Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բացահայտման բացահայտումը. Ռուբեն Եսայանի «Բացահայտում» հաղորդման վերլուծություն:

11:10, çarşamba, 14 mart, 2018
Բացահայտման բացահայտումը. Ռուբեն Եսայանի «Բացահայտում» հաղորդման վերլուծություն:
    

    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Դիտարկվող տեսանյութը --» https://youtube.com/watch?v=dKqIXJYrI9Y

     Ցավալի է, բայց փաստ, որ հայ հասարակությունն առանձնահատուկ սեր ունի միստիկայի ու դավադրության տարատեսակ տեսությունների նկատմամբ: Ուստի բնական է, որ այդ թեմատիկայով տեսանյութերը մեծ տարածում են գտնում, իսկ դրանցում ներկայացվող տեղեկություններն ընկալվում են, որպես բացարձակ ճշմարտություն: Մարդիկ ավելի հակված են հավատալու Youtube-յան մեկ հոլովակին, քան հազարավոր գիտական հետազոտությունների արդյունքներին: Այդ ֆորմատի մեջ է նաև Ռուբեն Եսայանի «Բացահայտում» շարքը, որի վերջին թողարկումը նվիրված էր Աստծո թեմային: Ռեժիսուրայի տեսանկյունից հաջողված այս հոլովակը բովանդակության առումով, մեղմ ասած, հեռու է ճշգրիտ լինելուց: Նկատելով տեսանյութի նկատմամբ հանրության բուռն արձագանքը, որոշեցինք համառոտ կերպով անդրադառնանալ հոլովակում առկա հիմնական կեղծիքներին ու տրամաբանական սխալներին:

     1. ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

     Տեսանյութը սկսվում է Քրիստոսի ծնունդը «կանխագուշակած» մարգարեությունների հիշատակմամբ: Քրիստոնյաները հաճախ փորձում են ապացուցել Հիսուսի «մեսիա» լինելը` մատնանշելով, որ նրա ծնունդն ու կենսագրությունը համապատասխանում են Հին Կտակարանի մարգարեություններին: Նրանք հաշվի չեն առնում, որ Ավետարանը շարադրողները լավ տեղյակ էին Աստվածաշնչի արդեն եղած գրքերի տեքստին, ուստի հեշտությամբ կարող էին նոր պատմությունը հարմարեցնել հին մարգարեություններին (նույն կերպ կարելի է Հարի Փոթեր շարքի գերբնականությունն ապացուցել՝ նշելով, որ առաջին գրքի մարգարեությունները ճշգրիտ իրականանում են վերջին գրքում) Չնայած դրան գոյություն ունեն չիրականացած, սխալ իրականացած և սխալ մեկնաբանված բազմաթիվ մարգարեություններ, որոնք հրեա ռաբբիները սիրով մատնանշում են` Հիսուսին «կեղծ մեսիա» որակելու նպատակով: Աստվածաշնչի մի հատվածը մեկ այլ հատվածով ապացուցելը նմանվում է տրամաբանական հայտնի սխալներից մեկին՝ «արատավոր շրջանին» (լատ. circulus vitiosus), երբ պնդման ապացույցը ստացվում է հենց պնդումից: Պարզ ասած Աստվածաշնչում գրվածը ճիշտ է, որովհետև Աստվածաշունչում գրված է, որ այն ճիշտ է»:

     2 ՀԻՍՈՒՍԻ ԱՐՏԱՔԻՆԸ

     Ըստ հեղինակի չորս ավետարանները միակն են, որ տեղեկություն են տալիս Հիսուսի կյանքի մասին: Իրականում այդ կիսաառասպելական կամ լրիվ առասպելական անձնավորության մասին պատմող մի քանի տասնյակ ավետարան-ապոկրիֆներ կան, որոնք եկեղեցին մերժել և մի կողմ է շպրտել պաշտոնական պատմությանը հակասելու պատճառով: Հեղինակը նույնպես հակասում է ինքն իրեն, քանի որ 4 ավետարանիչներին «միակ» անվանելուց հետո սկսում է պատմել Հիսուսի հնդկական արկածներին նվիրված մեկ այլ ձեռագրի մասին: Խոսելով Քրիստոսի արտաքինի մասին հաղորդավարը նկատում է, որ Աստվածաշնչում Հիսուսի արտաքինը նկարագրված չէ և ասում է՝ «Յուրաքանչյուրը, կարդալով Ավետարանը, իր ձևով է պատկերացնում Քրիստոսին: Այս ամենում զարմանալի է միայն մի բան` ինչո՞ւ են Քրիստոսի արտաքինի մասին բոլորի պատկերացումները համընկնում իրար»: Զարմանալի ոչինչ չկա: Պատկերացումները նույնն են, քանի որ գոյություն ունի Հիսուսի դասական արտաքին, որը հայտնի է ֆիլմերից, գրքերից և իհարկե սրբապատկերներից: Չնայած դրան տարբեր երկրների հավատացյալները տարբեր դիմագծեր են շնորհում իրենց սիրելի փրկչին: Արևմուտքում հաճախ մոռանում են Հիսուսի հրեական ծագման մասին ու նրան պատկերում են շիկահեր ու կապուտաչյա տղամարդու տեսքով: Եթովպիայի եկեղեցիներում կարելի է տեսնել սևամորթ Հիսուսի սրբապատկերներ, իսկ Կորեայում ու Ճապոնիայում նրան երբեմն պատկերում են ասիական հագուստով ու դիմագծերով:
Հետաքրքրական է նաև, որ «փրկիչը» գրեթե միշտ երկար մազերով է պատկերվում, մինչդեռ Աստվածաշունչն ասում է՝ «հէնց բնութիւնն ինքը չէ՞ սովորեցնում ձեզ, որ եթէ տղամարդը երկար մազեր ունենայ, այն անարգանք է նորան» (Ա Կորնթացիս 11: 14):
Ավետարաններում Հիսուսի արտաքինի նկարագրությունը բացակայում է այն պարզ պատճառով, որ Աբրահամյան կրոններում ընդունված չէ, հաճախ նաև արգելված է, աստվածների (Իսլամում նաև մարգարեի) պատկերումը: Սա արվում նրա համար, որ մարդիկ կուռքեր չշինեն և Աստծո փոխարեն չսկսեն պաշտել նրա պատկերով առարկաներ (օրինակ սավան):

     3. ՄԵԾՆ ՀԵՔԻԱԹԱԳԻՐ ՆԻԿՈԼԱՅ ՆՈՏՈՎԻՉԸ

     Ռուբեն Եսայանը անդրադառնում է նաև ռուս (ծագումով հրեա) լրագրող Նիկոլայ Նոտովիչի կողմից հրատարակված «Հիսուս Քրիստոսի անհայտ կյանքը» կամ «Տիբեթյան ավետարանը» գրքին: Հիսուսի կյանքի անհայտ հատվածը նկարագրող գտածոն, իրոք, իսկական սենսացիա կարող էր դառնալ, եթե իհարկե գոյություն ունենար: Բայց արի ու տես, որ Նոտովիչի կազմած «Տիբեթյան ավետարանը» և դրա հայտնաբերման պատմությունը հայտնի է միմիայն Նոտովիչի խոսքերից: Օրիգինալ ձեռագրերը ոչ ոք չի տեսել և դրանց գոյության ապացույց չկա: Գրքի հրատարակումից որոշ ժամանակ անց` 1894 թվականին, հայտնի բանասեր ու կրոնագետ Մաքս Մյուլերն այցելել է նկարագրված վայրերը և տեղացիներին հարց ու փորձ անելով պարզել է, որ ոչ ոք Նոտովիչին և անունով մարդու չի հիշում: Մեկ տարի անց Նոտովիչի ճանապարհորդությունը կրկնել է Ագրայի քոլեջի պրոֆեսոր Ջեյմս Դուգլասը: Նա այցելել է «Հիմիս» մենաստանը, որտեղ էլ ըստ Նոտովիչի պահվում էին Իսսայի կյանքի մասին պատմող ձեռագրերը: Մենաստանում բնակվող բուդդայական քրմերն ասել են, որ երբեք չեն լսել ոչ Նոտովիչի, ոչ էլ առավել ևս ձեռագրերի մասին: Ճանապարհորդության նկարագրության մեջ առկա բազմաթիվ կասկածելի անճշտությունները (տեղանքի և ֆաունայի սխալ նկարագրություն, բուդայական քրմերի կենցաղի ու փիլիսոփայության սխալ նկարագրություն) հիմք են տալիս կարծելու, որ Նատովիչը երբեք չի եղել այս շրջանում ու քրմերի հետ չի զրուցել: Բուն «Տիբեթյան ավետարանը» ևս լի է սխալներով: Հիսուս/Իսսան այցելել է երկրներ, որոնք այն ժամանակ գոյություն չեն ունեցել, ուսումնասիրել է գրքեր, որոնք այն ժամանակ դեռ գրված չէին և այլն: Բավական է միայն նշել, որ Եսայանը ՆՈտովիչին կոչում է ՆԱտովիչ, իսկ Իսսային` ԻսսՈւ, որպեսզի պարզ դառնա, թե ինչպիսի «ուշադրությամբ» է հեղինակը թեման ուսումնասիրել:

     4. ԱՍՏՎԱԾ ԿԱ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԲԱՆԱՆԸ ՀԱՄՈՎ Է

     Տիեզերքը չէր կարող բնական ճանապարհով առաջանալ… Կյանքը չէր կարող բնական ճանապարհով առաջանալ…Մարդու ուղեղը չէր կարող բնական ճանապարհով առաջանալ…Չէր կարող և վերջ: Հավատացյալներից այսպիսի արտահայտություններ լսում ենք ցանկացած բանավեճի ժամանակ: Սա հայտնի է «Տելեոլոգիկ փաստարկ» (Teleological argument) կամ «Ժամագործի փաստարկ» անունով:
Չնայած նրան, որ բազմաթիվ բարդ տիեզերական երևույթների ու կենդանի օրգանիզմների առաջացման ուղին մանրակրկիտ բացատրված է գիտության կողմից, հավատացյալները չեն դադարեցնում որևէ բարդ օբյեկտի վրա մատը տնկելու ու «սա չէր կարող ինքնուրույն առաջանալ» աղաղակելու իրենց սովորությունը: Ընդ որում առավել հաճախ «չերկարողականները» երբեք չեն փորձում աստղաֆիզիկայի կամ էվոլյուցիայի վերաբերյալ որևէ գիրք բացել և համոզվել, որ լավ էլ կարող էր, փոխարենը նախընտրում են հիմնվել այն բանի վրա, որ եթե իրենք չեն պատկերացնում, թե ինչոր բան ինչպես կարող էր առաջանալ, ուրեմն այն չէր կարող առաջանալ: Երբեմն այս տեսակի դատողությունները հասնում են աբսուրդի աստիճանի: Կարելի է հիշել ավետարանչական հայտնի քարոզիչ Ռեյ Կոմֆորտին, ով իր կողմից նկարահանված "Way of The Master. Atheism" ֆիլմում պնդում էր, որ բանանը Աստծո գոյության ապացույց է, քանի որ այդպիսի համեղ ու ձեռքում հեշտ տեղավորվող պտուղը չի կարող արարիչ չունենալ: Ռուբեն Եսայանն իհարկե այդ մակարդակի չի իջնում, բայց առաջնորդվում է նույն տրամաբանությամբ: Ըստ նրա Տիեզերքը կամ մարդու մարմինը չի կարող բնական ծագում ունենալ, քանի որ անհնար է պատկերացնել նման կանոնակարգված ու բարդ համակարգի ձևավորումն առանց արարչի: Այս տիպի դատողությունը դասական տրամաբանական սխալի օրինակ է, որը հայտնի է որպես «Անվստահության (կամ անհավանականության) փաստարկ»: Ես չգիտեմ, թե ինչպես կարող է X-ն առաջանալ բնական ճանապարհով, ուստի գիտեմ, որ այն գերբնական ծագում ունի: Ստացվում է «ես չգիտեմ, ուրեմն գիտեմ»: Տրամաբանական հակասությունն ակնհայտ է:
Իհարկե, գոյություն ունեն բազմաթիվ երևույթներ որոնց բացատրությունը գիտությունը ԴԵՌ չի գտել: Դրանք խնդիրներ են, որոնց լուծման համար գիտնականները քրտնաջան աշխատում են ամբողջ կյանքում, մինչդեռ Եսայանի նման մտածողները նախընտրում են գնալ հեշտ ճանապարհով և ամեն մի անհասկանալի բան բացատրում են «Աստվածն այդպես է կամեցել» արտահայտությամբ:
«Ինչպե՞ս» դժվար հարցից խուսափելու համար «Աստված» բառի կիրառումը ինտելեկտուալ ալարկոտության նշան է: Լոուրենս Կրաուս, աստղաֆիզիկոս:
Այստեղ ի հայտ է գալիս մեկ ուրիշ տրամաբանական սխալ՝ Չիմացության փաստարկը (լատ. Argumentum ad ignorantiam) ավելի ճիշտ դրա մասնավոր դեպքը՝ «Բացերի Աստվածը» (God of the gaps): Եթե գիտությունը չի կարող բացատրել X-ը ուրեմն X-ը Աստծո ձեռքի գործն է: Հիվանդությունները բացատրություն չունեն, ուրեմն դրանք չար ոգիների ձեռքի գործն են: Մենք կայծակի բացատրությունը չունենք, ուրեմն դրանք ստեղծում է Զևսը: Գիտությունը չգիտի թե, կյանքն ինչպես է առաջացել, ուրեմն Աստվածն է այն ստեղծել: Կամ Եսայանի տարբերակը` գիտությունը չգիտի, թե ինչու է «Ֆիբոնաչիի սպիրալն» այդքան տարածված բնության մեջ, ուրեմն միակ եզրակացությունն այն է, որ «Աստված այդպես է կամեցել»:
Իրականում բնության մեջ «Ֆիբոնաչիիի պարույրի» տարածվածության բացատրությունը հրապարակվել է դեռևս 2007 թվականին` Չինաստանի գիտությունների ակադեմիայի դոկտոր Ցզեսյան Ցաոի (Zexian Cao) ղեկավարած խմբի փորձերի հիման վրա (Հղումը նյութի վերջում):

     5. ԻՆՉՈՒՄ ԷՐ ՍԽԱԼՎՈՒՄ ՆՅՈՒՏՈՆԸ:

     Նմանատիպ հաղորդումն իհարկե չէր կարող զերծ մնալ «հեղինակության վկայակոչում» (լատ. Argumentum ad verecundiam) հնարքից, երբ տեսակետն ավելի ծանրակշիռ դարձնելու համար որևէ հեղինակավոր մարդու անուն է ներգրավվում: Նյուտոնի հանճարեղությունը ոչ ոք չի վիճարկում, բայց հանճարները ևս սխալվում են: Հայտնի է մի զավեշտալի դեպք, երբ Ռոբերտ Գարիստո անունով երիտասարդ մի ուսանող Նյուտոնի «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքներ» աշխատությունն ընթերցելիս այնտեղ մաթեմատիկական կոպիտ վրիպակ է գտել: Գիրքը երեք անգամ վերահրատարակած Նյուտոնը ու դարերով այն սերտող գիտնականներից ոչ ոք սխալը չէր նկատել:
Հաղորդման հեղինակը Նյուտոնին սխալմամաբ անվանում է «բացարձակ բնագետ», սակայն բնագիտական ծանրակշիռ աշխատանքների կողքին Նյուտոնը հայտնի է, նաև զանազան աստվածաբանական, էզոթերիկական ու նույնիսկ ալքիմիական աշխատություններով: Նյուտոնի մերժում էր Սուրբ երրորդությունը, նրա կրոնական հայացքները մեղմ ասած տարբերվում էին քրիստոնեականից: Տարբեր կենսագիրներ նրան բնորոշում են, որպես դեիստ, պանթեիստ կամ համարում են «արիանական աղանդի» գաղափարակից: Նյուտոնի մեծ երկրպագու աստղաֆիզիկոս Նիլ դե Գրաս Թայսոնի կարծիքով հայտնի գիտնականի հայացքների հիմքում վերը նշված «բացերի աստված» տրամաբանական սխալն է: Այլ կերպ ասած՝ Նյուտոնը Արեգակնային համակարգի ներդաշնակությունը աստվածային էր համարում, քանի որ չէր տեսնում դրա գիտական բացատրությունը:

     6. ՊԱՏՃԱՌԻ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔԻ ՄԱՍԻՆ

     Հեղինակը հարց է տալիս, թե ինչպե՞ս է ստացվել, որ հենց Երկրագունդն է գտնվում Արեգակնային համակարգի կյանքի առաջացման համար առավել բարենպաստ գոտում: Պատասխանը պարզ է, որովհետև եթե Երկրագնդի փոխարեն նույն տեղում լիներ Մերկուրին, ապա կյանքն այնտեղ կձևավորվեր և գուցե մերկուրցիներից մեկը կհարցներ, թե ինչպես է պատահել, որ հենց իր մոլորակն է այդքան հարմար տեղակայվել: Անգլիացի գրող Դուգլաս Ադամսը ջրափոսի հետ կապված մի հետաքրքիր օրինակ ունի: Նա գրում է, որ եթե ջրափոսի ջուրը մտածել կարողանար, ապա տեսնելով, որ փոսը իդեալական կերպով համապատասխանում է իր չափերին ու ձևին, կկարծեր, որ այն հենց իր համար է փորված: Երբ ինչոր մեկն ասում է, որ Տիեզերքը կամ Երկրագունդը կատարյալ հարմարեցված է իր կյանքի համար, պարզապես շփոթում է հետևանքը պատճառի հետ: Աշխարհը չի հարմարվում մեզ, ոչ էլ որևէ աստված է այն մեր օգտին հարմարեցնում: Իրականում մենք` կենդանի օրգանիզմներս ենք էվոլյուցիոն պրոցեսների շնորհիվ հարմարվում շրջակայքին ու ջրի պես զբաղեցնում պատահականորեն առաջացած փոսը:

     7. ԱՐԴՅՈ՞Ք ՄԱՐԴՈՒ ՄԱՐՄԻՆԸ ԿԱՏԱՐՅԱԼ Է

     Եթե մարդու մարմնի համաչափությունը ստույգ մաթեմատիկական հաշվարկի արդյունք է, ինչպես ասվում է հաղորդման մեջ, ապա ինչո՞վ է հեղինակը բացատրելու բազմաթիվ անհամաչափություններն ու թերությունները: Հայտնի է, որ մարդկանց մոտ ծննդաբերության պրոցեսն ամենաբարդերից է ողջ կենդանի աշխարհում: Նորածինների գլուխը չափազանց մեծ է, իսկ ծննդաբերական ուղիները նեղ: Այս և այլ թերությունները խիստ դժվարացնում և ռիսկային է դարձնում ծննդաբերության պրոցեսը, որը երբեմն ավարտվում է երեխայի կամ մոր մահով: Մեր ողնաշարը գերծանրաբեռնված է, ինչի հետևանքով մարդիկ համատարած տառապում են ողնաշարի տարբեր խնդիրներով: ծննդաբերության ու ողնաշարի թերությունները Էվոլյուցիոն գիտությունը հեշտությամբ բացատրում է վաղ անցյալում չորքոտանիությունից ուղղահայաց կեցվածքին անցնելու փաստով (հավատացյալների համար շատ տհաճ ու անընդունելի փաստով): Մարդու շնչափողն ու կերակրափողը այնքան անհարմար են տեղակայված, որ սնվելու ընթացքում ծիծաղելիս կամ խոսելիս կարելի է խեղդվել: Արարչագործության կողմնակիցները հատկապես սիրում են խոսել մարդու աչքի մասին՝ այն ներկայացնելով որպես կատարյալ գլուխգործոց: Մինչդեռ գերմանացի ֆիզիկոս Հերման Հելմհոլցը մի անգամ նկատել է` «եթե օպտիկական արհեստանոցն ինձ այսպիսի սարք ուղարկեր, ես ետ կվերադարձնեի ու կպահանջեի, որ շտկեն: Մեր աչքի տեսողական նյարդը ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջներին միացած է վերևից, ոչ թե ետևից ինչպես մի շարք կենդանիների մոտ: Այս պատճառով եղջերաթաղանթը կարող է առանձնանալ ակնախնձորից ու կուրության պատճառ դառնալ: Այսպիսի հարյուրավոր թերությունները ոչ մի կերպ չեն կարող ստույգ հաշվարկի արդյունք լինել:

     8. ՆԵՂԱՑԿՈՏ ԱՍՏՎԱԾԸ

     Հաղորդման մեկ այլ հատվածում հաղորդավարը սկսում է թվարկել համացանցից հավաքված բամբասանքանման պատմություններ այն մասին, թե ինչպես են տարբեր մարդիկ զոհվել Աստծուն ուղղված արտահայտություններից հետո: Լսելով այս պատմությունները կարող ենք միայն եզրակացնել, որ աստված ոչ թե գթասիրտ ու սիրող է, ինչպես պնդում են քրիստոնյաները, այլ խիստ նեղացկոտ է, ոխակալ ու հումորի զգացումից զուրկ: Այն աստիճանի, որ պատրաստ է անհաջող կատակի համար սպանել դեռահաս աղջկան և նրա ընկերներին կամ մեկ մարդու արտահայտության պատճառով «Տիտանիկի» հազարից ավելի ուղեվորներին խեղդել օվկիանոսում: Ստացվում է, որ աթեիստներին Աստծուն ծաղրելու մեջ մեղադրող հեղինակն ինքն է ծաղրում աստծուն՝ նրան նեղացկոտ մարդասպան որակելով: Աթեիստներին տարատեսակ երկնային պատիժներով սպառնալն, իհարկե, նորություն չէ, բայց ինչպես նկատել է կատակերգու Ռիկի Ջարվեյսը, դա նույնքան ազդեցիկ է, որքան մեծահասակին սպառնալ, որ Ձմեռ Պապից նվերներ չի ստանա:

     9. ՄԻ ԿԵՂԾԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

     Հաղորդման մեջ ներկայացվող «ապացույցների» շարքում առանձնահատուկ կարևորություն է տրվում «Թուրինյան սավանին»: Ռուբեն Եսայանը հիշատակում է, բազմաթիվ փորձաքննությունները, որոնց միջով անցել է սավանը, բայց հարկ չի համարում հաղորդումը դիտողներին տեղեկացնել դրանց իրական արդյունքների մասին:
Սավանի արտաքին տեսքն արդեն իսկ հուշում է, որ գործ ունենք կեղծիքի հետ: Եթե դիակը փաթաթված է եղել սավանի մեջ, ապա մարմնի պատկերը պետք է ձգված ձևով արտատպվեր, սակայն սավանի վրա այն ուղիղ պրոեկցիայի տեսք ունի: Բացի այդ դիմացից տպված պատկերը 5 սանտիմետրով ավելի փոքր է մեջքի պատկերից: Պատկերի վրա բացակայում են դատարկ մասերը, որոնք, անկասկած, պետք է լինեին կտորի ծալքերի տեղում: Պառկած վիճակում ոտքի մատները ուղղված են դեպի վեր, իսկ սավանի վրա դրանք արտատպված են կարծես Հիսուսը կանգնել է կտորի վրա, կամ պառկած է եղել ծալված ծնկներով, մինչդեռ ոտքերը պատկերված են ուղիղ: Մեկ ձեռքը մյուսից երկար է, իսկ մատներն անհամաչափ են: Սավանի վրա արյան հետքերը ոչ գույնով, ոչ տեսքով նման չեն իրական արյան հետքերին: 1973 թ. իտալացի փորձագետները, իսկ 1978 թ. հետազոտող Ուոլտեր ՄակԿրոնը հաստատել են, որ սավանի վրա արյան փոխարեն միջնադարյան նկարչական գունանյութեր են:
1988 թվականին Վատիկանը թույլատրեց, որպեսզի սավանը մանրակրկիտ փորձաքննության ենթարկվի: Այս կարևոր գործը հանձնարարվեց միանգամից երեք բարձրակարգ լաբորատորիաների` Արիզոնայի համալսարանի (ԱՄՆ), Օքսֆորդի համալսարանի (Բրիտանիա) և Ցյուրիխի դաշնային պոլիտեխնիկ ինստիտուտի (Շվեյցարի): Գործելով իրարից անկախ, գաղտնի պայմաններում և միմյանց տվյալներին անտեղյակ, սխալը բացառող մանրակրկիտ հետազոտությունից հետո երեք փորձագիտական խմբերն էլ հայտարարեցին, որ սավանի կտորը պատրաստված է 13-14 դարերում: Բնականաբար առաջին դարում մահացած Հիսուսի մարմինն այդ սավանի հետ ոչ մի առնչություն չէր կարող ունենալ: Գիտնականների ճշգրտությունը փորձելու համար նրանց սավանին զուգահեռ առաջարկվել էր պարզել ևս երեք հին գործվածքների տարիքը (որոնց պատրաստման ժամանակն արդեն հայտնի էր) և այս դեպքում էլ արդյունքները համընկան սպասվող տարիքի հետ: Սավանի մասին առաջին գրավոր տեղեկությունը 1353թ է, ինչը ևս համընկնում է փորձաքննության արդյունքի հետ: Քիմիկոս Ռայմոնդ Ռոջերսը կասկած է հայտնել, որ փորձաքննության համար վերցված հատվածը եղել է օրիգինալ սավանի վրա ավելի ուշ ավելացված կարկատան, սակայն գործվածքի կառուցվածքի լրացուցիչ հետազոտությունը հերքել է այդ կասկածները: 1988 թվականի հոկտեմբերի 13-ին Թուրինի արքեպիսկոպոս կարդինալ Բալլեստերոն պաշտոնապես հայտարարել է, որ սավանը պատրաստված է ոչ վաղ քան 1325 թվականին: Հովհաննես Պողոս 2-րդ պապը 1989թ ապրիլի 28-ի ելույթում ընդունել է փորձաքննության արդյունքները և արդարանալու համար ասել, որ կաթոլիկ եկեղեցին երբեք էլ չի ընդունել, որ սավանն իրական է և դիտարկել է այն ուղղակի որպես սրբապատկեր:
1990-ականներին մի քանի ուսումնասիրողներ սավանի վրա երկաթ ու սպիտակուց հայտնաբերեցին, ինչը կարող էր համարվել արյան մնացորդ, սական նույն տարրերը կարող էին մնալ ներկանյութերից: 2001 թվականին Ռուսական ФСБ-ի փորձագետների խումբը փորձեց կասկածի տակ դնել 1988թ փորձաքննության արդյունքները: Ըստ նրանց 1532թ սավանը վնասվել է հրդեհից և վերականգնման ժամանակ վերամշակվել է տարբեր յուղերով, որոնք կարող էին «երիտասարդացնել» սավանը և ազդել փորձագիտական տվյալների վրա: Իրականում 1988-ի երեք փորձագիտական խմբերն էլ իրենց հաշվետվություններում նշել են այդպիսի հավանականության մասին և նախապես մաքրել են նմուշները: Ըստ ФСБ-ի փորձագետների սավանի գործվացքը 8-9%-ով աղտոտված է երիտասարդ նյութով, սական այդպիսի չնչին տոկոսը կարող է ռադիոածխածնային թվագրման տվյալները շեղել միայն 200-300 տարով, բայց ոչ 1300, որպեսզի սավանը համարվի 1-ին դարի գործվածք: Այդպիսի շեղման համար պետք է կտորի մեջ սրսկել իր քաշից ավելի յուղ, ինչն իհարկե աբսուրդ է:
Թեև որոշ հոգևորականներ ու հավատացյալներ չեն դադարում խոսել սավանի իրական լինելու մասին, թե գիտությունը, թե պաշտոնական Վատիկանը համակարծիք են, որ այն իրական չէ:

     ՎԵՐՋԱԲԱՆ

     Ըստ Ռուբեն Եսայանի ապացույցներ տեսնելու համար պետք է «ձեր հավատը օգտագործեք, ոչ թե աչքերը»: Նա հենց այդպես էլ վարվում է՝ փակում է աչքերը օբյեկտիվ փաստերի առաջ և ներկայացնում այն ինչին հավատում է:
Որքան էլ քրիստոնյաները փորձեն ապացուցել Հիսուս Քրիստոսի գոյությունը, փաստն այն է, որ նրա պատմական անձ լինելը հաստատող որևէ ապացույց գոյություն չունի: Նրա անվան ամենահին հիշատակումներն արվել են մահվան ենթադրյալ տարեթվից տասնամյակներ անց միայն: Ավետարանները բազմաթիվ հարցերում հակասում են միմյանց, իսկ դրանց իրական հեղինակներն անհայտ են (Աստվածաշնչյան շուրջ 600 հակասություններին ծանոթացեք http://bibviz.com/ կայքում): Անկախ հետազոտողների մեծամասնությունը հակված է այն կարծիքին, որ Ավետարանների տեքստը գրված է ոչ ականատեսների կողմից:
Որոշ հետազոտողներ կարծում են, որ Հիսուսի կերպարը ձևավորվել է իրական մարդու կենսագրության հիման վրա, ուրիշները նրան դիտարկում են, որպես հավաքական կերպար: Մեկ այլ վարկածով Հիսուսը լիովին առասպելական կերպար է, քանի որ բազմաթիվ նմանություններ ունի մի շարք այլ առասպելական ու դիցաբանական կերպարների հետ:
Ապացույցների բացակայությունը չի անհանգստացնում քրիստոնյաներին, քանզի ինչպես իրենք են ասում «երանի՛ նրանց, որոնք չեն տեսնի եւ սակայն կհավատան» (Հովհ. 20: 29): Համաձայնվեք, որ այս արտահայտությունը լավագույնս բնորոշում է «կույր հավատք» հասկացությունը: Խելամիտ մարդիկ իրենց աշխարհայացքը կազմում են օբյեկտիվ փաստերի հիման վրա, ոչ թե փաստերն են հարմարեցնում իրենց աշխարհայացքին: Տեսնում են, ոչ թե այն ինչին հավատում են, այլ այն՝ ինչն իրականում կա: Ամենահայտնի աթեիստ գրողներից մեկը՝ Դեն Բարկերը, ով նախկինում քահանա է եղել, սրամտորեն նկատել է՝ «ճշմարտությունը հավատքի կարիք չունի, գիտնականները երբեք ձեռք ձեռքի բռնած չեն երգում՝ «այո, մենք հավատում ենք, որ գրավիտացիան գոյություն ունի... Այո, մենք հավատում ենք, որ եթե մի բան վեր նետես այն վար կընկնի»:
Հեղինակին ցանկանում ենք խորհուրդ տալ առանց այդ էլ խավարամիտ ժողովրդի շրջանում միստիֆիկացիաներ ու սնահավատություններ տարածելու փոխարեն տաղանդն ու ջանքերն օգտագործել ավելի օգտակար գործի համար:

    
ՀՂՈՒՄՆԵՐ
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7090 | 0 | 0
Facebook