Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մի քանի պատում Ալեքսանդր Մեծի մասին

20:20, salı, 29 mayıs, 2018
Մի քանի պատում Ալեքսանդր Մեծի մասին

Պատանի Ալեքսանդրը (Մակեդոնացին) չի ուրախացել հոր՝ Ֆիլիպի հաջողություններով ու իր հասակակից տղաների մոտ մի քանի անգամ տրտնջացել է, թե հայրն իրեն ոչինչ չի թողել անելու: Ընկերներն արձագանքել են. «Բայց չէ՞ որ նրա ամեն մի ձեռքբերումն իր` Ալեքսանդրի համար է»:

«Ի՞նչ օգուտ – պատասխանել է Ալեքսանդրը, - եթե ես ունենալու եմ շատ բարիք և քիչ անելիք»:

*****
     Ալեքսանդրն արագավազ է եղել, և հայրը նրան առաջարկել է հանդես գալ Օլիմպիական խաղերում:

Երկար հորդորներից հետո նա համաձայնել է՝ ասելով. «Դե լավ, հանդես կգամ, բայց մրցակիցներս թագավորներ պետք է լինեն»:

*****
     Մի օր նրան կին են մատակարարում գիշերվա համար: Քանի որ կեսգիշերին էին կնոջը բերել, նա նրան հարցնում է.

«Ինչո՞ւ ես այսքան ուշ ժամի եկել», և կինը պատասխանում է» . «Սպասել եմ՝ մինչև ամուսինս քնի»:

Լսելով այս խոստովանությունը՝ Ալեքսանդրը խստորեն պատժել է ծառաներին, որոնց պատճառով ինքը քիչ էր մնացել շնացող դառնար:

*****
     Աստվածներին երկրպագելիս ու զոհաբերություն կատարելիս Ալեքսանդրը միշտ շռայլ է եղել, իսկ խնկարկություն կատարելիս ամենևին խնայողաբար չի ծխեցրել հեռուներից բերվող այդ թանկարժեք բույսը: Նրա հորեղբայր Լեոնիդասը մի անգամ ստիպված է լինում նրան դիտողություն անել.

«Երբ որ տիրես խնկառատ երկրների, այն ժամանակ էլ զոհաբերություն կատարելիս այդ աստիճան վատնողաբար վարվիր»:

Անցնում են տարիներ, և երբ Ալեքսանդրը նվաճում է խնկատու երկրները, Լեոնիդասին հետևյալ նամակն է ուղարկում.

«Քեզ եմ առաքում մեկ ամբողջ տաղանդ խունկ ու դարչին, որպեսզի դու մանրախնդրություն հանդես չբերես աստվածների հանդեպ»:

*****
     Զորքերին նախապատրաստելով պարսից արքա Դարեհ 3-րդի դեմ առաջին խոշոր՝ Գրանիկեի ճակատամարտին, Ալեքսանդրը հանձնարարում է, որ իր զինվորները կուշտ ուտեն, սպառեն բանակի սննդի ամբողջ պաշարը, որովհետև հաջորդ օրն իրենք հյուրասիրվելու են թշնամու սննդամթերքով:

*****
     Ալեքսանդրի զորահրամանատարներից մեկը, որը նրա մտերիմ բարեկամն էր, իր ամուսնացող աղջկա համար օժիտ է խնդրում: Ալեքսանդրը կարգադրում է նրան հիսուն տաղանդ գումար տալ: Աղջկա հայրն ասում է, թե տասը տաղանդն էլ բավական է:

«Վերցնելու համար քեզ այդքանը բավական է, - ասում է Ալեքսանդրը, - բայց տվողիս համար այդքանը բավական չէ»:

*****
     Ալեքսանդրը գանձապահին հանձնարարում է փիլիսոփա Անաքսարքոսին տալ այնքան գումար, որքան ինքը կխնդրի: Հանձնարարությունը կատարելու միջակայքում գանձապահն Ալեքսանդրին զեկուցում է, թե փիլիսոփան հսկայական գումար (100 տաղանդ) է խնդրում:

«Հիանալի է, - ասում է Ալեքսանդրը, կնշանակի նա գիտե, որ ինքը մի այնպիսի բարեկամ ունի, որն ուզում է ու կարող է այդպիսի նվեր տալ իրեն»:

*****
     Հունական քաղաք-պետություններից մեկը` Միլեթը, գրավելուց հետո Ալեքսանդրը շրջայց է կատարում: Տեսնելով Օլիմպիական խաղերում հաղթած բազմաթիվ միլեթցի մարզիկների արձանները` նա ասում է.

«Իսկ որտե՞ղ էին այս բոլոր մարզիկները, երբ բարբարոսները գրավում էին ձեր քաղաքը»:

*****
     Հերթական ճակատամարտին նախապատրաստվելու համար անհրաժեշտ կարգադրություններ անելուց որոշակի ժամանակ անց նա գալիս է ստուգայցի: Զորահրամանատարները հարցնում է, թե թագավորն արդյո՞ք ունի հավելյալ կարգադրություններ: Ալեքսանդրը պատասխանում է.

«Չունեմ, միայն թե թող բոլոր մակեդոնացինեն իրենց մորուքները սափրեն»:

Զորահրամանատարներից մեկը` Փարմենիոնը, զարմանում է այս հանձնարարության առթիվ, և Ալեքսանդրն ասում է.

«Մի՞թե դու չգիտես, որ մարտի ժամանակ ամենահեշտը մորուքից կառչելն է»:

*****
     Անխուսափելի պարտության մոտալուտ լինելը զգացած Դարեհ 3-րդը պատվիրակություն է ուղարկում Ալեքսանդրի մոտ` առաջարկելով 10 հազար տաղանդ ոսկի և իր ամբողջ թագավորության կեսը:

Վերն հիշատակված Փարմենիոն զորահրամանատարին դուր է գալիս առաջարկը, և նա Ալեքսանդրին ասում է.

«Եթե ես Ալեքսանդրը լինեի, կընդունեի առաջարկը»:

«Զևսը վկա, - արձագանքում է մակեդոնացիների արքան, - ես էլ կհամաձայնեի այդ առաջարկին, եթե Փարմենիոնը լինեի», ապա Դարեհի դեսպաններին ասում է, թե ինչպես երկրի վրա երկու արև չի լինում, այնպես էլ Ասիան երկու թագավոր չի կարող ունենալ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5072 | 0 | 0
Facebook