Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՎՈՒՐԳ ՈՍԿԱՆՅԱՆԸ

10:45, cumartesi, 18 ağustos, 2018
ՎՈՒՐԳ ՈՍԿԱՆՅԱՆԸ

Վուրգ Արշակի Ոսկանյանը Ծնվել է 1941 թ.-ի մայիսի 28-ին՝ Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում, մի նահապետական պարզ ու ազնիվ գերդաստանում:
     Տակավին նորածին էր, երբ նրա եղբայրը՝ բանաստեղծ Սուրենն իր հոր՝ Արշակի հետ 1941 թ.-ին մեկնեց ռազմաճակատ ֆաշիզմի դեմ իր արդարության պայքարը մղելու: Հայրը վերադարձավ վիրավոր, սակայն եղբայրը՝ Սուրենը ցավոք հավերժացավ… Եվ հավերժ բաց վերք և կարոտ թողեց հարազատների ու դեռ նորածին եղբոր՝ Վուրգի սրտում:
     Եվ ահա փոքրիկ Վուրգը, դեռ օրորոցում, հայրենասիրության ոգին որդեգրեց, այն դարձավ նրա արյան բաղադրությունը, որ այնտեղ թափանձեց մայրական կաթի միջոցով և հայրական դաստիարակության շնորհիվ:
     Ու այսպես՝ դեռ մանուկ հասակից էր նրա հոգում ծնվել հայրենասերի ազատատենչ ոգին, քանզի նրա պապի պապերը եղել են Հակոբ Ջուղայեցու (կաթողիկոս) հետնորդները, որոնք Սիսիան են տեղափոխվել 150-200 տարի առաջ:
     Վուրգն ընտանիքի 10-րդ զավակն էր՝ ամենակրտսերը:
     Այս փոքրիկը դեռ հետո՛ պիտի մեծանար և իր հզոր գործերով ազատությո՛ւն տենչար ու տարածեր, ապա և այն գտներ սեփական արյան ու կյանքի գնով:
     Դա հետո: Իսկ հիմա ընթերցողիս թույլտվությամբ հենց իրեն էլ պատմեմ հերոսիս մասին.
     Վուրգը հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը, որն ավարտել է 1965 թ.-ին:
     Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը: Սակայն ուսումը հարկադրաբար թողնելով՝ վերադարձել է շրջան և իր ողջ կյանքը ներդրել մատաղ սերնդի ֆիզիկական և ռազմահայրենասիրական դաստիարակության գործին:
     Եվ պատահական չէր, որ հետագայում նա դարձավ հսյրենիքի նվիրյալ պաշտպան, քանզի նա այդպես էր դաստիարակվել իր նահապետական տոհմից, այդ էր ասում նրա ոգին, որ ծայր էր առել իր պապենական ազգասիրությունից, դա էր կանխորոշում նրա երակներում հոսող արյունը, որ նրա մեջ կամա, թե ակամա սերմանել էին հայրենասիրություն: Իսկ հայրենասեր լինելու և դառնալու համար նրա տոհմական արյունը պարարտ հող էր, որ երեխա ժամանակից իր լսած պատմությունները, որ սերմեր էին նրա հոգու համար՝ ծիլեր տային:
     Սակայն մեծն հայրենասեր Վուրգի մասին մի փոքր ուշ, իսկ հիմա ընթերցողիս թույլտվությամբ շարունակեմ շարքային քաղաքացի Վուրգի մասին:
     Նա՝ Վուրգ Ոսկանյանը վերադառնալով շրջան՝ աշխատել է թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես ռազմագիտության ուսուցիչ: Ապա հաճախ համատեղ աշխատել է տարբեր պատասխանատու պաշտոններում՝ եղել է պիոներ տան տնօրեն, ժողկրթբաժնի մեթոդիստ, դպրոցական բաժնի վարիչ, մշակույթի տան տնօրեն: Աշխատանքային տարիներին ձեռք է բերել ռազմական գիտության գծով բավարար գիտելիքներ, ստեղծել ռազմագիտության լավագույն կաբինետ, որից օգտվում են Զանգեզուրի ռազմագիտության ուսուցիչները:
     Նրա նախաձեռնությամբ շրջանի բոլոր դպրոցներում ստեղծվել են ռազմագիտության կաբինետներ, որտեղ իր իսկ օգնությամբ ու ցուցումներով շուրջ 25 տարի դաստիարակվել է շրջանի աշակերտական մի ողջ սերունդ:
     Վուրգ Ոսկանյանը՝ ամրակազմ, մկանուտ, ատլետիկ կազմվածքով, հուժկու, խրոխտ ձայնով և տիպիկ զինվորական անձնավորություն էր:
     Տիպիկ զինվորական անձնավորություն…
     Կրկնվում է իմ հոգում:
     Գուցե ինչ-որ տեղ դա՞ էլ էր նպաստել, որ հետագայում՝ պատերազմական իրավիճակում նա լիներ հրամանատար: Չէ՞ որ հրամանատարի ձայնը պետք է միշտ լինի ազդու՛, խրո՛խտ, որ լսելի լինի իր զինվորների կողմից: Վուրգի ձայնն այդպիսին էր:
     Չգիտեմ… Բայց, այո՛, գուցե դա՛ էլ նպաստեց:
     Վուրգ Ոսկանյանի նվիրական երազանքն էր զինվորական կրթություն ստանալը:
     Նվիրական երազանք…
     Հետաքրքիր է՝ զուգադիպությու՞ն, ճակատագրի հեգնա՞նք, թե՞ ցանկության ի կատար ածում… Գուցե և՛ մեկը, և՛ մյու՞սը, կամ բոլորը միասի՞ն… Գուցե…
     Ասում են չէ՞. §Երբ ցանկությունդ մեծ է՝ այն կատարվում է¦:
     Բայց ես, որպես հոգեբան, եզրակացություն անել դժվարանում եմ:
     Սակայն դեպքերից առաջ չանցնեմ, հերոսիս մասին խոսեմ հերթով՝ նրա ներկայացնեմ հավուր պատշաճի:
     Զինվորական դառնալու նրա ցանկությունը, ընտանեկան հանգամանքներից դուրս գալով, մնաց անկատար:
     Խորհրդային բանակում գերազանց ծառայելուց բացի, օկրուգի լավագույն հնգամարտիկներից մեկն էր, հատկապես որպես նշանառու:
     Զինվորական գործունեությունն ու տուրիզմը նա իրարից անբաժան է միշտ համարել:
     Սիսիանի շրջանի տուրիստական ջոկատի անփոփոխ հրամանատարն է եղել: Նա իր սաների հետ ոտքով շրջել է ողջ հանրապետությունով մեկ, կոփել նրանց ամեն մի դժվարություն հաղթահարելու, կազմել տեղային քարտեզներ, սովորեցրել սիրել հայրենիքը, համարձակություն ու քաջություն սերմանել նրանց մեջ, անձնական օրինակով նպաստել, որ այդ սերմերը ծլարձակեն վերջիններիս հոգիներում: Որոնցից շատերն էլ հրաշալի իմանալով հայրենի լեռնաշխարհի ամեն թուփ ու քար, իրենց ուսուցչի կոչին և անձնական օրինակին հետևելով, զենք են վերցրել. «ՄԻԱՅՆ ԶԵՆՔՈՎ ԷՐ ՀԱՅԻՆ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ»:
     Վուրգն իր էությամբ անկեղծ, մարդամոտ, չափից ավելի նվիրված անհատականություն էր, ով Հայաստանի բոլոր շրջաններում բազմաթիվ ընկերներ ու բարեկամներ ուներ: Նա խաղաղասեր էր, բայց և գիտեր նենգին դաս տալ: Նա իր կիսատ դասն էր շարունակում Զանգեզուրի լեռներում, Արցախ աշխարհում:
     Նրա ներսում եռում էր արյունը բոսոր, սիրտը փոթորկում էր սովորականից ավելի զարկեր հասցնելով նրա կրծքին: Բնավորությամբ անհանգիստ էր, պրպտող, գործի մեջ՝ անաչառ, բայց և պահանջկոտ: Ազնվության ու անշահախնդրության մարմնացում էր, այն աստիճանի, որ երբեմն թվում էր, թե գործ ունես միամիտ ու մանկան պարզամտության տեր 52-ամյա «մանուկ-ծերուկի» հետ՝ տարիքով մեծ, բայց հոգով մանկան նման պարզ ու անաղարտ:

Այո՛, հաճախ է այդպես՝
     Տարիքով մեծ,
     Բայց կարծես
     Քո աչքերով մանուկ ես դեռ…
     Սարդ միշտ մանուկ է,
     Թեկուզ և ծերուկ,
     Բայց… մանուկ-ծերուկ…

Եզակի մարդ էր նա, իր էությամբ՝ ժողովրդի մարդ:
     Վուրգ Ոսկանյանը ողջ կյանքը բացահայտ պայքարի մեջ էր բյուրոկրատ պաշտոնամոլների, կաշառակերների և մորթապաշտների դեմ:
     Նրա հասարակական, քաղաքական գործունեությունը սկսվել է 1965 թ-ից: Դեռ ուսանողական տարիներին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Ազգային հայրենասիրական շարժման գաղտնի հավաքներին: Հայոց ցեղասպանության խնդիրը, նրա համար, միշտ եղել է առաջնայինը: Ծիծեռնակաբերդի հուշարձան կոթողի բացումից հետո նրա անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ իր հայրենի Բռնակոթ գյուղում՝ բարձր բլրի լանջին, կառուցվել է եղեռնի զոհերին նվիրված 2-րդ հուշարձանը:
     Տեղական իշխանությունները փորձել են արգելել, քանդել այն, սակայն գյուղի հայրենասերները Վուրգի հետ բողոքի ալիք են բարձրացրել և շրջապատել բլուրը:
     1987 թ.-ին ստացվել է այնպես, փլուզման եզրին է կանգնել Սպանդարյանի արհեստական ջրամբարը: Խուճապահար բնակիչները լքեցել են իրենց տները: Կարճ ժամանակում Սիսիանը դատարկվել է: Որոտան գետի մակարդակը վտանգավոր չափերի է հասել: Հսկա հիվանդանոցում հիվանդները մնացել են անտիրական վիճակում:
     Եվ այստեղ է, որ Վուրգն իր վճռականությամբ և հմուտ կազմակերպչին վայել ձևով գտել է ելքը: Ավտոպարկից մեկ ավտոբուս բռնի ուժով վերցնելով՝ նա հիվանդներին տեղափոխել է ապահով վայր, շատերին էլ տեղավորել իր հայրական տանը:
     Եվ այսպես իմ հերոսը չուներ հանգիստ: Երբ և Որտեղ թեկուզ չնչին օգնության կարիք կար՝ Վուրգ Ոսկանյանն այնտղ էր: Նա ազատատենչ ու համարձակ մարդ էր, նրա գաղափարները, ելույթները ոգեշնչում ու իր հետևից էին տանում հազարավոր մարդկանց ովքեր պայքարում էին նրա կողքին առանց հետ նահանջելու:
     Ու ահա եկավ 1988 թ.-ի փետրվարը:
     Սյունեցի խիզախը կարծես պստրաստ դրան էր սպասում:
     Սիսիանի առաջին հանրահավաքը փետրվարի 25-ին էր, որ ղեկավարեց Վուրգը, քանզի ինչպես արդեն վերը նշել եմ նա ուներ հուժկու ձայն, ապա ավելացնեմ նաև, որ աչքի էր ընկնում նաև հռետորական փայլուն ձիրքով:
     Ժողովուրդը ներքին զգացողությամբ հավատաց իր ղեկավարին և գնաց նրա հետևից, ողջ շրջանը փոթորկվեց, մի մարդու պես ոտքի ելավ:
     Նա քաջալերում ու ոգևորում էր ժողովրդին թոթափելու 70-ամյա վախի զգացումը:
     Եվ ի ուրախություն նրա՝ ստացվում էր, ժողովուրդը ղեկավարի կարիք ուներ ու ներքին մղումով հավատաց խելացի Վուրգին:
     1988 թ.-ի մարտին Ազատության հրապարակում Լևոն Տեր-Պետրոսյանը ընթերցեց Վուրգ Ոսկանյանի հեռագիրը. «Մենք՝ սիսիանցիներս, ձեզ հետ ենք»: Որից հետո ստեղծվեց տեղական «Ղարաբաղ» կոմիտե՝ մի քանի նվիրյալների մասնակցությամբ՝ Մկրտիչ Դիլանյան, Մարտիկ Գասպարյան, Աշոտ Ավագյան, Կամո Ոսկանյան, Գագիկ Գասպարյան և այլոք:
     Մեր հերոսը նորմալ զենք էլ չուներ՝ որսորդական հրացան: Սակայն դա նրան հետ կանգնեցնել չէր կարող:
     Նրա ջոկատի բազմաթիվ մարտական սխրանքներից առավել հիշարժան է մի դրվագ, որը տեղի է ունեցել Նախիջևանի Շահբուզի շրջանի Արավսա գյուղի մոտակայքում (մասնակից կամավորականների հուշերից) ։ Ջոկատը, որը հսկում էր Սիսիանի շրջանի Արևիս և Բարձրավան (Մուցք) գյուղերին պատկանող բարձունքները, որոնք սահմանամերձ են Շահբուզի շրջանին, հրամանատարը տեղեկություն է ստանում, որ Արավսա և Բեչենեկ գյուղերում տեղակայված են թշնամու մեծաքանակ ռազմական տեխնիկա և զինվորական ուժ։ Հավանաբար նրանք՝ թուրքերը, նախապատրաստվում էին հարձակողական գործողություններ սկսել Սիսիանի շրջանի այդ տարածքում գտնվող հայաբնակ գյուղերի վրա։ Այդ բոլորին տեղյակ լինելով և ճիշտ կռահելով թուրքերի ռազմավարական պլանները՝ Վուրգ Ոսկանյանը հետևյալ կարգախոսով է դիմում իր ջոկատի քսաներեք կամավորականներին.
     -Սահմանները հսկում ենք միասին, պետք է կռվենք միասին, իսկ հարկ եղած դեպքում պետք է զոհվենք միասին։ Հետադարձ ճանապարհ չկա, ուրեմն` միայն առա՛ջ։
     Երբ հասնել են Արավսա գյուղին հարող ծառախիտ տարածքը, նրանց լսածն ու իմացածն այլևս կասկած չեն հարուցել։ Այդ ժամանակ հրամանատարը, ուսապարկից հանել է մի քանի տասնյակ հրթիռ և կտրելով նրանց ճատրուկները՝ յուրաքանչյուր կամավորականին հանձնել մեկական հրթիռ և մեկ տուփ լուցկի՝ հրամայելով երկու թևերից շրջափակել գյուղի տարածքը և վառել հրթիռն ու լուցկին ճիշտ այն պահին, երբ օդում կերևա իր կողմից արձակված կարմիր հրթիռ-ազդանշանը։ Մեկ ժամ հետո իրականացվել է այդ հնարամտությունը։ Այդ պահին կարծես ողջ գյուղը շրջապատված էր, որի արդյունքում թվում էր, թե ուր որ է գյուղի վրա կթափվեն հրազենի կրակոցները։ Արավսա գյուղի տարածքում տեղակայված թշնամու զորամիավորումը խուճապի է մատնվել և շատ արագ հեռացել գյուղի տարածքից։ Այսպիսով` հմուտ հրամանատարի մտահաղացումն այդ պահին խաթարել է թշնամու մարտավարական պլանները, փրկել ջոկատի ողջ անձնակազմին։ Նաև ապահովել Սիսիանի շրջանի այդ տարածքում գտնվող հայաբնակ գյուղերի բնակչության անվտանգությունը։ Գուցե և դրանով խափանվեցին հակառակորդի հարձակումները Սիսիանի շրջանի և ընդհանրապես Զանգեզուր աշխարհի վրա, որը վաղուց ի վեր ոսկորի պես մխրճված էր թուրքերի կոկորդում։
     1988 թ.-ի փետրվարի 26-ից մինչև նոյեմբեր Վուրգի նախաձեռնությամբ կոմիտեի աշխատանքները տեղի են ունեցել հենց նրա բնակարանում, հետագայում՝ ռազմագիտության կաբինետում, ուր բազմաթիվ գիշերներ են լուսացրել, ծանոթացել զենքի, զինամթերքի հետ, ուղիներ փնտրել ուսումնական զենքը մարտականի վերափոխելու համար:
     Այդ ընթացքում էր, որ նրա մոտ նոր միտք մտահղացավ՝ Սիսիան քաղաքում կառուցել հուշարձան նվիրված եղեռնի զոհերին:
     Միտքը կար, նպատակը կար, մնում էր միահամուռ ջանքերով գործի անցնել:
     Եվ այսպես՝ նույն թվականի ապրիլի 24-ին «Ղարաբաղ» կոմիտեի տղաներով և քարտաշ վարպետների ջանքերով Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ վեր խոյացավ եղեռնի զոհերին նվիրված հուշարձանը և մեծ միջոցառմամբ նշվեց ցեղապանության 74-րդ տարելիցը:
     Ապա մեր քաղաքական գործիչը մեկնեց Ղրիմ, ելույթ ունեցավ Սիմֆերոպոլում, ընդարձակ հարցազրույց ունեցավ «Մասյաց աղավնի» թերթում՝ «Հանդիպում ֆիդայինի հետ» խորագրով (Ղրիմի հայկական մշակութային ընկերության պաշտոնաթերթ, 1990 թ., 4 հոկտեմբեր):
     Լվովում մեծ արձագանք գտավ նրա ռուսերեն ելույթը և խոր նիրհից արթնացրեց բազմազգ բնակչությանը, որտեղ ստեղծվեցին ղարաբաղյան շարժմանը համակիր կազմակերպություններ: «Ղարաբաղ» կոմիտեն ընդարձակեց իր գործունեությունը, վերանվանվեց ՀՀՇ վարչություն, համազգային պայքարը մտավ նոր փուլ: Առաջացավ ղեկավարման երկու ձև՝ ռազմական և քաղաքական:
     Հայ-ադրբեջանական հարաբերություններում և սահմաններում իրադարձությունները սրվում էին: Անհրաժեշտություն էր առաջացել ստեղծել ինքնապաշտպանական կամավոր ջոկատներ:
     Մեր ակտիվ քաղաքական գոծիչն իր տարերքի մեջ էր: Անսահման նվիրված լինելով հայրենիքի ազատագրման և անկախության գաղափարին, մի կողմ թողնելով գաղափարական աշխատանքը՝ զենք վերցրեց, իր շուրջը համախմբելով հայրենասեր գաղափարակիցների մի ջոկատ. չորս տարի շարունակ կռվեց Զանգեզուրի, Երասխի, Տավուշի և Արցախի պաշտպանական դիրքերում:
     Ժամն էր եկել անցյալից քաղած դասերից ճշմարտության դրոշը վեր պարզելու, ապա իմաստության ու ազատության նոր սերմեր ցանելու իր ժողովրդի ոգում:
     Նա մարտի դաշտում պայքարում էր և՛ զենքով, և՛ գրչով՝ իր գիտելիքով ու իր անպարտ հայի ոգով: Նա երբեք չէր դադարում աշխատել փնտրել ու գտնել անհրաժեշտ փրկության ուղիներ։
     Նրա տարերքը դարձել էր պաքարի տարերքը:
     Իսկ 1988 թ.-ի երկրաշարժին նրա հոգին դառնացել էր, սիրտը կարծես հրաբխի նման դուրս էր ժայտքել սեփական կրծքից: Եվ դառնացած ու ցաված սրտով, օգնում էր աղետյալներին ու իր ընկերներին:
     Վուրգն ամեն հարցում շտապում էր, ուզում էր ամեն բան հասցնել: Կարծես զգում էր, որ իր ժամանակը կարճ է՝ այն չի սպասում, սպառվելու վրա է:
     1989 թ.-ի օգոստոսի 28-ին էր, որ թուրքերը ներխուժել էին Նախիջևանի տարածքից: Վուրգն իր ջոկատով ուժեղ հակահարված էր հասցրել ու ետ շպրտել նրանց:
     Այդ տարվա Աղդավանի ընդհարումը Նախիջևանի թուրք ոճրագործին հասկացրեց, որ սիսիանցի քաջը չի կատակում: §Աղոթարան բարձունք¦ սրբատեղիի արյունոտ մարտերը յոլդաշ թորւքերի համար դարձան դառնահամ ու կծու հուշեր:
     1990 թ.-ի հուլիսի 12-ին էլ էին թուրքերը խախտել սահմանը՝ Մինքենդի սահմանագծում:
     Երկու ժամ տևած փոխհրաձգությունից հետո հանկարծ օդում հայտնվել են յոթ ուղղաթիռներ: Սպառազինված ռուս զինվորները շրջապատել են ջոկատը և պահանջել զինաթափվել ու հանձնվել: Ջոկատի տղաները շրջան են կազմել և նռնակները պատրաստ պահած սկսել են բարձրաձայն երգել: Ռուս սպայի՝ Նիստերենկոյի այն հարցին, թե այդ վտանգավոր պահին ի՛նչ են երգում՝ Վուրգը պատասխանել է, որ մահից առաջ դա իրենց վերջին երգն է. «Մենք երբե՛ք չենք հանձնվի»:
     Տղաների համարձակությունից շփոթված՝ սպան վճիռը փոխել է մեկ այլ՝ զենքերը հանձնելու պայմանով: Դժվարությամբ ձեռք բերված զենքը հանձնելը հեշտ չէր: Վուրգը հրամայել է՝ §àվ կարող է՝ թաքցնի՛ զենքը¦: Մեծ քանակությամբ զենք հաջողվել է թաքցնել, իսկ որոշ մասն ինքն իր ձեռքով հանձնել է ռուս զինվորներին:
     Սահմանների պաշտպանության ժամանակ Վուրգը ձեռնամուխ է եղել ֆուգասային տիպի ականների պատրաստմանը, որը և անվանվել է Վ-50՝ իր ծննդյան 50-ամյակի առթիվ: Փորձարկումից հետո պարզվել է, որ դրանք բավականին հզոր են ու արդյունավետ:
     Մեկ այլ անգամ զենքի ուժն ու մտքի թռիչքը համատեղել է Լաչինի մարդասիրական միջանցքի՝ «Կյանքի ճանապարհի», պաշտպանության ազատագրական մարտերում, երբ նրա վաշտի հարվածներից հակառակորդը տվել է 400-ից ավելի զոհ։ Դեկտեմբերի 10-ին սկսված Կապան-Զանգելան օպերացիայի ժամանակ ընդամենը մեկ օրվա ընթացքում անօրինակ սխրանքներով ոչնչացվել են ադրբեջանական գյուղերում տեղակայված հենակետերը։
     1991 թ.-ին, երբ լրացավ մեր ազատատենչ քաջի 50 ամյակը՝ նա վիրավոր ամեհի գազանի նման՝ վերք իր սրտում անակնկալ նվերներ ուղարկեց թուրք յոլդաշին: Այդ նվերը ոչ այլ ինչ էր, քան Վայքից մինչև մեղրիի սահման հասնող հատվածներն ինքնաշեն բեկորավոր ականներ, որոնք հեղինակել էր հենց ինքը:
     Անհաշիվ արյունալի ու սահմանային մարտերը չէին կարող ընկճել Վուրգի և նրա զինակից ընկերների անսասան ոգին:
     1992 թ.-ին կազմավորվել է 142-րդ §Սիսական¦ գումարտակը: Վուրգը նշանակվել է 3-րդ վաշտի հրամանատար:
     Նույն թվականի մայիսի 18-ին ոգով հզոր գումարտակը մտել է Լաչին և հաղթանակով ազատագրել հողը հայրենի ու երգել իր մարտական օրհներգը՝ §Ելիր դաշնակ Դրո…¦:
     Թուրք խուժանը չէր հանդարտվում: Արյունարբու գազանը միամտաբար կարծում էր, թե կորցրածը կարող է հետ բերել: Եվ այդ իսկ նպատակով հեռահար հրանոթներով պարպերաբար ռմբակոծում էր Կոռնիձորը;
     Ցավով պիտի ասեմ, որ այդ նույն թվականի սեպտեմբերի 12-ին Լաչինի միջանցքում գումարտակը տվել է իր առաջին զոհերը: Նրանք 7-ն էին՝ 2-րդ վաշտից:
     Փա՛ռք նրանց հիշատակին՝ հայոց քաջ արծիվներին:
     Վուրգի աչքերն արցունով չլցվեցին, արցունքի տեղ ձեռքերը բռունցքվեցին, ատամները սեխմվեցին լեզվի տակ, սիրտը զարկեց փոթորկված և հոգին ճչաց՝ վրե՛ժ…
     Նա իր վաշտով հսկողության տակ էր առել արյունախում գազանին և տարածքները մաքրում էր այդ ճղճիմ գազաններից՝ թուրքերից:
     Հոկտեմբերի 20-ի առավոտյան նա, որպես գլխավոր հրամանատար, §Արաբո¦, §Նիկոլ Դուման¦ և §Աղբյուր Սերոբ¦ ջոկատների հետ Մուրատխաուի գծով ձորի երկայնքով շարժվեց դեպի Գյուլիբերդ:
     Մայրամուտի վերջին ճաճանչների հետ նա առանց զոհերի ու վիրավորների, իր ստրատեգիական պրոֆեսիոնալ գիտելիքների շնորհիվ, մեծ ջարդ տալով ոսոխին՝ 400-ից ավել զոհ, իր վաշտով գրավեց մի քանի գյուղեր՝ Սաֆյանից մինչև Գյուլիբերդ՝ մղելով դաժան մարտեր, վնասազերծելով տարածքը թուրքերի հետագա հարձակումներից:
     Այստեղ տեղին է հիշել հենց նրա՝ հերոսի խոսքերը.
     -Արցախն ու Սյունիքը աչքի լույսի պես պիտի պահենք, նաև Վանա լճի մոտ հաղթական շուրջպար պիտի բռնենք:
     Թուրքերը նորից փորձեցին հարձակում գործել: Եվ Զանգելանում կենտրոնացված լինելով՝ Շառաֆլյուի դիրքերից հեռահար հրանոթներով անընդհատ ռմբակոծում էին Ղափանն ու շրջակա գյուղերը: Գրադի անհամար հրթիռներն ավերածոււթյուններ էին գործում: Ելքը միակն էր՝ հակահարված:
     Նույն թվականի հոկտեմբերին Ղափանի ջոկատների հետ հակահարձակման նպատակով Սիսիանի գոմարտակը՝ Հովիկ Ազոյանի հրամանատարությամբ, տեղափոխվեց Ղափան: Երևանից ճակատային գիծ էր եկել Անդրանիկ Պողոսյանը: Վերջինս տարիներ առաջ Բելգրադում դաշնակցական մարտիկի իր խոսքն ասել էր ու Ղափանի դիրքեր էր եկել իր մաղթանքը փոխանցելու իր զինակից եղբայրներին:
     Անգեղակոթցի Փաշան, Հրաչը, Աղալոն, Մանվելը, Մինասյան Աշոտը, Արշակը, Ազոյանը, Մանվելը, Հրաչը, Ժորժիկը և Վուրգն ինքն Անդրանիկի բերած մեծ եռագույնի վրա իրենց ստորագրություններեն էին դրոշմում և երդում տալիս:
     Հետախուզական աշխատանքներն ավարտին էին մոտենում, նշանակվեց հակահարձակման օրը՝ դեկտեմբերի 10:
     Առջևում ծանր ու պատասխանատու մարտն էր: Վուրգը վերջին ցուցումներն էր տալիս:
     Որոշված օրը՝ կես գիշերին ըստ պլանի սկսել են Կապան-Զանգելան օպերացիան, ուր հիմնական հարվածող ուժը Վուրգի վաշտն է եղել և 3-րդ վաշտը՝ «Ասկոլկա» Մանվելի հրամանատարությամբ: Վուրգն առաջնագծում էր: Թշնամին չի կարողացել դիմանալ հնարամիտ և խելացի Վուրգի ճկուն ու դիպուկ մարտավարական քայլերին:
     Մեր հերոսն, իր վաշտով, անօրինակ սխրանքներով ընդամենը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է ադրբեջանական գյուղերում տեղակայված հենակետերը;
     Կապիտան Վուրգ Ոսկանյանի բազմաթիվ հաղթանակներն առանց զոհերի ու վիրավորների են անցել, որոնց մասին լեգենդներ են հյուսում:
     Այս հաղթանակից հետո հերոս կապիտանը նշանակվել է գրավյալ տարածքները ժամանակավոր հսկող վաշտերի հրամանատար:
     Նրա գլխի համար թուրքերը մեծ գումարներ էին խոստացել: Իսկ նա հաճախ էր կատակել. «Ծերուկիս թուրքի գնդակ չի դիպչի»:
     Թուրքի գնդակ չի դիպչի…
     Նորից արձագանքվեց իմ հոգում…
     Երանի կատակդ իրականանար լեգենդար հերոս… Երանի…
     1992 թ.-ի օգոստոսից Սիսիանի նորաստեղծ թիվ 142 պահեստային գումարտակի 4-րդ վաշտի, ինչպես նաև գումարտակի հետախուզական դասակի հրամանատարն էր։
     1993 թ.-ի պայմանագրային զինվորական ծառայության է անցել Սիսիանի N զորամասում` որպես զորամասի հրամանատարի ռազմական գծով տեղակալ։ Մասնակցել է Կապանի շրջանի բնակավայրերի վրա թշնամու հաճախակի հարձակումների կասեցմանը, Քելբաջարի շրջանից թշնամու կողմից գործի դրվող կրակակետերի ոչնչացմանը, Լաչինի մարդասիրական միջանցքի պաշտպանությանը;
     Նույն թվականի մարտին §Սիսական¦ գումարտակը մեկնել է Քելբաջարի մարտերին մասնակցելու: 3-րդ վաշտը մեկնել է, բայց առանց հրամանատարի:
     Հրամանատարը մնացել էր սպասելով հրամանի: Նա պետք է նոր ջոկատ համալրեր հին կռվողներից, որոնք շատ քիչ էին, իսկ նորերը՝ անփորձ: Մարտի 27-ին իր նոր ջոկատով մեր հրամանատարը Լաչինի հավաքակայան է հասել: Շտաբում հրամկազմը հավաստիացել է, որ տարածքը զինված է և մաքուր:
     Մարտի 30-ին 31 հոգանոց ջոկատը շարժվել է դեպի Բիչանիս (Վակունիս) գյուղ:
     Հրամանատար Վուրգը Շանքենդում հալածելով հակառակորդին՝ Նաղդալի գծով միանալու էր կենտրոնական զորախմբին, որը ղեկավարում էր Աշոտը: Զրահափոխադրիչը շարժվում էր դեպի Բիչանիս: Վուրգն իր վիլիսով շարժվում էր զրահափոխադրիչի հետևից: Ճանապարհը հարթ էր և զարմանալի ձևով խաղաղ, որը մեր հրմանատարի մոտ կասկածի տեղիք տվեց: Նրան դուր չեկավ այդ խաղաղությունը: Մեքենան կանգնեցրեց, որ հեռվից ստուգի տեղանքը: Տղաներից Սլավիկն ուզեց գնալ դեպի Վուրգը, բայց… չհասավ նրա մոտ: Ճանապարհի ձախ կողմից կրակոցներ սկսվեցին:
     Վուրգը կողմնորշվեց.
     -Դիրքավորվե՛լ, - հրամայեց նա:
     Չորս կողմից տեղացող կրակոցներից անակնկալի եկած մեր քաջերը երկու մասի էին բաժանվել և Վուրգը դժվարանում էր մարտին կանոնավոր տեսք տալ:
     Բիչանիսի մոտից նրանց է սկսել մոտենալ հակառակորդի տանկը: Նրանք Ականանետով կրակ են բացել, բայց ցավոք ապարդյուն: Տանկը սկսել է մոտենալ ուրալին: Զրահափոխադրիչը շարժվել է հետ, կանգնել ուրալի հետևում, մի քանի կրակոց արձակել և անսպասելիորեն լքել մարտադաշտը:
     Զոհվել էին Վարդանն ու Հրայրը: Իսկ հրամանատար Վուրգը վիրավորվել էր ոտքից ու քունքից, սակայն դեռ ողջ էր: Ողջ էր և ունակ թուրքի լեշը փռելու:
     Աչքի առաջ զոհվել էին ընկերները: Նա վրեժ էր տենչում՝ հոգին ոռնում էր անբուժելի ցավից, իր սեփական վերքերի ցավը նա չէր էլ զգում, մլարն էր պատել աչքերի առաջ և վրեժի ցասումը սրտում վայրկյան առ վայկյան սաստկանում էր:
     Ծանր վիրավորվելով՝ նա սկսել է արյունաքամ լինել, սակայն իր զինվորներին խնդրել է իրեն այնպես պառկեցնել, որ կարողանա մարտի ղեկավարումը շարունակել:
     Վրեժի ցասումից առաջացած սրտի հևքն ավելի ուժգին էր, քան նրան դեպի մահվան մահիճ տանող արյունաքամ եղող վերքերը:
     Արյունակալած աչքերով, դեռ ողջ մնացած իր մյուս զինակից ընկերներին, ճիշտ մարտավարության հրամաններ էր տալիս:
     Տեղին է այստեղ հիշել նրա վերջին խոսքերը.
     _Տղանե՛ր, սիսիանցինե՛ր, մենք պիտի հաղթե՛նք:
     Մենք պիտի հաղթե՛նք…
     Արձագանքում է հոգուս ձայնը:
     Ահա այսպես էր քաջալերում իր բազե տղերքին անվեհեր, բսյց և վիրավոր հրամանատարը:
     Ու նրանք հաղթեցին… Մարտի դաշտում միայն ոգին պիտի լինի տոկուն, կամքը՝ անկոտրում, իսկ զենքը սոսկ գործիք է խրոխտ ոգու կամքն ի կատար ածելու համար:
     Ու նրանց ոգին տոկուն էր, և նրանք հաղթեցի՛ն… Ընկան, բայց հաղթանակը տուն բերեցին…
     Իսկ ընկան, քանզի անհավասար էր նրանց ուժերը՝ հակառակորդի ուժն առավել գերակշռող էր և լավ զինված:
     Ջոկատը ահեղ մարտի մեջ է մտել: Նահանջելու ելք չկար: Նահանջը մեր հրամանատարի համար չէր:
     Ցավոք վերջինս իր քաջերով հայտնվել է ծուղակում: Հայտնվել է, բայց չի կորցրել անպարտ քաջի արիությունը:
     Հակառակորդի տանկն անվրեպ կրակել է մեր քաջերի ուղղութամբ և խոցել ուրալն ու մյուս զրահատեխնիկաները:
     Ցավոք մեր սխրագործ քաջերը բաց դաշտում են եղել, ոչինչ անել կամ նահանջել հնարավոր չի եղել…
     Երրորդ գնդակը մահացու է եղել սիսիանցի անվեհեր արծվի համար:
     Սակայն խոցվելուց հետո դեռ ողջ է եղել քաջ բազեն հայոց աշխարհի: Նա հասցրել է զեկուցել հրամանատարին՝ Աշոտին.
     -Մարտական հրամանը կատարված է:
     Ապա մտովի հասել է իրենց տուն՝ մշուշված աչքերով հրաժեշտ տվել հազատներին: Հետո եղբորը՝ Սուրենին մի կերրպ մրմնջացել.
     -Եղբայր գալիս եմ քո մոտ, բացի՛ր գիրկդ, որ գրկես քեզ կարոտած եղբորդ…
     Մտովի հասել է նախապապ Հակոբ կաթողիկոսի մոտ և ասել, որ իր տված խոստմանը հավատարիմ է մնացել, սիրել պատվազգաց ապրելու վարքը և խնդրել, որ իրեն ընդունեն անմահության երկինքներում՝ իր 10 եղբայրների կողքին:
     Հայոց արծվի կապույտ ու խոր աչքերը սկսել են հանգչել, իրենց ծով հատակում հավերժացնելով Իշխանասարի վեհ ու հպարտ խոյանքը: Հոգին դեպի երկինք է ձգտել՝ անմահության հեռուներին:
     Սառող շուրթերը մտովի անմահ անուններ են մրմնջացել՝ Լավրենտ, Գևորգ, Վալերիկ, Զոհրակ, Վոլոդյա, Վարդան, Ալբերտ, Հրայր, Ներսիկ, Վահան:
     Այո՛, զոհվել են քաջերն այս, բայց կանգուն է մնացել ոգին նրանց ու դեռ ապրու՛մ է… Եվ կապրի դարե՛ր:
     Ահա նրանց անունները՝ Գևորգ Ավետիսյան, Լավրենտ Նազարյան, Վահան Սիմոնյան, Հրայր Եղիազարյան, Զոհրակ Գևորգյան, Ալբերտ Ազարյան, Վալերիկ Ավետիսյան, Վարդան Բաբայան, Մելսիկ Աթանեսյան և Վոլոդյա Կարապետյան։
     Խոնարհվում եմ նրանց տոկուն խիզախության առաջ:
     Հավերժական փա՛ռք նրանց հիշատակին:
     Մեր սյունյաց արծվի ծնված տարին երկրորդ աշխարհամարտն էր սկսվել, իսկ երբ նահատակվեց՝ դարձյալ պատերազմ էր, այս անգամ` Արցախ աշխարհում։
     Ճակատագրի հեգնա՞նք, թե՞ քմահաճույք… Դժվար է ասել…
     Նա զոհվեց, նա ընկավ, մարտիրոսվեց, բայց չմահացավ: Նա կապրի այնքան, որքան նրան մենք ենք հիշում: Իսկ մենք նրան կհիշենք դարե՛ր: Ուրեմն նա դարեր կապրի, կապրի հավե՛րժ:
     Փա՛ռք քեզ քաջ հերոս, խոնարհվում եմ խրոխտ ոգուդ առաջ, իսկ անկոտրում կամքիդ և սխրանքիդ առաջ պատվի առնում՝ ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ:
     Չորս տարի անընդմեջ արցախյան կռվի բոլոր մարտերում (Երասխ, Տավուշ, Նոյեմբերյան, Մարտակերտ, Լաչին, Զանգելան, Կապան և այլն) փորձված ու կոփված 52-ամյա հրամանատար Վուրգը հերոսաբար ու բարձր մակարդակով, զինվորականին հատուկ գիտելիքներով վարել է բոլոր մարտերը, անկորուստ, առանց վիրավորի վերադարձել Սիսիան:
     Բայց այս անգամ ի՞նչ եղավ քեզ՝ հայ ազգի քաջ, Սիսիանցի խիզախ, Բռնակոթ գյուղի արժանի զավակ, որ սնվել էիր հայրենի գյուղիդ օդով ու ջրով և մեծացել որպես անպարտելի հերոս: Ինչու՞ այս անգամ չվերադարձար գիրկն ընտանիքիդ և քեզանից հետո թողեցիր հազարավոր կարոտ սրտեր, ցաված հոգիներ և արցունքոտ աչքեր:
     Մի՞թե երկիրդ հայրենի ավելի էիր սիրում, քան քո ընտանիքին, որ հապաղեցիր տուն դառնալ քայլերով հաղթական ու փարվել ընտանիքին քո սիրելի, այլ մնացիր ու փարվեցիր մայր հողիդ:
     Մի՞թե ընտանեկան տաքուկ ջերմությունը դու փոխարինեցիր մայր հողիդ ջրմությամբ:
     Բայց ո՛չ, հերոս անպարտելի, դու քո ընտանիքն էիր սիրում, դրա համար էլ պաշտպանեցիր նրան, թեկուզ սեփական արյանդ գնով, որ թուրք խուժանը չհասնի քո մաքրամաքւր ընտանիքին և անբիծ երկիրդ իրենով չանի:
     Այս անգա՛մ էլ դու չթուլացար, պարզապես թշնամին էր նենգադավ ու նենգորե՛ն հասավ քեզ: ֆիզիկապես գնացիր, հավասարվեցիր քո պապերին, բայց կարևորը ոգիդ է, որ մնաց ազգիդ անդավաճան ու հայրենասեր:
     Եվ գուցե դու կանխատեսու՞մ էիր սա, գուցե գիտեի՞ր… Այո՛, դու քաջ գիտակցում էիր, թե ինչ կարող էր լինել, քանզի մարտի ելած այդ ո՞ր մարտիկն աչքի առաջ չունի երկինք բարձրանալը:
     1993 թ.-ի մարտի 31-ին սյունյաց արծիվն ընկավ Վակունիսում (Նախկինում՝ Բիչանիս), ընկավ վրեժը սրտում…

Ընկավ, բայց նույն վայրկյանին արծիվ դարձավ
     Ու արծվի ճախրանքով երկինք խոյացավ,
     Որ անտես մնա թշնամուց նենգադավ
     Եվ անհաս վերի՛ց պաշտպանի հայոց երկիրն իր անսասան:

Եվ փակվեցին աչքերը հայոց արծվի: Լուրը հասավ մայր հողին ու իրենց հորը սպասող անմեղ զավակներին… Ընկավ մարտում բազեն հայոց:
     Իսկ ո՞վ, ո՞վ ասեց, որ նա ընկել է մարտում այս դաժան; Ո՛չ, նա պարզապես հոգնել էր կռվում այս անհավասար ու փակել է աչքերը, որ ննջի հանգիստ:
     Եվ նա հիմա ճախրում է երկնակամարում լազուր առավել հպարտ, առավել ուժեղ, առավել ամուր և հակառակորդի համար անտես է պաշտպանում երկիրն իր հայոց, զավակներին իր հայրենասեր:
     Արծվի հզոր ճախրանքով և լայն բացած իր ամրակուռ թևերի կափկափյունով հասկացնում է թուրքին արյունարբու, որ ինքն այստե՛ղ է, մշտարթու՛ն, և վերջինս թող չհամարձակվի մոտենալ իր սուրբ հողին, թե չէ նա մագիլներն իր սուր կմխրճի կոկորդը գազանի ու կլափի լեշը ոսոխի:
     Հավերժական փա՛ռք քեզ սյունյաց արծիվ, հայոց աշխարհի ահաղթ բազե, քո գործն անմար է, քեզ ազգդ երբեք բացկա չի՛ դնի:
     Նրա մայրը՝ Վարսենիկ բիբին որդու մասին ասել է.
     -Վուրգը… Չես հասկանում` տնի՞ց էր, թե՞ տնից չէր: Ձիու նման էր՝ պիտի գնար սարերը, անտառները, անհանգիստ էր, տեղը տիտիկ չէր անում: Էդպես որ նայում էիր` զինվոր էր իսկը, տան բան չէր, իսկը պատերազմի բան էր… Որ նայում էի իրեն՝ հասկանում էի, որ մի օր մի տեղ կզոհվի, էնքան զինվոր էր: Ասում էի` Սուրենի փայ կյանքը Վուրգիս է հասել: Կռիվը Վուրգիս համար է… Վուրգս` կրակ, պատերազմ, Թուր Կեծակի, Ձենով Օհան… Գիշերներն է դժվար, չեմ քնում, խոսում եմ Վուրգի հետ: Նա քիչ է խոսում, ջղային է, հետո անվերջ գնում է, մի վայրկյան կողքիս չի մնում…
     Մի օր մի տեղ կզոհվի…
     Էհ սիրելի Վարսենի բիբի, մայրական սիրտդ չէր կարող չղգալ անխուսափելին:
     Արցախյան ազատամարտից և մեր հերոսի մարտիրոսվելուց հետո՝ 1995թ.-ի մայիսի 8-ին Լաչինի ազատագրված գյուղերից մեկը՝ Խենդեկ գյուղը անվանակոչվել է Վուրգավան: Այն գտնվում է Քաշաթաղի շրջանում:
     Սիսիանի թիվ 4 դպրոցն էլ է անվանվել նրա անունով:
     1996 թ.-ի հոկտեմբերին կառավարության որոշմամբ Սյունյաց քաջ բազեն՝ բռնակոթցի քաջ արծիվը, հայ ազգի աննկուն հերոսը՝ Վուրգ Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
     2001 թ.-ին Լաչինի շրջանի Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորից մոտ 40 կմ. հարավ ընկած գյուղերից մեկում՝ Վակունիսում, որտեղ նահատակվել էին քաջերը, բացվեց դպրոց և կրկին անվանակոչվեց մեր խրոխտ հերոսի անունով:
     2003 թ.–ի §Սիսական¦ հայրենակցական հասարակական կազմակերպությունը, համագործակցելով Սիսիան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրինության հետ (որտեղ մեր հերոսն իր աշխատանքային կենսագրությունն է կերտել որպես ռազմագիտության ուսուցիչ) ստեղծեվել է §Մարտական փառքի անկյուն¦, որն ամբողջությամբ նվիրված է քաջազուն հրամանատարի բացառիկ հայրենասիրությանը, անձնվիրությանը, նրա ջոկատի մարտական սխրանքներին և Սիսիանի շրջանից արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկներին։ Այնտեղ ցուցադրված են մասունքներ ազատամարտիկների անձնական իրերից, ինչպես նաև այն տեղանքի մանրատիպարը, որտեղ մարտական գործողություններ են իրականացրել Սիսիանի կամավորական ջոկատները և §Սիսական¦ մոտոհրաձգային գունդը։
     Սիսիանցի անվեհեր քաջի անունով է կոչվում նաև Սիսիան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի իր ձեռքով ստեղծած ռազմագիտության դասարանը։
     Ապա որոշվեց կանգնեցնել մի վեհաշուք արձան մեր քաջարի բազեի հիշատկին; Այն կանգնեցնելու որոշումը կայացրել էին Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը և հարավային մաքսատան տնօրեն Աշոտ Մինասյանը 2010 թ.-ի մայիսի 28-ին՝ թիվ 1 դպրոցում հերոսի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ:
     2012 թ.-ի մայիսի 28-ին` նրա ծննդյան օրը Սիսիանի զինվորական կոմիսարիատի առջև անսասան ու հպարտ կեցվածքով վեր խոյացավ թվով 11 քաջերի թևավոր խաչքար-հուշարձանը՝ ձեռքերը պարզած դեպի վեր։ Գլուխն ու ձեռքերը բրոնզից են, արձանի նյութը՝ բազալտ: Այն ունի 3, 5 մ. բարձրություն: Վերջինիս բացումը տեղի ունեցավ մեծ շուքով:
     Իսկ այն վայրում, որտեղ զոհվել էին հայոց քաջերը՝ կառուցվել է հուշաքար 11 արծիվների անուները վրան, հուշաղբյուր և նրանց ուրալը:
     Խոնարհվում եմ նրանց առջև և ասում՝ եթե չլինեին նրանք, այսօր չէինք լինի և մե՛նք:
     Այն մարմնացավ, որոշումից իրականսւթյուն դարձավ երկու տարի անց և կյանքի կոչվեց Աղասի Հակոբջանյանի, Աշոտ Մինասյանի և մի խումբ սիսիանցիների ֆինանսական աջակցությամբ:
     Արձանի հեղինակը քանդակագործ, պրոֆեսոր Գետիկ Բաղդասարյանն է, ով հեղինակել է նաև Համո Սահյանի արձանը՝ տեղադրված Սիսիանի հրապարակում:
     Եվ այստեղ է, որ պիտի ասել՝ հերոսի սխրանքն անմար է, անունը՝ հավե՛րժ:
     1996 թ.-ի ՀՀ կառավարության որոշմամբ` Վուրգ Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է "Մարտական խաչ" 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների և Արցախյան հերոսամարտում ունեցած ակտիվ մասնակցության համար արժանացել է §Արիության համար¦ շքանշանի:
     Ամեն տարի՝ հերոսի ծննդյան օրը տեղի են ունենում շքեղ ու փառահեղ պաշտոնական միջոցառումներ:
     2018 թվականն էլ բացառություն չեղավ: Կազմակերպվեց շքեղ մի միջոցառում, որի ժամանակ իրենց ուխտը կատարեցին ապրիլյան քառօրյա պատերազմում ու տարբեր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար զոհված անմահ հերոսների ընտանիքներ:
     Այս հարցում իր մեծ լուման ունի Սիսիանի այսօրվա քաղաքապետ Արթուր Սարգսյանը, ով տանտիրոջ իրավունքով ու բարձրամակարդակ կերպով ընդունեց, իր հյուրընկալ հարկի տակ հարգանքով լի հյուրասիրությամբ պատվեց մեր բոլոր հերոսներին և անմահ հերոսների հերոսածին ծնողնրին:
     Խորին երախտագիտություն նրան իր ՄԱՐԴ տեսակի համար, որ գիտի հիշել և հարգել սեփական ազգի հերոսներին ու նրանց ծնողներին:
     Իսկ սյունյաց աշխարհի քաջասիրտ մեր բազեին, սիսիանցի անվեհեր արծվին, անգեղակոթցի հսկային ասում եմ՝ փա՛ռք քո հիշատակին, ննջիր խաղաղությամբ հայոց աշխարհի առյուծ հսկա, դու հավե՛րժ մեր սրտերում ես, քեզ երբեք բացակա չենք դնի: Քո հերոսական ոգու առաջ խոնարհվում եմ, իսկ անձնուրաց սխրանքիդ առաջ պատվի առնում՝ ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ…
     Ահա, սիրելի ընթերցող, հայոց աշխարհի և սյունյաց սարերի մեր լեռ-հսկան:

«Հայրենյաց Պաշտպան Ազատամարտիկների Միավորում» ՀԿ-ի հոգեբան, «Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ.-ի գեղարվեստական մասի ղեկավար, «Քառօրյա պատերազմ» խմբի կանոնավորիչ և Հ.Ա.Բ. Ռ/Հ/Կ Երիտասարդական թևի անդամ՝ Մարինե Մանուկյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
6897 | 0 | 0
Facebook