Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Համբավավոր մարզիկի անհեթեթ մահը

09:53, շաբաթ, 30 ապրիլի, 2022 թ.
Համբավավոր մարզիկի անհեթեթ մահը

Մ.թ.ա. 6-րդ դարի վերջին քառորդի տարիներին հունական աշխարհում հանրահռչակված է եղել կիսաառասպելական մարզիկ Միլոն Կրոտոնցին: Միլոնն այնքան նշանավոր է եղել, որ նրա մասին գրել են Հերոդոտոսը, Պլուտարքոսը, Պինդարոսը և հույն ու հռոմեացի այլ հեղինակներ:

Վաղ պատանեկան տարիքից սկսած նա սկսել է մասնակցել Օլիմպիական խաղերի: Մասնակցել է ըմբշամարտի մրցումների և 6 անգամ հաղթել է Օլիմպիական խաղերում, 6 անգամ՝ Դելփիում տեղի ունեցող Պիթիական խաղերում, 9 անգամ՝ Նեմեյան խաղերում և 9 անգամ՝ Իսթմիական խաղերում:

Հին հեղինակները նրա ուժի մասին տարբեր առասպելներ են պատմել: Օրինակ՝ Օլիմպիական խաղերից մեկում նա հանդիսատեսին զարմացրել է նրանով, որ իբր ուսերին է առել մի խոշոր եզ, չորս պտույտ է կատարել արշավարանում, իսկ հետո բռունցքի մեկ հարվածով սպանել ու մեկ օրում կերել է այդ եզանը: Ավանդույթը պատմում է, թե Միլոնը մարզվել է, սկսելով եզին բարձրացնել դեռևս այն ժամանակ, երբ այն հորթուկ է եղել, և աստիճանաբար իրեն վարժեցրել է ավելացող ծանրությանը: Պատմագիր Պավսինիոսի ասելով՝ «նա այնպես պինդ է բռնել խնձորը, որ մյուս մարզիկները, որքան էլ ջանացել են, չեն կարողացել խնձորը նրա ձեռքից խլել, իսկ ինքն էլ այդ պայքարի ամբողջ ընթացքում այնպես նրբորեն է ափի մեջ պահել խնձորը, որ այն ամենևին չի վնասվել: Իսկ հետո, կանգնելով յուղած սկավառակի վրա, նա ծիծաղում էր նրանց վրա, ովքեր փորձում էին իրեն վար գցել սկավառակից»: Իսկ հինհռոմեացի գրող և փիլիսոփա Կլավդիոս Էլիանոսն էլ ճշգրտել է, թե Միլոնի սիրեցյալը մրցելույթների ժամանակ նրանից հեշտությամբ խլել է նուռը, «և սրանից կարելի է եզրակացնել, որ նա մարմնով հզոր է եղել, բայց հոգով՝ թույլ»:

Նա ճակատին պարան է փաթաթել ու ճակատի ջլերի լարումով կտրել է այդ պարանը: Մի անգամ նա իր շուրջն հավաքվածներից ցանկացածին առաջարկել է իր ճկույթն առանձնացնել սեղմած ափից, բայց ոչ մեկը չի կարողացել դա անել: Միակ մարդը, որը գերազանցել է նրան ուժով, և դա ինքը՝ Միլոնը, խոստովանել է, եղել է հովիվ Տիտորմոսը: Փիլիսոփա Արիստոտելը Միլոնին համեմատել է Հերակլեսի հետ:

Ստրաբոնն ասում է, թե Միլոնը եղել է Կրոտոնում երկար ժամանակ ապրած Պյութագորասի աշակերտը: «Մի անգամ փիլիսոփաների համատեղ ճաշկերութի ժամանակ, երբ շինության հենասյուներից մեկը թեքվել է, Միլոնն իր մարմնով պահել է այդ տապալվող սյունը և այդպիսով փրկել է բոլորի կյանքն ու այնուհետև թողել է, որ սյունն ընկնի»: Պյութագորասի դուստրը՝ Մայան կամ Միյան (նշանակում է «ճանճ»), եղել է Միլոնի կինը:

Մ.թ.ա. 510 թվականին սիբարիտների (ճոխություն սիրողների ինչ-որ համայնք) դեմ ճակատամարտին մասնակցել է նաև Միլոնը: Ուսին՝ առյուծի մորթի, ձեռքին՝ մահակ՝ նա գլխավորել է իր հավաքագրած աշխարհազորը:

Պարսից արքաներ Դարեհ Հիստապսն ու Քսերքսեսը համառորեն հրավիրել են Միլոնին իրենց երկիր: Ըստ Հերոդոտոսի՝ Դարեհի անձնական բժիշկ Դեմոկեդոմոսն իր աղջկան կնության է տվել Միլոնին, և այդ բարեկամությանն արժանանալու համար բժիշկը մարզիկին մեծ գումար է նվիրել:

Ծեր տարիքում Միլոնը ցանկացել է ձեռքերով ճղել կենտրոնում ճաքեր տված կաղնին կամ կոճղը, որը փայտահատները սեպերով չեն կարողացել ճեղքել: Միլոնը ձեռքերը մտցրել է կաղնու բնում բացված ճաքի մեջ և փորձել է ճեղքել, բայց ճաքի երկու կողմերն այնպես են սեղմվել, որ հռչակավոր մարզիկը չի կարողացել ձեռքերն ազատել ու առյուծի կերակուր է դարձել: Գրող Պավսանիոսն էլ ասում է, թե Միլոնին գայլերն են հոշոտել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1692 | 0 | 0
Facebook