Փողոցային առևտուրը օրվա ապրուստի միջոց: Օրենքով սահմանված տուգանքներ
Վերջին 20 տարիների ընթացքում երեւանցիներս վարժվել ենք փողոցային առեւտրի գոյությանը քաղաքի տարբեր անկյուններում: Ավելին` անգամ վատ սովորություն ենք ձեռք բերել՝ օգտվել փողոցների եզրերին, մայթերին՝ մեքենաների արտանետումներով, փողոցի փոշով ու ցեխով աղտոտված, թունավորված ու հազարումի հիվանդությամբ վարակված, առողջության համար վտանգավոր դարձած մթերքներից: Անցած տարի բողոքի բազմաթիվ ցույցեր անցկացրած առեւտրականներից շատերը, գործընկերների փոխանցմամբ, մեկ տարի է գործազուրկ են: Նրանք, ովքեր փորձում են ընդհատակյա առեւտուր անել, պնդում են, որ չեն կարող քաղաքապետարանի առաջարկած մինի շուկաներում տեղի վարձը վճարել, քանի որ առեւտրով ընդամենը օրվա հացի խնդիր էին լուծում եւ հիմա զրկվել են ապրուստի միակ միջոցից: «Քաղաքապետին դիմել ենք, որ անձամբ իր հետ հանդիպենք, հույս ունենք, որ [հանդիպումը] կկազմակերպվի, բայց ոչ մի լավ բան չենք սպասում, միայն ուզում ենք էս քաղաքից գնալ», - ասում էր առեւտրական կանանցից մեկը: Երեւանում փողոցային առեւտրի դեմ վերջին երկու տասնամյակում փորձել են պայքարել գրեթե բոլոր քաղաքապետերը՝ յուրաքանչյուրը պայքարի իր մեթոդները կիրառելով: Թերեւս միայն Կարեն Կարապետյանի օրոք հնարավոր եղավ քիչ թե շատ վերացնել այդ չարիքը, փողոցային առեւտրականների թիվը զգալիորեն նվազեց, ինչը հաստատում է նաեւ Արմեն Պողոսյանը: Բայց նրա դիտարկմամբ՝ Կարեն Կարապետյանի պաշտոնավարումից հետո փողոցային առեւտրականները նորից սկսեցին սնկի պես աճել: Այսօր իհարկե առեւտուրը նախկին ծավալներին չի հասել, սակայն այն, ինչ կա, մտահոգիչ է՝ հաշվի առնելով առեւտրի այդ տեսակի վտանգավորությունը բնակչության առողջության համար: Ոստիկանության տվյալներով՝ անցյալ տարի գրանցվել է փողոցային առևտրի կանոնների խախտման 2429 դեպք, որոնցից 995-ը՝ Երևանում: |
Abone ol ve malalelerin yayınla: