Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայաստանի հայաթափումն սկսվել է Եկատերինա 2-րդի ժամանակներից, և դրան օժանդակողը Ռուսաստանում բարձր դիրքի հասած հայերն են եղել (նախորդի շարունակությունը)

08:26, perşembe, 15 mart, 2018
Հայաստանի հայաթափումն սկսվել է Եկատերինա 2-րդի ժամանակներից, և դրան օժանդակողը Ռուսաստանում բարձր դիրքի հասած հայերն են եղել (նախորդի շարունակությունը)

Անգլիայի ու Ֆրանսիայի միջև ընթացող երկարատև պատերազմի պատճառով փակվել էին դեպի Հնդկաստան տանող ծովային ուղիները, և մի քանի խոշոր վաճառատներն իրենց ապրանքներն ուղարկում էին ցամաքային ճանապարհով` Պարսկաստանով դեպի Կասպից ծով և Ռուսաստան: Ռուսաստանի կառավարությունը որոշում է օգտվել այս նպաստավոր վիճակից ու ստեղծել այնպիսի պայմաններ, որ այդ ճանապարհը միշտ բաց ու ապահով լինի, և Հնդկաստանից արտահանվող ապրանքները Կասպից ծովի հարավային ափերից ջրային ճանապարհով հասցվեն Պետերբուրգ և այնտեղից արտահանվեն Եվրոպա: Այս նպատակն իրագործելու համար հարկավոր էր նվաճել Կասպից ծովի ափերը: 1779 թվականի վերջերին Պետերբուրգ է կանչվում հռչակավոր Սուվորովը, որին Եկատերինան հանձնարարում է իրականացնել Կասպից ծովի ափամերձ տարածքները զավթելու ծրագիրը: Պոտյոմկինը մանրամասնորեն հրահանգավորում է Սուվորովին` առաջարկելով գնալ Աստրախան և այնտեղ ուսումնասիրել ռազմարշավի տարբերակները: Ինչպես Պետրոս կայսեր ժամանակ, այնպես էլ այս դեպքում Կասպից ծովի ափերի զավթմանը զուգահեռ բարձրաձայնվելու էր Հարավային Կովկասի քրիստոնյաների «ազատագրման» հարցը: Միայն քրիստոնյա տարրի աջակցությամբ Ռուսաստանը կարող էր հաստատվել այդ տարածքներում:

Այս անգամ Հայաստանին անկախացման խոստում էր տրվում, որպեսզի այն պատվար դառնա Թուրքիայի դեմ: Ռուսաստանի իշխանությունների հետ այս թեմայով բանակցությունները վարում էին Լազարյանն ու Արղությանը: Նրանք պատրաստել էին Հայաստանի քարտեզը: Ըստ նրանց ներկայացրած ծրագրի` ստեղծվելու էր Ռուսաստանից վասալական կախման մեջ գտնվող հայկական պետություն: Երկու երկրների հարաբերությունները պետք է որոշվեին հատուկ դաշնագրերով: Դրանցից մեկը պետք է ստորագրեին հայերը, իսկ մյուսը` Ռուսաստանի կառավարությունը: Բայց այդ թղթերն այդպես էլ անստորագիր ու անվավեր մնացին, որովհետև Ռուսաստանն ընդամենը խոստացել էր ու ոչինչ ավելին: Այս երկիրը գործը դաշնադրության հասցնելու ցանկություն երբեք էլ չի դրսևորել, և արդարացի չեն այն մեղադրանքները, թե Ռուսաստանը չի հարգել իր ստորագրությունը, թե խաբել է հայերին: Այո', խաբել է` ինչպես միշտ, բայց կայսերական Ռուսաստանը հայկական պետություն ստեղծելու մտադրություն երբեք էլ չի ունեցել:

1780 թվականի հունվարի առաջին իսկ օրերից Պետերբուրգում Լազարյանի ու Արղությանի հետ բավականին «լուրջ» քննարկումներ են սկսվում խնդրո առարկա հարցի շուրջ, իսկ հունվարի 3-ին Սուվորովն իր մոտ է կանչում Լազարյանին ու Արղությանին ու խնդրում է ներկայացնել նվաճվելիք տարածքներում տիրող վիճակը: Լազարյանը մանրամասն ներկայացնում է իր տրամադրության տակ եղած տեղեկությունները, քարտեզի վրա ցույց է տալիս Հայաստանի գավառներն ու գլխավոր քաղաքները:

Սուվորովը մի խորհրդակցություն էլ հրավիրում է հունվարի 13-ին: Այն ամբողջությամբ նվիրված է եղել Խամսայի մելիքություններին, որոնք, ըստ ծրագրի, պիտի կազմեին ապագա Հայաստանի կորիզը:

Այս քննարկումների ընթացքում, որը հայ պատմագրության մեջ «բանակցություններ» մեծադղորդ եզրով է բնորոշվել, Հովհաննես Լազարյանը Սուվորովին մի գրավոր զեկույց է ներկայացրել, որում բացատրել է, թե ՊարսկաՀայաստանը ինչպես պետք է նվաճվի Ռուսաստանի կողմից: Զեկուցագրում հետևյալն է շարադրված.

«Մի քանի դար է, ինչ Հայաստանը զրկվել է իր թագավորից և կառավարությունից, շատ տեղերի տիրել են թուրքերը և պարսիկները, իսկ մի փոքրիկ մասը, այսինքն՝ Ղարաբաղը, այժմ մնում է անկախության մեջ: Բայց եթե ազգից մի որևէ գլխավոր դուրս գա, Հայաստանը կարող է շատ հեշտությամբ վերականգնվել, և կարճ ժամանակամիջոցում տեղի կունենա ժողովրդի բավականին մեծ հոսք դեպի Հայաստան: Բնական ամրությունները կարող են ինքնապաշտպանության բավականին հուսալի միջոցներ դառնալ, բարեբեր հողն ու կլիման երաշխիք են բոլոր անհրաժեշտ մթերների ապահովման: Այստեղ կարող են նույնիսկ սեփական վառոդը, երկաթն ու արճիճը ստանալ: Ղարաբաղի մելիքները թեև ոչ ոքից կախում չունեն, բայց իրենց անհամաձայնությամբ պատճառ են դարձել, որ իրենց ուժերը ջարդվեն: Բացի այդ, այդ հայ իշխողների տգիտությունն ամբողջովին անպետք է դարձնում նրանց՝ թե՛ իրենց, թե՛ ամբողջ ազգի համար:

Մյուս վայրերի հայերը, գտնվելով պարսից իշխանության ներքո, հարստահարված են, և նրանց մեծ մասը Թուրքիա է փախել: Եթե ժողովրդի ընտրությամբ կամ բարձրագույն (այսինքն՝ կայսրուհու) բարեհաճությամբ, ազգից մի գլխավոր դուրս բերվեր, սկզբի համար այդ էլ բավական կլիներ, որ նա հաստատվեր Դերբենդում, և նրան օգնություն տրվեր տիրելու Շամախուն և Գանձակին: Այդ ժամանակ Ղարաբաղից և Սղնախից, որոնք անկասկած կմիանան, բավականաչափ զորք հավաքելով՝ կարող են Երևանն ու ուրիշ քաղաքներ գրավել: Դրա համար հարկավոր է երկու կամ երեք հազարից ոչ ավելի զորք՝ երկու տարով, մինչև այդ գլխավորը գրավի Երևանը: Դրանից հետո հայկական գավառների եկամուտներով, առանց որևէ պակասություն զգալու, կարելի է պահել զորքի մի մեծ քանակություն: Բայց հայոց գլխավորն սկզբում պիտի փոքր քանակության թնդանոթաձիգ և հետևակ զորք ունենա, որպեսզի կարողանա պաշտպանվել և ապահով լինել, մինչև ազգային զորքը ռազմական գործին տիրապետի: Դրանից հետո այդ զորքը կկարողանա ամրացնել սահմաններն ու պաշտպանվել Թուրքիայի ու Պարսկաստանի հարձակումներից: Այսպիսի մեկ ձեռնարկումը, անկասկած, կարող է գլուխ գալ կայսերական մեկ խոսքով և շատ հեշտորեն, և կարճ ժամանակում ոչ միայն հավիտենորեն կամրապնդվի Ռուսաստանի փառքը, այլև ապագայում կարող է ծառայել Թուրքիային և Պարսկաստանին ճնշելու գործին, որովհետև երբ հայ ժողովուրդը համախմբվի իր կառավարության իշխանության ներքո և մի քիչ տարածի իր սահմանները, այն ժամանակ ավելի մեծ եկամուտներ կստանա, քանի որ կունենա առատ բերք տվող շատ տարածքներ և մշտապես կպահի 15-ից 20 հազար զորք, իսկ Թուրքիայի կամ Պարսկաստանի դեմ պատերազմ ծագելու դեպքում կկարողանա 60 հազար և ավելի զորք հավաքել: Բացի դրանից, նույն ազգը կպարտավորվի անհրաժեշտության դեպքում Ռուսաստանին տրամադրել այնքան զորք, որքան ի զորու կլինի տվյալ դեպքում, և միշտ երախտապարտ կլինի Ռուսաստանին իր փրկության ու վերածննդի համար»:

Սուվորովը գալիս է Աստրախան և այնտեղ երկու տարի մնալու արդյունքում համոզվում է, որ դեպի Հնդկաստան ճանապարհ բացելու ծրագիրն անիրագործելի է: Բայց Սուվորովն այդ երկու տարում կարողանում է կապ հաստատել հայ մելիքների հետ, և Ղարաբաղում նորից արթնանում է հույսը:

1781 թվականին Սուվորովին հետ են կանչում: Նրան փոխարինում է կոմս Վոյնովիչը, բայց սա էլ շոշափելի արդյունքի չի հասնում:

1780 թվականին Սիմեոն կաթողիկոսին փոխարինում է Ղուկասը, որը, Արղությանի խորհրդով, բարեկամական հարաբերություններ է սկսում իշխան Պոտյոմկինի ու Ռուսաստանի այլ պետական ու եկեղեցական գործիչների հետ: 1782-ի աշնանն Էջմիածին է գալիս ոմն բժիշկ Յակուբ, որը Ղուկաս կաթողիկոսին է հանձնում Պոտյոմկինի նամակն ու ընծաները: Նա խորհրդակցություններ է վարում կաթողիկոսի հետ ու Պոտյոմկինին զեկուցում է, որ ինքը հավանություն է տալիս արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանի և Հովհաննես Լազարյանի բանակցություններին: Նույն թվականի աշնանը Պոտյոմկինը Հյուսիսային Կովկասի կառավարիչ և զորքերի հրամանատար է նշանակում իր ազգականին` գեներալ Պոտյոմկինին` հանձնարարելով սերտացնել հարաբերությունները Հարավային Կովկասի քրիստոնյաների հետ: Գեներալ Պոտյոմկինը թեպետ օրհասի է հասցնում քրիստոնյաների ազատագրման գործը, բայց կարողանում է ճանապարհ հարդարել Հարավային Կովկասում Ռուսաստանի գերիշխանությունն հաստատելու համար:

(շարունակելի)

Նկարում՝ Հովհաննես Լազարյանը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4292 | 0 | 0
Facebook