Հին հույների կարծիքով մարդու մարմնի կենտրոնը նրա պորտն է, և, ըստ հունական առասպելաբանության, իրենց դիցարանի գլխավորը՝ աստվածների հայր Զևսը, ուզում է իմանալ, թե այդ դեպքում որտե՞ղ է գտնվում Երկրի պորտը: Եվ, ահա, նա Երկրի «երկու ծայրեր» -ից մեկական արծիվ է արձակում: Թռչելով միևնույն արագությամբ՝ արծիվները բախվում են այն վայրի երկնակամարում, որտեղ հառնում է պատմական Դելֆի քաղաքը: Հենց այդ քաղաքն էլ «հռչակվում է» Երկրի կենտրոն:
Պետք է, սակայն, նշել, որ տարբեր ժողովուրդներ իրենց հայրենիքն են համարել «Երկրի պորտ» -ը: Օրինակ՝ հրեաների կարծիքով՝ աշխարհի կենտրոնում Պաղեստինն է, Պաղեստինի կենտրոնում՝ Երուսաղեմը, Երուսաղեմի կենտրոնում՝ Սողոմոնի տաճարը, իսկ տաճարի կենտրոնում տեղակայված քարն էլ հենց «Երկրի պորտ» -ն է:
Ըստ մեկ այլ վարկածի՝ Աստված այդ քարով է փակել քաոսի անդունդի անցքը:
Մեկ այլ ավանդապատում էլ ասում է, թե Աստված արարչագործությունն այդ քարից է սկսել:
Ալթայի բնակիչներն էլ համոզված են, թե «Երկրի պորտ» -ը իրենց երկրամասում է:
Իսկ այժմ անդրադառնամ «պրոլետարիատ» եզրին: Այն լատինական ծագում ունի: «Proletarius» -ը, չզարմանաք, նշանակում է «մարդ, որը պետությանը պիտանի է այնքանով, որ երեխաներ է սարքում»: «Proletarius» -ի հիմքում «proles» եզրն է, որը «սերունդ» է նշանակում: