Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ռուսաստանի երկդիմի խաղը: «Առևտրական հայերը կցանկանա՞ն արդյոք իրենց ներկան փոխել ավելի լավ ապագայի հետ» (նախորդի շարունակությունը)

09:34, cumartesi, 17 mart, 2018
Ռուսաստանի երկդիմի խաղը: «Առևտրական հայերը կցանկանա՞ն արդյոք իրենց ներկան փոխել ավելի լավ ապագայի հետ» (նախորդի շարունակությունը)

Հենց որ գեներալ Պոտյոմկինը տեղ է հասնում, իշխան Գրիգորի Պոտյոմկինի հանձնարարությամբ, հետևյալ հարցերն է տալիս Արղությանին.


     «Մեծ Հայաստանի երկիրը, ընկնելով օրենքով անմաքուր թուրքերի ու պարսիկների ձեռքը, այնքան երկարատև գերությունից հետո արդյոք դեռ ունի՞ մարդու համար այնքան կարևոր ազատ ոգու ուժ: Գերությունն ու զանազան ճնշումներն արդյո՞ք սրտերի մեջ չեն ոչնչացրել ազնիվ զգացմունքները: Արդյո՞ք հայերի բանականության ուժը, օրենքը և հավատի ամրությունն այնքան ներգործուն են, որ սրտերի ներքին տրամադրվածությունը հակված լինի խորտակելու նրանց ճնշող լուծը: Ընդհանրապես հայտնի է, որ այն բոլոր մարդիկ, որոնք առևտրով են զբաղվում, իրենց մեջ խլացնում են ամեն մի զգացմունք` պահպանելով միայն անհագությունը դեպի իրենց շահն ու եկամուտը: Առևտրական հայերը կցանկանա՞ն արդյոք իրենց ներկան փոխել ավելի լավ ապագայի հետ: Արդյո՞ք հավատն ու բարեպաշտությունը հայերի մեջ այնքան ուժեղ են, որ դրանց միջոցով հնարավոր լինի նրանց դրդել: Կաթողիկոսն ի՞նչ հարգ ունի հայերի մեջ: Մելիքները նրան մատուցո՞ւմ են արդյոք սրբազան աստիճանին պատշաճ հարգանք, ի՞նչ միջոցներ կան ժողովրդին հաճոյանալու, մելիքների հավատարմությունն ապահովելու և հոգևորականությանը գրավելու համար: Խնդրում եմ ձերդ սրբազնությանը հայտնել ինձ, թե որքա՞ն հեռու է տարածվում վրաց Հերակլ թագավորի դաշնությունը հայերի հետ և ի՞նչ դիրք ունի Հերակլն այն խաների նկատմամբ, որոնք նրա երկրին սահմանակից են: Քանի՞ մելիք և մոտավորապես որքա՞ն ժողովուրդ կա Ղարաբաղում: Կարո՞ղ ենք պաշար ստանալ զորքերի համար (հաց, անասնակեր և այլն): Ի՞նչ նավարկելի գետեր կան, որոնցով կարելի լինի հեշտությամբ տեղափոխել պարենը: Ո՞ր գավառում է պաշարը շատ, և ո՞ր գավառում` քիչ: Որտե՞ղ ինչ տեսակ հաց կա, որովհետև այս հանգամանքը բոլոր գործերի հիմքն է: Երբ զորքը կուշտ է, այն նաև եռանդուն է: Վա~յ այն զորավարին, որը զորքին կերակրելու մասին չի մտածում»:

Ստանալով այս հարցերի պատասխանները, իշխան Պոտյոմկինը Եկատերինայի անունից Արղությանին հանձնարում է հուսադրել Ղարաբաղի մելիքներին, և Արղությանը մեծ հոժարությամբ կատարում է հանձնարարությունը` համապատասխան գրություններ ուղարկելով Գանձասարի վանք: Աղվանքի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը վերստին համարձակությամբ է համակվում ու վանքի դռները բացում է մելիքների ու յուզբաշիների ժողովի գումարման համար: Հոգևորականության ու ժողովրդի գլխավորների ներկայությամբ` ժողովը հանդիսավոր կերպով հպատակություն է հայտնում Ռուսաստանին, և ժողովի մասնակիցներն իրենց հավատարմությունը հաստատում են խաչն ու Աստվածաշունչը համբուրելով ու գրավոր խոստման տակ ստորագրելով: Ժողովի որոշմամբ` Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանն ընտրվում է մելիքների ներկայացուցիչ Ռուսաստանում:

1783 թվականի մարտի 5-ին Գանձասարի ժողովականները գրում են առաջին հավաքական աղերսագիրը, որն ստորագրում են Հովհաննես կաթողիկոսը, վեց եպիսկոպոս և վեց մելիք: Մեկ ամիս անց իշխան Պոտյոմկինը գեներալ Պոտյոմկինին հրամայում է. «Շուշու Իբրահիմ խանին պետք է պաշտոնանկ անել, որովհետև Ղարաբաղն այսուհետև կլինի անկախ, բացի Ռուսաստանից ոչ ոքի չենթարկվող երկիր: Ամեն ջանք գործ դրեք, որ այս նոր երկիրը կազմակերպվի ժողովրդի համար ամենաշահավետ կերպով: Սա կգայթակղի հայկական մյուս նահանգներին, և դրանք բոլորը կհետևեն այս օրինակին»:

Խաբեության մեքենան այլևս գործի էր դրված, և հայերը գրեթե համոզված էին, որ Ռուսաստանի կայսրուհին որոշել է Ղարաբաղում ստեղծել մի հայկական իշխանություն` մելիքներից մեկի գլխավորությամբ, ապահովել այդ իշխանության անվտանգությունը, որպեսզի մյուս տեղերի հայերը գայթակղվեն և հետզհետե միանան այդ իշխանությանը, մինչև կազմավորվի մի ուժեղ հայկական պետություն:

Թվում էր, թե այլևս ոչ մի խոչընդոտ չկա հայության երազանքն իրականացնելու ճանապարհին, և ուր որ է կարվի առաջին նշանակալի քայլը, և Իբրահիմ խանն ասպարեզից կհեռացվի: Բայց, ավաղ, հենց Իբրահիմ խանն է առաջին հզոր հարվածն հասցնում հայերի փայփայած հուսերին ու հայոց պետություն ստեղծելումասին ռուսների տված դատակ խոսումներին: Շուշի բերդի տերը կարողանում է խաբել իշխան Պոտյոմկինին, զսպաշապիկ հագցնել նրա, Արղությանի ու Լազարյանի եռանդին:

Իբրահիմ խանը գիտեր, որ Վրաստանի Հերակլ թագավորը պատրաստվում է հպատակվել Ռուսաստանին, և ռուսական զորքերը շուտով կհայտնվեն Հարավային Կովկասում: Դավաճան հայերի միջոցով նա տեղեկանում է Գանձասարի կաթողիկոսի ու Պոտյոմկինի միջև ընթացող բանակցությունների մասին: Այս տեղեկություններն ստանալու գործում Իբրահիմ խանին օգնում է Իսրայել կաթողիկոսը: Նա մելիք Հաթամի հետ Ղարաբաղ էր վերադարձել ու այնքան էր մտերմացել խանի հետ, որ խանը սկսում է Սիմոն կաթողիկոսից պահանջել, որ Իսրայելը Աղվանքի կաթողիկոս ճանաչվի:

Զարգացումներն հուշում էին, որ մոտեցել է ռուսական արշավանքի ժամանակը: Քանի որ Իբրահիմ խանը չէր կարող դիմադրել, գործի է դնում երկդիմի խաղը, մանավանդ որ գեներալ Պոտյոմկինը, վերադասի կարգադրությամբ, նույնպես երկդիմի խաղ էր խաղում և բանակցություններ էր սկսել նաև Իբրահիմի հետ: Խանը հասկացել էր, որ ռուսները պատրաստ են սակարկել, և եթե ինքը համաձայնի հպատակության պատրաստակամություն հայտնել Ռուսաստանին, Պոտյոմկինի քրիստոնեասեր քաղաքականությունը խոսքից անդին չի անցնի: Եվ ահա, նա պատվիրակություն է ուղարկում Պոտյոմկինի մոտ` հանձնարարելով նրան հայտնել, որ ինքը պատրաստ է հպատակվել Ռուսաստանին ու դառնալ նրա հարկատուն: «Վաղուց է, - գրել է խանը, - ինչ ես տրամադրված եմ դառնալ ռուսական ամենաողորմած գահի և անհուն առատաձեռնությամբ գահակալող կայսրուհու հավատարիմ ու ջերմեռանդ ստրուկը…Բարձրյալից սպասելով մի հարմար առիթի, որ հայտնեմ իմ ջերմեռանդությունը, ես հոգուս խորքում վշտանում էի»:

Պոտյոմկինը պատասխանում է, թե նրա վիշտն ու ամոթխածությունն ավելորդ են, որովհետև դեռ երբեք չի եղել, որ Ռուսաստանի հովանավորությունը խնդրողներից մեկը մերժում ստանա: «Ռուսաստանի հովանավորությանը դիմելը, - շեշտել է ռուս գեներալը, - ամենալավ միջոցն է պահպանելու բոլոր տիրապետական իրավունքները»: Եվ, իբրև օրինակ, Պոտյոմկինը մատնանշում է Ղրիմի Գիրեյ խանին:

Այս ամենն ավելի քան հստակորեն ցույց են տալիս, որ Եկատերինան հայոց ազատագրութան կարգախոսի ներքո կայսրության շահն էր առաջ մղում, իսկ այդ շահն այն էր, որ Ղարաբաղի խանությունը Ռուսաստանի մաս դարձնի: Ահա թե ինչ է գրել Եկատերինան իշխան Պոտյոմկինին.
     «Ինչ վերաբերում է Իբրահիմ խանին, ապա եթե նրան Ռուսաստանի հպատակության ներքո առնելու գործում դժվարություն կամ կասկածելի հանգամանք չկա, հավանաբար մենք կարող ենք ուղեցույց ընդունել այն, ինչ արել ենք Հերակլ թագավորի հետ: Այս դեպքում դուք պետք է գեներալ Պոտյոմկինին հանձնարարեք նրա (Իբրահիմի) հետ կնքել դաշնագիր, որով նա պիտի հպատակվի գահին և ճանաչի իմ ու իմ ժառանգների բարձր իշխանությունն իր և իր ժառանգների վրա: Կայսրության կազմում այսպիսի պայմաններով ընդունումը կարող է դառնալ ռուսական տիրապետության մեղմության ապացույց և Անդրկովկասի մեր շատ հարևաններին կդրդի հետևել այս երկու տիրապետողների օրինակին»:

Իշխան Պոտյոմկինն Իբրահին խանին հայտնում է, որ եթե նա հավատարիմ մնա Ռուսաստանին և միշտ կատարի կայսերական հրամանները, կընդունվի ռուսական հպատակության մեջ: Բայց խանը սկսում է ձգձգել հպատակություն հայտնելը և նույնիսկ ձեռնամուխ է լինում Շուշու բերդն ամրացնելու գործին: Գեներալ Պոտյոմկինը շտապում է նախազգուշացնել, որ նրա ամրությունները ռուսական զորքերի համար խոչընդոտ չեն, ու պահանջում է անմիջապես հնազանդություն հայտնել:

Այս առաջարկությունն անպատասխան է մնում, և իշխան Պոտյոմկինը մայիսի 19-ին գեներալ Պոտյոմկինին գրում է.

«Հայերին հաճեցեք փաղաքշել և նրանց մեջ պահպանել բարի տրամադրությունը Ռուսաստանի հանդեպ, որպեսզի նրանք պատրաստ լինեն եռանդով կատարել այն ձեռնարկումները, որ կպահանջեն հանգամանքները և մեր գործերի օգուտը»:


     (շարունակելի)


     Նկարում` իշխան Գրիգորի Պոտյոմկինը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4056 | 0 | 0
Facebook