Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Իմացի՛ր, եղբա՛յրս, որ թագավորն ու թագուհին առաջինը պետք է հարգեն օրենքները»

09:18, հինգշաբթի, 09 հունիսի, 2022 թ.
«Իմացի՛ր, եղբա՛յրս, որ թագավորն ու թագուհին առաջինը պետք է հարգեն օրենքները»

Նապոլեոնի մարշալներից մեկը՝ Ժան-Բատիստ Ժյուլ Բերանադոտը 1818 թվականին դարձել է Շվեդիայի ու Նորվեգիայի թագավոր և Կարլ 14-րդ Յուհան անունն է ընդունել: Թագավոր դարձած այս մարշալի և Նապոլեոն Բոնապարտի նախկին հարսնացու Դեզիրեի ամուսնությունից ծնվել է Ժոզեֆ-Ֆրանսուա-Օսկար Բերնադոտը՝ 1844 թվականից Օսկար Առաջին Յուհանը:

Ահա այս Օսկարը օրենք է հրապարակել, համաձայն որի փողոցում զբոսնող տղամարդիկ և կանայք պարտավոր էին տարբեր մայթերով քայլել: Թագավորն ինքը սիրել է հասարակ քաղաքացու հագուստով պաճուճվել ու անճանաչելի դարձած զբոսնել: Եվ, ահա, թագավորը մի օր զբոսանքի է ելել ու քայլել է տղամարդկանց համար նախատեսված մայթով: Մեկ էլ նկատել է նույն մայթով իր առջևից քայլող մի կնոջ: Ծպտված թագավորն անմիջապես դիմել է ոստիկանին և մատնացույց է արել սահմանված կարգը խախտած կնոջը:

Ոստիկանը թագավորին չի ճանաչել, բայց կմկմալով ասել է.

«Այո՛, ինքս էլ տեսնում եմ, բայց այս տիկինը թագուհին է, և ես չհամարձակվեցի մոտենալ նրան»:

Թագավորն այս խոսքերի վրա մի երկարաշունչ քարոզ է կարդացել ոստիկանի գլխին.

«Շատ իզուր: Սխալ ես արել, որ չես համարձակվել մոտենալ: Օրենքին պետք է հնազանդվեն բոլորը, և հատկապես թագուհին, որին պետք է միայն հիշեցնել այն, ինչի մասին ինքը մոռացել է: Բայց եթե դու չես ցանկանում կատարել քո պարտականությունը, ապա ես ինքս դա կանեմ քո փոխարեն»:

Եվ ի սարսափ ոստիկանի՝ այդ մարդը մոտեցել է թագուհուն, թևանցուկ է արել նրան, ինչ-որ բան է ասել և հանդիպակաց մայթ է տարել: Միայն այդ ժամանակ է ոստիկանը ճանաչել իր թագավորին, որը, վերադառնալով տղամարդկանց մայթ, հավելել է.

«Իմացի՛ր, եղբա՛յրս, որ թագավորն ու թագուհին առաջինը պետք է հարգեն օրենքները»:

***

Այս իրական պատմությանը հարկ է հավելել միայն հետևյալը. Օսկար Առաջինի կինը եղել է Ժոզեֆին Լյուքեմբուրգցին՝ Նապոլեոն Առաջինի առաջին կնոջ՝ Ժոզեֆինա Բոհարնեի թոռնուհին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1516 | 0 | 0
Facebook