Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ի՞նչ եզրակացության կարելի է հանգել Հիսուսի ծննդյան ու նրա եղբայրների մասին Նոր կտակարանի հաղորդած տեղեկություններից

09:13, salı, 26 aralık, 2017
Ի՞նչ եզրակացության կարելի է հանգել Հիսուսի ծննդյան ու նրա եղբայրների մասին Նոր կտակարանի հաղորդած տեղեկություններից
    

Ըստ Մատթեոս և Ղուկաս ավետարանիչների՝ Հիսուսը ծնվել է Հռոմի Օգոստոս կայսեր գահակալության ժամանակաշրջանում, հավանաբար Հռոմ քաղաքի հիմնադրման 750 թվականին, այսինքն այն թվականության 1 թվականին, որը քրիստոնյա աշխարհը համարում է նրա ծննդյան ենթադրյալ տարի: Հարկ եմ համարում տեղեկացնել, որ այս տարեթիվը, որ դրվել է «մեր թվականություն» անունն ստացած ժամանակագրության հիմքում, «դուրս է բերել» մ.թ. 6-րդ դարում ապրած մի հոգևորական՝ ծագումով սկյութ Դիոնիսոս Փոքրը:

Հերովդեսը մահացել է Հռոմի հիմնադրման 750 թվականի առաջին կեսին, որը համապատասխանում է մ.թ.ա. 4 թվականին:

«Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմում, Հերովդես թագավորի օրերում…» (Մատթեոս 2: 1):

«Եվ երբ Հերովդեսը մեռավ, Տիրոջ հրեշտակը երազում Հովսեփին երևաց Եգիպտոսում…» (Մատթեոս 2: 19):

«Եվ լսելով, թե Հրեաստանում Արքեղայոսն է թագավորում Հերովդեսի տեղ, վախեցավ գնալ այնտեղ, և երազում պատգամ առնելով՝ գնաց Գալիլեայի կողմերը…» (Մատթեոս 2: 22):

«Հրեաստանի թագավոր Հերովդեսի օրերում մի քահանա կար՝ անունը Զաքարիա…» (Ղուկաս 1: 5 - 80):

Հիսուսի անունը Յոշուայի փոփոխված ձևն է: Յոշուա անունն այն ժամանակներում բավականին տարածված է եղել Հրեաստանում, բայց, բնական է, որ հետագայում այս անվան մեջ սկսեցին խորհրդավոր իմաստ ու Փրկչի դերի ակնարկ դնել.

«Եվ նա որդի կծնի, և նրա անունը Հիսուս կդնես, որովհետև նա իր ժողովրդին փրկելու է իր մեղքերից: Եվ այս ամենը եղավ, որպեսզի կատարվի մարգարեի կողմից Տիրոջ ասվածը, որ ասում է՝ Ահա կույսը կհղանա և որդի կծնի, և նրա անունը Էմմանուել կկանչեն, որ թարգմանվում է՝ Աստված մեզ հետ» (Մատթեոս 1: 21 - 23):

«Եվ ահա կհղանաս և որդի կծնես. և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի, և Բարձրյալի Որդի կկոչվի» (Ղուկաս 1: 31):

Հնարավոր է, որ Հիսուսն ինքը, բոլոր միստիկների նման, այս ուղղությամբ բորբոքել է իր երևակայությունը: Պատմությանը հայտնի են շատ դեպքեր, երբ առանց հետին մտքի երեխային տրված անունը պատմական մեծ առաքելության առիթ է ծառայել: Բռնկուն բնավորության մարդիկ երբեք չեն կարողանում համակերպվել, որ իրենց վերաբերող որևէ բան կարող է զուտ պատահականություն լինել: Նրանց համար այն ամենը, ինչն իրենց է վերաբերում, Աստծու կողմից կանխորոշված է, և նրանք ամեն մի չնչին իրավիճակի մեջ բարձրագույն կամքի դրսևորում են տեսնում:

Այդ ժամանակներում Գալիլեան շատ խառը բնակչություն է ունեցել, և այդ մասին է վկայում անգամ նրա անունը, որը թարգմանաբար նշանակում է «հեթանոսների շրջան»: Հիսուսի օրերում Գալիլեայի բնակիչներից շատերը, Ստրաբոնի ու Հովսեփոս Ֆլավիոսի վկայությամբ, եղել են փյունիկեցիներ, ասորիներ ու նույնիսկ հույներ: Այսպիսի խառը էթնիկ կազմ ունեցող երկրամասում հուդայականությանը հարողները բավականին շատ են եղել, և այդ իսկ պատճառով հնարավոր չէ հաստատապես ասել, թե այս կամ այն անձնավորության երակներում ինչ ազգի կամ ցեղի արյուն է հոսել:

Հիսուսի հայրն ու մայրը միջին վաստակ ունեցող արհեստավորներ են եղել, կարողացել են իրենց ապրուստը սեփական քրտինքով վաստակել: Նրանք ո՛չ հարուստ են եղել, ո՛չ էլ աղքատ: Բարքերի ծայրահեղ պարզության շնորհիվ այստեղ հարուստի արտոնությունները գրեթե անօգտակար են եղել և շատերը կամավոր կերպով աղքատ են դարձել: Անկասկած, արևի լույսը միայն դռնից ստացող Հովսեփի տունը մի աղքատիկ խրճիթ է եղել, և այդ խրճիթը միաժամանակ և' արհեստանոց է ծառայել, և' և խոհանոց, և' ննջարան: Նրանք հատակին են քնել, իսկ տան ամբողջ կահավորանքը բաղկացած է եղել մեկ կամ երկու կավե անոթից ու սնդուկից:

Հիսուսը քույրեր ու եղբայրներ է ունեցել ու, ըստ երևույթին, նա եղել է Մարիամի ու Հովսեփի երեխաներից ավագը:

«Եվ չգիտեր նրան մինչև որ նա իր անդրանիկ որդին ծնեց, և նրա անունը Հիսուս դրեց» (Մատթեոս 1: 25),

«Եվ իր անդրանիկ որդին ծնեց, և պատեց խանձարուրներով և մսուրի մեջ դրեց» (Ղուկաս 2: 7):

Եթե Մատթեոսի տեքստը, հնարավոր է, կասկած հարուցի Հիսուսի եղբայրների ու քույրերի գոյության մասին, ապա Ղուկասի տեքստը կասկածի տեղ չի թողնում:

Բայց Հիուսի քույրերի ու եղբայրների մասին ոչինչ հայտնի չէ, քանի որ այն չորս անձինք, որոնց ներկայացնում են որպես նրա եղբայրներ (նրանցից միայն մեկը` Հակոբը, կարևոր դեր ունեցավ քրիստոնեության առաջին տարիներին), նրա զարմիներն են եղել: Մարիամը քույր է ունեցել, որի անունը նույնպես Մարիամ է եղել.

«Եվ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը և նրա մոր քույրը` Մարիամը` Կղեովպայի կինը, և Մարիամ Մագդաղենացին» (Հովհաննես 19: 25):

Շատ տարօրինակ է, որ երկու քույրերը միևնույն անունն են կրել: Հավանաբար, այստեղ ինչ-որ անճշտություն կա, մանավանդ, եթե նկատի առնենք, որ Նոր կտակարանում գալիլեացի գրեթե բոլոր կանանց անունը Մարիամ է:

Հիսուսի այս Մարիամ մորաքույրը մի քանի որդի է ունեցել, որոնք Հիսուսի աշակերտների մեջ կարևոր դեր են խաղացել: Հիսուսի մորաքրոջ այս տղաները նրան նույնքան հավատ չեն ընծայել, որքան հարազատ եղբայրները.

«Եվ նրա եղբայրներն ասացին նրան. Այստեղից դուրս եկ և գնա Հրեաստան, որ քո աշակերտներն էլ տեսնեն քո գործերը, որ գործում ես. Որովհետև ոչ ոք չկա, որ թաքուն բան անի և ուզենա ճանաչված լինել. Եթե դու այդ բաները գործում ես, քո անձը հայտնի դարձրու աշխարհին: Որովհետև իր եղբայրներն էլ չէին հավատում նրան…Երբ նրա եղբայրները գնացին, այն ժամանակ ինքն էլ գնաց այն տոնին` ոչ թե հայտնի, այլ գաղտնաբար» (Հովհաննես 7: 3 - 10):

Հիսուսի մորաքրոջ այս տղաները «Տիրոջ եղբայրներ» մականունն ստացան:

Հիրավի, որպես Հիսուսի եղբայրներ ներկայացվող չորս անձինք (Հակոբոս, Հովսեփ կամ Հովսես, Սիմոն և Հուդա), ստացվում է կամ գրեթե ստացվում է, որ Մարիամի և Կղեովպայի որդիներն են.

«Չէ՞ որ սա հյուսնի որդին է, չէ՞ որ սրա մայրը Մարիամ է կոչվում, և եղբայրները` Հակոբոս և Հովսես և Սիմոն և Հուդա. Եվ չէ՞ որ սրա քույրերը մեզ մոտ են…» (Մատթեոս 13: 55):

«Չէ՞ որ սա է այն հյուսնը` Մարիամի որդին, Հակոբի և Հովսեսի և Հուդայի և Սիմոնի եղբայրը, և չէ որ դրա քույրերն այստեղ` մեզ մոտ են…» (Մարկոս 6: 3):

«Սրանց մեջ էր Մարիամ Մագդաղենացին և Հակոբի և Հովսեփի մայր Մարիամը և Զեբեդիայի որդիների մայրը» (Մատթեոս 27: 56):

«Եվ երբ շաբաթն անցավ, Մարիամ Մագդաղենացին և Հակոբի մայր Մարիամը և Սավողմեն խունկեր առան, որ գան նրան օծեն» (Մարկոս 16: 1):

«Եվ գերեզմանից ետ դառան և բոլոր բաները պատմեցին տասնմեկին և բոլոր ուրիշներին: Եվ էին Մարիամ Մագդաղենացին, և Հովհաննան, և Հակոբոսի մայր Մարիամը, և նրանց հետ ուրիշներն էլ…» (Ղուկաս 24: 10):

«Եվ առաքյալներից մեկ ուրիշին չտեսա, բայց միայն Տիրոջ եղբայր Հակոբին» (Պողոսի նամակը գաղաթացիներին 1: 19):

«Հուդա` Հիսուս Քրիստոսի ծառա և Հակոբոսի եղբայր…» (Հուդա առաքյալի նամակը 1):

Հնարավոր չէ բացել այն թնջուկը, , երբ երեքական կամ չորսական որդի ունեցող երկու քույրերը նույն անունն են կրել, և որ «Տիրոջ եղբայրներ» պատվանունին արժանացած Հակոբոսն ու Սիմոնը` Երուսաղեմի առաջին երկու եպիսկոպոսները, լինեն Հիսուսի այն հարազատ եղբայրները, որոնք սկզբում նրան հավատ չեն ընծայել և միայն հետագայում են նրան հարել: Լսելով, որ Կղեովպայի չորս որդիներին «Տիրոջ եղբայրներ» են անվանում` ավետարանիչը կարող էր, Հիսուսի ընդմիշտ անհայտ մնացած հարազատ եղբայրների անունների փոխարեն, նրանց անունները սխալմամբ մտցնել Մատթեոսի ու Մարկոսի տեքստերի մեջ:

Միայն այս կերպ կարելի է բացատրել, թե ինչու «Տիրոջ եղբայրներ» անվանված անձանց (օրինակ՝ Հակոբոսի) նկարագիրն այդքան տարբերվում Հիսուսի եղբայրների այն նկարագրից, որ տվել է Հովհաննեսը (Հովհաննես 7: 3 - 6): Ամենայն հավանականությամբ, նախասկզբնական եկեղեցում «Տիրոջ եղբայրներ» արտահայտությունը «առաքյալներ» կոչումի նման մի բան է եղել.

«Մի՞թե իշխանություն չունենք մեզ հետ քույր կին ման տալու մեզ հետ, ինչպես ուրիշ առաքյալները և Տիրոջ եղբայրները» (Պողոսի առաջին նամակը կորնթացիներին 9: 5):

«Եվ առաքյալներից մեկ ուրիշին չտեսա, բայց միայն Տիրոջ եղբայր Հակոբին» (Պողոսի նամակը գաղաթացիներին 1: 19):

«…և բոլոր եղբայրները, որ ինձ հետ են» (Պողոսի նամակը գաղաթացիներին 1: 2):

Հիսուսի հարազատ եղբայրներն ու նրանց մայրը հայտնի են դարձել Հիսուսի մահից հետո միայն:

«Սրանք ամենքը միշտ միաբան աղոթք և աղաչանք էին անում կանանց հետ, և Հիսուսի մայր Մարիամի և նրա եղբայրների հետ» (Գործք առաքելոց 1: 14):

Բայց նույնիսկ այդ ժամանակ նրանք, ըստ երևույթին, այնպիսի հարգանքի չեն արժանացել, ինչպես Հիսուսի մորաքրոջ տղաները, որոնք Հիսուսին առավել ինքնուրույնաբար են հետևել: Հիսուսի հարազատ եղբայրների անուններն այն աստիճան անհայտ են եղել, որ երբ ավետարանիչը մարդկանց բերանով թվարկում է դրանք, ապա առաջինը նրա միտքն են գալիս Կղեովպայի որդիների անունները:

Հիսուսի քույրերն ամուսնացել են Նազարեթում, և այստեղ է նա անցկացրել իր վաղ մանկության տարիները:

«Չէ՞ որ սրա բոլոր քույրերը մեզ մոտ են…» (Մատթեոս 13: 56):

«և չէ՞ որ սրա բոլոր քույրերն այստեղ` մեզ մոտ են…» (Մարկոս 6: 3):

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
9496 | 0 | 0
Facebook