Երբ հա՛րց են տալիս, որ չպետք է տալ -
Մարդ կատաղում է
(Այստեղ տեղին չէ բառը
«Բարկանալ»):
Երբ պա՛րտք են տալիս
Ու թո՜ւղթ պահանջում այդ պարտքի դիմաց-
Մարդ փոքրանում է՝
Դառնում ձվի չափ…
Երբ հո՜ւյս են տալիս ու կարեկցում են
Միաժամանակ-
Մարդ հուսալքվո՜ւմ է՝
Դառնում անհավատ…
Երբ խոսում են քեզ հետ, բայց լռել է հարկավոր,
Քեզ թվում է հանդիպել ես
Մի աղետի ահավոր:
Երբ լռո՜ւմ են, չե՛ն խոսում, բայց խոսե՛լն է կարևոր-
Չես հասկանում ի՞նչ ես ուզում
Այս աշխարհից մեղավոր:
Պահմտոցի ես խաղում
Ցավի՜դ, կամքի՜դ, հույսիդ հետ,
Թաքնվելու տե՛ղ ես փնտրում՝
Տուն տանող մի արահետ:
Գտնո՜ւմ ես,
Մա՛րդ արարած…
Մտնո՜ւմ ես՝
Հանգիստդ առնում վերջապես,
Երբ, որ մայրդ է խոսում հուզված,
Կամ լռո՜ւմ է Աստծո պես …