Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Նշանավոր գրողներն ինչպես են իրենց աշխատելու տրամադրել

17:21, salı, 12 haziran, 2018
Նշանավոր գրողներն ինչպես են իրենց աշխատելու տրամադրել

Վեպ գրելու համար, ինչպես գիտեք, նախ ներշնչանք է հարկավոր, բայց յուրաքանչյուր գրող իր առանձնահատուկ մուսան ունի, ընդ որում այդ մուսան միշտ և ամեն տեղ չէ, որ նրան այցելում է: Նշանավոր գրողներն ինչե՜ր են քաշել այդ մուսաների ձեռքը. խեղճերը բազում հնարքների են դիմել, որպեսզի գտնեն այն տեղն ու այն պահը, երբ գրելիք վեպի սյուժեն ու հերոսները իրենց գլխում լավագույն ձևով կտեղավորնեն: Կարծում եմ, քչերի մտքով է անցել, որ համաշխարհային գրականության հանճարեղ ստեղծագործությունները ստեղծվել են, մեղմ ասած, տարօրինակ պայմաններում:


     Ֆրանսիացի մեծ գրող ու իմաստասեր Ժան-Պոլ Սարտրը (1905 – 1980 թթ.) երեք ժամ առավոտյան է գրել, երեք ժամ՝ երեկոյան: Մնացյալ ժամանակը նվիրել է աշխարհիկ կյանքին ու հաճույքներին (ճաշկերույթներ, ընթրիքներ, ընկերների, ընկերուհիների ու մտերիմների հետ գինարբուք, թմրամիջոցներ): Այս կենսակերպը փիլիսոփա գրողին նյարդային հյուծման դուռն է հասցրել: Հանգստանալու փոխարեն՝ նա սկսել է ընդունել մինչև 1971 թվականը պաշտոնապես թույլատրվող «կորիդրան» հակադեպրեսանտը, որն անֆետամինի ու ասպիրինի խառնուրդ է: Սովորական չափաբաժնի փոխարեն (օրական՝ մեկ դեղահաբ), նա քսան դեղահաբ է կլանել: Առաջին դեղահաբը թունդ սուրճի հետ է խմել, իսկ մնացյալը գրելու ընթացքում դանդաղ ծամել է: Բայց դեղահաբերը նրա անկանոն կյանքի ընդամենը մի մասն են կազմել: Կենսագրի վկայությամբ՝ Սարտրն օրական երկու տուփ ծխախոտ է ծխել, մի քանի լիցք սև տաբակ, մեկ լիտրից ավելի ոգելից խմիչք է խմել (ներառյալ՝ վիսկի և օղի), 200 միլիգրամ անֆետամին է խմել ու կերել է ճարպոտ միս:


     Իսկ ամերիկացի գրող Մարկ Տվենը (1835 – 1910 թթ.) «Թոմ Սոյերի արկածները» վեպը գրել է ագարակում, որտեղ հատուկ նրա համար կառուցել են տաղավար-աշխատասենյակ: Գրելու ընթացքում նա տաղավարի պատուհանները կրնկի վրա բացել է ու թղթի եզրերին աղյուսներ է դրել: Տվենը ոչ մեկին թույլ չի տվել աշխատասենյակին մոտենալ, իսկ եթե նա որևէ մեկին խիստ անհրաժեշտ է եղել, փող են հնչեցրել: Երեկոյան նա օրվա ընթացքում գրածն ընթերցել է ընտանիքի անդամներին: Գրասեղանի մոտ աշխատելիս անդադար սիգար է ծխել, իսկ երբ մեկին հյուր է գնացել, հրաժեշտից հետո հյուրընկալողները ստիպված են եղել տունն օդափոխել: Գրելու ընթացքում նրա քունը չի տարել, և, ընկերների վկայությամբ, նա դրա դեմ պայքարել է գիշերները շամպայն խմելով: Բայց շամպայնը չի օգնել, և Տվենն ընկերներին խնդրել է, որ տանը միշտ գարեջուր լինի: Հետո նա հայտարարել է, թե անքնության դեմ ամենաարդյունավետ միջոցը վիսկին է: Տարատեսակ փորձերից հետո Տվենը երեկոյան ժամը տասին անկողին է մտել ու անսպասելիորեն քնել է: Այս ամենը նրան շատ է զվարճացրել և, ընդհանրապես, կյանքի բոլոր իրադարձությունները նրան շատ են զվարճացրել:


     Ֆրանսիացի կին գրող Ժորժ Սանդը (1804 – 1876 թթ.) մեկ գիշերում սովորաբար 20 էջ է գրել: Գիշերները գրելու սովորությունը նա մանկության տարիներից է ձեռք բերել, երբ օրվա ցերեկային ժամերին հարկ է եղել, որ խնամի հիվանդ տատիկին ու միայն գիշերն է ազատ եղել՝ սիրած զբաղմունքին տրվելու համար: : Հետագայում նա քնած սիրեկանին անկողնում է թողել ու կեսգիշերին գրասեղանին դրված մաքուր թղթերին է հանձնել իր սրտի կրակը: Առավոտյան նա հաճախ չի հիշել, թե կիսաքուն վիճակում ինչ է գրել: Թեպետ Ժորժ Սանդն անսովոր մարդ է եղել (տղամարդու հագուստներ է կրել ու սիրային կապ է հաստատել և՛ տղամարդկանց, և՛ կանանց հետ), այնուամենայնիվ դատապարտել է սուրճի, ալկոհոլի և ափիոնի չարաշահումը: Քունը հաղթահարելու համար շոկոլադ է կերել, կաթ է խմել կամ ծխախոտ է ծխել: «Երբ վրա է հասնում մտքերին ձև տալու պահը, պետք է լիովին տիրապետել ինքն իրեն՝ լինի դա բեմի սանդղակին, թե աշխատասենյակիդ ապաստարանում», - ասել է նա:


     Աշխարհահռչակ Ջեյմս Ջոյսն (1882 – 1941 թթ.) իր մասին հետևյալն է գրել.

«Նվազ բարեգործ, արտառոց արարքների ու ալկոհոլամոլության հակում ունեցող եմ»:

Նա իր կյանքի ընթացում երբեք իրեն չի պարտադրել կարգ ու կանոնի: Քնել է մինչև ժամը տասը, անկողնում սուրճ է խմել ու թեթև նախաճաշել: Ապրուստը վաստակել է անգլերենի ու դաշնամուրի դասեր տալով, մշտապես պարտքեր է վերցրել ու պարտատերերին կողմնակի, քաղաքականության մասին խոսակցություններով շեղել է, որպեսզի նրանք մոռանան պարտքի մասին: «Ուլիս» -ը գրելու համար նա ընդմիջումներով ծախսել է յոթ տարի: Այս ընթացքում գրքի ստեղծմանը տրամադրել է մոտավորապես 20 հազար ժամ: Մնացյալ ժամանակը ծախսվել է ութ հիվանդություն բուժելու և Շվեյցարիայում, Իտալիայում և Ֆրանսիայում ճանապարհորդելու վրա:


     Ֆրանսիացի հանրահայտ գրող Գյուստավ Ֆլոբերը (1821 – 1880 թթ.) հռչակավոր «Մադամ Բովարի» վեպը հինգ տարում է գրել: Աշխատանքը շատ դանդաղ ու տառապալից է ընթացել: «Բովարին առաջ չի գնում, մեկ շաբաթում ընդամենը երկու էջ եմ գրել: Հուսահատությունից ուզում եմ մռութս ջարդել», - գրել է նա:

Ֆլոբերն արթնացել է առավոտյան ժամը տասին, անկողնում կարդացել է օրվա թերթերը, իրեն հասցեագրված նամակները, ծխամորճ է ծխել, զրուցել է մոր հետ, այնուհետև լոգանք է ընդունել, նախաճաշն ու ճաշը համատեղել է, ապա զբոսանքի է գնացել: Մեկ ժամ պատմություն և աշխարհագրություն է դասավանդել իր ազգականուհուն, հետո նստել է բազկաթոռին ու մինչև երեկոյան ժամը յոթը կարդացել է: Առատ ընթրիքից հետո մի քանի ժամ նորից զրուցել է մոր հետ և, ի վերջո, գիշերվա մոտ նստել է գրելու: Տարիներ անց նա գրել է.

«Վերջ ի վերջո, աշխատանքը կյանքից ճողոպրելու լավագուն միջոցն է»:


     Դեդեկտիվ ժանրի անգլիացի տաղանդավոր կինը՝ Ագաթա Քրիստին (1890 – 1976 թթ.), երբ հարկ է լինում մի անկետա լրացնել այն ժամանակ, երբ արդեն տասը գրքի հեղինակ էր, «աշխատանքի տեսակը» տողի դիմաց գրել է՝ «տնային տնտեսուհի»: Նա ստեղծագործական աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ չի ունեցել, չի ունեցել ո՛չ աշխատասենյակ, ո՛չ գրասեղան: Գրել է ննջարանում՝ լվացվելու կոնքի համար դրված աթոռակի վրա, մեկ-մեկ էլ հաջողեցրել է ճաշասեղանը կարճ ժամանակով որպես գրասեղան օգտագործել:

«Պատահել է, որ անհարմար եմ զգացել գրելու համար առանձնանալ, բայց եթե հաջողվել է առանձնանալ, դուռը փակել եմ ու այնպես եմ արել, որ ոչ ոք չխանգարի: Այդ ժամանակ ես աշխարհի հետ կապող ամեն ինչի մասին մոռացել եմ», - գրել է նա:

Նկարում՝ Ջեյմս Ջոյսը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4735 | 0 | 0
Facebook