Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Այդ ի՞նչ ես անում, թշվառակա՛ն: Թշնամիներն արդեն քաղաք են մտնում, իսկ դու քաղաքացիներին սովորեցնում ես խորհրդակցել ո՛չ թե ինձ հետ, այլ իմ դե՞մ»

19:43, երկուշաբթի, 25 ապրիլի, 2022 թ.
«Այդ ի՞նչ ես անում, թշվառակա՛ն: Թշնամիներն արդեն քաղաք են մտնում, իսկ դու քաղաքացիներին սովորեցնում ես խորհրդակցել ո՛չ թե ինձ հետ, այլ իմ դե՞մ»

Մ.թ.ա. 4-րդ դարի առաջին կեսում Աթենքի ամենաերևելի ռազմական գործիչներից մեկը եղել է կոշկակարի որդի Իփիկրատեսը: Նա բազմիցս ստրատեգոս է ընտրվել, վերակառուցել է աթենական թեթևազեն հետևակը և մի շարք հաղթանակներ է տարել Աթենքի հզոր մրցակից Սպարտայի նկատմամբ:

Քանի որ նա ստորին խավից է սերված եղել, վերնախավի կողմից տևական ժամանակ արհամարհանքի է արժանացել ու ծաղրի է ենթարկվել: Առաջին անգամ փառաբանվել է այն բանից հետո, երբ ծովամարտի ընթացքում, չնայած վիրավորված է եղել, կարողացել է թշնամու ռազմիկի զրահից բռնել ու քարշ տալ իր նավ:

Դաշնակից ու բարեկամ երկրում մի անգամ ճամբար խփելով՝ նա ամենայն բծախնդրությամբ ճամբարը շրջապատել է խրամով ու ցցապատով: Երբ հարցրել են, թե այդ ինչից է վախենում, նա պատասխանել է. «Չկա ավելի վատ բան, քան այն, երբ զորահրամանատարն ասում է. «Ես դա չէի սպասում» »:

Իփիկրատեսը նույնիսկ պատասխանատու իրավիճակներում չի կորցրել հումորի զգացումը և կարողացել է կատակել: Բարբարոս հակառակորդների դեմ իր զորքին ճակատամարտի նախապատրաստելիս նա ասել է, թե վախենում է այն բանից, որ հանկարծ բարբարոսներին հայտնի չլինի մյուս թշնամիներին սարսափի մատնող Իփիկրատես անունը:

Աթենական հին տոհմերից մեկի հետնորդ Հարմոդիոսը մի անգամ Իփիկրատեսին խայթել է անտոհմ լինելու համար, և վերջինս հետևյալ սրամիտ պատասխանն է տվել. «Իմ տոհմն ինձնով սկսվում է, իսկ քո տոհմը քեզնով վերջանում է»:

Մի հռետոր ժողովրդական ժողովում դիմել է Իփիկրատեսին՝ ասելով. «Ինչո՞վ ես պարծենում: Ո՞վ ես դու՝ հեծյա՞լ, զրահավոր զինվո՞ր, նետաձի՞գ, թեթևազե՞ն»:

«Թվարկածներիցդ ոչ մեկը, - պատասխանել է զորահրամանատարը, - բայց կարողանում եմ բոլորին կարգադրել»:

Քրեական գործով մեղադրված Իփիկրատեսը մատնիչին ասել է. «Այդ ի՞նչ ես անում, թշվառակա՛ն: Թշնամիներն արդեն քաղաք են մտնում, իսկ դու քաղաքացիներին սովորեցնում ես խորհրդակցել ո՛չ թե ինձ հետ, այլ իմ դե՞մ»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1665 | 0 | 0
Facebook