Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայրենասիրության, չափավորության, համեստության և այլ առաքինությունների նախատիպ Լուցիուս Քվինկտիուս Սինսինատուսը

12:12, երկուշաբթի, 02 մայիսի, 2022 թ.
Հայրենասիրության, չափավորության, համեստության և այլ առաքինությունների նախատիպ Լուցիուս Քվինկտիուս Սինսինատուսը

Հռոմի վերջին, յոթերորդ թագավոր Տարքվինիուս Հպարտի (կառավարել է մ.թ.ա. 534 – 509 թթ.) ժամանակ ծնված հռոմեացի այս գանգրահեր (այստեղից էլ նրա «սինսինատուս» մականունը) պատրիկը, այս գեղեցիկ ու նաև ողջամիտ տղամարդն իր ընտանիքի, ստրուկների ու բարեկամների հետ խաղաղ ապրելիս է եղել իր դաստակերտում՝ իր հոտն աճեցնելով և իր հողերը մշակելով:

Մ.թ.ա. 753 թվականին Տիբր գետի ափամերձ բլուրների վրա հիմնված և մշակովի հողերով հանդերձ 100 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող Հռոմը երկար ժամանակ էտրուսկների թագավորին ենթակա մի համեստ բնակավայր է եղել:

Մ.թ.ա. 509 թվականին Հռոմի ազնվականությունն ապստամբել է էտրուսկյան թագավորի դեմ և հաստատել է հույներից ընդօրինակած արիստոկարատական հանրապետություն:

Էտրուսկ թագավորը և նրա արքունիքը փոխարինվել են ազատ մարդկանց կողմից ամեն տարի ընտրվող մագիստրատուսներով (քաղաքի կառավարման դասային օրգան), հետո դրան փոխարինել են պրետոր մաքսիմուսները, այնուհետև՝ կոնսուլները, և այս կարգը, չնայած բազում ցնցումներին, պահպանվել է մինչև մ.թ. 27 թվականը:

Սինսինատուսն ապրել է Հռոմեական հանրապետության խառնակ ժամանակներում, երբ պատրիկական փոքրամասնությունը, որի մասն է կազմել նաև ինքը, ենթարկվել է պլեբեյական տրիբունների ամբոխահաճո հարձակումներին:

Այս խառնակ ժամանակներում պետության գլխավոր հենարանը և միաժամանակ իր պատրիկական դասի վճռական պաշտպանն է եղել մոտ 60-ամյա Սինսինատուսը: Նա բոլորի կողմից համարվում է իր ժամանակակից մարդկանցից առավել բարոյականներից մեկը, որն աչքի է ընկել բնավորության անաղարտությամբ, դատողականությամբ ու հաստատակամությամբ: Այս հմուտ զորականը հինհռոմեական պարզության չափանիշ է ծառայել: Ճիշտ է, նա մեծ եռանդ է դրսևորել, երբ անհրաժեշտ է եղել պաշտպանել իր դասի իրավունքները, բայց և բարյացկամորեն է վերաբերվել հասարակ ժողովրդին, ու ժողովուրդը հարգել է նրան արդարամտության ու ռազմական ծառայությունների համար:

Տրիբունները ցանկացել են սենատում հաստատել պլեբսի տրիբուն «Տերանտիլիայի օրենք» -ը, որը սահմանափակելու էր կոնսուլների իշխանությունը և հավասարեցնելու էր պատրիկների ու պլեբեյների իրավունքները: Պատրիկների ներկայացուցիչները սենատում ընդդիմացել են օրենքի այս նախագծին, և Տերանտիլիան օրենքը հետ է վերցրել, բայց հաջորդ տարի այս հարցը նորից է բարձրացվել տրիբունների կողմից ու հետագա մի քանի տարիներին նույնը կրկնվել է: Հինգ տարի շարունակ բլեբսն ընտրել է միևնույն տրիբուններին, որպեսզի նրանք իրականացնեին Տերենտիլիայի նախաձեռնությունը: Երկուստեք կատաղի ու համառ պայքար է մղվել, բայց երկու կողմն էլ ոչ մի արդյունքի չի հասել: Արդեն մ.թ.ա. 461 թվականին կոնսուլները փորձել են տրիբուններին ճնշել՝ էկվերի և վոլսկների դեմ արշավանք կազմակերպելով: Բայց տրիբունները թույլ չեն տվել, որ զորահավաք անցկացվի: Պատրիկները, և առաջին հերթին այս դասի երիտասարդները, որոշել են վրեժխնդիր լինել ու սկսել են խանգարել պլեբեյների ժողովրդական ժողովների աշխատանքը, ներխուժել են տրիբների բաժանմունքներ և խաթարել են քվեարկության ճիշտ ընթացքը: Պատրիկների պայքարի առաջամարտիկն է դարձել Սինսինատուսի որդին՝ փայլուն հռետոր Կեզոնը, որին պատմագիր Տիտոս Լիվիոսը «աներկյուղ» է անվանել: Պարզ ու հստակ գաղափարներ ունեցող այս ուղղամիտ, իր արիստոկրատական ծագմամբ չափազանց հպարտ երիտասարդին քաղաքական գործիչներն իրենց այլասերող խորհուրդներով ու վարքով չեն կարողացել դույզն-ինչ «փչացնել»: Շնորհիվ մեծամասնությանը կատաղեցնող ու սասանող խարիզմայի, մարտնչող կամքի և մեծահոգության՝այս երիտասարդը դարձել է իր հակառակորդների աչքի փուշը, որովհետև թույլ չի տվել, որ պետական գանձարանն անպատիժ թալանվի, օրենքները նենգափոխվեն և հանրապետությունը սաբոտաժի ենթարկվի: Նա իր երիտասարդ համախոհների հետ անհնարին է դարձրել պլեբեյների հավաքները, և վերջինները որոշել են չեզոքացնել երիտասարդին, և հանձնարարել են պլեբեյների ամենաահեղ տրիբուններից մեկին՝ Ավլուս Վերժիլիոսին, Կեզոնին վերացնելու մի հնար գտնել: Տրիբուն Ավլուս Վերժինիուսը, որն ի դեմ Կեզոնի խոչընդոտ է տեսել «Տերանտիլիայի օրենք» -ը անցկացնելու ճանապարհին, հետամտել է, որ փողոցային ծեծկռտուքի ժամանակ ոմն պլեբեյ Ֆիկտորի սպանության գործը վերաքննվի: Երբ թվացել է, թե պլեբեյները, հաշվի առնելով երիտասարդի հոր վաստակը, մեղմել են իրենց պահանջը, և արդարացնող վճիռ է կայացվելու, նախկին տրիբում Մարկոս Վոլսցիոսը հետևյալ մեղադրանքով է հանդես եկել: Ըստ նրա ասածի՝ Հռոմում բռնկված ժանտախտի համաճարակից հետո նա փողոցում բախվել է աղմկող երիտասարդների մի խմբի: Նրանց առաջնորդող Կեզոնը հարձակվել է իր և իր ուղեկիցների վրա, ծաղրել է իրենց ու բռունցքով այնպես ուժգին է հարվածել իր ժանտախտից նոր բուժված հարազատ եղբորը, որ նա տապալվել է գետնին և շուտով մահացել է: Մարկոս Վոլսցիոսն այդ ժամանակ գանգատվել է կոնսուլներին, բայց իր գանգատներն անհետևանք են մնացել: Վոլսցիոսի պատմածը վերստին բորբոքել է ժողովրդի դժգոհությունը, որը հարձակվել է Կեզոնի վրա ու քիչ է մնացել, որ սպանի, եթե Վերժիլիոսը չկարգադրեր նրան բռնել ու անմիջապես բանտ նետել: Դրան վճռականորեն հակադրվել են պատրիկները՝ մյուս տրիբուններից պահանջելով, որ գործին միջամտություն ցուցաբերեն: Որոշվել է, որ մեղադրյալը, 10 քաղաքացիների երաշխավորությամբ, ազատության մեջ կմնա մինչև դատավարությունն սկսելու օրը: Այդ տասը քաղաքացիներից յուրաքանչյուրը պարտավորվել է 3 հազար լիբրա բրոնզ (մեկ լիբրան հավասար է մոտ 330 գրամի) վճարել, եթե, Կեզոնը դատարան չներկայանար: Բայց դեռ նոր էր կայացվել այդ որոշումը, երբ Կեզոնը փախել է քաղաքից ու թաքնվել էվոլսկերի ու սաբինների՝ Հռոմի երդվյալ թշնամիների մոտ՝ հորն ու ամբողջ ընտանիքին թողնելով գրավը մուծելու ծանր պարտականության տակ: Նրանք ստիպված են եղել վճարել տուգանքը և ամբողջովին սնանկացել են:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1530 | 0 | 0
Facebook