու խնամակալությամբ այլևս կրկին չհետապնդեցին փախստական բազմությանը: Եվ այն գիշեր բոլորը անցան, ինչպես եբրայեցիք անցան Կարմիր ծովով, և հասան Արցախ անառիկ գավառը: Գայշաք անունով այն իշխանը նույնպես ազատվեց իր ամբողջ տնով և իրեն գցեց Պարսկաստանի կողմերը, բայց այլևս չկարողացավ նույն իշխանությունը ձեռք բերել»:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1428 | 0 | 0
Facebook