Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայրենասիրության, չափավորության, համեստության և այլ առաքինությունների նախատիպ Լուցիուս Քվինկտիուս Սինսինատուսը (2)

14:18, երեքշաբթի, 03 մայիսի, 2022 թ.
Հայրենասիրության, չափավորության, համեստության և այլ առաքինությունների նախատիպ Լուցիուս Քվինկտիուս Սինսինատուսը (2)

Կեզոնի նկատմամբ հետագա դատավարություն չի եղել: Այն քաղաքացիները, որոնք ստիպված են եղել նրա փախուստի համար 30 հազար լիբրա վճարել, անհողդողդ դաժանությամբ այդ գումարը պահանջել են Կեզոնի հորից՝ Սինսինատուսից, այնպես որ նա ստիպված վաճառել իր ամբողջ ունեցվածքը, ստրուկներին և ընտանիքի հետ բնակություն է հաստատել Տիբրի մյուս ափին գտնվող իր չորս յուգեր (մեկ յուգերն հավասար է մոտ 1300 քմ-ի) հողակտոի վրա կառուցված միակ խրճիթում, որը նա սեփական ձեռքերով վերակառուցել է, մշակել իր վերջին կտոր հողը և դրա արդյունքով էլ ապահովել է իր ընտանիքի գոյությունը:

Մ.թ.ա. 460 թվականին «Տերենտիլիանոսի օրենք» -ի շուրջ պայքարն էլ ավելի է սրվել, և հակամարտող տարբեր խմբավորումների միջև պայքարի կիզակետում հայտնված կառավարությունը լրիվ շփոթահար վիճակում է եղել: Այլևս չհանդուրժելով տրիբունների անդադար հարձակումները, պատրիկական խավը որոշել է պետական հեղաշրջում կատարել և վերջնականապես ոչնչացնել տրիբունների ինստիտուտը: Ժողովրդի մեջ սկսել են խոսել, թե Կեզոնը վտարանդիներից ու փախստականներից կազմված զորքով մոտենում է Հռոմին, որպեսզի պատրիկական դավադիրների հետ վերականգնի կառավարման այն կարգը, որը գոյություն է ունեցել պլեբեյներին Սրբազան լեռ հեռացնելուց առաջ: Ուրիշներն էլ ասել են, թե Կեզոնն արդեն քաղաքում է և մտադիր է իր դաշնակիցների հետ գրավել ամրացված վայրերն ու բարձունքները, սպանել տրիբուններին և կատարել համապարփակ հեղաշրջում: Տագնապալի սպասումը համակել է բոլորին: Եվ, ահա, մի գիշեր մարտակոչ է հնչել և վախեցած քաղաքացիները լսել են «Թշնամին Կապիտոլիումո՛ւմ է», «Դավաճանությո՛ւն», «Կոնսուլ Կլավդիոսը Կեզոնի առաջ բացե՛լ է ամրոցի դարպասները» բացականչությունները: Հռոմեացի ստրուկներից ու քաղաքից վտարված բոկոտններից կազմված բանակը, սաբինացի զորահրամանատար Ապպիուս Հերդոնիոսի գլխավորությամբ, մ.թ.ա. 458 թվականին գիշերային մթության քողի տակ նավակներով մոտեցել է Կապիտոլիումին և անակնկալ հարձակումով գրավել է այն: Հորդոնիոսը մտադիր է եղել գրավել քաղաքի կարևոր կետերը, վերադարձնել մնացյալ արտաքսվածներին, ստրուկներին ազատություն է խոստացել, աղքատներին՝ պարտքերի ներում, իսկ պլեբեյներին՝ պատրիկների գույքի և ամբողջ ունեցվածքի թալանի թույլտվություն: Անհաջողության դեպքում՝ նա մտադիր է եղել դիմել սաբինների և վոլսկերի օգնությանը:

Լուսաբացին կոնսուլները որոշել են գրոհել Կապիտոլիումը, բայց տրիբունները կասկածել են, թե պատրիկները դավաճանություն են նախապատրաստում և խոչընդոտել են գրոհին: Տրիբուններն ասել են, թե պատրիկները ցանկանում են ժողովրդին զինվորական երդման ու անվերապահ հնազանդության հարկադրել, որպեսզի նրանից խլեն իր իրավունքները: Միայն հաջորդ օրը կոնսուլ Վալերիոս Պուբլիկոլային հաջողվել է խնդրանքով ու խոստումներով ժողովրդին համոզել, որ երդվի ծառայել զորքում և մասնակցի Կապիտոլիումի գրոհին՝ այն պայմանով, որ հենց ամրոցը վերագրավվի, պլեբեյներին թույլ կտրվի առանց խոչընդոտի ձեռնամուխ լինել «Տրենտիլիանոսի օրենք» -ի քննարկումներին: Տուսկոլիումից եկած զորաջոկատի օգնությամբ Կապիտոլիումն ազատագրվել է: Կատաղի մարտում զոհվել է կոնսուլներից մեկը՝ Պուբլիոս Վալերիոս Պուբլիկոլան: Հավանաբար, մարտերին մասնակցել և զոհվել է նաև Կեզոնը:

Կապիտոլիումը գրավելուց, մաքրելուց և նրա սրբությունները վերստին օծելուց հետո տրիբունները կոնսուլ Կլավդիոսից պահանջել են կատարել Վալերիոսի կողմից պլեբեյներին տրված խոստումները: Բայց Կլավդիոսն այդպիսի ցանկություն չի ունեցել, իսկ առավել ծայրահեղական պատրիկները դեռևս հրաժարված չեն եղել հեղաշրջման մտքից, և այդ խմբավորման կազմում է եղել ինչպես Կլավդիոսը, այնպես էլ սենատի անդամների մեծ մասը: Կլավդիոսն հայտարարել է, թե Վալերիոսի տված խոստման վերաբերյալ որոշումը կարող է կայացվել նրա տեղում նոր կոնսուլ ընտրելուց հետո միայն: Սենատը, հակառակ օրինական կարգի, կոնսուլ է նշանակել Քվինսիուս Սինսինատուսին, քանի որ նա հանրությանը հայտնի է եղել որպես պատրիկական դասի իրավունքների ու առավելությունների եռանդուն պաշտպան և այժմ, իր որդուն կորցնելուց հետո, ծայրահեղ դժգոհությամբ է համակված տրիբունների ու պլեբեյների նկատմամբ:

Սինսինատուսը նաև քննադատել է երկչոտություն դրսևորած բոլոր պատրիկներին: Նա որոշել է մեկընդմիշտ վերջ դնել պլեբեյական անկարգություններին ու խռովություններին՝ ոչնչացնելով տրիբունների ինստիտուտն ու վերականգնել այն նախկին օրենքները, որոնց համաձայն պատրիկներն անխոչընդոտ ղեկավարել են պետությունը: Այս նպատակներին հասնելու համար նա հրամայել է, որ զորքերը գնան դեպի Ռեգիլյան լիճ՝ իբր նրա համար, որ այնտեղից արշավանքի մեկնեն: Բայց նրա իրական մտադրությունը պետական սահմանից զորքերի դուրսհանումն է եղել, որպեսզի տրիբունները չկարողանան զորահրամանատարի դեմ զայրույթ հրահրել: Նա նաև ծրագրած է եղել զորքի կազմից ժողովրդական ժողով (ցենտուրիոնական կոմիցիաներ) կազմակերպել ու այդ ժողովին ստիպել, որ որոշում ընդունվի պլեբեյների ձեռք բերած բոլոր քաղաքական իրավունքների վերացման մասին: Քաղաքում լուր է տարավել, թե Ռեգիլյան լճի մոտ ավգուրներ են ուղարկվել, որպեսզի օծեն ցենտուրիոնական կոմիցիայի համար ընտրված վայրը: Ժողովուրդը վախով է համակվել, որովհետև հասկացել է, որ պետական հեղաշրջում է նախապատրաստվում: Նախկինում Սինսինատուսը մի քանի անգամ ասել է, թե ինքը կոնսուլ ընտրելու համար ժողովրդական ժողով չի հրավիրի, որ այն հիվանդությունը, որից տառապում է պետությունը, սովորական միջոցներով չի բուժվի: Ըստ նրա խոսքերի՝ համընդհանուր բարիքը դիկտատուրայի հաստատում է պահանջում:

(շարունակելի)

Նկարում՝ Սինսինատուսի արձանը Վիեննայի «Շյոնբրուն» պալատի այգում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1748 | 0 | 0
Facebook