Բանաստեղծի երկրպագուներից մեկը նրա հետ զրույցի ժամանակ հայտարարել է.
«Ես ձեզ ընծայում եմ մտքերս, հոգիս և սիրտս»:
Բանաստեղծը քաղաքավարությամբ պատասխանել է.
«Հաճույքով ընդունում եմ, քանի որ այդպիսի անուշիկ դատարկ բաներից ամոթ է հրաժարվելը»:
***
Իր բանկիր հորեղբոր մասին Հայնեն հետևյալն է ասել.
«Մայրս սիրել է կարդալ գեղարվեստական գրականություն, և ես բանաստեղծ եմ դարձել: Իսկ հորեղբորս մայրը կարդացել է «Ավազակ Կարտուշի արկածները» գիրքը»:
***
Մի անգամ Հայնեն զրուցելիս է եղել կանանց միջավայրում մեծ հաջողություն ունեցող բանաստեղծ Մորիս Հարթմանի հետ և նրան ասել է.
«Այսօր, սիրելի Մորիս, ինձ այցելեց մի գեղեցիկ տիկին, որի հետ դու դեռ ծանոթ չես»:
Հարթմանը զարմացած հարցրել է.
«Ո՞վ է այդ տիկինը»:
Հայնեն ժպտալով պատասխանել է.
«Մուսան, թանկագինս»:
***
Երբ Հայնեի երկրպագուներից մեկը մի օր նրան հարցրել է, թե ինչպես է նա բաժանում իր աշխատանքային ժամանակը և ինչով է զբաղվում, բանաստեղծը պատասխանել է.
«Այսօր մինչև կեսօրյա ճաշը վերընթերցել եմ բանաստեղծությունս, որը վերջերս էի գրել, ու այնտեղ մի ստորակետ եմ ավելացրել»:
Երկրպագուն երկրորդ հարցն է տվել.
«Իսկ ճաշից հետո՞»:
Հայնեն անվրդով պատասխանել է.
«Ճաշից հետո ես նորից կարդացի այդ բանաստեղծությունը և ջնջեցի ավելացրածս ստորակետը, քանիզի պարզվեց, որ այն ավելորդ է»:
***
Երկարատև ճանապարհորդությունից հայրենիք վերադարձած մի գիտնական, շատ լավ իմանալով, որ Հայնեն հրեա է, զրույցի ժամանակ հայտարարել է.
«Հայիթի կղզում ինձ ամենից շատ ապշեցրեց այն, որ այնտեղ գոնե մեկ հրեա և մեկ էշ չտեսա»:
Հայնեն, առանց զայրանալու, ընդհատել է նրան՝ ասելով.
«Իսկ ի՞նչ էիք ասելու, եթե մենք այնտեղ երկուսով հայտնվեինք»:
***
Մահվանից մի քանի ժամ առաջ Հայնեն կանչել է նոտարին ու թելադրել է իր վերջին կամքը.
«Իմ ամբողջ ունեցվածքը և ստեղծագործություններիս տպագրությունից ստացվելիք ապագա հոնորարները թողնում եմ կնոջս՝ պայմանով, որ նա նորից ամուսնանա»:
Նոտարը շատ է զարմացել.
«Բայց ինչո՞ւ եք այդպես վարվում»:
Բանաստեղծը պատասխանել է.
«Ուզում եմ, որ այս երկրի վրա գոնե մի մարդ ինձ երախտագիտությամբ հիշի»:
***
Ծանոթներից մեկն այցելել է մահացող բանաստեղծին այն պահին, երբ խնամողները նրա անկողնուն նոր սպիտակեղեն են փռելիս եղել, և հարցրել է, թե ինչպես է իրեն զգում:
Բանաստեղծը թույլ ժպտացել է ու ասել.
«Գերազա՛նց: Կանայք դեռ շարունակում են ինձ իրենց գրկում պահել»:
***
Մահանալուց առաջ Հայներին հաճախ համոզել են, որ նա եկեղեցու գիրկը դառնա ու դրանով իսկ արժանանա Աստծու ներմանը: Բանաստեղծը պատասխանել է.
«Առանց դրա էլ Աստված ինձ կների, չէ՞ որ դա նրա արհեստն է»: