Durun lütfen yüklemiyor...
Bugün:  cumartesi, 26 mayıs, 2018
Deposit percent:  
Armenian dram
14.00%
,
ABD Doları
6.50%
,
Avrupa Euro
4.00%
,
Rus Rublesi
8.50%

Makaleler

Երգիծանք. Մարկ Տվեն. «Պահապան հրեշտակի նամակը» (հայերեն հրապարակվում է առաջին անգամ` մասնակի կրճատումով)

22:21, perşembe, 11 оcak, 2018
Երգիծանք. Մարկ Տվեն. «Պահապան հրեշտակի նամակը» (հայերեն հրապարակվում է առաջին անգամ` մասնակի կրճատումով)

Երկնային թագավորության գրասենյակ:

Հունվարի 20:

Ածխարդյունահանող Էնդրյու Լենգդոնին,

Նյու Յորք նահանգ, Բուֆալո


     Ի կատարումն հանձնարարականի` պատիվ ունեմ ձեզ տեղեկացնել, որ առատաձեռնության և ինքնուրացման ձեր նոր սխրանքը գրանցվել է «Մարդկային սքանչելի գործեր» անունը կրող գրքի առանձին էջում: Ինձ թույլ եմ տալիս նշել, որ դա ոչ միայն բացառիկ բարձր, այլև իր բնույթով միակ պարգևն է:

Ինչ վերաբերում է վերջին շաբաթվա, այսինքն մինչև հունվարի 19-ը ընկած ժամանակահատվածի ձեր աղոթք-պաղատանքներին, պարտավոր եմ հաղորդել հետևյալը.

1.Մեկ տոննա անտրացիտի գինը 15 ցենտով բարձրացնելու համար ցրտեր առաքելու խնդրանքը բավարարված է: 2.Աշխատավարձը 10 տոկոսով նվազեցնելու համար բանվորական ուժի կուտակման մասին խնդրանքը բավարարված է:

3.Մրցակիցների յուղառատ ածխի գնի կտրուկ անկման մասին խնդրանքը բավարարված է:

4.Ռոչեսթերում ածխի մանրածախ պահեստ բացած ձեր մրցակցին կամ նրա ընտանիքին աստվածային պատժի արժանացնելու խնդրանքը բավարարված է հետևյալ կերպ. դիֆթերիայի երկու դեպք, դրանցից մեկը` մահացու ելքով, քութեշ` մեկը բարդություններով, հետևանքը` խլություն և թուլամտություն:

Ծանուցում: Այդ մարդն ընդամենը Նյու Յորքի Կենտրոնական ածխային ընկերության ծառայող է: Դուք պետք է Աստծո պատիժը ոչ թե նրա համար խնդրեիք, այլ` նրա գործատիրոջ;

5.Այժմ ձեզանից օգնություն կամ որևէ աշխատանք խնդրող հարյուրավորներին գրողի ծոցն ուղարկելու մասին: Այս խնդրանքն առայժմ առկախվել է, քանի որ այդ աղաչանքը հակասում է նույն օրվա աղաչանքին, որի մասին կասվի ստորև:

6. «Անիծվեն միսիոներներն ու միսիոներական ամբող խառնամբոխը» աղաչանքը նույն պատճառով չի բավարարված:

8.Անցած տարվա դեկտեմբերին 22 230 դոլար կազմած ձեր ամսական շահույթը այս տարվա հունվարին մինչև 45 հազար դոլարի հասցնելու և հետագայում նույն համամասնությամբ ավելացնելու մասին: Խնդրանքը բավարարվել է, իսկ ձեր հայտարարությունն առ այն, որ «դուք դրանով բավարարվելու եք», վերապահությամբ է ընդունված:

9.Փոթորկի մասին, որը կուզենայիր, որ կործաներ Հյուսիսփենսիլվանիական ածխահանքի վերգետնյա կառույցներն ու ջրով լցներ հանքահորերը:

Ծանուցում: Նկատի առնելով ձմեռային սեզոնը, մեր պահեստում փոթորիկներ ներկայում չկան: Եթե դուք ցանկանում եք, դրանք կարելի է փոխարինել այնպիսի հուսալի միջոցով, ինչպիսին է շառաչուն գազի պայթյունը:

Վերը թվարկված աղոթքները մեզ մոտ արձանագրվել են որպես ամենակարևոր աղոթքներ: Մնացյալ 298-ը, որոնք մենք ստացել ենք վերջին շաբաթվա ընթացքում, բոլորն էլ լիովին բավարարվել են: Մահվան դատապարտելու մասին ձեր 32 խնդրանքներից միայն երեքն են անհապաղ մահվան պահանջ պարունակել, և մահը փոխարինվել է անբուժելի հիվանդություններով:

Սրանով սպառվում են վերջին շաբաթում մեզ ուղղված այն միջնորդությունները, որոնք, մեր անվանացանկի համաձայն, վերաբերում են «Սրտի գաղտնի խորհուրդներ» -ին: Լիովին հասկանալի պատճառներով հիմնական ուշադրությունը դարձվում է այս բնույթի աղոթքներին, և դրանք առաջնահերթ են քննության առնվում: Վերջին շաբաթվա ձեր այլ բնույթի մնացյալ աղոթքները, որոնք բարձրաձայնել եք աղոթական հավաքույթներում, կիրակնօրյա դպրոցներում, ընտանիքի անդամների շրջապատում և այլ վայրերում, ընդգրկված են «Բարձրաձայն աղոթքներ» բաժնում: Այդպիսի աղոթքները մեզ մոտ գնահատվում են` պայմանավորված նրանով, թե աղոթողը քրիստոնյաների որ խմբին է պատկանում: Մեզ մոտ քրիստոնյաների երկու հիմնական տեսակ է տարբերակված. 1.քրիստոնյաներ ըստ հակումների և 2. քրիստոնյաներ ըստ պարտականությունների: Բացի այս տարաբաժանումից, քրիստոնյաների յուրաքանչյուր տեսակը դասակարգված է ըստ մասշտաբի, տիպի և ցեղի:

Այժմ անդրադառնալով ձեր «Բարձրաձայն աղոթքներ» -ին՝ իմիջիայլոց նշեմ, որ ձեր տեսակի քրիստոնյաներին խրախուսելու նպատակով մենք նրանց համար անում ենք այնպիսի բաներ, որոնք չեն արվում առավել բարձր կարգի քրիստոնյաների համար՝ մասամբ այն պատճառով, որ նրանք այդ մասին չեն խնդրում: Եվ այսպես, մեջբերում եմ ձեր «Գլխավոր աղոթքներ» -ը:

1.Ձեր այն խնդրանքի մասին, որ գթասիրտ տերը ջերմություն ուղարկի հանուն նրանց, ովքեր աղքատ են ու մերկ: Այս աղոթքը հանձնված է աղոթական ժողովին: Այն հակասում է «Սրտի թիվ 1 գաղտնի խորհրդին», իսկ մեզ մոտ խիստ կանոն է սահմանված՝ նախապատվությունը տալ «Սրտի գաղտնի աղոթքներ» -ին:

2.Ձեր խնդրանքը կոշտուկապատ ձեռքերով աշխատավորի կյանքի բարելավման ու համեմատաբար լավ սնման մասին (որի ծանր ու համբերատար աշխատանքը, ինչպես դուք եք ասում, ապահովում է բարեկեցությունն ու քաղցր կյանքը առավել երջանիկ մահկանացուների, և այդ իսկ պատճառով նրան իրավունք է տալիս, որ ձեր նուրբ սրտերը կարեկից լինեն նրան՝ ձեզ պարտավորեցնելով նրանց ջանադրաբար հեռու պահել ամեն մի չարիք ու անարդարություն ծնող ագահությունից ու շահասիրությունից): Մերժված է, որովհետև հակասում է «Սրտի թիվ 2 գաղտնի աղոթք» -ին:

3.Այն աղոթքը, որը դուք բարձրաձայնել եք աղոթական հավաքույթում, և որում դուք աստծուն խնդրում եք օրհնել նրանց, ովքեր վնասում են ձեր շահերին և վկայաբերում եք ձեր սիրտը, թե «նրանց երկրային բարեկեցությունը երջանկության լույսով կողողի ձեր կյանքը ու ձեր ուրախությունն առավել կատարյալ կդարձնի», ուշադրության չի առնված, քանի որ հակասում է «Սրտի թիվ 3 և թիվ 4 աղոթքներ» -ին:

4. «Թող մեր խոսքերն ու գործերը ինչ-որ մեկի հոգու կործանման պատճառ չհանդիսանան»: Ընտանիքի անդամների ներկայությամբ բարձրաձայնած ձեր այս աղոթքը մեզ է հասել «Սրտի թիվ 5 գաղտնի աղոթք» -ից 15 րոպե առաջ: Այն լիովին հակասում է վերոհիշյալին, այդ իսկ պատճառով առաջարկում ենք հետ վերցնել այս աղոթքներից մեկը կամ դրանք փոփոխության ենթարկել:

6. «Թող անարգել տարածվի ու ծաղկի միսիոներության սրբազան առաքելությունը բոլոր հեթանոս երկրներում, որոնցում տիրող հոգևոր խավարն առ այսօր մեզ դաս է ծառայում»:

Այս աղոթքը, որ բարձրաձայնվել է «Քրիստոնեական արտասահմանյան առաքելությունների ամերիկյան կոմիտե» -ում, անցանկալի է ու պատահական բնույթ ունի: Այն մենք «Սրտի թիվ 7 աղոթք» -ից գրեթե կես օր շուտ ենք ստացել: Մեզ մոտ միսիոներությունը չի խրախուսվում, և «Ամերիկյան կոմիտե» -ն մեզ հետ ոչ մի առնչություն չունի: Մենք պատրաստ ենք գոհացում տալ ձեր աղոթքներից միայն մեկին, իսկ երկուսին էլ բավարարում տալն անհնարին է, քանի որ դրանք մեկմեկու հակասում են: Խորհուրդ ենք տալիս հրաժարվել այն աղոթքից, որն արտաբերվել է «Ամերիկյան կոմիտե» -ի ժողովում:

Թախանձագին խնդրում ենք ձեզ նկատի առնել, որ այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք առկա են թիվ 8 աղոթքում առ այն, որ իբրև թե եկամուտների մեծացման խնդրանքը ձեզ «լիովին գոհացնում է», դուք արտաբերել եք 20 անգամ, և այն մաշված կատակի է նմանվում:

Մեկ շաբաթ առաջ ձեր «Բարձրաձայն աղոթք» -ի 464 դրույթներից բավարարված է երկուսը, այն է. 1. «Թող որ ամպերը կատարեն իրենց պարտականությունը» և 2. «Թող որ արևը կատարի իր պարտականությունը»: Հենց այդպիսին է եղել բարձյալի կամքը, և ձեզ հաճելի կլինի իմանալ, որ ձեր աղոթքը չի հակասում նրա կամքին: Մնացյալ 462 աղոթքները մերժվել են: Դրանցից 61-ը դուք բարձրաձայնել եք կիրակնօրյա դպրոցում, և ես ստիպված եմ նորից հիշեցնել, որ մենք ուշադրության չենք առնում երկրորդ կարգի քրիստոնյաների կիրակնօրյա դպրոցներում հնչեցված աղոթքները: Դրանք մեզ մոտ «Ջոն Վանեմեյքերի կարգ» -ում (Մարկ Տվենի հրատարակչի) են ներառված: Այդպիսի աղոթքները մենք խոսքերի հավաքածու ենք համարում և քրիստոնյայի հաշվին գրանցում ենք որոշակի ժամանակահատվածում արտաբերված բառերի քանակով: Պարտադիր նվազագույնը քառորդ րոպեում 3000 բառ է, իսկ եթե այդ նվազագույնից պակաս է, մեր գրքերում չի նշվում: Կիրակնօրյա դպրոցների փորձառու ցածր դասարանցիների համար 4200 – 5000 բառը նորմա է: Այս քանակությունը մեզ մոտ հավասարեցվում է երկու օրհներգի ու ծաղիկների մեկ փնջի, որը երիտասարդ կույսը բերում է մարդասպան մահապարտին՝ նրա մահապատժի օրվա առավոտյան:

Ձեր մնացյալ աղոթքներն (401 հատ) ընդամենը օդի տատանումներ են: Այդպիսի աղոթքները մենք կույտեր ենք անում և օգտագործում ենք որպես հանդիպակաց քամի՝ անպատիվ մարդկանց տեղափոխող նավերը կանգնեցնելու համար: Իմիջիայլոց, որպեսզի այդ խոսքերը գոնե դույզն-ինչ ներգործություն ունենան, պետք է շատ-շատ լինեն, այնպես որ ձեր 401 աղոթքները ձեզ ոչնչով օգուտ չեն տա:

Այս հաղորդմանը ես ուզում եմ մի քանի խոսք էլ իմ կողմից հավելել:

Երբ ձեր տեսակի մարդիկ մանր-մունր բարի գործեր են կատարում, մենք, իմանալով, թե որքան ջանք է դա պահանջել, նրանց արարքի գնահատականը, արադարակյաց մարդու համեմատ, հազարապատիկ բարձրացնում ենք: Եվ դուք մեզ մոտ շատ ավելի բարձր համարում ունեք, քան նույնպիսի բնութագիր ունեցող այլ քրիստոնյաներ, քանի որ դուք մի քանի անգամ ինքնաուրացման այնպիսի գործողություն եք կատարել, որը ձեզանից ամենևին ակնկալելի չէր: Բազում տարիներ առաջ, երբ ձեր բանկային հաշիվն ընդամենը 100 հազար դոլար էր, դուք երկու դոլար ուղարկեցիք ձեր հորեղբոր աղջկան, որն այրիացել էր, ապրուստի միջոցից զրկվել և օգնության խնդրանքով ձեզ էր դիմել: Երկնքում ապրողներից շատերը դրան նույնիսկ չէին ուզում հավատալ, իսկ շատերն էլ ենթադրություն հայտնեցին, թե ձեր տվածը կեղծ փողեր են եղել: Բայց երբ հայտնի դարձավ, որ այդ բոլոր կասկածներն անհիմն են, ձեր հեղինակությունը զգալիորեն շահեց: Եվ երբ երկու տարի անց դուք, ի պատասխան օգնության երկրորդ աղերսի, դժբախտ այրուն չորս դոլար ուղարկեցիք, բոլորն անմիջապես դրան հավատացին, և բազում օրեր երկնքում շարունակ միայն այդ մասին էին խոսում: Անցավ ևս երկու տարի, և այրու կրտսեր որդին մահացավ, ու նա կրկին դիմեց ձեզ: Դուք նրան վեց դոլար ուղարկեցիք ու դրանով իսկ երկնքում վերջնականապես ամրապնդեցիք ձեր փառքը: Բոլորը մեկմեկու հարցնում էին. «Իմացա՞ք, թե ինչպես է Էնդրյուն աչքի ընկել» (այստեղ ձեք փաղաքշորեն «Էնդրյու» են անվանում): Ձեր հարաճուն առատաձեռնությունը բոլոր սրտերը բարյացկամությամբ տրամադրեցին ձեր նկատմամբ, ու ձեր անունը միշտ նրանց շուրթերին է: Երբ դուք կիրակի օրերը ձեր շքեղ կառքով եկեղեցի եք գնում, երկնքի բոլոր բնակիչները ձեզ են նայում, ու ձեր ձեռքը դեռ եկեղեցական գավին չհասած, երկինքը ուրախ բացականչություններով է լցվում, ու այդ ձայները հասնում են նույնիսկ գեհենի հրե պատերին. «Էնդրյուն ևս հի՜նգ ցենտ նվիրաբերեց»:

Բայց ձեր փառքն իր գագաթնակետին հասավ սրանից մի քանի օր առաջ, երբ այրին ձեզ գրեց, թե կարող է ուսուցչի աշխատանք ստանալ մի հեռավոր գյուղում, եթե 500 դոլար ունենա իր երկու երեխաների հետ այնտեղ հասնելու համար: Եվ դուք, նկատի առնելով, որ նախորդ ամսում ձեր մաքուր եկամուտը երեք ածխահանքերից կազմել է 22 230 դոլար, իսկ ընթացիկ ամսում կարելի է վստահ լինել, որ կկազմի 45 ու նույնիսկ 50 հազար դոլար, գրիչը վերցրեցիք ու նրան 15 դոլար ուղարկեցիք: Օ՜ մեծահոգի, օրհնյա՛ լ լինես դարեդար: Աստված քե՛զ պահապա ն: Ամբողջ երկնային թագավորությունում երբևէ չէր պատահել, որ որևէ մեկը խանդաղատանքից արտասվեր: Եվ այն ժամանակ, երբ մենք բոլորս մեկմեկու ձեռք էին սեղմում, գրկախառնվում ու ձեզ գովաբանում, վերին շողարձակող գահից որոտանման ձայն հնչեց՝ կարգադրելով ձեր սխրանքը մարդկանց ու հրեշտակների երբևէ գործած ինքնազոհողության սխրանքներից ամենաբարձրը դասվի ու հավերժացվի «Մեծ գործեր» -ի գրքի առանձին էջում: Քանզի այդ 15 դոլարից բաժանվելը ձեզ համար ավելի դժվարին էր ու կսկծալի, քան խարույկ հանված տասնյակ հազարավոր տառապյալների համար կյանքին հրաժեշտ տալը: Եվ մեզ մոտ բոլորն ասում էին. «Ինչպե՞ս կարելի է համեմատել կյանքը տված մեծ հոգու կամ տասնյակ հազարավոր հոգիների զոհաբերությունը երկրի վրա երբևէ ապրած ամենաժլատ մարդու ձեռքով ձրիաբար տրված 15 դոլարի հետ»:

Եվ դա մաքուր ճշմարտություն է: Աբրահամն արդեն ուրախությամբ քեզ համար տեղ է պատրաստել իր գոգում. նա գոգի ամբողջ պարունակությունը թափ է տվել և վրան հետևյալ պերճախոս պիտակն է փակցրել. «Զբաղված է»: Իսկ սուրբ Պետրոսը հայտարարել է. «Երբ նա ժամանի, ջահերով հանդիսավոր դիմավորում ենք կազմակերպելու»:

Լուրն այն մասին, որ դուք մեզ մոտ եք հայտնվելու, դրախտում մեծ խանդավառություն հարուցեց: Դժոխքում՝ նույնպես:

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
3465 | 0 | 0
loading...
Facebook
Basın sekreteri