Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Շաբաթը մեկնարկեց Սուրենյանցի կենսամատենագիտության շնորհանդեսով

10:06, երեքշաբթի, 19 ապրիլի, 2022 թ.
Շաբաթը մեկնարկեց Սուրենյանցի կենսամատենագիտության շնորհանդեսով
     Հայաստանի ազգային գրադարանում գրադարանային շաբաթը մեկնարկեց հայ ազգային պատմանկարչության հիմնադիր, մեծանուն գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի՝ իր տեսակի մեջ եզակի կենսամատենագիտության շնորհանդեսով։
    
     Շնորհանդեսին մասնակցում էին Վարդգես Սուրենյանցի Կենսամատենագիտության խմբագիր, արձակագիր, հրապարակախոս Դավիթ Սարգսյանը, արվեստաբան, ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ Լևոն Չուգասզյանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Արվեստագիտության ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, Կենսամատենագիտության առաջաբանի հեղինակ արվեստաբան Մարտին Միքայելյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, արվեստաբանության թեկնածու, ԵՊՀ դոցենտ Սաթենիկ Վարդանյանը, պատմաբան, մատենագետ, հայագետ Արգամ Այվազյանը, և այլն։
    
     -Խորհրդանշական է, որ Ազգային գրադարանում գրքի, գիտելիքի և ընթերցանության այս շքերթը մեկնարկում է հայոց հոգևոր-մշակութային հանճարի խտացումը հանդիսացող հսկայի՝ Վարդգես Սուրենյանցի Կենսամատենագիտության շնորհանդեսով: Խոստովանեմ, որ այս գիրքը նախատեսված էր հրատարակել տարիներ առաջ, սակայն ինչ-ինչ հանգամանքների պատճառով այն հետաձգվեց և ընթացք ստացավ միայն Աննա Չուլյանի Ազգային գրադարանի տնօրեն նշանակվելուց հետո, որի համար իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում նրան: Բայց, ինչպես ասում են, չկա չարիք՝ առանց բարիք: Մատենագիտությունը կազմող, Ազգային գրադարանի բազմամյա և փորձառու աշխատակցուհի Աիդա Ադամյանն այդ ժամանակը սեփական նախաձեռնությամբ օգտագործել է նյութերն առավել ամբողջացնելու, լրացնելու, վերանայելու ուղղությամբ և հատել ժամանակային այն սահմանագիծը, որն ի սկզբանե էր նախատեսված՝ հասցնելով այն մինչև 2020 թվական, ներառելով նոր սկզբնաղբյուներ, նաև՝ էլեկտրոնային կայքերում Վարդգես Սուրենյանցի վերաբերյալ նյութերը: - Բացման խոսքում նշեց գրքի խմմբագիր Դավիթ Սարգսյանը։
    
     Արվեստաբան, ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ Լևոն Չուգասզյանը արժեվորելով Կենսամատենագիտությունը և կատարված աշխատանքը հույս հայտնեց, որ այն կծառայի իր նպատակին։
    
    

Ճարտարապետության տեսանկյունից մեկնաբանելով Սուրենյանցի աշխատանքները՝ Գագիկ Գինոսյանը ասաց.
     -Հայկական ոգու ամենանուրբ լարերը եղել են ճարտարապետության ծնողը և դաստիարակողը: Նա ազգի հաղթող հանդիսացած դարերում հագել է իր ամենաշքեղ զգեստները և ժողովրդյան սրտերի հետ ցնծացել, իսկ հուսահատության տարիներին դեն է գցել վրայի զարդերը և սգո զգեստ է հագել: Անողոք ճակատագրի բոլոր հարվածները նրա խրոխտ ճակատի վրա ակոսներ են դրոշմել…՚

Լինելով ջերմ հայրենասեր, արվեստի ակտիվ գործիչ, հարազատ ժողովրդի և նրա մշակույթի հետ սերտորեն կապված, կապված իր ժամանակի ամենառաջավոր արվեստագետների հետ, Սուրենյանցը գեղարվեստական ասպարեզ մտնելու առաջին իսկ օրից իր արվեստն ի սպաս դրեց հարազատ ժողովրդին, դարձավ նրա մարդու և բնության, կյանքի և պայքարի, փառքի և վերքի մեծատաղանդ երգիչը:
    
     ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը ևս բարձր գնահատեց Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությունը՝ արվեստի բնագավառի ներկայացուցիչների կենսամատենագիտությունների կազզման ուղղությամբ և առաջարկեց համագործակցել հետագա նախաձեռնություններում։
    
     Շնորհանդեսը ուղեկցվեց բացառիկ ցուցահանդեսով։ Գրադարանի փոքր ցուցասրահում բացվել էր Վարդգես Սուրենյանցին նվիրված գրականության և ալբոմային հրատարակությունների ցուցադրություն։ Ցուցահանդեսում առանձնակի տեղ էր զբաղեցում Հայաստանի ազգային պատկերասրահից բերված Սուրենյանցի «Ծաղկակիրներ» Հայ ժողովրդական հեքիաթների շապկանկարը։

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյան
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյան
Գրքի կազմող՝ Աիդա Ադամյան, առաջաբանի հեղինակ՝ Մարտին Միքայելյան
Գրքի կազմող՝ Աիդա Ադամյան, առաջաբանի հեղինակ՝ Մարտին Միքայելյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1830 | 0 | 0
Facebook