Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայրենասիրության, չափավորության, համեստության և այլ առաքինությունների նախատիպ Լուցիուս Քվինկտիուս Սինսինատուսը (4)

18:50, հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ.
Հայրենասիրության, չափավորության, համեստության և այլ առաքինությունների նախատիպ Լուցիուս Քվինկտիուս Սինսինատուսը (4)

Թեպետ նա պատկերացրել է, որ իր մեկնումը կարող է լրիվ սնանկացնել որդու դատավարության հետևանքով առանց այն էլ սնանկացած իր ընտանիքը, եթե բերքահավաքը չապահովվի, այնուամենայնիվ, ընդունել է դիկտատորական մանդատը՝ պահանջելով, որ անհապաղ զինադադար հաստատվի պատրիկների կուսակցության զինված խմբերի ու պլեբեյների ավազակախմբերի միջև: Պետական փոխադրամիջոցով նա գետի մյուս ափն է անցել, որտեղ նրան դիմավորել են իր երեք որդիները, ազգականներն ու ընկերները: Իրեն ուղեկցող 24 լեկտորների առաջնորդությամբ նա հասել է Հռոմ և մտել իրեն հատկացված շինություն: Մեծ քանակությամբ ժողովուրդ է հավաքվել նրան դիմավորելու:

Այդ նույն օրվա գիշերը Հռոմի ոչ մի քաղաքացի չի պառկել քնելու: Դեռ լույսը չբացված՝ դիկտատորը հայտնվել է հրապարակում և իր «magister equitum» է նշանակել Լուցուս Տարկվինիոսին՝ պատրիկական դասին պատկանող, սակայն աղքատ, բայց քաջությամբ հռչակված երիտասարդին: Քաղաքի բոլոր խանութները փակվել են, բոլոր առևտրային ու դատական գործերը կասեցվել են, զինվորական գործին պիտանի բոլոր քաղաքացիներին հրամայվել է զինվորական երդում տալ և մինչև մայրամուտ լիովին զինված, հնգօրյա սննդի պաշարով հավաքվել Մարսյան դաշտում: Մայրամուտի հետ զորքն արշավի է ելել, ու զինվերները, իրար շտապեցնելով, ավելի ու ավելի արագ են ընթացել: Յուրաքանչյուր րոպեն թանկ է եղել, որովհետև արդեն երրորդ օրն էր լրանում, որ կոնսուլն ու իր զորքը շրջապատման մեջ էին գտնվում: Կեսգիշերին հռոմեացիները հասել են Ալդիգա և, երբ տեսել են, որ թշնամին արդեն մոտ է, կանգ են առել: Պտտվելով թշնամական ճամբարի շուրջը՝ Սինսինատուսն իր զորքին կարգադրել է գետնին դնել իրենց բեռները: Այնուհետև նա իր զինվորներին դասավորել է էկվերի ճամբարի շուրջը: Տրվել է հարձակման ազդանշան, և զորքը բարձր գոռացել և գետնի մեջ է մեխել իրենց հետ բերված կիսացանկապատերը: Էվկերը հայտնվել են ցանկապատի մեջ: Գոռոցները վախեցրել են թշնամու զինվորներին, իսկ կոնսուլի ճամբարի զինվորները կռահել են, որ օգնական զորքեր են եկել: Նրանք ոգևորվել են ու անմիջապես հարձակման են անցել: Էվկերն այլևս չեն կարողացել մարտի բռնվել Սինսինատուսի զիվորների հետ ու տապալել կառուցվող պատնեշը: Լուսաբացին այդ պատնեշն արդեն պատրաստ է եղել, և էվկերը ստիպված են եղել դիմագրավել երկկողմանի հարձակման: Հասկանալով, որ պարտությունն ու կործանումն անխուսափելի են, էվկերը Սինսինատուսին ու կոնսուլին սկսել են աղաչել, որ իրենց խնայեն: Նրանց կյանքից չեն զրկել, բայց նրանց առաջնորդ Քլելիուսին և ավագ սպաներին շղթայակապ են արել ու տարել են դիկտատորի մոտ, որպեսզի հետո նրանք հաղթահանդեսի զարդարանք ծառայեն: Մնացյալ զորքը զենքը դրել է և ստորացվել՝ անցնելով երեք նիզակներիվ կառուցված լծի տակով: Թշնամական ճամբարում հռոմեացիները հարուստ ավար են ձեռք գցել, քանի որ դիկտատորը էվկերի զինվորներին թույլ է տվել իրենց հետ միայն մեկ զույգ հագուստ տանել: Սինսինատուսն ավարը միայն իր զինվորներին է տվել, իսկ ինչ վերաբերում է կոնսուլի զինվորներին, ապա նա նրանց հետևյալ խոսքերով է դիմել. «Ձեզ, զինվորներ, թշնամուց վերցված ավարից ոչինչ չի հասնում, քանի որ դուք գրեթե ավար էիք դարձել, իսկ դու՝ Մինուցիոս, մինչև կոնսուլին վայել քաջությամբ չլցվես, այս լեգեոններում կմնաս ընդամենը որպես կրտսեր զորահրամանատար»: Դրանից հետո Մունցիոսը դրել է իր կոնսուլական կոչումը և մնացել է զորքի հետ: Իսկ ավելի շատ դիկտատորի բարեգործությունները, քան վիրավորանքները հիշող զինվորները նրան ոսկե պսակ են նվիրել և նրան հրաժեշտ են տվել որպես իրենց տիրոջ: Հռոմ հաղթական մուտքի ժամանակ դիկտատորին և նրա զորքին երախտապարտ քաղաքացիները հիացական բացականչություններով են դիմավորել. յուրաքանչյուր տան առջև սեղան է գցված եղել և դրանց մոտով անցնող զինվորները հյուրասիրվել են: Այդպիսի ուրախ տոնախմբություն Հռոմը երբեք տեսած չէր եղել:

Մինչև պաշտոնը հանձնելը դիկտատորը դատի է տվել տրիբուն Վոլսցիոսին, որի պատճառով իր որդի Կեզոնի դատավարությունն այդքան վատ ընթացք էր ստացել: Քվեստորները երկու տարվա ընթացքում կեղծ վկայության մեղադրանքով արդեն իսկ հետապնդել էին նրան, բայց տրիբունների միջամտության պատճառով չէին կարողացել արդյունքի հասնել: Դիկտատորի համար այդ միջամտությունը նշանակություն չէր կարող ունենալ: Դատարանը Վոլսցիուսին մեղավոր է ճանաչել կեղծ վկայության մեջ ու դատապարտվել է արտաքսման: Դրանից հետո Սինսինատուսը հրաժարվել է դիկտատորական վեցամսյա իշխանությունից, որից նա օգտվել էր ընդամենը 16 օր:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1113 | 0 | 0
Facebook