Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Որոշ մանրամասներ Ստալինի ավագ որդու` Յակով Ջուղաշվիլու մասին

20:24, perşembe, 14 aralık, 2017
Որոշ մանրամասներ Ստալինի ավագ որդու` Յակով Ջուղաշվիլու մասին

1941 թվականի օգոստոսի 7-ին խորհրդային զորքերի Հյուսիսարևելյան ռազմաճակատի քաղվարչությունը հյուսիսարևելյան ուղղության ռազմական խորհրդի անդամ Ա. Ժդանովին մի գաղտնի ծրար է ուղարկում, որը հակառակորդի ինքնաթիռից նետված 3 թռուցիկ է պարունակել:

«Կարմիրբանակայի'ն ընկերներ, - գրված էր թռուցիկում -

ճիշտ չէ, թե գերմանացիները տանջում կամ նույնիսկ սպանում են ձեզ: Դա ստո'ր կեղծիք է: Գերմանացի զինվորները գերիներին լավ են վերաբերվում: Ամբողջ ժողովրդին խաբում են: Ձեզ վախեցնում են, որպեսզի դուք գերմանացիներից վախենաք: Խուսափեք անիմաստ արյունահեղությունից և հագիստ անցեք գերմանացիների կողմը»:

Ծրարում նաև ռազմագերիների հետ նկարված գերմանացի երկու սպաների լուսանկարն էր, որի տակ հետևյալն էր գրված.

«Գերմանացի սպաները զրուցում են Յակով Ջուղաշվիլու հետ: Ստալինի որդին` ավագ լեյտենանտ Յակով Ջուղաշվիլին` 14-րդ զրահատանկային դիվիզիայի 14-րդ հրետանային գնդի հաուբիցային մարտկոցի հրամանատարը, գերի է հանձնվել: Եթե խորհրդային բանակի այսպիսի աչքի ընկնող սպան ու կարմիր հրամանատարն է գերի հանձնվում, ապա դա ակնբախորեն ցույց է տալիս, որ գերմանական բանակին դիմադրելը լիովին աննպատակ է: Այդ իսկ պատճառով վե'րջ տվեք պատերազմելուն և մեր կողմն անցեք»:

Թռուցիկի հակառակ երեսին պատճենված էր հետևյալ կարճառոտ նամակի ձեռագիրը.

«Սիրելի' հայր, ես գերության մեջ եմ, առողջ եմ, շուտով ինձ ուղարկելու են Գերմանիայի սպայական ճամբարներից մեկը: Ինձ հետ լավ են վարվում: Առողջություն եմ ցանկանում: Ողջուններս` բոլորին: Յակով

Թռուցիկի երկրորդ էջի ստորին եզրին հետևյալ մեկնաբանությունն էր.

«Յակով Ջուղաշվիլիի նամակն իր հորը` Իոսիֆ Ստալինին, որը նրան է փոխանցվել դիվանագիտական խողովակով»:

Կասկած չի հարուցում, որ Ժդանովը Ստալինին տեղեկացրել է տեղի ունեցածի մասին: ՀամԿ (բ) Կ կենտկոմի քարտուղարը, կուսակցության Քաղբյուրոյի և Ռազմական խորհրդի անդամը Ստալինի առանձնահատուկ վստահությանն արժանացած անձանցից մեկն էր: Նա Յակովին լավ է ճանաչել, նրա հետ բազմիցս հանդիպել է Ստալինի մոտ և իր տանը:

Յակով Ջուղաշվիլին Ստալինի առաջին ամուսնության պտուղն էր: Նրա մայրը` Եկատերինա Սվանիձեն, որդուն մեծացրել ու դաստիարակել է` ապրուստը վաստակելով դերձակությամբ, լվացարարությամբ: 1907 թվականին նա մահացել է որովայնային տիֆից, երբ ընդամենը 22 տարեկան էր:

Ավելի ուշ պարզվել է, որ Յակովի ծննդյան տարեթիվը բոլոր փաստաթղթերում 1908-ն է: Դա հանգեցրել է այն ենթադրությանը, թե նա Ստալինի արտաամունական կապի արդյունք է և որ ծնվել է Ստալինի սիբիրյան աքսորի տարիներին: Հնարավոր է, որ այս հանելուկը մինչ այսօր լուծված չլիներ, եթե Թբիլիսիի բնակչուհի Դ. Մ. Մոնասալիձեի (որի ընտանիքում մինչև 14 տարեկանն ապրել է Յակովը) կենդանության ժամանակ նրա դուստրը` Ալեքսանդրա Մոնասալիձեն (Եկատերինա Սվանիձեի հարազատ քույրը), չապացուցեր, որ Յակովի ծննդյան տարեթիվն ի հայտ է եկել 1908 թվականին երեխային կնքելու արդյունքում, և որ այդ տարեթիվն էլ դարձել է նրա գրանցման տարեթիվը: 1921 թվականին Մոսկվա տեղափոխվելուց հետո նրա հարաբերությունները հոր հետ բավականին սրվում են: Հիմնական պատճառն այն էր, որ նա բավարար չափով պատրաստ չէր մոսկովյան կյանքին:

Ավարտելով դպրոցը` Յակովն ընդունվում է Տրանսպորտի ճարտարագետների մոսկովյան ինստիտուտ, որտեղ նա իրեն դրսևորել է որպես համեստ ու շատ պարկեշտ անձնավորություն: Շախմատ շատ է սիրել, ու ինստիտուտում կազմակերպվող բոլոր մրցումներում հաղթել է:

Նրա ժամանակակիցները պատմել են նաև ինստիտուտ ընդունվելու հետ կապված հետևյալ դրվագը: Ըստ այդ վկայությունների` ընդունող հանձնաժողովի անդամներից ո'չ մեկը, ո'չ էլ ինստիտուտի ղեկավարությունը, ուշադրության չեն առել Ջուղաշվիլի ազգանունը, ու ամենևին չեն կռահել, որ դա Ստալինի որդին է: Եվ, ահա, մի անգամ, քննությունների վերջում, զանգահարում են ինստիտուտի տնօրենին ու ասում, որ իր հետ Ստալինն է խոսելու: Ականատեսները վկայել են, որ շփոթահար տնօրենը դողդոջուն ձեռքով վերցրել է լսափողն ու նվաղած ձայնով ասել.

-Ես ձեզ լսո'ւմ եմ, ընկե'ր Ստալին:

-Ասացե'ք, Յակով Ջուղաշվիլին կարողացե՞լ է հանձնել քննությունը, ընդունվե՞լ է ինստիտուտ:

Նույնիսկ չպատկերացնելով, թե ում մասին է խոսքը` տնօրենը պատրաստակամորեն պատասխանել է.

-Այո', ընկե'ր Ստալին, Ջուղաշվիլին ընդունվել է ինստիտուտ:

Յակովի մասին շատ քիչ փաստաթղթեր են պահպանվել: Պատերազմին նախորդող տարիների նրա կյանքին վերաբերող որոշ կենսագրական տվյալներ պահպանվում են Ռուսատանի Կենտրոնական արխիվում: Այդ փաստաթղթերից մեկը նրա ինքնակենսագրականն է: Այն մանրատառ է ու բազմաթիվ ուղղումներ է պարունակում:

Ահա' այն.

«Ծնվել եմ 1908 թվականին, Բաքու քաղաքում, պրոֆեսիոնալ հեղափոխականի ընտանիքում: Հայրս` Ջուղաշվիլի-Ստալինը, այժմ կուսակցական աշխատանք է կատարում: Մայրս մահացել է 1908 թվականին: Եղբայրս` Վասիլի Ստալինը, ավիադպրոցում է աշխատում: Քույրս` Սվետլանան, Մոսկվայի միջնակարգ դպրոցի աշակերտ է: Կինս` Յուլիա Իսահակի Մալցերը, ծնվել է Օդեսայում, ծառայողի ընտանիքում:

Կնոջս եղբայրն Օդեսայում ծառայող է աշխատում: Կնոջս մայրը տնային տնտեսուհի է:

Մինչև 1935 թվականը կինս հոր խնամքի ներքո է եղել, սովորել է: 1936-ից 1937 թվականն աշխատել է Ստալինի անվան գործարանի էլեկտրակայանում` որպես խողովակամաքրման հերթապահ ինժեներ: 1937-ին ընդունվել է Բանվորագյուղացիական կարմիր բանակի ակադեմիայի երեկոյան բաժին: 1938-ին ընդունվել է Բանվորագյուղացիական կարմիր բանակի Հրետանային ակադեմիայի առաջին ֆակուլտետի երկրորդ կուրս»:

Հրետանային ակադեմիայի 5-րդ կուրսի ունկնդիր Յակով Ջուղաշվիլու կուսակցական-քաղաքական բնութագրիրը տեղեկացնում է, որ նա ՀամԿ (բ) Կ անդամ է 1941 թվականից, որ Լենինի, Ստալինի կուսակցության գործին նվիրված է ու աշխատում է կատարելագործել իր գաղափարա-տեսական մակարդակը, որ առանձնահատուկ հետաքրքրություն է դրսևորում մաքսիստական-լենինյան փիլիսոփայության նկատմամբ, որ մասնակցում է կուսակցական աշխատանքին, որ, որպես խմբագրական կոլեգիայի անդամ, մասնակցել է պատի թերթի լույսընծայման աշխատանքներին, որ իրեն դրսևորել է որպես լավ կազմակերպիչ, որ բարեխղճորեն է վերաբերվում ուսումնառությանն ու համառորեն հաղթահարում է դժվարությունները, որ հեղինակություն է վայելում ընկերների շրջապատում, որ կուսակցական նկատողություն չունի:

Առավելի բովանդակալի է ակադեմիայի ատեստացիոն հանձնաժողովի տված բնութագիրը.

«Հանգիստ անձնավորություն է: Ընդհանուր զարգացածությունը լավ է: Ընթացիկ (1939) տարում միայն «Նյութագիտություն» առարկայի քննությունն է հանձնել: Հրաձգության տեսության քննությունը` մինչև «Հարթությունում սխալների տեսություն» -ն ու «Փորձնական տվյալներ մշակում» -ը, անհատապես է հանձնել: Ունի ակադեմիական մեծ պարտք, և մտավախություն կա, որ մինչև ուսումնական նոր տարվա սկիզբը չի կարողանա պարտքը մարել: Հիվանդության պատճառով ձմեռային զինվորական հավաքներին չի մասնակցել, ինչպես նաև ճամբարային պարապմունքներից բացակայել է հունիսի 24 ից առ այսօր: Գործնական պարապմունքները չի անցել: Հրաձգատակտիկական պատրաստությունից քիչ բան գիտե: Հինգերորդ կուրս փոխադրվելն հնարավոր է հաջորդ` 1939/1940 ուսումնական տարվա վերջում պարտքերն հանձնելու պայմանով»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
11465 | 0 | 0
Facebook