Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վասիլի Ստալինի թռիչքային վերելքն ու անկումը, կամ այն մասին, որ «անտերին գելն է տարել»

21:16, cumartesi, 03 şubat, 2018
Վասիլի Ստալինի թռիչքային վերելքն ու անկումը, կամ այն մասին, որ «անտերին գելն է տարել»

Հայրը ցանկացել է նրա անունը Տարիել («Վագրենավոր») դնել, բայց մայրը` Նադեժդա Ալիլուևան, պնդել է, որ ռուսական անուն դրվի: Հայր Ստալինը որդու դաստիարակությամբ զբաղվելու ժամանակ, բնականաբար, չի ունեցել («Ես պարտավոր եմ զբաղվել, - ասել է նա, - 150 միլիոն քաղաքացիներով…»), իսկ մայրը որդու մեջ «արդարամտություն ու մարդկանց նկատմամբ սիրո զգացում է ներարկել»: Չակերտներում առնված խոսքերը վերցված են Վասիլիի բանտային գրառումներից: 1932-ին Նադեժդա Ալիլուևան ինքնասպանություն է գործում, և Վասիլին փաստորեն որբանում է:


     1938 թվականին տասներորդ դասարանն ավարտելուց հետո Վասիլին ընդունվում ռազմական ավիացիայի դպրոց:

Հայրենական Մեծ պատերազմի սկզբում նա գնդապետ էր, և պատերազմի ավարտին գնդապետ էլ մնացել է: Չորս մեդալի է արժանացել, և ոչ մի մեդալը նրան չի նվիրվել երկրի ղեկավարի որդին լինելու համար: Նա դրանք վաստակել է: Պատերազմի ամբողջ ընթացքում նրա պաշտոնն ընդամենը մեկ անգամ է բարձրացվել (նշանակվել է դիվիզիայի հրամանատար):

1946-ին Վասիլի Ստալինը կործանիչ ավիակորպուսի հրամանատար էր, իսկ 1948-ին` Մոսկվայի ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի հրամանատար: Շուտով ամուսնանում է մարշալ Տիմոշենկոյի դստեր հետ և ստանում է ավիացիայի գեներալ-լեյտենանտի կոչում: Այս կոչումը տալու առթիվ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի որոշումը ստորագրել է Իոսիֆ Ստալինը:

1952-ին Մոսկվայի Կարմիր հրապարակի երկնքում ռազմաօդային ուժերի զորահանդես է տեղի ունենում, որին մասնակցում են նաև Վասիլի Ստալին ղեկավարած ավիացիոն ստորաբաժանման ռմբակոծիչները: Դրանցից մեկը` «ИЛ-28» -ը, ջախջախվում է, և հայր Ստալինը որդուն ազատում է պաշտոնից և ուղարկում է սովորելու Գլխավոր շտաբի Ռազմական ակադեմիայում: Նրա պաշտոնին նշանակվում է գեներալ-գնդապետ Կրասովսկին: Պաշտոնանկումից հետո Վասիլիին ընկճախտն է տիրում, ու նա սկսում է խմել:

1953 թվականի մարտի 5-ին Իոսիֆ Ստալինը մահանում է, և 21 օր անց, այսինքն մարտի 26-ին, անձնական գործում գոնե մեկ նկատողություն չունեցող Վասիլիին, պաշտպանության նախարար Ն. Բուլգանինի հրամանով, ուղարկում են պահեստազոր` արգելելով զինվորական համազգեստ կրել: Այն ժամանակներում դա անվանվում էր «Ազատում «Ե» կետի համաձայն»` բարոյակենցաղային բարոյալքման համար: Այդ նույն բանի համար կարելի էր ծառայությունից վտարել հենց իրեն` Բուլգանինին, որովհետև նա Վասիլիից պակաս չի խմել ու, դրան գումարած, Մեծ թատրոնի պարուհիներին օգտագործել է իր հաճույքների համար:

Բայց հալածանքը դրանով չի ավարտվում. ապրիլի 28-ին նրան ձերբակալում են: Ո՞ր մեղքի համար: Ոչ ոք չգիտեր` ո'չ նրա քույր Սվետլանան, ո'չ կինը` Կապիտոլինա Վասիլևան, ո'չ երեխաները, ո'չ ծառայակիցները:

Միայն տասնյակ տարիներ անց հայտնի է դառնում, որ Վասիլի Ստալինին հայրենիքի դավաճանության, հակախորհրդային քարոզչության ու պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանք է ներկայացվել:

1960 թվականի հունվարի 9-ին, բանտում մահանալու դեպքում աշխարհով մեկ խորհրդային երկրի խայտառակվելուց խուսափելու համար, ծանր հիվանդ Վասիլիին ազատ են արձակում:

Շուտով նա Խրուշչովից ընդունելություն է խնդրում: Սվետլանա Ալիլուևան իր հիշողությունների գրքում գրում է, թե Խրուշչովը նրան «հարազատ հոր պես է ընդունում» ու նրանք միասին լաց են լինում: Ստուգել, բնականաբար, հնարավոր չէ, բայց ճշմարտանման է, որովհետև 1960-ի հունվարի 21-ին ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության թիվ 098 հրամանով այդ նույն նախարարության 1953 թվականի մարտի 26- թիվ 0725 հրամանը փոխվում է, ու Վասիլին պահեստազոր է ուղարկվումթիվ Կանոնադրության 59 հոդվածի «բ» կետի համաձայն, որը նախատեսում էր, որ պահեստազոր ուղարկվածն իրավունք ունի զինվորական համազգեստ կրել և 300 ռուբլի կենսաթոշակ ստանալ:

Բայց ապրիլի 13-ին ԽՄԿԿ Կենտկոմը ԽՍՀՄ Գլխավոր դատախազ Ռուդենկոյից ու Պետանվտանգության կոմիտեի նախագահ Շելեպինից գաղտնի գրություն է ստանում, որով առաջարկվում էր չեղյալ համարել Վասիլի Ստալինին ժամկետից շուտ ազատելու և դատվածությանը մեղադրանքը վերացնելու մասին ԽՄԿԿ Կենտկոմի որոշումը:

«Խիստ գաղտնի: Չնայած ԽՄԿԿ Կենտկոմին տրված խոստմանը, Վ. Ստալինը պարբերաբար հարբում է, հակախորհրդային բնույթի թշնամական խոսակցություններ է վարում ու զրպարտանքներ է հնչեցնում Կոմունիստական կուսակցության ղեկավարության ու խորհրդային կառավարության հասցեին: Վերջերս նա անսթափ վիճակում իր մեքենայով բախվել է Ճապոնիայի դեսպանության մեքենային: Դեսպանության մեքենայում գտնվող աշխատակիցը գլխի վնասվածք է ստացել: Դեսպանության մեքենային բախվելուց հետո նա թաքնվել է…Օրերս Վ. Ստալինն այցելել է Չինաստանի դեսպանատուն, որտեղ, իբր, ըստ իր խոստովանության, Մաո Ցզե Դունին հասցեագրված նամակ է հանձնել…»:

Իմանալով այս մասին` Խրուշչովը տևական ժամանակ հայհոյանքներ է տեղում ու իրեն շրջապատողներին հարցնում է` «Ի՞նչ անենք: Նստեցնենք` կմեռնի: Չնստեցնենք` էլի կմեռնի»:

Վասիլիին նորից նստեցնում են: Մեկ տարի անց` 1961-ի ապրիլի 7-ին, Շելեպինն ու Ռուդենկոն ԽՄԿԿ Կենտկոմ հետևյալ գրությունն են ուղարկում.

«1961 թվականի ապրիլի 28-ին պատիժը կրելու ժամկետը լրանալու կապակցությամբ, Վ. Ի. Ստալինը ենթակա է բանտից ազատ արձակման: Կալանավորման վայրերում գտնվելու ընթացքում Վ. Ի. Ստալինը չի ուղղվել, իրեն վատ է դրսևորում…Նպատակահարմար ենք համարում ԽՍՀՄ Նախարարների խորհրդի որոշմամբ, որպես բացառություն, Վ. Ի. Ստալինին հինգ տարով Կազան աքսորել»:

Վասիլիին աքսորում են Կազան: Այստեղ նրան մեկսենյականոց բնակարան են տրամադրում: Նա անձնագիր չի ունեցել, անձնագրի փոխարեն նրան տրվել է տեղեկանք բանտարկությունից ազատված լինելու մասին:

Վասիլիին առաջարկել են փոխել ազգանունը, բայց նա վճռականորեն մերժել է` ասելով. «Չե'մ ուզում Ջուղաշվիլի լինել, ուզում եմ Ստալի'ն լինել»: Բայց և այնպես 1962-ի հունվարի 9-ին նա նոր անձնագիր է ստանում «Ջուղաշվիլի» ազգանվամբ:

1962-ի մարտի 19-ին, ժամը 13-ին ավիացիայի գեներալ Վասիլի Ստալինը մահանում է: Մահվան պատճառը ալկոհոլային թունավորման հարուցած սրտային սուր անբավարարություն է եղել:

Նրան թաղում են Կազանում` առանց զինվորական պատիվների:

1999 թվականի սեպտեմբերի 30-ին, դատական ու քննչական նյութերն ուսումնասիրելու արդյունքում, Ռուսաստանի Զինվորական գլխավոր դատախազությունը չեղյալ է համարում ԽՍՀՄ Գերագույն դատարանի Զինվորական կոլեգիայի որոշումը և նրա վրայից հանում է քաղաքական բոլոր մեղադրանքները:

2002 թվականի նոյեմբերի 20-ին նրա աճյունը վերաթաղվում է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանոցում:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
8790 | 0 | 0
Facebook