Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Աշխարհի մեծագույն սիրուհի»-ն

20:15, cuma, 16 şubat, 2018
«Աշխարհի մեծագույն սիրուհի»-ն
    

Պալատական շողոքորթները երբեմն այս մականվամբ են «մեծարել» այս կնոջը՝ Դիանա դը Պուատիեին: Եվ սա նրան բնութագրող ամենապաճուճագեղ հաճոյախոսությունը չի եղել: Կնամեծարները նրան Վերներայի, Աֆրոդիտեի, հինկտակարանային Շեբայի թագուհու հետ համեմատելը բավարար չեն համարել, որովհետև, նրանց կարծիքով, Դիանան նրանցից այնքան է բարձր եղել, որքան՝ լեռնագագաթը հարթավայրից:


     Դիանա դը Պուատիեն ո՛չ թագուհու տիտղոս է ունեցել, ո՛չ էլ թագակիր կնոջ հնարավորություններ, սակայն նա ունեցել է այն ամենը, ինչը միայն երազել կարելի է: Նրան նախանձել են, նրան ատել են ու նրանից միաժամանակ վախեցել են:

Ծնվել է 1499 թվականին, Ֆրանսիայի պատմական Դոֆինե մարզի (այն ընդգրկել է ներկայիս Իզեր, Վերին Ալպեր, Դրոմ դեպարտամենտներն ու Վոկլյուզ դեպարտամերտի մի փոքր մասը, մարզի գլխավոր քաղաքը եղել է Գրենոբլը) հին ազնվականներից մեկի ընտանիքում: 16 տարեկանում նրան ամուսնացնում են իրենից 40 տարով մեծ մի կոմսի՝ Լուի դե Բրեզեի հետ, որին երկու դուստր է պարգևում: Եվս 16 տարի անց նա այրիանում է ու շուտով հայտնվում է Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ Առաջինի արքունիքում՝ միանգամից արժանանալով բոլորի ուշադրությանը: Նա եղել է բարձրահասակ, ունեցել է դասական դիմագծեր ու բոլորի հիացմունքն է հարուցել: Արքունիքի գրեթե բոլոր տղամարդիկ փորձել են նրան սիրահետել, բայց նա ոչ մեկին հույսի շող անգամ չի պարգևել, և գեղեցկուհու այս կեցվածքը շատերին շփոթության է մատնել: «Ի՞նչ է նրա ուզածը, - նեղսրտել են ազնվազարմ սիրահետողները, - չլինի՞ արքայազնի է սպասում»:

Նրանց կասկածն անհիմն չի եղել, Դիանայի ենթագիտակցությունը հենց այդ է թելադրել, բայց նա չի էլ մտածել, որ արքայազնը իր կողքին է…

1533 թվականի ամառային մի անուշ օր Փարիզում ասպետական մրցամարտ է տեղի ունենում: Դրան մասնակցում են Ֆրանսիայի ամենանվանի տղամարդիկ, այդ թվում Ֆրանցիսկ Առաջինն ու իր երկու որդիները: Մենամարտից առաջ մասնակիցները պարտավոր էին ողջունել այն տիկնանց՝ ի պատիվ որոնց իրենք կռվելու էին: Եվ հանկարծ բոլորի համար անսպասելի բան է տեղի ունենում. Դիանա դը Պուատիեի առաջ իր դրոշն է խոնարհում թագավորի կրտսեր որդին՝ Անրին (Հենրիխ): Զարմացած ու չափազանց շոյված գեղեցկուհին արքայազնին ժպիտ է պարգևում ու ինքն իրեն երկյուղածորեն խոստովանում է, որ հենց նա է իր իր սրտի ուզած տղամարդը:

Երբ Անրին դեռ 14 տարեկան էր, հայրը նրան ամուսնացնում է իտալուհի Եկատերինա Մեդիչիի հետ: Այս ամուսնությունն անհրաժեշտ էր և՛ Ֆրանցիսկին, և՛ Մեդիչիների ընտանիքին, բայց երբ Անրին առաջին անգամ տեսնում է իր ապագա կնոջը, փռթկացնում է ու շրջվում:

Նրանք խիստ տարբերվել են իրարից. Անրին՝ բարձրահասակ ու թիկնեղ, իտալուհին՝ տիկնիկի դեմք ունեցող գնդլիկ կրաճահասակ: Խայթող լեզու ունեցող պալատականները նրան «Հաստլիկ բանկիրուհի» մականունն են տվել, իսկ «բանկիրուհին» մինչև ականջների ծայր սիրահարվել էր իր ամուսնուն: Այսպես ձևավորվեց սիրային դասական եռանկյունին, որին նպաստեց հենց թագավորը (նա Դիանային հանձնարարել էլ Անրիին սովորեցնել աշխարհիկ վարվելակարգն ու տիկնաց հետ նրբավար շփման արվեստը):

Եկատերինան սկսում է պայքարել իր սիրո և երջանկության համար, բայց շուտով համոզվում է, որ մրցակցուհուն հաղթելու ոչ մի շանս չունի: Անրին նրան պարզապես չէր նկատում: Երիտասարդ արքայազնի սրտին տիրել էր իրենից 20 տարով մեծ Դիանան: Եկատերինան այլ ելք չուներ, պիտի ձևացներ, թե ոչինչ չի նկատում: Նա բարեխղճորեն կատարել է իր ամուսնական պարտականությունները, և այդ իսկ պատճառով նրանց ամուսնությունը շատ արգասաբեր է եղել. տասնամյա անպտղությունից հետո Եկատերինան 10 երեխա է ծնել:

1547 թվականին Անրին դառնում է Ֆրանսիայի թագավոր՝ Անրի 2-րդ (Հենրիխ 2-րդ) անվամբ: Թագադրման ճոխ արարողության ժամանակ ամբողջ արքունիքը ամենամեծ պատիվները Դիանա դը Պուատիեին է մատուցել: Խեղճ Եկատերինան ստիպված է եղել լռելյայն կուլ տալ վիրավորանքը: Արարողությունից անմիջապես հետո նորընծա թագավորը Դիանային «Վալանտենուայի հերցոգուհի» տիտղոս է շնորհում:

Դիանայի աստեղային ժամն էր: Փաստորեն, նա է կառավարել Ֆրանսիան, քանի որ թագավորն առանց նրա հետ խորհրդակցելու ոչ մի քայլ չի կատարել: Պետության ամբողջ ներքին ու արտաքին քաղաքականությունը նրա ձեռքում էր կենտրոնացված, և հենց այդ շրջանում է ծնունդ առել նրա յուրօրինակ պաշտամունքը: Բանաստեղծները նրան նվիրված ոտանավորներ են գրել, կոմպոզիտորները՝ երաժշտություն, նկարիչները նրա դիմանկարներն են վրձնել, քանդակագործները մարմարից նրա անհամար արձաններն են կերտել:

Ինչո՞ւմն է եղել նրա աննկարագրելի, կախարդող գեղեցկության գաղտնիքը: Հավանաբար, այստեղ առկա է բնության այն առեղծվածներից մեկը, որի բացատրությունը գիտությունն ի զորու չէ տալ: Դիանան, եթե համադրում ենք ժամանակակիցների բոլոր վկայությունները, իր չխամրող գեղեցկության մոգական թարմությունը պահպանելու համար ոչ մի առանձնահատուկ միջոցի օգնությանը չի դիմել, հերոսական ջանք չի գործադրել: Բացի այդ, այն ժամանակներում ներկայումս գոյություն ունեցող անհամար կոսմետիկական միջոցները չեն եղել, չի եղել նաև պլաստիկ վիրահատություն, շեյփինգ և այլն:

Բայց Դիանան իր անթառամ գեղեցկության գաղտնիքը յոթ փակի տակ չի պահել: Ըստ իր խոսքերի՝ նա արթնացել է առավոտյան ժամը վեցին և սառը ջրով լողացել է, այնուհետև մինչև ժամը ութը ձիավարել է, ապա նորից քնել մինչև թեթև նախաճաշը: Նախաճաշից հետո մինչև կեսօր անկողնում կարդացել է: Կոսմետիկա չի գործածել, ալկոհոլից ու ծխախոտից միշտ հրաժարվել է: Ցերեկվա ժամերին թեթև ֆիզիկական աշխատանք է կատարել: Որկրամոլ չի եղել: Միշտ նույն ժամին է պառկել քնելու ու երբեք չի վախեցել, որ մի օր էլ ինքն է ծերանալու:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4999 | 0 | 0
Facebook