Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ավելի մեծ և վտանգավոր չարիք է, քան իրեն ծնած և սնած Գարեգին Բ-ն»

Ազատ Խոսք
Basın sekreteri:
Ազատ Խոսք
20:37, cuma, 14 eylül, 2018
«Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ավելի մեծ և վտանգավոր չարիք է, քան իրեն ծնած և սնած Գարեգին Բ-ն»

ԱՆԱՐԺԱՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ «ԳՈՂԱԿԱՆ» ՇՐՋԱՊԱՏԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ


    

«Զեպիսկոպոս և զերէց և զսարկաւագ հարկանողս զհաւատացեալս մեղուցեալսն կամ զանհաւատս զկռուողս և ի ձեռն այսոցիկ երկեցուցանել կամեցեալս՝ լուծանել հրամայեմք. քանզի ոչ ուրեք զայս Տէր ուսոյց, բայց եթէ զընդդէմ սորին, ինքն հարաւ՝ այլ ոչ զոք եհար, թշնամանեցաւ՝ և ոչ զոք փոխարէն թշնամանեաց. չարչարեցաւ՝ և ոչ սպառնացաւ» (Հմմտ. Ա Պետր. Բ 23) (Կանոնք Երկրորդ առաքելականք ի ձեռն Կղեմայ, ԻԵ (25) ): «Եպիսկոպոս հարկանող, որպէս թէ ահարկու առ մեղուցեալսն, ոչ է արժան նմա զայս գործել յանդգնաբար, այլ ուսուցանել խրատու և իմաստութեամբ Տեառն, զի «Քաղցրութիւնն Աստուծոյ, ասէ, զքեզ յապաշխարութիւն ածէ», որպէս և մեծն Պօղոս՝ զԱնեսիմոս. և Տէրն ասէ. «Եկայք առ իս ծանրաբեռինք. և պատուհասակոծ եղեալ ոչ ուրեք գտանի» » (Կանոնք Գրիգորի Աստուածաբանի, ԺԱ (11) ):

Վերջին մի քանի ամիսներին երկարող հակագարեգինյան շարժումը շատ ու շատ եկեղեցական բացահայտումների դուռ բացեց, տարբեր սքեմավոր իբր հոգևորականների դիմակներ պատռեց: Մարդիկ սկսեցին ճանաչել գառան մորթիների ետևում թաքնված գիշատիչ գայլերին (հմմտ. Մատթ. 7: 15-16, Գործք. 20: 29-30), որոնք սուտանուն հոգևորականի կեղծ կերպարի տակ տարիներ շարունակ հարստահարել և պղծել են Հայ Առաքելական եկեղեցին՝ իրենց անբարո վարքագծով, դրամասիրության անկուշտ մոլուցքով, փողոցային մտածելակերպով և անաստված բարքերով: Թե ո՛վ է Գարեգին Բ-ն, գիտեն բոլորը: Նրա մասին դեռևս իր ապօրինի ընտրությունից ի վեր ծայր առած հրապարակային դառն քննադատությունները այս մի քանի օրերին վերածվել են նմանը չունեցող համազգային խայտառակության:

Իսկապես, ամաչում ես, որ կաթողիկոսդ մի անձնավորություն է, ով ոչ միայն անհավատ է, աստվածամերժ, այլև բարոյազուրկ և անզգամ մի ամբարտավան, որին այս աշխարհում հետաքրքրում են միայն սեփական փառքը, դիրքը, իշխանությունը, դրամը, ոսկին և թանկարժեք քարերը: Այդպիսի մեկին նույնիսկ կաթողիկոս կոչելն էլ մեղք է, քանի որ նա արժանի չի եղել այդ տիտղոսին գեթ մեկ օր: Երկարատև խորհրդածություններից, վերլուծություններից և ծանրութեթև անելուց հետո գալիս ես այն խորին համոզման, որ այսօր Հայ եկեղեցու ներկայիս ղեկավարությանը հարկավոր չեն հավատացյալ, ազնիվ, գիտակից, ուսյալ, խելացի, նվիրյալ, ծառայասեր, խոնարհ, պարկեշտ և քաղաքավար նկարագրով եկեղեցականներ, այն, ինչ որ պահանջում են Սուրբ Գիրքը, եկեղեցական կանոնները, «Մաշտոց» ծիսամատյանը և բարեպաշտ ժողովուրդը: Կաթողիկոսին հարկավոր են «գողական» նկարագրով, դրսի կյանքով ապրող, գործ սարքող, գործ տվող և փող բերող «քուչի տղերք»: Ժամանակին երբ մանկավարժական ժողովներից մեկի ժամանակ բարձրաձայնում էի «գողական» ճեմարանականների հարցը, ժողովի ավարտից հետո Շահե վարդապետ Անանյանն ինձ մխիթարում էր, թե՝ «Քո եպիսկոպոսներն են «գողական», ճեմարանի ուսանողներից ի՞նչ ես սպասում»: Երիցս ճշմարիտ էր հայր Շահեն, քանի որ ինչ տեսնում, դա էլ սովորում են:

Ահա 19 տարիներ շարունակ մենք ականատես ենք լինում Գարեգին Բ-ի աճեցրած սերունդին՝ եպիսկոպոսից մինչև ճեմարանի ուսանող (բացառությունները՝ հարգելի): Երբեմն ապշում ես, տեսնելով, թե ինչպիսի՛ անմակարդակ և արգահատելի հոգևորականաց խոտան կադրերով են լցված Մայր Աթոռի և եկեղեցական մյուս կառույցների ոլորտները: Ու մտքումդ հարց ես տալիս՝ սրանք Աստծուն հավատո՞ւմ են, Տիրոջից երկնչո՞ւմ են, սեփական հայրենակիցներին սիրո՞ւմ են, ընտանեկան դաստիարակություն ստացե՞լ են, թե՞ իրենց դրել են «քուչի լավ տղերքի» տեղ և իրենց հասկացած ճշտով «գողական» են գնում: Սա արդեն լկտիություն է, անամոթություն, անբարոյականություն: Այս մարդիկ այլևս ամեն չափ ու սահման անցել են: Հայ եկեղեցին, որ աստվածային ու ժողովրդավար հաստատություն է, վերածել են անձնական խանութի` անելով այն, ինչ կամենում են, և բնավ հաշվետու չեն հավատացյալ ժողովրդին, ուստի այս դեպքում լռելը որևէ անձի համար մեղսակցություն է:

Սուրբ Թադեոս առաքյալին վերագրվող առաջին և երկրորդ կանոններն ամբողջությամբ ներկայացնում են, թե ինչպիսի՛ն պետք է լինի ճշմարիտ եպիսկոպոսի նկարագիրը, վարքագիծը, մոտեցումները: Այդ կանոնները ներկայացնում ենք աշխարհաբար փոխադրությամբ: «Հարցում. Ինչպիսի՞ն պետք է լինի եպիսկոպոսի կերպարը: Պատասխան. Եպիսկոպոսը պետք է լինի անարատ, պարկեշտ, ուսուցանող, ո՛չ արծաթասեր, ո՛չ հարբեցող, ո՛չ որկրամոլ, ո՛չ ընչաքաղց, ո՛չ հարվածող, ո՛չ կաշառակեր, այլ հանդարտ, ինչպես ասաց մեր եղբայր և գլխավոր Պողոսը (հմմտ. Ա. Տիմ. Գ 1-4, Տիտ. Ա 7-8), պետք է լինի բարու օրինակ, տքնող, պահեցող, քնի հանգիստն ատող, հոտին օրինակ պետք է լինի բոլոր կարգերով, պետք է ձեռնադրի արժանավորներին՝ նրանց, ովքեր հասու են սուրբ գրքերին և գիտուն են կարգերին ու Աստծո օրենքներին: Խոտելի տգետներին մերժելով՝ թող չձեռնադրեն, քանզի տգիտությունը՝ ամեն մի չարագործությունից ավելի խոտելի է Աստծուն. այս բանից թող առավել զգուշանա, քան մնացած ամեն ինչից, քանզի տգետ քահանան, սարկավագը կամ ով էլ որ լինի առաքելական աստիճանից, շարժում է Աստծո բարկությունը, քանզի բերանով մտաբերում ու խոսում է, սակայն սրտով չի հասկանում ասված խոսքերը և բարկացնում է Աստծուն. և այս ամենի վնասը եպիսկոպոսն է պատճառում: Արդ՝ քանզի դա հոգիների կորուստ է, թող փախչեն այս ամենից, ուսումնասերներին ու գիտուններին առաջադրեն (ձեռնադրության) ամենայն պատվով, իսկ տգետներին բոլորովին չկարգեն առաջնորդներ կամ եկեղեցու որևէ շնորհի վերակացու. իսկ եթե եպիսկոպոսը հանդգնի անել դա կաշառքի, մտերմության կամ բարեխոսության պատճառով, այդպիսի եպիսկոպոսը նզովյալ թող լինի. և ինչ վնաս որ ծնվի՝ վրեժը թող տրվի դատաստանի օրվա անմահ տանջանքներում» (Կանոնք Թադէոսի առաքելոյն, Ա (1) ):

«Հարցում. Ինչպե՞ս եպիսկոպոսը պետք է վերաբերվի յուրայիններին և օտարներին: Պատասխան. Եպիսկոպոսը պետք է բոլոր հավատացյալներին միապես սիրի և իր մտերիմներին մյուս հավատացյալներից ավելի չմեծարի, նույնիսկ եթե եղբայրը կամ քույրը լինեն: Եվ կաշառք բոլորովին չվերցնի, այլ ինքն իրեն աշխարհի համար մեռած համարի. երբևէ թող (կրքեր) չբորբոքի, չզվարճանա, լկտի կերպով չխոսի կամ հրապարակավ որևէ մեկին չհանդիմանի առանց երկրորդ հարցման՝ նախ առանձին, և ապա երկու կամ երեք վկաներով, վարդապետներով. հաճոյական հանդերձ չկրի և երբեք առանց ընկերակիցների հետ խորհրդակցության որևէ բան չանի, քանի որ դա է Աստծուն հաճելի: Իր ձեռքով վարդապետներին թող կարգի տեսուչներ, գյուղերի և քաղաքների տեսուչներ՝ հովվելու հավատացյալներին: Իսկ ժողովուրդը պետք է հնազանդվի եպիսկոպոսից կարգված հովիվներին. գյուղաքաղաքներում թող նշանակի երկու կամ երեք քահանաներ և մի սարկավագ, իսկ գյուղերում՝ մի քահանա և մի սարկաւագ: Հաշմանդամ որևէ մեկին թող չձեռնադրի, քանզի եթե արատավորին մարգարեն թույլ չի տալիս պատարագ մատուցել, (Ղևտ. ԻԲ 20), որքա՞ն առավել, որ այս պատարագն է մատուցում, պետք է անարատ լինի: Առանց վկաների և քննության որևէ մեկին թող չձեռնադրի, որովհետև մահաբեր վնասներ են ծնվում» (Կանոնք Թադէոսի առաքելոյն, Բ (2) ):

Հայ եկեղեցում մահաբեր վնասները ծնվեցին, երբ 1999 թ. հոկտեմբերի 27-ի արյունաթաթախ օրը «կաշառօք» և «աշխարհական իշխանօք վարեցեալ» կաթողիկոսական Աթոռին անարժանաբար բազմեց Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ որպես 132-րդ ամենայն հայոց հայրապետ: Նրա ընտրությանը դեմ արտահայտվող եպիսկոպոսների թվում էր նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը, ով մարգարեացել էր, որ եթե Գարեգինը հաղթի ընտրություններում, ապա սկիզբ է դրվելու Հայ եկեղեցու կազմաքանդման գործընթացին: Այդպես էլ եղավ: Գարեգին Բ-ն առաջին հերթին սկսեց մեկուսացնել եկեղեցական ավագ սերնդի ներկայացուցիչներին, որպեսզի տեղ ազատվի՝ ցանելու որոմների չար սերմերը: Այսպես, նախ չեզոքացրեց իր հիմնական մրցակից Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանին, ապա «տնային կալանքի» ենթարկեց Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանին, արհամարհանքի արժանացրեց Զարեհ ծայրագույն վարդապետ Պարոնյանին, և այսպես շարունակ: Փոխարենը կաթողիկոսը լծվեց նոր սերնդից գարեգինաշունչ եկեղեցականներ բուծելուն: Այդ նպատակով հիմնեց Սևանի Վազգենյան դպրանոցը, որի վերատեսուչն էր դեռևս Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ եղած ժամանակ:

Մայր Աթոռը միանգամից կերպարանափոխվեց՝ այնտեղ լիուլի լցված Գարեգին Բ-ի «գողական» շրջապատի կարկառուն եպիսկոպոսներով: Մեկը մյուսի ետևից բուծվեցին արշակներն ու գևորգները, հովնաններն ու հովակիմները, մուշեղներն ու արտակները, հայկազուններն ու բագրատները, արմաշներն ու աբգարները, վահաններն ու տաթևները, միքայելներն ու եզրասները... Էլ չենք խոսում նորելուկ և դեղնակտուց վարդապետ-աբեղաների (հիմնականում՝ մականունավոր) «ծաղկափնջի» մասին, որոնք հազիվ ձվից դուրս եկած՝ արդեն իրենց հասակից մեծ պաշտոններ են ստանձնել Հայ եկեղեցում: Այս կեղծ և վարձկան եկեղեցականների բույլում իր անմակարդակ և ցինիկ պահվածքով առանձնանում է մի եպիսկոպոս, որի հետ նոր սկանդալ է գրանցվել բոլորովին վերջերս:

Այսպես, ս/թ սեպտեմբերի 13-ին Գարեգին Բ-ն ծրագրել էր իր նազիր-վեզիր եպիսկոպոսների հետ գաղտնի ժողով գումարել Հաղարծնի վանքում: Դե քանի որ չկա գաղտնի բան, որ չիմացվի, այս լուրն էլ հասել էր կաթողիկոսի դեմ պայքարող շարժման անդամներին, որոնք կազմակերպված, պաստառներով մեկնել էին Հաղարծին՝ մերժելու կեղծ և դրածո կաթողիկոսին: Սկզբում Գարեգին Բ-ն վախենում է իր թաքստոցից դուրս գալ և գնալ վանքի սեղանատուն՝ սկսելու ժողովը: Այդ իսկ պատճառով նա այնտեղ է հրավիրում Դիլիջանի ոստիկանությանը և անվտանգության ծառայությանը: Ապա ոստիկանների պաշտպանությամբ կաթողիկոսը իր եպիսկոպոսական շքախմբով անցնում է ժողովրդի առջևով և ներս մտնում վանքի սեղանատուն: Գնդեվանքի դեպքերից հետո այս խորամանկ ավազակապետն առավել զգուշավոր է դարձել և մի քայլ անելուց առաջ մի քանի անգամ հաշվարկում է: Բայց ինչպես ասում է ժողովրդական առածը, փորձված աղվեսը զույգ ոտքով է թակարդն ընկնում:

Ինչպես տեղեկանում ենք «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ֆեյսբուքյան էջից, Հաղարծնի վանքի բակում Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին է մոտենում շարժման հավատավոր տղաներից Էդգար Ումբրեյանը և հարցնում, թե ինչո՛ւ հրահանգեց դիվանատանը թմրանյութ գցել տղաներից մեկի պայուսակում։ «Ի պատասխան՝ «պլանքյաշ սամոն» ՝ Արշակը, բռունցքով հարվածում է Էդգարի ծնոտին։ Ուժգին հարվածից շուրջ 10 րոպե բերանից արյունահոսում էր՝ վտանգելով առողջությանը։ Կատարվածը դատապարտելի ֆիզիկական բռնություն է և անհարիր հայ հոգևորականի կերպարին» ։

Ընթերցողներին հիշեցնենք, որ Էդգարի հարցադրումը վերաբերում էր այն դեպքին, որ 2018 թ. հուլիսի 6-9-ը կաթողիկոսի դեմ բողոքող անձինք գտնվում էին Մայր Աթոռի նոր վեհարանի և դիվանատան տարածքում, որի ժամանակ անհայտ անձի (կասկածվում է տեղի ոստիկան Արտակը) կողմից թմրանյութի նման զանգված է գցվել տղաներից մեկի պայուսակում: Ապա կարճ ժամանակ անց, համաձայն շարժման ֆեյսբուքյան էջի հաղորդագրության, «ՀՀ Քննչական կոմիտեն հարցաքննության է կանչել Մայր Աթոռի դիվանատան ծառայող Սևակ սարկավագ Տերտերյանին, ով հուլիսի 7-ին երկու անգամ զանգահարել էր ոստիկանություն, թե իբր թմրանյութ է պահվում դիվանատանը նստացույց անող մարդկանցից մեկի պայուսակի մեջ։ Շատ հավանական է, որ Սևակ սարկավագին զանգելու հրահանգ տվողը եղել է իր անմիջական ղեկավարը` Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը»: Այս մասին հիշյալ սարկավագը ցուցմունք է տվել նաև ոստիկանության բաժանմունքում: Ստացվում է, որ Արշակ եպիսկոպոսն է կազմակերպել՝ տղաներից մեկի պայուսակում թմրանյութ գցելու օպերացիան, որպեսզի հետո նրանց գլխին սարքի, և քրեական գործ հարուցվի:

Սա առաջին դեպքը չէ, որ դիվանապետը ներգրավված է եկեղեցականին անհարիր և անգամ քրեորեն պատժելի գործողությունների մեջ: Եվ ինչպես մի առիթով իր ելույթներից մեկում նշեց պատմաբան Գևորգ Յազըճյանը, տարիներ առաջ այս նույն Արշակ եպիսկոպոսը 50.000 դոլար գումար է վերցնում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի «Կլոր սեղան» հայաստանյան մասնաճյուղից, որպեսզի հայրենական գյուղում՝ Ոսկեհատում, իր մեկ այլ համագյուղացի եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանի հետ անասնաբուծական ֆերմա բացի և այդ բիզնեսը զարգացնի: Հետաքրքիր է, իսկ այդ շահույթ հետապնդող գործունեությունը մտե՞լ է հարկային դաշտ, թե՞, ասպես ասած, ստվերային բիզնես է: Ապա Կորյուն աբեղա Առաքելյանի փոխանցմամբ՝ այս դիվանապետ Արշակը 2000-ական թթ. սկզբին կեղծ վիզաների գործարքներ է կատարել, աշխարհական անձանց գումարի դիմաց եկեղեցականի հագուստով լուսանկարել և նրանց վիզաների ստացման խնդրանքով դիմել ՀՀ դեսպանատներ՝ օգտագործելով կաթողիկոսական կլոր կնիքը և չարաշահելով պաշտոնեական դիրքը: Ըստ մեր աղբյուրի՝ այս գործընթացին Արշակ աբեղային մեծապես օգնել է իր համակուրսեցի Տիրայր քահանա Գըլըճյանը, ով հանգուցյալ Կարապետ ավագ քահանա Գըլըճյանի որդին է և ծառայում է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի Սուրբ Մեսրոպ հայկական եկեղեցում: Նույն աղբյուրը վկայում է, որ վիզաների կոռուպցիոն գործին մասնակից է եղել Հովակիմ աբեղա Մանուկյանը, ով մինչև անգամ կեղծված վիզաներով պատվիրատուների անձնագրերը ԱՄՆ տեղափոխելու ճանապարհին ձերբակալվել է Կալիֆորնիայի օդանավակայանում, ում օգնության է հասել և կալանավորումից ազատել այդ օրերի ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը: Ի դեպ, այս մասով իրավապահ մարմինները բավական անելիքներ ունեն...

Շարքը երկար է՝ պատմելու այս դիվանապետ և եպիսկոպոս կոչված թյուրիմացության «քաջագործությունների» մասին, սակայն բավարարվենք այսքանով: Համադրելով այս բոլորը և վերլուծելով մեզ հայտնի անառարկելի իրողությունները՝ գալիս ենք այն եզրակացության, որ ո՛չ Գարեգին Բ-ն, ո՛չ դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, ո՛չ էլ այդ ավազակախմբի մաս կազմող որևէ այլ բարձրաստիճան կամ ցածրաստիճան եկեղեցական իրավունք չունի կրելու հոգևորականի համազգեստ: Նրանք ոչ միայն պղծում են մեր հոգևոր ու ազգային սրբությունները, անարգում աստվածաշնչյան պատգամները, ոտնակոխում եկեղեցական կանոնները, մերժում ուղղափառությունը, այլև իրենց անհարիր և պախարակելի վարքով խայտառակում են Հայ եկեղեցին, արժեզրկում և հեղինակազրկում այդ դարավոր ու սրբազան կառույցի ավանդը հայոց մեջ:

Եվ ինչպես իր հարցազրույցներից մեկում արդարացիորեն նշում է Հայ Առաքելական եկեղեցու նվիրյալ զավակ և հակագարեգինյան շարժման կարկառուն ներկայացուցիչ Կարեն Պետրոսյանը, ժամանակին ընդունված պրակտիկա է եղել Հայ եկեղեցու մեջ, այն քահանաները, ովքեր չեն որդեգրել քահանայի կեցվածք, չեն եղել այն տեսակը, որը մատնանշված է Սուրբ գրքում, նրանց սափրել են: Այսինքն՝ իր մորուքից կտրել են՝ ցույց տալով, որ այս քահանան խարան ունի իր վրա և չի համապատասխանում հոգևորականին ներկայացվող պահանջին: Դա վիրավորանք չէ, այլ ուղղակի իրենց ուղղված սթափության կոչ է: Սակայն, ցավոք, այդ սթափության կոչը գարեգինապաշտները թշնամաբար ընդունեցին, որոնք ամեն ստոր միջոցների դիմում են Մայր Աթոռի ֆեյսբուքյան կեղծ էջերի և մի քանի վարձու լրատվամիջոցների օգնությամբ վարկաբեկելու և ստապատիր հերյուրանքների տարածմամբ ցեխ շպրտելու եկեղեցականների դասում արմատակալած արատավոր երևույթները և հոռի բարքերը մերկացնող ազնիվ ու նախանձախնդիր հայորդիներիս: Սակայն այդ ամենից մենք չընկճվեցինք, ընդհակառակն, նոր ուժ ստացանք` պայքարելու սատանայի և նրա թագավորության դեմ, որ սողոսկել է նաև Քրիստոսի Եկեղեցի, «որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ» (Եփես. 6: 12) ։

Այսու, խստորեն դատապարտում ենք Հաղարծնում տեղի ունեցած վերոհիշատակյալ ամոթալի և խայտառակ միջադեպը, ինչպես նաև անարգանքի սյունին ենք գամում այդ սկանդալի հեղինակ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին, ով ավելի մեծ և վտանգավոր չարիք է, քանի իրեն ծնած և սնած Գարեգին Բ-ն: Միաժամանակ պահանջում ենք Հայ եկեղեցու եպիսկոպոսաց դասից իրավաչափ գնահատական տալ կատարված դեպքին և առաջիկա նիստերի ժամանակ բարձրացնել ինչպես ուխտադրուժ, կանոնազանց և հերետիկոս Գարեգին Բ-ի, այնպես էլ սադրիչ, կեղծարար և եկեղեցականին անհարիր վարք դրսևորող Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ու տնաքանդ, բանսարկու, չարափառ և հոգեկան անհավասարակշիռ պահվածք ցուցաբերող Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կարգալուծությունների հարցը, եկեղեցականներ, որոնք մինչև անգամ ընկնում են Սուրբ Հայրերի կանոնական նզովքների տակ:


    

Եղիա Խաչատրյան

Սուրբ Էջմիածնի նախկին միաբան

Գարեգին Բ-ի թիկնազորի պետ Արշակ եպիսկոպոսը հարձակվեց և բռունցքով հարվածեց բարեպաշտ հայորդուն
«Բիզնեսմեն կաթողիկոս, հեռացի՛ր».բախում Մայր Աթոռում
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
9987 | 0 | 0
Facebook