Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՖԵՈԴՈՐ ԴՈՍՏՈԵՎՍԿԻ

19:21, salı, 21 kasım, 2017
ՖԵՈԴՈՐ ԴՈՍՏՈԵՎՍԿԻ
     ԿԱՐԱՄԱԶՈՎ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ
     /հատված 9/
    
    

Գիրք իններորդ։ Նախնական քննություն

I։ Պաշտոնյա Պերխոտինն իր ապագայի հիմքն է դնում

Պյոտր Իլյիչ Պերխոտինը, որին մենք թողեցինք այն պահին, երբ նա ամբողջ ուժով բախում էր Մորոզովայի տան ամուր ու փակ դարպասը, վերջապես անշուշտ կարողացավ այնպես անել, որ բացեն դուռը։ Ֆենյան, որ այնպե՜ս վախեցել էր երկու Ժամ առաջ և դեռ չէր կարողանում պառկել ու քնել հուզմունքից ու «մտքերից», հիմա լսելով այդ կատաղի թակոցը դարպասին, նորից վախեցավ, համարյա հիստերիկայի հասնելու աստիճան. երևակայեց, թե նորից Դմիտրի Ֆյոդորովիչն է թակում (չնայած որ ինքը անձամբ տեսել էր նրա մեկնելը), որովհետև ոչ ոք չէր կարող այդպես «անզուսպ» թակել բացի նրանից։ Ֆենյան վազեց դռնապանի մոտ, որն արթնացել էր ու արդեն գնում էր դեպի դարպասը, և սկսեց աղաչել նրան, որ չբանա դուռը։ Բայց դռնապանը հարցուփորձ անելով իմացավ, թե ով է թակողը, և թե նա ուզում է Ֆեդոսյա Մարկովնային տեսնել շատ կարևոր մի գործով, ու վերջապես որոշեց ներս թողնել նրան։ Երբ Պյոտր Իլյիչը մտնում էր մեզ ծանոթ խոհանոցը, Ֆենյան «սրտի հանգստության համար» խնդրեց, որ նա դռնապանին էլ թույլ տա ներս մտնելու։ Պյոտր Իլյիչը իր հարցուփորձը սկսեց և անմիջապես իմացավ ամենակարևորը, այսինքն այն, թե Դմիտրի Ֆյոդորովիչը, երբ դուրս էր վազում Գրուշենկային փնտրելու, սանդից վերցրել էր սանդկոթը, իսկ երբ վերադարձել էր՝ սանդկոթը չկար արդեն, բայց ձեռքերն արյունոտ էին։ «Եվ արյունն էլ դեռ կաթո՜ւմ էր, ուղղակի կաթում նրա ձեռքերից, ուղղակի կաթո՜ւմ», — բացականչում էր Ֆենյան, և պարզ է, որ այդ զարհուրելի մանրամասնությունը ինքն էր ստեղծել իր խանգարված երևակայության մեջ։ Բայց Պյոտր Իլյիչն անձամբ էր տեսել այդ արյունոտ ձեռքերը, թեև արյունը չէր կաթում դրանցից, ինքն էլ օգնել էր Միտյայի լվացվելուն, և վերջապես հարցը այն չէր, թե արյունը շուտ էր չորացել կամ ոչ, այլ այն, թե ո՞ւր էր վազել Դմիտրի Ֆյոդորովիչն այդ սանդկոթը վերցրած, այսինքն հաստատապես Ֆյոդոր Պավլովիչի մո՞տ էր վազել արդյոք, և ի՞նչ հիման վրա կարելի էր վճռականորեն եզրակացնել այդ բանը։ Պյոտր Իլյիչը մանրամասնորեն կանգ էր առնում այս կետի վրա, ու թեև հաստատապես ոչինչ չիմացավ, բայց այնուամենայնիվ հանգեց գրեթե այն համոզման, որ Դմիտրի Ֆյոդորովիչը ուրիշ ոչ մի տեղ չէր կարող գնացած լինել, այլ միայն իր հոր տունը, և որ ուրեմն այնտեղ մի բան պետք է պատահած լինի անպայման։ «Իսկ երբ նա վերադարձավ, — ավելացրեց Ֆենյան հուզախռով, — ես ամեն ինչ խոստովանեցի նրան, հետո սկսեցի հարցնել Դմիտրի Ֆյոդորովիչ, ջանիկս, ինչո՞ւ ձեր երկու ձեռքերն էլ արյունոտ են», և իբր թե Միտյան հենց ուղղակի պատասխանել է, որ դա մարդու արյուն է, և որ ինքը հենց քիչ առաջ մարդ է սպանել։ «Հենց ուղղակի էդպես ասաց, ամեն ինչ խոստովանեց ինձ էստեղ, հետո հանկարծ գժի պես դուրս վազեց։ Ես նստեցի ու սկսեցի մտածել էդ ո՞ւր վազեց հիմա գժի պես։ Կգնա Մոկրոե, մտածեցի, և էնտեղ կսպանի իմ տիրուհուն։ Վազեցի գնացի, որ աղաչեմ նրան՝ չսպանի իմ տիրուհուն, նրա տունն էի վազում, մեկ էլ Պլոտնիկովների խանութի մոտ տեսնում եմ՝ նա արդեն ճանապարհ է ընկնում և ձեռքերն էլ արդեն արյունոտ չեն» ։ (Ֆենյան նկատել ու հիշել էր այդ) ։ Ֆենյայի պառավ տատը, որքան որ կարող էր, հաստատեց իր թոռան բոլոր ցուցմունքները։ Մի քանի բան էլ հարցնելուց հետո Պյոտր Իլյիչն այդ տնից դուրս եկավ ավելի ևս խռովահար, քան մտնելու պահին էր։

Կարծես թե նրա համար ամենից ավելի անմիջական բանը հիմա այն էր, որ գնա ուղղակի Ֆյոդոր Պավլովիչի տունը և իմանա՝ որևէ բան չի՞ պատահել այնտեղ, և եթե այո՝ ի՞նչ է պատահել հատկապես, և անժխտելիորեն համոզվելուց հետո միայն գնալ ոստիկանապետի մոտ, ինչպես արդեն հաստատ րոշել էր Պյոտր Իլյիչը։ Բայց մութ գիշեր էր, Ֆյոդոր Պավլովիչի տան դարպասներն ամուր էին, պետք էր նորից թակել, իսկ Ֆյոդոր Պավլովիչի հետ հեռվից֊հեռու էր ծանոթ։ Հապա եթե երկար թակելուց հետո դուռը բանային և հանկարծ պարզվեր, թե ոչինչ էլ չի պատահել այնտեղ. ծաղրասեր Ֆյոդոր Պավլովիչը վաղն ևեթ անեկդոտ կդարձներ այդ բոլորը և ամբողջ քաղաքում կպատմեր, թե ինչպես Պերխոտին անունով մի անծանոթ պաշտոնյա կեսգիշերին իր դուռն էր ջարդում՝ իմանալու համար, թե արդյոք որևէ մեկր չի՞ սպանել իրեն։ Խայտառակությո՜ւն։ Իսկ Պյոտր Իլյիչն աշխարհում ամենից ավելի վախենում էր խայտառակությունից։ Եվ այնուամենայնիվ, նրան առաջ մղող զգացումն այնքան ուժեղ էր, որ նա ոտքը զայրույթով գետին խփեց ու նորից հայհոյեց ինքնիրեն, բայց անմիջապես սլացավ մի այլ ճանապարհով՝ ոչ թե Ֆյոդոր Պավչովիչի տունը, այլ տիկին Խոխլակովայի։ Եթե այդ տիկինը, մտածեց նա, պատասխանի այն հարցին, թե ի՞նքն է արդյոք Դմիտրի Ֆյոդորովիչին երեք հազար ռուբլի տվել այսօր, այսինչ ժամին, ապա ժխտական պատասխանի դեպքում իսկույն կգնա ոստիկանապետի մոտ, առանց Ֆյոդոր Պավլովիչի տունը հանդիպելու. հակառակ դեպքում ամեն ինչ կթողնի վաղվան և տուն կվերադառնա։ Այստեղ անմիջապես կարելի է պատկերացնել անշուշտ, որ երիտասարդի այդ որոշումը, — գիշերվա ժամը տասնմեկին բարձրաշխարհիկ ու բոլորովին անծանոթ մի տիկնոջ տունը գնալ, թերևս անկողնից հանել նրան՝ զարմանալի հանգամանք ունեցող մի հարց տալու համար, — խայտառակություն առաջ բերելու շատ ավելի մեծ առիթ էր ստեղծում գուցե, քան Ֆյոդոր Պավլովիչի մոտ գնալը։ Բայց երբեմն այդպես են լինում ամենաճշտասեր ու սառնարյուն մարդկանց որոշումները, մանավանդ այսպիսի դեպքերում։ Իսկ Պյոտր Իլյիչն այդ րոպեին արդեն սառնարյուն էլ չէր։ Նա հետո իր ամբողջ կյանքում հիշում էր, թե ինչպես մի անհաղթահարելի անհանգստություն, աստիճանաբար տիրելով իր էությանը, վերջապես հասել էր տանջանքի աստիճանին ու նույնիսկ հակառակ իր կամքին քշել֊տարել էր իրեն։ Իհարկե, նա համենայն դեպս ամբողջ ճանապարհին նախատում էր իրեն, որ գնում է այդ տիկնոջ մոտ, բայց «գործը կհասցնեմ, կհասցնե՜մ մինչև վերջ» կրկնում էր արդեն տասներորդ անգամ, կրճտացնելով ատամները, և իսկապես իր մտադրությունը կատարեց՝ գործը հասցրեց մինչև վերջ։

Ժամը ուղիղ տասնմեկն էր, երբ մտավ տիկին Խոխլակովայի տունը։ Բավական շուտ բացեցին նրա առաջ բակի դուռը, բայց այն հարցին, թե քնա՞ծ է արդեն տիկինը կամ դեռ չի՞ պառկել արդյոք՝ դռնապանը չկարողացավ որոշակի պատասխան տալ, միայն ասաց, թե սովորաբար պառկում է այդ ժամին։ «Գնացեք վերև, հայտնեցեք. եթե ուզեն ընդունել ձեզ՝ կընդունեն, եթե չուզեն՝ չեն ընդունի» ։ Պյոտր Իլյիչը վեր բարձրացավ, բայց գործն ավելի դժվարացավ այստեղ։ Սենեկապանը չուզեց զեկուցել ու վերջապես կանչեց աղախնին։ Պյոտր Իլյիչը քաղաքավարի, բայց պնդող շեշտով խնդրեց նրան զեկուցել տիրուհուն, որ ահա եկել է Պերխոտին անունով տեղացի մի պաշտոնյա, եկել է մի հատուկ գործով, և եթե շատ կարևոր չլիներ այդ գործը, չէր էլ համարձակվի գալ. «հենց այս բառերով, հենց այս բառերով զեկուցեցեք», — խնդրեց նա աղախնին։ Աղջիկը գնաց։ Պյոտր Իլյիչն սպասեց նախագավիթում։ Տիկին Խոխլակովան թեև չէր պառկել տակավին, բայց արդեն քաշվել էր իր ննջասենյակը։ Միտյայի այցելությունից ի վեր նա հուզախռով վիճակի մեջ էր և նախազգում էր արդեն, որ գիշերն անխուսափելի է միգրենը՝ սովորական իր գլխացավը նման դեպքերում։ Նա զարմանքով լսեց աղախնի զեկույցը, բայց ջղայնորեն հրամայեց մերժել, չնայած որ այսպիսի ուշ Ժամին անծանոթ մի «տեղացի պաշտոնյայի» անակնկալ այցելությունը արտակարգորեն գրավել էր նրա կանացի հետաքրքրությունը։ Բայց Պյոտր Իլյիչն այս անգամ ջորու նման համառեց. լսելով մերժումը, նա չափազանց հարապնդորեն խնդրեց, որ կրկին զեկուցի աղախինը և հաղորդի «հենց այս բառերով», թե ինքը «արտակարգորեն կարևոր մի գործով է եկել, և տիկինը գուցե զղջա հետո, եթե հիմա չընդունի իրեն» ։ «Կարծես գլխիվայր գլորվում էի այն ժամանակ», — պատմում էր հետագայում Պյոտր Իլյիչը։ Աղախինը զարմացած նայեց նրան և գնաց կրկին զեկուցելու։ Տիկին Խոխլակովան ապշեց, մտածեց, հարցուփորձ արեց, թե ինչ տեսք ունի այցելուն, և իմացավ, որ նա «շատ վայելուչ է հագնվել, երիտասարդ է և այնքա՜ն քաղաքավարի» ։ Հարևանցիորեն նկատենք փակագծերի մեջ, որ Պյոտր Իլյիչը բավական գեղեցիկ երիտասարդ էր և ինքն էլ գիտեր այդ բանը։ Տիկին Խոխլակովան վերջապես որոշեց տեսնել այցելուին։ Արդեն իր տնային վերնազգեստն ու հողաթափերն էր հագել, բայց մի սև շալ նետեց ուսերին։ «Պաշտոնյայից» խնդրեցին, որ հյուրասենյակ մտնի, հենց այն սենյակը, ուր մի քանի ժամ առաջ ընդունել էին Միտյային։ Տիկինը հյուրասենյակ եկավ խիստ ու հարցական արտահայտությամբ, և առանց հյուրին հրավիրելու, որ նստի, ուղղակի հարցրեց. «Ի՞նչ եք ուզում» ։

— Ես համարձակվեցի ձեզ անհանգստացնել, տիկին, մեր ընդհանուր ծանոթ Դմիտրի Ֆյոդորովիչ Կարամազովին վերաբերող մի խնդրով, — սկսեց Պերխոտինը, բայց հազիվ էր այդ անունն արտասանել, երբ հանկարծ տանտիրուհու դեմքին սաստիկ ջղայնություն երևաց։ Նա գրեթե ճչաց ու մոլեգնորեն ընդհատեց նրան։

— Դեռ երկա՞ր, երկա՞ր են ինձ տանջելու այդ սարսափելի մարդու պատճառով, — գոռաց նա գազազած։— Ինչպե՞ս եք համարձակվել, պարո՛ն, ինչպե՞ս եք հանդգնում անհանգստացնել անծանոթ մի տիկնոջ՝ իր տան մեջ և այս ժամին... և նրա մոտ եկել եք խոսելու մի մարդու մասին, որ հենց այստեղ, հենց այս հյուրասենյակում, ընդամենը երեք ժամ առաջ, ուզում էր սպանե՜լ ինձ, ոտքերը խփում էր հատակին և այնպե՜ս դուրս գնաց, ինչպես ոչ ոք չէր գնա պատվավոր տնից։ Գիտցե՛ք, պարո՛ն, ես գանգատ եմ ներկայացնելու ձեր դեմ, ես չեմ ների ձեզ այս բանը, հաճեցեք ա՛յս րոպեին իսկ հանգիստ թողնել ինձ... Ես մա՜յր եմ, ես իսկույն... ես... ես...

— Սպանե՜լ։ Ուրեմն նա ուզում էր ձե՞զ էլ սպանել։

— Բայց ի՞նչ է, արդեն սպանե՞լ է որևէ մեկին, — թափով հարցրեց տիկին Խոխլակովան անմիջապես։

— Բարեհաճեցեք կես րոպե միայն լսել ինձ, տիկի՛ն, և ես երկու բառով կբացատրեմ ձեզ ամեն ինչ, — հաստատակամորեն պատասխանեց Պերխոտինը։— Այսօր, կեսօրից հետո ժամը հինգին, պարոն Կարամազովը տասը ռուբլի պարտք վերցրեց ինձնից ընկերաբար, և ես հաստատ գիտեմ, որ նա փող չուներ, բայց հենց այսօր էլ, ժամը իննին, նա ինձ մոտ եկավ՝ ձեռքին հարյուրանոց թղթադրամների մի կապոց բռնած ուղղակի աչքիս առաջ, մոտավորապես երկու կամ նույնիսկ երեք հազար ռուբլի։ Իսկ ձեռքերն ու դեմքը ամբողջովին արյունոտ էին, և ինքն էլ խելագարված էր թվում։ Երբ հարցրի՝ որտեղի՞ց է վերցրել այդքան փողը, նա որոշակիորեն պատասխանեց, թե դրանից մի քիչ առաջ ձեզնից է ստացել, դուք երեք հազար ռուբլի եք փոխ տվել նրան, որպեսզի իբր թե ոսկու հանքերը գնա...

Տիկին Խոխլակովայի դեմքին հանկարծ արտակարգ ու ցավագին մի հուզմունք երևաց.

— Աստվա՜ծ իմ։ Իր ծերունի հո՜րն է սպանել, — բացականչեց նա, ձեռքերն իրար զարկելով։— Ո՜չ մի փող չեմ տվել նրան, ո՜չ մի փող։ Օ՜, վազեցեք վազեցե՛ք... էլ ոչ մի խոսք մի՛ ասեք։ Փրկեցեք ծերունուն, վազեցեք նրա հոր մոտ, վազեցե՜ք։

— Ներեցեք, տիկին, ուրեմն դուք նրան փող չե՞ք տվել։ Հաստատ հիշո՞ւմ եք, որ ոչ մի գումար չեք տվել նրան։

— Չեմ տվել, չե՜մ տվել։ Ես մերժեցի տալ, որովհետև նա չէր կարողանում գնահատել։ Նա կատաղած դուրս գնաց և ոտքերը հատակին խփեց։ Նա ինձ վրա հարձակվեց, իսկ ես ետ ցատկեցի... Եվ դեռ ասեմ ձեզ, որպես մի մարդու, որից այլևս հիմա ոչ մի բան թաքցնելու միտք չունեմ, ասեմ ձեզ՝ նա նույնիսկ թքեց ինձ վրա, կարո՞ղ եք պատկերացնել։ Բայց ինչո՞ւ ենք այսպես կանգնած։ Ախ, նստեցեք... ներեցեք, ես... Կամ ավելի լավ՝ վազեցեք, վազեցե՜ք, պետք է վազեք ու փրկե՜ք դժբախտ ծերունուն սարսափելի մահից։

— Բայց եթե արդեն սպանե՞լ է նրան։

— Ա՜խ, աստված իմ, իրո՜ք որ։ Դե ուրեմն ի՞նչ ենք անելու հիմա։ Ինչ եք կարծում, ի՞նչ պետք է անել հիմա։

Բայց միաժամանակ նա Պյոտր Իլյիչին ստիպեց նստել և ինքն էլ նրա դիմացը նստեց։ Պյոտր Իլյիչը համառոտակի, բայց բավական հստակորեն պատմեց խնդիրը, գոնե այն մասը, որին ինքն էր այսօր ականատես եղել, պատմեց նաև քիչ առաջվա իր այցելությունը Ֆենյային և սանդկոթի մասին էլ ասաց։ Բոլոր այդ մանրամասնությունները ծայր աստիճան ցնցեցին հուզագրգիռ տիկնոջը, որ ճիչեր էր արձակում և աչքերը փակում ձեռքերով...

— Երևակայեցեք, ես նախազգո՜ւմ էի այդ բոլորը։ Ես օժտված եմ այդ հատկությամբ, ի՜նչ որ պատկերացնեմ՝ կատարվում է։ Եվ քանի, քանի՜ անգամ նայել եմ այդ սարսափելի մարդուն և միշտ մտածել եմ՝ ահա՛ մի մարդ, որ վերջ ի վերջո կսպանի ինձ։ Եվ ահա այդպես էլ եղավ... Այսինքն՝ եթե հիմա սպանեց ոչ թե ինձ, այլ իր հորը, պատճառն անշուշտ այն է, որ աստծո մատն այստեղ երևաց ու ինձ պաշտպանեց, և բացի այդ՝ ինքն էլ ամաչեց ինձ սպանելու, որովհետև ես ինքս իմ ձեռքով, այս սենյակում, հենց այստեղ, նրա վզին կախեցի մի սրբապատկեր, որի մեջ մեծ նահատակ Վարվառայի մասունքները կային... Ուրեմն ես այդ վայրկյանին որքա՜ն մոտ էի մահվան, չէ՞ որ ուղղակի մոտեցել էի այդ սարսափելի մարդուն, ընդհուպ մոտեցել էի, և նա իր ամբո՜ղջ վիզը երկարեց իմ առաջ։ Գիտե՞ք, Պյոտր Իլյիչ (ներեցեք, կարծեմ ասացիք, որ Պյոտր Իլյիչ է ձեր անունը), գիտե՞ք, ես չեմ հավատում հրաշքների, բայց այդ սրբապատկե՛րը և այս ակնհայտ հրա՜շքը, որ կատարվեց հիմա ինձ հետ՝ սա ցնցում է ինձ, և սկսում եմ նորից հավատալ ինչի՜ որ ուզեք։ Լսե՞լ եք հայր Զոսիմայի մասին... Բայց չգիտեմ ինչ եմ ասում... Եվ պատկերացրեք, սրբապատկերը վզին էր ու նորից էլ թքեց ինձ վրա... Իհարկե, թքեց միայն, ոչ թե սպանեց, և... և ահա թե ո՜ւր վազեց գնաց։ Բայց մե՞նք ուր գնանք, մե՞նք ուր գնանք հիմա, ի՞նչ եք կարծում։

Պյոտր Իլյիչը վեր կացավ ու հայտարարեց, որ հիմա ուղղակի պետք է գնա ոստիկանապետի մոտ և ամեն ինչ պատմի նրան, իսկ հետո նրա՛ գործն է արդեն։

— Ա՜խ, նա սքանչելի, սքանչելի մարդ է, ես ծանոթ եմ Միխայիլ Մակարովիչի հետ։ Անպայման, հենց նրա մոտ պետք է գնալ։ Ի՛նչ հնարամիտ մարդ եք, Պյոտր Իլյիչ և ինչ լա՜վ մտածեցիք այդ բոլորը։ Գիտե՞ք, եթե ես ձեր տեղը լինեի, ոչ մի կերպ չէի կարող այդ բանը մտածել։

— Մանավանդ որ ես էլ լավ ծանոթ եմ ոստիկանապետի հետ, — նկատեց Պյոտր Իլյիչը. նա դեռ շարունակում էր կանգնած մնալ և հայտնապես ուզում էր շուտով ազատվել այդ խիստ աշխույժ տիկնոջից, որ ոչ մի կերպ առիթ չէր թողնում նրան հրաժեշտ տալու և դուրս գնալու։

— Եվ Գիտե՞ք, գիտե՞ք, — բլբլացնում էր տիկինը, — եկեք ու ասացեք ինձ ամեն ինչ, որ կտեսնեք ու կիմանաք այնտեղ... և այն, ինչ կպարզվի... և թե ի՞նչ կորոշեն նրա համար, ի՞նչ պատիժ կտան։ Ասացեք, մեր երկրում մահապատիժ չկա, չէ։ Բայց անպայման եկեք, թեկուզ գիշերվա երեքին, թեկուզ չորսին, նույնիսկ չորս անց կեսին... Պատվիրեցեք, որ ինձ արթնացնեն, ցնցեն, տեղից շարժեն, եթե վեր չկենամ... Օ՜ աստված իմ, ես նույնիսկ չեմ էլ քնի։ Գիտե՞ք, ես էլ չգա՞մ արդյոք ձեզ հետ...

— Ո-ոչ, տիկին բայց ա՛յ եթե հիմա ձեր ձեռքով մի երեք տող գրեիք, համենայն դեպս... գրեիք, թե ոչ մի փող չեք տվել Դմիտրի Ֆյոդորովիչին, գուցե ավելորդ չլիներ... համենայն դեպս...

— Անպայմա՜ն, — հրճվանքով նետվեց տիկին Խոխլակովան դեպի իր գրասեղանը։— Եվ գիտեք, դուք ինձ շշմեցնում եք, դուք ինձ պարզապես ցնցում եք ձեր հնարամտությամբ, այսպիսի գործերի մեջ ձեր ունեցած հմտությամբ... Դուք այստե՞ղ եք պաշտոնավարում։ Ի՛նչ հաճելի է լսել, որ այստեղ եք պաշտոնավարում...

Եվ դեռ այդ ասելու ընթացքում նա արագորեն խզմզեց հետևյալ երեք մեծատառ տողերը կես թերթ նամակի թղթի վրա.

«Երբեք իմ կյանքում երեք հազար ռուբլի պարտք չեմ տվել այսօր դժբախտ Դմիտրի Ֆյոդորովիչ Կարամազովին (քանի որ նա համենայն դեպս դժբախտ է հիմա), և ուրիշ ոչ մի փող էլ չեմ տվել երբեք, երբե՛ք։ Երդվում եմ ամեն ինչով, որ սուրբ է մեր աշխարհում։

Խոխլակովա» ։

— Ահա՛ երկտողը, — արագորեն դարձավ Պյոտր Իլյիչին։— Գնացեք ուրեմն, փրկեցեք։ Սա մի մեծ սխրագործություն է, որ անում եք։

Եվ նա երեք անգամ խաչակնքեց Պյոտր Իլյիչին։ Նույնիսկ վազեց նրան ուղեկցելու մինչև նախագավիթը։

— Որքա՜ն երախտապարտ եմ ձեզ։ Չեք կարող երևակայել, թե որքա՜ն երախտապարտ եմ հիմա ձեզ այն բանի համար, որ ամենից առաջ ինձ մոտ եկաք։ Ինչպե՞ս է, որ մինչև հիմա չենք հանդիպել իրար։ Ինձ համար շատ հաճելի կլիներ այսուհետև ընդունել ձեզ իմ տանը։ Եվ որքա՛ն հաճելի է լսել, որ դուք այստեղ եք պաշտոնավարում... և այսպիսի ճշտասիրությամբ, այսպիսի հնարամտությամբ... Բայց ձեզ պետք է գնահատեն, պետք է հասկանան ձեզ, և հավատացեք, ի՜նչ որ կարող եմ անել ձեզ համար, ես... Օ՜, այնպե՜ս եմ սիրում երիտասարդ սերունդը։ Սիրահարվել եմ երիտասարդ սերնդին։ Երիտասարդները մեր այժմու տառապյալ Ռուսաստանի հիմքն են, ամբողջ հույսը... Օ՜, գնացեք, գնացեք...

Բայց Պյոտր Իլյիչն արդեն դուրս էր վազել, այլապես տիկինն այդքան շուտ բաց չէր թողնի նրան։ Եվ սակայն տիկին Խոխլակովան բավական հաճելի տպավորություն էր գործել նրա վրա, և դա նույնիսկ մի քիչ մեղմացրել էր նրա այն մտահոգությունը, թե ինքը խրվում է այսպիսի զզվելի մի գործի մեջ։ Ճաշակները չափազանց բազմապիսի են լինում, հայտնի բան է դա։ «Եվ տարիքը այնքան էլ մեծ չէ բոլորովին, — մտածեց նա հաճելի մի զգացումով, — ընդհակառակը, կարող էի իր աղջկա տեղ ընդունել նրան» ։

Իսկ գալով տիկին հոխլակովային, նա ուղղակի հմայվել էր այդ երիտասարդով։ «Այսքա՜ն ձեռնհասություն, այսքա՜ն ճշտասիրություն, և այդպիսի երիտասա՜րդ մի մարդու մեջ, մեր օրերում, և այդ բոլորի հետ՝ նաև այսպիսի՜ վարվելաձև ու արտաքին։ Մեկ էլ ասում են ժամանակակից երիտասարդների մասին, թե նրանք ոչ մի բանի ընդունակ չեն. ահա՛ ձեզ մի օրինակ» և այլն, և այլն։ Այնպես որ նա պարզապես մոռացավ «սարսափելի դեպքը» և միայն անկողին մտնելու պահին հանկարծ հիշեց նորից, թե «որքան մոտ էր եղել մահվան», և ասաց. «Ա՜խ, սարսափելի է, սարսափելի՜» ։ Բայց անմիջապես քնեց ամենաքաղցր և ամուր քնով։ Այնուամենայնիվ, ես երկար֊բարակ չէի խոսի այսպիսի աննշան ու պատահական մանրամասնությունների մասին, եթե երիտասարդ պաշտոնյայի և դեռ բոլորովին էլ ոչ տարեց այրի տիկնոջ այս տարօրինակ հանդիպումը հետագայում հիմք չծառայեր այդ գործնական ու ճշտասեր երիտասարդի ամբողջ ապագայի համար։ Մինչև հիմա էլ մեր քաղաքում զարմանքով են հիշում այս բանը, և գուցե մենք էլ հատկապես մի քանի խոսք ասենք այս առնչությամբ, երբ ավարտենք մեր երկար պատմությունը Կարամազով եղբայրների մասին։

II։ Տագնապ

Մեր ոստիկանապետ Միխայիլ Մակարովիչ Մակարովը, պաշտոնաթող փոխգնդապետ, որ քաղաքացիական ծառայության մեջ արքունի խորհրդականի աստիճան էր ստացել, այրի ծերունի էր և լավ մարդ։ Ընդամենը երեք տարի առաջ էր եկել մեզ մոտ, բայց արդեն ընդհանուր համակրանք էր շահել մանավանդ այն պատճառով, որ «գիտեր հասարակությունն ի մի բերելու ձևը» ։ Նրա տանը միշտ հյուրեր էին լինում, և կարծես նա չէր էլ կարող ապրել առանց նրանց։ Ամեն օր մեկն ու մեկը նրա տանը ճաշում էր անպայման, թեկուզ երկու, թեկուզ մեկ հյուր լիներ միայն, բայց առանց հյուրի սեղան չէին նստում։ Հատուկ ճաշկերույթներ էլ էր տալիս որևէ մի առիթով, և երբեմն նույնիսկ անսպասելի մի բան էր լինում այդ առիթը։ Կերակուրները թեև շատ ընտիր չէին լինում, բայց մատուցվում էին առատորեն, ձկնակարկանդակները մանավանդ հոյակապ էին, իսկ գինիներն այնքան էլ չէին փայլում որակով, բայց դրա տեղը բռնում էր քանակը։ Առաջին սենյակում բիլիարդի սեղան կար՝ շատ վայելուչ պարագաներով շրջապատված, այսինքն նույնիսկ անգլիական արշավաձիերի նկարներ կային պատերի վրա՝ սև շրջանակների մեջ, մի բան, որ, ինչպես հայտնի է, որևէ մի ամուրի մարդու բիլիարդանոցի անհրաժեշտ զարդն է կազմում։ Ամեն երեկո թուղթ էին խաղում, թեկուզ միայն մեկ սեղանի վրա։ Բայց շատ հաճախ հավաքվում էր նաև մեր քաղաքի ամբողջ լավագույն հասարակությունը, մայրիկներով ու օրիորդներով հանդերձ, և պարում էին։ Միխայիլ Մակարովիչը թեև այրի էր, բայց ընտանեկան կյանքով էր ապրում, որովհետև նրա մոտ էր բնակվում վաղուց այրիացած դուստրը, որ իր հերթին մայրն էր երկու աղջիկների։ Միխայիլ Մակարովիչի այդ թոռներն արդեն հասուն, իրենց կրթությունն ավարտած օրիորդներ էին, որոնք բավական հաճելի արտաքին ունեին և ուրախ բնավորություն, ու թեև բոլորը գիտեին, որ նրանք ոչ մի օժիտ չունեն, բայց այնուամենայնիվ իրենց պապիկի տունը հրապուրիչ էին դարձնում մեր բարձրաշխարհիկ երիտասարդության համար։

Միխայիլ Մակարովիչը շատ էլ լավ չէր հասկանում իր գործը, բայց պաշտոնը կատարում էր ոչ ավելի վատ, քան ուրիշ շատ մարդիկ։ Եթե ուղղակի ասենք, նա բավական թերուս մարդ էր և նույնիսկ հոգ չէր տանում, որ պարզ հասկանա իր վարչական իշխանության սահմանները։ Չի կարելի ասել, թե նա չէր կարողանում լիովին ըմբռնել ներկա թագավորության կատարած որոշ բարենորոգումները, բայց մի քիչ սխալ էր հասկանում դրանք, և երբեմն շատ նկատելի էին լինում նրա սխալները. պատճառը բնավ էլ նրա ինչ-որ հատուկ անընդունակությունը չէր, այլ պարզապես նա անհոգ էր իր բնավորությամբ, որովհետև միշտ էլ ժամանակ չուներ խնդրի մեջ խորամուխ լինելոււ «Ես ավելի զինվորական հոգի ունեմ, պարոնայք, քան թե քաղաքացիական», — ասում էր նա ինքը իր մասին։ Նույնիսկ ճորտատիրության վերացման բուն սկզբունքների մասին նա դեռ կարծես վերջնական ու անխախտ պատկերացում չէր կազմել և դրանք իմանում էր, այսպես ասած, տարեցտարի, իր գիտելիքներն ավելացնելով գործնականորեն և ակամա, այնինչ ինքն էլ կալվածատեր էր։

Պյոտր Իլյիչը վստահ գիտեր, որ այդ երեկո Միխայիլ Մակարովիչի մոտ անպայման կհանդիպի հյուրերից որևէ մեկին, միայն չգիտեր, թե ո՛ւմ հատկապես։ Եվ հենց այդ պահին էլ ոստիկանապետի հետ նստած թուղթ էին խաղում դատախազը և մեր գավառական բժիշկ Վարվինսկին։ Վերջինս հենց նոր Պետերբուրգից եկած մի երիտասարդ էր՝ Պետերրոլրգի բժշկական ակադեմիայի փայլուն շրջանավարտներից մեկը։ Իսկ դատախազ Իպոլիտ Կիրիլվիչը (այսինքն դատախազի օգնական էր նա, բայց մեր քաղաքում բոլորն էլ դատախազ էին կոչում նրան) յուրօրինակ մի մարդ էր, տակավին երիտասարդ, ընդամենը երեսունհինգ տարեկան, բայց խիստ հակամետ էր թոքախտի, ըստ որում ամուսնացել էր մի շատ գեր ու ամուլ կնոջ հետ, ինքնասեր էր ու ջղային, թեև շատ պատկառելի խելք ուներ և նույնիսկ բարի սիրտ։ Նրա բնավորության ամենադժբախտ կողմը կարծես այն էր, որ իր մասին մի քիչ ավելի բարձր կարծիք ուներ, քան թույլ էին տալիս իր արժանիքները։ Եվ ահա թե ինչու նա մշտապես անհանգիստ էր թվում։ Մանավանդ որ ավելի բարձր և նույնիսկ գեղարվեստական հավակնություններ էլ ուներ. այսպես օրինակ, հավակնում էր, որ ինքը հոգեբանական ներթափանցման ձիրքն ունի, և հավատում էր, որ ինքը հատկապես գիտե մարդկային հոգին, առանձնահատուկ շնորհ ունի ճանաչելու ոճրագործին և նրա կատարած ոճրագործությունը։ Այս իմաստով նա իրեն մի քիչ վիրավորված էր զգում, համարելով, որ արժանի պաշտոն չեն տվել իրեն, և միշտ այն համոզմանքին էր, թե բարձրագույն շրջաններում չկարողացան իրեն գնահաաել, և թե ինքը թշնամիներ ունի։ Մռայլ րոպեներին սպառնում էր նույնիսկ թողնել պաշտոնը և քրեական գործերի դատապաշտպան դառնալ։ Կարամազովների այս հայրասպանության անսպասելի գործը մի տեսակ լրիվ թափ տվեց նրան. «Այնպիսի՜ գործ է, որ կարող է ամբողջ Ռուսաստանով մեկ հայտնի դառնալ» ։ Բայց այս բանն արդեն ժամանակից շուտ եմ ասում։

Հարևան սենյակում, օրիորդների հետ, նստել էր նաև մեր երիտասարդ դատական քննիչ Նիկոլայ Պարֆյոնովիչ Նելյուդովը, որ ընդամենը երկու ամիս առաջ եկել էր Պետերբուրգից։ Հետագայում մեզ մոտ խոսակցության ու նույնիսկ զարմանքի առարկա դարձավ այն, թե կարծես դիտմամբ բոլոր այդ անձնավորությունները գործադիր իշխանության տանն էին հավաքվել «ոճրագործության» իրիկունը։ Այնինչ խնդիրը շատ ավելի պարզ էր, չափազանց բնականորեն էր պատահել այդ բանը։ Արդեն երկրորդ օրն էր, ինչ Իպոլիտ Կիրիլովիչի կնոջ ատամներն էին ցավում, և մարդը պետք է վերջապես փախչեր նրա տնքոցներից, գնար մի տեղ։ Բժիշկն արդեն իր բնավորության իսկ բերումով չէր կարող մի երեկո անցկացնել առանց թղթախաղի։ Իսկ Նիկոլայ Նելյուդովը դեռ նույնիսկ երեք օր առաջ միտքն էր դրել այդ երեկո հանդիպել Միխայիլ Մակարովիչի տունը, իբր թե այսպես ասած պատահականորեն, որպեսզի անակնկալի բերեր և դավադրաբար շշմեցներ մեծ օրիորդին՝ Օլգա Միխայլովնային, ասելով, թե գիտե նրա գաղտնիքը, գիտե, որ այսօր նրա ծննդյան օրն է, և որ նա դիտմամբ ուզեցել է թաքցնել այդ բանը մեր հասարակությունից, որպեսզի ամբողջ քաղաքը չհրավիրի պարահանդեսի։ Նելյուդովը պատկերացնում էր, թե որքան պիտի ծիծաղեն ու ակնարկություններ անեն նրա տարիքի վերաբերյալ, որ իբր թե օրիորդը վախենում է ի հայտ բերել, բայց հիմա որ ինքը՝ Նելյուդովը գիտե նրա գաղտնիքը, վաղն ևեթ ասելու է բոլորին և այլն, և այլն։ Այս սիրունիկ երիտասարդը մի մեծ չարաճճի էր այսպիսի հարցերում, մեր տիկնայք հենց այդպես էլ նրան չարաճճի էին կոչել, և կարծես դա շատ էր դուր գալիս նրան։ Բայց նա շատ լավ հասարակության մեջ էր մեծացել, լավ ընտանիքից էր՝ լավ դաստիարակությամբ ու լավ զգացումներով, ու թեև հաճոյասեր մարդ էր, բայց շատ անմեղ ու միշտ բարեվայելուչ։ Կարճահասակ էր նա՝ թույլ ու նուրբ կազմվածքով։ Բարակ ու գունատ մատների վրա միշտ էլ մի քանի չափազանց խոշոր մատանիներ էին փայլփլում։ Իսկ իր պաշտոնը կատարելու ժամանակ արտակարգորեն ծանրակշիռ էր դառնում, կարծես սրբության պես ընկալելով իր նշանակությունն ու իր պարտավորությունները։ Հարցաքննությունների ընթացքում հատկապես կարողանում էր շփոթության մատնել ռամիկ դասին պատկանող մարդասպաններին և այլ չարագործներին, և իսկապես, եթե ոչ հարգանք, համենայն դեպս որոշ զարմանք էր հարուցում նրանց մեջ իր նկատմամբ։

Մտնելով ոստիկանապետի տունը, Պյոտր Իլյիչը պարզապես շշմեց, հանկարծ տեսավ, որ ամեն ինչ գիտեն արդեն։ Իսկապես, թողել էին թղթախաղը, բոլորը ոտքի էին կանգնել ու դատողություններ էին անում, և նույնիսկ Նիկոլայ Պարֆյոնովիչն օրիորդներին թողել ու վազել֊եկել էր, ամենամարտական ու խոյընթաց տեսք ընդունելով։ Պյոտր Իլյիչին դիմավորեց այն շշմեցուցիչ լուրը, թե իսկապես Ֆյոդոր Պավլովիչին սպանել են այդ երեկո իր տան մեջ, սպանել են ու կողոպտել։ Իսկ այդ լուրը հենց նոր էր հասել ոստիկանապետին, հետևյալ ձևով։

Մարֆա Իգնատևնան, ցանկապատի մոտ զգետնված Գրիգորիի կինը, պինդ քնել էր իր անկողնում և կարող էր այդպես էլ քնած մնալ մինչև առավոտ, բայց հանկարծ արթնացավ։ Նրան զարթեցրեց ընկնավորի այն սարսափելի աղաղակը, որ կողքի սենյակում ուշակորույս պառկած Սմերդյակովն արձակեց։ Այդ աղաղակով էին միշտ սկսում նրա նոպաները և միշտ էլ սոսկալի վախ էին պատճառում Մարֆա Իգնատևնային, հիվանդագին ազդեցություն էին գործում նրա վրա։ Նա երբեք էլ չէր կարողանում վարժվել դրանց։ Քնաթաթախ վեր թռավ կինը և գրեթե խելակորույս վազեց Սմերդյակովի սենյակը։ Բայց մութ էր այնտեղ, նա միայն լսեց, որ հիվանդն սկսում է սոսկալի խռխռալ ու տապլտկել։ Եվ Մարֆա Իգնատևնան ինքը սկսեց ճչալ ու ամուսնուն կանչել, բայց հանկարծ գիտակցեց, որ երբ ինքը վեր էր կենում անկողնից, Գրիգորին կարծես թե այնտեղ չէր։ Վազեց մահճակալի մոտ և սկսեց շոշափել նորից, բայց իսկապես դատարկ էր անկողինը։ Ուրեմն Գրիգորին ելել գնացել էր. իսկ ո՞ւր էր գնացել։ Կինը դուրս վազեց ու սանդուղքի վրայից վեհերոտ ձայնով կանչեց ամուսնուն։ Պատասխան չստացավ անշուշտ, բայց գիշերային լռության մեշ ինչ-որ տնքոցներ լսեց հեռվից, կարծես թե այգու խորքից։ Ականջ դրեց. տնքոցները կրկնվեցին, և պարզ դարձավ, որ դրանք իսկապես այգուց էին գալիս։ «Տե՜ր աստված, ոնց որ Լիզավետա Սմերդյաշչայան էն ժամանակ», — անցավ նրա խռովահար մտքով։ Վեհերոտ քայլերով իջավ աստիճաններից ու տեսավ, որ այգու դռնակը բաց է։ «Հա՜, երևի էնտեղ է, հոգուն մատաղ», — մտածեց նա, մոտեցավ դռնակին և հանկարծ պարզ լսեց, որ Գրիգորին կանչում է իրեն՝ «Մարֆա՜, Մարֆա՜», կանչում է թույլ, հառաչուն, սարսափելի ձայնով։ «Տե՜ր աստված, պահիր մեզ փորձանքից», — փսփսաց Մարֆա Իգնատևնան, վազեց դեպի ձայնը և ահա այդպես գտավ Գրիգորիին։ Բայց գտավ ոչ թե ցանկապատի մոտ, ոչ թե այնտեղ, ուր նա ընկել էր, այլ մոտավորապես քսան քայլ հեռու ցանկապատից։ Հետո պարզվեց, որ Գրիգորին, ուշքի գալով, սողացել է, և հավանաբար երկար ժամանակ է սողացել, մի քանի անգամ կորցնելով գիտակցությունը և նորից ուշակորույս մնալով։ Մարֆա Իգնատևնան իսկույն նկատեց, որ նա ամբողջովին արյունաթաթախ է, և սկսեց բարձր ձայնով ճչալ ու օգնություն կանչել։ Իսկ Գրիգորին թոթովում էր կամաց ու անկապ. «Սպանեց... հորը սպանեց... ի՞նչ ես գոռում, հիմար կնիկ... վազիր... մարդ կանչիր...» ։ Բայց Մարֆա Իգնատևնան խելքի չէր գալիս ու շարունակում էր ճչալ, և հանկարծ տեսնելով, որ իր տիրոջ պատուհանը բաց է և լույս կա այնտեղ, վազեց այդ կողմը և սկսեց կանչել Ֆյոդոր Պավլովիչին։ Սակայն երբ պատուհանից ներս նայեց, ահավոր մի տեսարան բացվեց նրա առաջ, տերը մեջքի վրա ընկել էր հատակին, անշարժ։ Բաց գույնի վերնազգեստն ու կրծքի վրա սպիտակ շապիկն արյունոտ էին։ Սեղանի վրա վառվող մոմը պայծառ լուսավորում էր արյունն ու Ֆյոդոր Պավլովիչի անկենդան դեմքը։ Այստեղ արդեն ծայր աստիճան ահաբեկված, Մարֆա Իգնատևնան ետ քաշվեց պատուհանից, դուրս վազեց այգուց, քաշեց դարպասի փականը և ետևի կողմից գլխապատառ վազեց դեպի հարևանուհու տունը։ Մարյա Կոնդրատևնան և իր դուստրը քնել էին արդեն, բայց Մարֆա Իգնատևնայի ճիչերից ու լուսամուտի փեղկին հասցրած կատաղի թակոցներից զարթնեցին ու վազեցին լուսամատի մոտ։ Մարֆա Իգնատևնան սկսեց անկապ֊անկապ ճչալ ու գոռգոռալ, բայց կարողացավ հայտնել բուն իրողությունը և օգնության կանչեց։ Հենց այդ օրն էլ նրանց մոտ էր գիշերել թափառական Ֆոման։ Անմիջապես արթնացրին նրան ու երեքը մեկ վազեցին դեպի ոճրագործության վայրը։ Ճանապարհին Մարյա Կոնդրատևնան հասցրեց հիշել, որ այդ երեկո, ժամը իննի մոտ, մի սարսափելի, ականջ ծակող աղաղակ էր լսել նրանց այգուց, և դա անշուշտ հենց այն աղաղակն էր, որով Գրիգորին «Հայրասպա՜ն» էր գոռացել ամբողջ թաղով մեկ, երբ ձեռքերով կառչել էր ցանկապատի վրա նստած Դմիտրի Ֆյոդորովիչի ոտքից։ «Միայն մի մարդ էր՝ գոռաց ու հանկարծ լռեց», — վկայում էր Մարյա Կոնդրատևնան վազելով։ Հասնելով այն տեղը, ուր գետնին պառկել էր Գրիգորին, երկու կանայք Ֆոմայի օգնությամբ նրան տեղափոխեցին բակի շենքը։ Լույսը վառեցին ու տեսան, որ Սմերդյակովի վիճակը դեռ չի թեթևացել, տապլտկում է նա իր սենյակում, աչքերը շլվել են, իսկ շրթունքներից փրփուր է հոսում։ Գրիգորիի գլուխը սրբեցին քացախաջրով, և նա արդեն լիովին ուշքի եկավ ջրի շնորհիվ ու իսկույն հարցրեց. «Սպանվա՞ծ է Ֆյոդոր Պավլովիչը, թե ոչ» ։ Այն ժամանակ երկու կանայք ու Ֆոման շտապեցին Ֆյոդոր Պավլովիչի մոտ, և երբ այգի մտան, այս անգամ տեսան, որ ոչ միայն պատուհանը, այլև տնից դեպի այգի տանող դուռն էլ լրիվ բաց է, այնինչ Ֆյոդոր Պավլովիչն ամբողջ վերջին շաբաթվա ընթացքում անձամբ կողպում էր այդ դուռը ամեն երեկո և նույնիսկ Գրիգորիին թույլ չէր տալիս որևէ պատրվակով գալ ու թակել։ Բաց տեսնելով այդ դուռը, երեքն էլ իսկույն վախեցան գնալ Ֆյոդոր Պավլովիչի մոտ, «որպեսզի տակից մի բան դուրս չգա հետո» ։ Իսկ երբ բակի շենքը վերադարձան, Գրիգորին հրամայեց իսկույն ևեթ վազել հենց ոստիկանապետի մոտ։ Եվ ահա այդ ժամանակ է, որ Մարյա Կոնդրատևնան վազեց ու բոլորին ոտքի հանեց ոստիկանապետի տանը։ Ընդամենը հինգ րոպեով կանխեց նա Պյոտր Իլյիչին, այնպես որ վերջինս եկավ ոչ թե արդեն իր ենթադրություններն ու եզրակացությունները միայն հայտնելու, այլ որպես ականատես վկա, որ իր պատմածով ավելի ևս հաստատեց այն ընդհանուր կասկածը, թե ով է ոճրագործը (մի կասկած, որին նա իր հոգու խորքում չէր ուզում հավատալ մինչև այդ վերջին րոպեն) ։

Որոշեցին գործել արագ ու թափով։ Քաղաքի ոստիկանական տեսուչի օգնականին անմիջապես հանձնարարեցին չորս հոգի հավաքել որպես ենթավկա, և ըստ բոլոր կանոնների, որոնք այլևս չեմ նկարագրում այստեղ, մտան Ֆյոդոր Պավչովիչի տունը և քննություն կատարեցին ոճրագործության վայրում։ Գավառական բժիշկը, տաքարյուն ու նոր մարդ լինելով, գրեթե աղաչեց, որ ինքն էլ ընկերանա ոստիկանապետին, դատախազին ու քննիչին։ Համառոտակի նշեմ միայն, որ Ֆյոդոր Պավլովիչին գտան կատարելապես սպանված. ջախջախվել էր գլուխը, բայց ինչո՞վ, շատ հավանաբար այն նույն զենքով, որով հետո հարված էր ստացել նաև Գրիգորին։ Եվ ահա տեղն ու տեղը գտան նաև այդ զենքը, երբ Գրիգորին, հնարավոր բժշկական օգնությունն ստանալուց հետո, թույլ ու բեկբեկուն ձայնով ու բավական կապակցված խոսելով պատմեց, թե ինչպես էր ինքը տապալվել։ Սկսեցին լապտերներով փնտրել ցանկապատի մոտ և գտան պղնձե սանդկոթը, որ նետված էր ուղղակի այգու արահետի վրա, ամենից ավելի ակնառու մի տեղ։ Ոչ մի անկարգություն չնկատեցին այն սենյակում, ուր ընկած էր Ֆյոդոր Պավլովիչը, բայց վարագույրի ետև, նրա մահճակալի մոտ, հատակից վերցրին մի մեծ, գրասենյակային չափսի, հաստ թղթից ծրար, որի վրա գրված էր՝ «Երեք հազար ռուբլի նվեր իմ հրեշտակ Գրուշենկային, եթե ուզենա գալ», իսկ ներքևում, հավանաբար ավելի ուշ, Ֆյոդոր Պավլովիչն ավելացրել էր՝ «և ճուտիկին» ։ Կարմիր կնքամոմի երեք խոշոր կնիք կար ծրարի վրա, որ սակայն պատռված ու դատարկ էր արդեն. փողը հանված էր։ Հատակին գտան նաև այն բարակ, վարդագույն ժապավենը, որով կապված էր ծրարը։

Պյոտր Իլյիչի ցուցմունքների մեջ, ի միջի այլոց, կար մի հանգամանք, որ արտակարգ տպավորություն գործեց դատախազի ու քննիչի վրա, այսինքն այն ենթադրությունը, թե Դմիտրի Ֆյոդորովիչն անպայման անձնասպան կլինի առավոտյան դեմ, թե նա ինքն է որոշել այդ բանը, ինքն է այդպես ասել Պյոտր Իլյիչին, որի ներկայությամբ լցրել է ատրճանակը, մի երկտող է գրել ու դրել է գրպանը և այլն, և այլն։ Իսկ երբ Պյոտր Իլյիչը, դեռ չուզենալով հավատալ նրան, սպառնացել է, որ կգնա ու կհայտնի որևէ մեկին, որպեսզի կանխվի անձնասպանությունը, Միտյան քմծիծաղով պատասխանել է՝ «Չես հասցնի» ։ Ուրեմն պետք էր շտապել, ժամանակին հասնել Մոկրոե ու բռնել ոճրագործին, քանի դեռ իսկապես նրա խելքին չի փչել անձնասպան լինել։ «Դա պարզ է, պա՛րզ, — կրկնում էր դատախազը արտակարգորեն հուզված, — նրա նման թոկից փախածները ճիշտ ու ճիշտ այդպես են՝ վաղը կսպանե՜մ ինքս ինձ, իսկ մահից առաջ քեֆ եմ անում» ։ Խանութից գինի և ուտեստեղեն գնելու պատմությունն ավելի ևս բորբոքեց դատախազին։ «Հիշո՞ւմ եք այն տղային, պարոնայք, որ վաճառական Օլսուֆևին սպանեց, գողացավ հազար հինգ հարյուր ռուբլին և իսկույն գնաց մազերը գանգրացրեց, հետո էլ լավ չթաքցնելով փողերը, համարյա թե նույնպես ձեռքում բռնած, վազեց աղջիկների մոտ» ։

Սակայն հետաքննությունը, Ֆյոդոր Պավլովիչի տան խուզարկությունը, ձևակերպումները և այլն ուշացնում էին բոլորին։ Այդ ամբողջը ժամանակ էր պահանջում, ուստի իրենց գնալուց երկու ժամ առաջ Մոկրոե ուղարկեցին գավառական ոստիկանապետ Մավրիկի Մավրիկիևիչ Շմերցովին, որ նախորդ օրն առավոտյան քաղաք էր եկել իր ռոճիկն ստանալու։ Ըստ տրված հրահանգի, Մոկրոե հասնելուց հետո Մավրիկի Մավրիկիևիչը, առանց որևէ տագնապ հարուցելու, պետք է անդադար հետևեր «ոճրագործին» մինչև պետական իշխանությունների ժամանումը, ինչպես և պետք է նախապատրաստեր ենթավկաներին, գյուղական ոստիկանության վերակացուներին և այլն, և այլն։ Այդպես էլ վարվեց Մավրիկի Մավրիկիևիչը, մնալով incognito և միայն իր հին ծանոթ Տրիֆոն Բորիսովիչին մասամբ հայտնելով գաղտնիքը։

Դա հենց այն ժամանակ էր, երբ Միտյան պատշգամբում մթան մեջ հանդիպեց պանդոկապանին, որ փնտրում էր նրան, ընդ որում անմիջապես էլ ինչ֊որ անակնկալ փոփոխություն նկատեց Տրիֆոն Բորիսովիչի դեմքին ու խոսքերի մեջ։ Այսպիսով, ոչ Միտյան, ոչ էլ ուրիշ որևէ մեկը գիտեր, որ հետևում են իրենց։ Իսկ ատրճանակների տուփը վաղուց արդեն փախցրել էր Տրիֆոն Բորիսովիչը և պահել հարմար մի տեղ։ Եվ միայն առավոտյան չորսից հետո, համարյա լուսադեմին, երկու եռաձի ուղեկառքով ժամանեցին բոլոր իշխանավորները՝ նահանգային ոստիկանապետը, դատախազն ու քննիչը։ Իսկ բժիշկը Ֆյոդոր Պավլովիչի տանը մնաց, նպատակ ունենալով առավոտյան դիահերձում կատարել սպանվածի մարմնի վրա, բայց նա գլխավորաբար հետաքրքրվել էր հիվանդ ծառայի՝ Սմերդյակովի վիճակով. «Քիչ կարող ես հանդիպել ընկնավորության այսպիսի դաժան ու երկարատև նոպաների, որոնք երկու օր անընդհատ կրկնվում են, և սա պետք է գիտության սեփականությունը դառնա», — ոգևորությամբ ասաց նա իր գործակիցներին, որոնք մեկնում էին արդեն և ծիծաղելով շնորհավորեցին նրան այդ գյուտի համար։ Միաժամանակ բժիշկն ամենավճռական շեշտով ավելացրեց, թե Սմերդյակովը մինչև առավոտ չի ապրի, և դատախազն ու քննիչը շատ լավ հիշեցին նրա ասածը։

Այժմ, այս երկար, բայց կարծեմ անհրաժեշտ բացատրությունից հետո, վերադարձանք մեր պատմության հենց այն պահին, ուր կանգ էինք առել նախորդ գրքում։

III։ Հոգին անցնում է չարչարանքների ուղիով։ Չարչարանք առաջին

Եվ այսպես, Միտյան նստել ու վայրի հայացքով նայում էր ներկաներին, չհասկանալով, թե ինչ են ասում իրեն։ Հանկարծ նա վեր կացավ, ձեռքերը վեր նետեց ու բարձրաձայն գոռաց.

— Մեղք չունե՛մ։ Ա՛յդ արյան մեջ մեղք չունեմ։ Հորս արյան մեջ մեղք չունեմ... Ուզում էի սպանել, բայց մեղք չունե՛մ։ Ես չե՜մ։

Բայց հազիվ էր նա գոռացել այդ, մեկ էլ հանկարծ վարագույրի ետևից դուրս նետվեց Գրուշենկան և հենց ուղղակի փուլ եկավ ոստիկանապետի ոտքերի առաջ։

— Ե՛ս եմ, ե՜ս, անիծյալ լինեմ, ե՛ս եմ մեղավորը, — աղաղակեց նա սրտակեղեք ձայնով, դեմքն արցունքով ողողված, ձեռքերը մեկնելով բոլորին, — ի՛մ պատճառով սպանեց նա... Ե՛ս տանջեցի նրան և հասցրի այդ բանին։ Այդ խեղճ ծերուկի՜ն էլ, հանգուցյալին էլ տանջեցի իմ չարությունից, և հասցրի սրա՜ն։ Ե՛ս եմ մեղավորը, ե՛ս եմ ամենից առաջ, ե՛ս եմ գլխավորը, ե՛ս եմ մեղավորը։

— Այո՛, դու ես մեղավորը։ Դո՛ւ ես գլխավոր հանցագործը։ Դու կատաղած կին ես, դու անառա՛կ ես, դո՛ւ ես ամենից առաջ մեղավորը, — գոռաց ոստիկանապետը, ձեռքով սպառնալով Գրուշենկային, բայց այս անգամ արդեն արագ ու վճռականորեն զսպեցին Միխայիլ Մակարովիչին։ Դատախազը նույնիսկ երկու թևով գրկեց նրան։

— Սա արդեն բոլորովին անկարգություն է, Միխայիլ Մակարովիչ, — գոռաց նա, — Դուք ուղղակի խանգարում եք դատաքննությունը... գործն եք փչացնում...— գրեթե շնչահեղձ էր լինում դատախազը։

— Միջոցներ ձեռք առնել, միջոցներ, միջոցնե՜ր ձեռք առնել, — սոսկալի բորբոքվեց նաև Նիկոլայ Պարֆյոնովիչը, — այլապես ուղղակի անհնար է...

— Միասի՜ն դատեցեք մեզ, — շարունակում էր մոլեգնորեն բացականչել Գրուշենկան, դեռ ծնկների վրա մնալով։— Միասի՜ն պատժեք մեզ, հիմա ես նրա հետ մահապատժի՛ էլ կգնամ։

— Գրուշա, դու իմ կյա՜նքս, իմ արյո՜ւնս, սրբությո՜ւնս իմ, Գրուշա, — նրա կողքին ծնկի նետվեց նաև Միտյան և ամուր սեղմեց նրան իր գրկում։— Մի՛ հավատաք նրան, — գոռաց, — մեղավոր չէ նա, ոչ մի բանում մեղավոր չէ, ոչ մի արյուն, ո՜չ մի բան։

Հետագայում նա հիշեց, որ մի քանի հոգի ուժով ետ քաշեցին իրեն Գրուշենկայից և նրան հանկարծ տարան, իսկ ինքը ուշքի եկավ, երբ արդեն նստել էր սեղանի մոտ։ Իր կողքին ու իր ետևում կանգնած էին այն մարդիկ, որոնք վահանակներ ունեին կրծքի վյրա։ Իր դիմացը, սեղանի մյուս կողմը, բազմոցի վրա նստել էր դատական քննիչ Նիկոլայ Պարֆյոնովիչը, և անընդհատ համոզում էր մի քիչ ջուր խմել սեղանի վրա դրված բաժակից. «Դա կթարմացնի ձեզ, կհանգստացնի ձեզ, մի՛ վախենաք, մի՛ անհանգստանաք», — ավելացնում էր նա չափազանց քաղաքավարի կերպով։ Բայց Միտյային, ինչպես ինքն էր հիշում հետո, հանկարծ սոսկալի հետաքրքրեցին քննիչի խոշոր մատանիները, որոնցից մեկի վրա մեղեսիկ կար, իսկ մյուսի վրա՝ վառ դեղին ու թափանցիկ մի շողակ, որ այնքան գեղեցիկ փայլ ուներ։ Եվ հետագայում դեռ նա երկար ժամանակ զարմանքով հիշում էր, որ այդ մատանիներն անդիմադրելիորեն գրավում էին իր հայացքը հարցաքննության բոլոր այդ սարսափելի ժամերի ընթացքում, այնպես որ նա, չգիտես ինչու, ոչ մի կերպ չէր կարողանում պոկվել ու մոռանալ դրանք՝ որպես իր դրությանը բոլորովին չհամապատասխանող բաներ։ Միտյայի ձախ կողմը, այնտեղ, ուր երեկոյի սկզբում նստել էր Մաքսիմովը, հիմա դատախազն էր տեղ գրավել, իսկ Միտյայի աջ կողմը, այնտեղ, ուր Գրուշենկան էր առաջ, տեղավորվել էր վարդագույն այտերով մի երիտասարդ, որ մի տեսակ որսորդական ու խիստ մաշված բաճկոն էր հագել, և որի առաջ թանաքաման ու թուղթ կար։ Պարզվեց, որ նա քննիչի գրագիրն է, և քննիչը նրան բերել է իր հետ։ Իսկ ոստիկանապետը հիմա կանգնած էր պատուհանի մոտ, սենյակի մյուս ծայրը, Կալգանովի կողքին, որ նույն պատուհանի մոտ նստել էր աթոռի վրա։

— Մի քիչ ջուր խմեցեք, — կրկնեց մեղմորեն քննիչը արդեն տասներորդ անգամ։

— Խմեցի, պարոնայք, խմեցի... բայց... է՛հ, պարոնայք, ճզմեցեք ինձ, պատժեցե՛ք, վճռեցե՜ք իմ ճակատագիրը, — բացականչեց Միտյան, սոսկալիորեն անշարժ ու չռված հայացքով նայելով քննիչին։

— Այսպես ուրեմն, դուք հաստատապես պնդում եք, որ մեղավոր չե՞ք ձեր հոր՝ Ֆյոդոր Պավլովիչի մահվան մեջ, — հարցրեց քննիչը մեղմ, բայց հաստատուն շեշտով։

— Մեղավոր չե՛մ։ Մեղավոր եմ մի ուրիշ արյուն թափելու մեջ, մի ուրիշ ծերունու արյուն, բայց ոչ թե իմ հոր։ Եվ ողբո՜ւմ եմ։ Սպանեցի, սպանեցի ծերունուն, սպանեցի ու տապալեցի գետին... Բայց ծանր է այդ արյան դիմաց պատասխան տալ մի ուրիշ արյունով, սարսափելի՜ արյունով, որի համար մեղավոր չեմ... Ահավոր մեղադրանք է, պարոնայք, կարծես բռունցքով խփեցիք քթիս-բերնիս։ Բայց ո՞վ է սպանել հորս, ո՜վ է սպանել։ Ո՞վ կարող է սպանած լինել, եթե ես չեմ։ Հրաշք է սա, անհեթեթ բան, անկարելի՜ բան...

— Այո, ո՞վ կարող է սպանած լինել...— սկսում էր քննիչը, բայց դատախազ Իպոլիտ Կիրիլովիչը (այսինքն դատախազի օգնականը, բայց մենք էլ նրան կարճորեն դատախազ կոչենք), մի հայացք փոխանակելով քննիչի հետ, դարձավ Միտյային ու ասաց.

— Դուք իզուր եք անհանգստանում ծերունի ծառա Գրիգորի Վասիլևիչի համար։ Իմացեք, որ նա կենդանի է, ուշքի է եկել, և չնայած այն ծանր հարվածներին, որոնց նա ենթարկվել է ձեր կողմից, ըստ նրա և ձեր այժմու ցուցմունքի, կարծես թե կենդանի կմնա անտարակույս, գոնե բժշկի ասելով։

— Կենդանի՞ է։ Ուրեմն կենդանի է՜, — գոչեց հանկարծ Միտյան, ձեռքերն իրար զարնելով։ Նրա դեմքը լրիվ պայծառացավ։— Ո՜վ աստված, շնորհակալ եմ քեզնից այն մեծագույն հրաշքի համար, որ ցուցաբերեցիր ինձ՝ մեղավորիս ու չարագործիս, լսեցի՜ր իմ աղոթքը... Այո, այո, իմ աղոթքի պատասխանն է դա, ես ամբո՜ղջ գիշեր աղոթում էի...— և նա երեք անգամ խաչակնքեց։ Համարյա շունչը կտրվում էր։

— Եվ ահա ուրեմն, հենց այդ Գրիգորիից էլ մենք այնքան կարևոր ցուցմունքներ ստացանք ձեր մասին, որ դուք...— շարունակում էր դատախազը, բայց հանկարծ Միտյան վեր թռավ աթոռից։

— Մի րոպե, պարոնայք, ի սեր աստծո, միա՜յն մի րոպե, վազեմ Գրուշենկայի մոտ...

— Ներեցե՜ք։ Այս րոպեիս ո՛չ մի կերպ չի կարելի համարյա ճչաց նիկոլայ Պարֆյոնովիչը և նույնպես վեր թռավ։ Միտյային բռնեցին այն մարդիկ, որոնք վահանակներ ունեին կրծքի վրա, բայց նա իր կամքով նստեց աթոռին...

— Շատ ափսոս, պարոնայք։ Միայն մի վայրկյան ուզում էի տեսնել նրան... ուզում էի հայտնել, որ սրբվեց, չքացա՜վ այն արյունը, որ ամբողջ գիշերը նստել էր սրտիս վրա, և էլ մարդասպան չե՜մ։ Նա իմ հարսնացուն է, պարոնայք, — ասաց նա հանկարծ ցնծությամբ ու ակնածանքով, նայելով շուրջը՝ բոլորին։— Օ՜, շնորհակալ եմ ձեզնից, պարոնայք։ Օ՜, ինչպե՜ս վերակենդանացրիք, կյանք տվեցիք ինձ մի վայրկյանում... Այդ ծերունին իր ձեռքերի վրա է պահել ինձ, պարոնայք, նա ինձ լվանում էր տաշտում, երբ երեք տարեկան, երեխա էի և բոլորը լքել էին ինձ։ Նա հարազատ հա՜յր է եղել ինձ համար...

— Այսպես ուրեմն, դուք...— սկսեց նորից քննիչը։

— Թույլ տվեք, պարոնայք, մի րոպե ևս թույլ տվեք, — ընդհատեց Միտյան, երկու արմունկները դնելով սեղանին և ափերով ծածկելով դեմքը, — թողեք մի քիչ մտածեմ, թողեք շունչ քաշեմ, պարոնայք։ Սոսկալի ցնցում են այս բոլորը, սոսկալի, մարդը հո թմբուկի կաշի չէ, պարոնա՛յք։

— Նորից մի քիչ ջուր խմեիք...— մրմնջաց Նիկոլայ Պարֆյոնովիչը։

Միտյան ձեռքերը հեռացրեց դեմքից ու ծիծաղեց։ Կորովի էր նրա հայացքը, կարծես լրիվ կերպարանափոխվել էր նա մի վայրկյանում։ Փոխվել էր նաև նրա ամբողջ կեցվածքը. արդեն նորից այդ բոլոր մարդկանց հետ, այդ իր նախկին ծանոթների հետ նստել էր որպես նրանց հավասար մի մարդ, ճիշտ այնպես, ինչպես եթե մի բարձրաշխարհիկ հավաքույթի մեջ հանդիպած լինեին այդ բոլորը երեկ, երբ դեռ ոչինչ չէր պատահել։ Ի դեպ նշենք, որ Միտյան, երբ դեռ նոր էր եկել մեզ մոտ, սիրալիր ընդունելություն էր գտել ոստիկանապետի տանը, բայց հետո, հատկապես վերջին ամսվա ընթացքում, համարյա չէր այցելում նրան, իսկ ոստիկանապետը երբ պատահաբար հանդիպում էր Միտյային, օրինակ փողոցում, սաստիկ խոժոռվում էր և միայն քաղաքավարության սիրույն ողջույն էր տալիս, և Միտյան շատ լավ նկատել էր այդ։ Դատախազի հետ ավելի քիչ էր ծանոթ, բայց երբեմն շատ հարգալից այցելություն էր տալիս նրա տիկնոջը, որ ցնորքներով տարված ու ջղային մի կին էր, և Միտյան ինքն էլ չէր հասկանում, թե ինչու է գնում նրա մոտ, իսկ դատախազի կինը միշտ էլ նրան սիրալիր էր ընդունում, մինչև վերջին օրերս հետաքրքրվում էր նրանով՝ չգիտես ինչու։ Իսկ քննիչի հետ դեռ չէր հասցրել ծանոթանալ, թեև նրան էլ մեկ կամ երկու անգամ հանդիպել էր ու նույնիսկ խոսել հետը երկու անգամ էլ գեղեցիկ սեռի մասին։

— Ինչպես տեսնում եմ, դուք շատ վարպետ քննիչ եք, Նիկոլայ Պարֆյոնովիչ, — ուրախ ծիծաղեց հանկարծ Միտյան, — բայց հիմա ինքս կօգնեմ ձեզ։ Օ՜ պարոնայք, ես վերածնվեցի... և ծուռ աչքով մի՛ նայեք ինձ, որ այսպես առանց ձևականության, այսպես ուղղակի դիմում եմ ձեզ։ Մանավանդ որ մի քիչ էլ հարբած եմ, ասեմ ձեզ անկեղծորեն։ Կարծեմ պատիվն եմ ունեցել... պատիվն ու հաճույքն եմ ունեցել հանդիպելու ձեզ իմ ազգական Միուսովի մոտ, Նիկոլայ Պարֆյոնովիչ... Պարոնայք, պարոնայք, ես հավակնությունը չունեմ հավասարի պես խոսելու ձեզ հետ, ես շատ լավ եմ հասկանում, թե որպես ո՛վ եմ նստել հիմա ձեր դիմաց։ Ինձ վրա ընկնում է... եթե Գրիգորին է իմ դեմ ցուցմունք տվել... ուրեմն ինձ վրա ընկնում է... օ՜, իհարկե ընկնում է այդ ահավոր կասկածը։ Սարսափելի է, սարսափելի, ես շատ լավ եմ հասկանում դա։ Բայց գործի անցնենք, պարոնայք, պատրաստ եմ ես, և մենք հիմա մի վայրկյանում վերջ կտանք դրան, որովհետև... լսեցեք, լսեցե՛ք, պարոնայք։ Դե քանի որ գիտեմ, թե ես մեղավոր չեմ, ուրեմն մի վայրկյանում վերջ կտանք անշուշտ։ Այնպես չէ՞։ Այնպես չէ՞։

Միտյան արագ ու շատ էր խոսում, խոսում էր ջղայնորեն ու բաց սրտով, կարծես իր ունկնդիրներին ուղղակի համարելով իր լավագույն բարեկամները։

— Այսպես ուրեմն, մենք առայժմ կարձանագրենք, որ դուք կտրականապես ժխտում եք ձեր վրա բարդվող մեղադրանքը, — ասաց Նիկոլայ Պարֆյոնովիչը ազդեցիկ շեշտով, դարձավ գրագրին և կիսաձայն թելադրեց նրան, թե ինչ պետք է արձանագրել։

— Արձանագրե՞լ։ Ուզում եք արձանագրե՞լ այդ բանը։ Դե լավ, արձանագրեցեք, համաձայն եմ, տալիս եմ իմ լիակատար համաձայնությունը, պարոնայք... Միայն թե գիտե՞ք ինչ... Սպասեք, սպասեք, այսպես գրեցեք. «Կռվազանության մեջ մեղավոր է, խեղճ ծերուկին ծանր հարվածներ հասցնելու մեջ մեղավոր է» ։ Դե՛հ, մեկ էլ ինքն իր ներսում, իր հոգու խորքում մեղավոր է, բայց այս մեկը պետք չէ գրել, — դարձավ նա հանկարծ գրագրին, — սա արդեն իմ անձնական կյանքն է, պարոնայք, սա արդեն ձեզ չի վերաբերում, այդ հոգու խորքե՛րը այսինքն... Բայց իմ ծերունի հոր սպանության մեջ՝ մեղավոր չե՛մ։ Դա վայրենի՛ միտք է։ Բացարձակապես վայրենի միտք... Ես կապացուցեմ ձեզ, և դուք վայրկենապես կհամոզվեք։ Ու պիտի ծիծաղե՜ք, պարոնայք, ինքներդ պիտի քահ-քահ ծիծաղեք ձեր կասկածի վրա...

— Հանգստացեք, Դմիտրի Ֆյոդորովիչ, — հիշեցրեց քննիչը, երևի ցանկանալով իր հանդարտությամբ հաղթել մոլուցքի մեջ ընկած մարդուն։— Նախքան հարցաքննությունը շարունակելը ես կցանկանայի ձեզնից լսել, եթե անշուշտ համաձայն եք պատասխանելու, կցանկանայի լսել, որ դուք հաստատում եք այն փաստը, թե կարծեմ չէիք սիրում հանգուցյալ Ֆյոդոր Պավլովիչին, նրա հետ անընդհատ ինչ֊որ գժտություն ունեիք... Համենայն դեպս հիմա այստեղ, մի քառորդ ժամ առաջ, կարծեմ ասացիք, թե նույնիսկ ուզում էիք սպանել նրան։ «Չեմ սպանել, — գոռացիք, — բայց ուզում էի սպանել» ։

— Այդպիսի բա՞ն ասացի։ Ա՜խ, կարող է պատահել, պարոնայք։ Այո, դժբախտաբար, ուզում էի սպանել նրան, շատ անգամ ունեցել եմ այդ ցանկությունը... դժբախտաբար, դժբախտաբա՜ր։

— Ուզում էիք։ Չե՞ք համաձայնվի բացատրել մեզ, թե հատկապես ի՞նչ սկզբունքներ էին ձեզ ղեկավարում, երբ այդպիսի ատելություն էինք զգում ձեր ծնողի անձնավորության նկատմամբ։

— Բացատրելու ի՞նչ կա, պարոնայք, — մռայլորեն ուսերը թոթվեց Միտյան, հայացքն իջեցնելով։— Ես հո չէի թաքցնում իմ զգացմունքները, ամբողջ քաղաքը գիտե այդ մասին, գինետանը բոլորն էլ գիտեն։ Դեռ վերջերս վանքում հայտարարեցի՝ սրբահայր Զոսիմայի խուցում... նույն օրը, երեկոյան, ծեծեցի հորս և քիչ մնաց սպանեի, հետո էլ երդվեցի, որ նորից կգամ ու կսպանեմ, վկաների ներկայությամբ... Օ՜, հազար հոգի կարող է վկայել։ Ամբողջ մի ամիս գոռում էի, բոլորն են վկա... Աչքի առաջ է փաստը, խոսում է փաստը, գոռում, բայց... զգացմունքնե՜րը, պարոնայք, զգացմունքնե՜րը... սա արդեն ուրիշ բան է։ Գիտե՞ք ինչ պարոնայք, — խոժոռվեց Միտյան, — ինձ թվում է, թե զգացմունքների մասին դուք իրավունք չունեք ինձ հարցնելու։ Ճիշտ է, ձեզ իշխանություն է տրված, հասկանում եմ, բայց դա ի՛մ գործն է, իմ ներքին գործը, խիստ անձնական, թեև... քանի որ սրանից առաջ չեմ թաքցրել իմ զգացմունքները... գինետանը, օրինակ... քանի որ խոսել եմ աջ ու ձախ, բոլորին, ուրեմն... ուրեմն հիմա էլ գաղտնիք չեմ դարձնի դրանք։ Գիտե՞ք, պարոնայք, ես հո հասկանում եմ, որ այս դեպքում սարսափելի հանցանշաններ կան իմ դեմ. բոլորին ասել եմ, որ կսպանեմ նրան, և հանկարծ իրոք նրան սպանեցին։ Ուրեմն պետք է որ ե՜ս լինեմ սպանողը այդ դեպքում։ Հա-հա՜։ Ներում եմ ձեզ, պարոնայք, բացարձակապես ներում եմ։ Չէ՞ որ ես ինքս էլ շշմել եմ մինչև մազերիս ծայրը, որովհետև ո՞վ է սպանել նրան վերջապես, ո՞վ է սպանել այդ դեպքում, եթե ե՛ս չեմ։ Ճիշտ չե՞մ ասում։ Եթե ես չեմ, հապա ո՞վ է, ո՞վ։ Պարոնա՛յք, — բացականչեց հանկարծ Միտյան, — ես ուզում եմ իմանալ, նույնիսկ պահանջում եմ ձեզնից, պարոնայք, ո՞րտեղ է սպանվել նա։ Ինչպե՞ս է սպանվել, ինչո՞վ և ինչպե՞ս։ Ասացե՛ք ինձ, — հարցրեց նա արագորեն, փոխնիփոխ նայելով դատախազին ու քննիչին։

— Մենք նրան գտանք հատակին ընկած, մեջքի վրա, իր առանձնասենյակում, ջախջախված գլխով, — ասաց դատախազը։

— Ահավո՜ր է դա, պարոնայք, — ցնցվեց հանկարծ Միտյան, արմունկները դրեց սեղանին ու երեսը ծածկեց աջ ձեռքով։

— Շարունակենք, — ընդհատեց Նիկոլայ Պարֆյոնովիչը։— Այսպես ուրեմն, ինչն էր այն ժամանակ ձեզ ղեկավարում ատելության ձեր զգացմունքների մեջ։ Դուք կարծեմ հրապարակով հայտարարել եք, թե խանդի զգացմո՞ւնքն էր։

— Դե հա՛, խանդը, և ոչ միայն խանդը։

— Փողի վեճե՞րը։

— Դե հա՛, փողի վեճերն էլ։

— Կարծեմ վեճը երեք հազար ռուբլու մասին էր, որ իբր թե մնացել է ձեզ հասնող ժառանգությունից ու չի վճարվել ձեզ։

— Ի՜նչ երեք հազար։ Ավելի, ավելի, — տաքացավ հանկարծ Միտյան, — վեց հազարից էլ ավելի, գուցե տասից էլ ավելի։ Բոլորին էի ասում, գոռո՜ւմ էի բոլորի առաջ։ Բայց թե՝ թո՛ղ այդպես լինի, մտածեցի, որոշեցի երեք հազարով գործը վերջացնել։ Այդ երեք հազարը կյանքի չափ հարկավոր էր ինձ... այնպես որ այն կապոցը, որի մեջ երեք հազար ռուբլի կար և գիտեի, որ նրա բարձի տակ է, պատրաստել է Գրուշենկայի համար, ուղղակի ինձնից գողացված էի համարում մի տեսակ, ա՛յ ասում եմ, պարոնայք, իմն էի համարում այդ կապոցը, միևնույն է թե իմ սեփականությունը լիներ...

Դատախազը մի նշանակալից հայացք փոխանակեց քննիչի հետ և հասցրեց աննկատելիորեն աչքով անել նրան։

— Մենք դեռ կվերադառնանք այդ խնդրին, — ասաց իսկույն քննիչը, — իսկ այժմ դուք մեզ թույլ կտաք նշել ու արձանագրել հենց այդ մի փոքրիկ կետը, թե դուք այդ ծրարի մեջ եղած փողը մի տեսակ ձեր սեփականությունն էիք համարում։

— Գրեցեք, պարոնայք, ես հասկանո՜ւմ եմ, որ դա նորից մի հանցանշան է իմ դեմ, բայց ես հանցանշաններից չեմ վախենում և ի՛նքս եմ խոսում իմ դեմ։ Լսո՞ւմ եք, ի՛նքս, անձա՛մբ։ Գիտե՞ք ինչ, պարոնայք, կարծեմ դուք ինձ բոլորովին ուրիշ մարդու տեղ եք դնում, իսկ ես այդպիսին չեմ, — ավելացրեց նա հանկարծ մռայլորեն ու տխրությամբ։— Ձեզ հետ խոսում է մի ազնիվ մարդ, ազնվագույն մի անձնավորություն, և մանավանդ (այս մեկը բաց մի՛ թողնեք ձեր աչքից) մանավանդ մի մարդ, որ հազար ու մի ստոր բաներ է արել, բայց միշտ եղել ու մնացել է ազնվագույն մի էակ, որպես ներքին էակ, խորքում, դե՛հ, մի խոսքով, չեմ կարողանում արտահայտվել... Հենց դա՛ է ինձ տանջել իմ ամբողջ կյանքում, ազնվության ծարավն եմ ունեցել, այսպես ասած տառապյալն եմ եղել ազնվության, լապտերով եմ փնտրել ազնվությունը, Դիոգինեսի լապտերով, այնինչ ամբողջ կյանքումս զզվելի բաներ եմ արել միայն, ինչպես մենք բոլորս, պարոնայք... այսինքն ինչպես ի՛նքս միայն, պարոնայք, ոչ թե բոլորը, սխալվեցի, ե՛ս, ե՛ս միայն... Պարոնայք, գլուխս է ցավում, — կնճռոտվեց նա տառապալից։— Հասկանո՞ւմ եք, պարոնայք, ինձ համար տհաճ էր նրա արտաքինը, անազնիվ մի բան ուներ, պարծենկոտ մի արհամարհանք, ոտնահարում էր ամեն սրբություն, հեգնող էր, անհավատ, զզվելի՜ է, զզվելի։ Բայց հիմա, երբ արդեն նա մահացել է, ուրիշ կերպ եմ մտածում։

— Ինչպե՞ս թե ուրիշ կերպ։

— Ոչ թե ուրիշ կերպ, այլ ցավում եմ, որ այդպես ատում էի նրան։

— Զղջո՞ւմ եք։

— Չէ, ոչ թե զղջում եմ, մի՛ գրեք այդ բանը։ Ես ինքս մի բարի պտուղ չեմ, պարոնայք, հասկանո՞ւմ եք, ես ինքս շատ էլ գեղեցիկ չեմ, ուրեմն իրավունք չունեի նրան էլ զզվելի համարելու, ա՛յս է ահա։ Գրեցեք այս, եթե ուզում եք։

Այդպես ասելուց հետո Միտյան հանկարծ չափազանց տխրեց։ Արդեն վաղուց, պատասխանելով քննիչի հարցերին, նա հետզհետե ավելի ու ավելի մռայլ էր դառնում։ Եվ հանկարծ, հենց այդ վայրկյանին, նորից մի անսպասելի տեսարան տեղի ունեցավ։ Թեև քիչ առաջ հեռացրել էին Գրուշենկային, բայց շատ հեռու չէին տարել ընդամենը երկու սենյակ անդին այն կապույտ սենյակից, ուր կատարվում էր հարցաքննությունը։ Մեկ լուսամուտով փոքրիկ մի սենյակ էր դա՝ կից այն մեծ սենյակին, ուր պարում էին գիշերը և մեծ խնջույք անում։ Այնտեղ նստել էր Գրուշենկան, և առայժմ նրա հետ էր միայն Մաքսիմովյը, որ սոսկալի շշմել էր, սոսկալի վախեցել ու կպել Գրուշենկային, կարծես փրկություն փնտրելով նրա կողքին։ Դռան առաջ մի գյուղացի էր կանգնել՝ կրծքին վահանակով։ Գրուշենկան լաց էր լինում, և ահա հանկարծ, երբ վիշտն արդեն չափազանց ծանր ճնշեց, նա վեր թռավ, թևերը տարածեց, բարձրաձայն աղաղակեց՝ «Վայ ինչ կրա՜կ էր, վա՜յ», ու նետվեց սենյակից դուրս՝ դեպի Միտյան, դեպի իր Միտյան, և այնքան անսպասելիորեն, որ ոչ ոք չհասցրեց կանգնեցնել նրան։ Իսկ Միտյան, լսելով նրա աղաղակը, ուղղակի սարսռաց, ցատկեց տեղից, մռնչաց ու շեշտակի խոյացավ նրան ընդառաջ, կարծես լրիվ մոռանալով ինքնիրեն։ Բայց նորից չթողեցին, որ նրանք միանան, թեև արդեն տեսել էին իրար։ Միտյային ամուր բռնեցին ձեռքերից. նա մաքառեց, աշխատեց ազատվել երեք կամ չորս հոգի պետք եղավ, որպեսզի զսպեն նրան։ Բռնեցին նաև Գրուշենկային, և Միտյան տեսավ, թե ինչպես նա գոռալով ձեռքերը մեկնում էր իրեն՝ Միտյային, երբ տանում էին նրան։ Երբ տեսարանը վերջացավ, Միտյան նորից ուշքի եկավ իր նախկին տեղում, սեղանի առաջ, քննիչի դիմաց, և սկսեց գոռգոռալ, դիմելով նրանց.

— Ի՞նչ եք ուզում նրանից։ Ինչո՞ւ եք տանջում նրան։ Նա անմեղ է, անմե՜ղ...

Դատախազն ու քննիչը աշխատում էին հանգստացնել նրան։ Այդպես անցավ մի որոշ ժամանակ, մոտ տասը րոպե։ Վերջապես Միխայիլ Մակարովիչը, որ դուրս էր եկել, շտապ սենյակ մտավ ու բարձրաձայն, հուզված, դիմեց դատախազին.

— Հեռացված է նա, ներքևում է, ինձ թույլ չե՞ք տա մի խոսք ասել այս դժբախտ մարդուն, միայն մի խոսք, պարոնայք։ Ձեր ներկայությամբ, պարոնայք, ձե՛ր ներկայությամբ։

— Ամենայն սիրով, Միխայիլ Մակարովիչ, — պատասխանեց քննիչը, — տվյալ դեպքում մենք առարկելու ոչինչ չունենք։

— Դմիտրի Ֆյոդորովիչ, լսի՛ր, սիրելիս, — սկսեց Միխայիլ Մակարովիչը, դիմելով Միտյային, և նրա հուզված դեմքին ջերմ, գրեթե հայրական կարեկցանք արտահայտվեց դժբախտի նկատմամբ, — ես ինքս քո Ագրաֆենա Ալեքսանդրովնային տարա ներքև ու հանձնեցի պանդոկապետի աղջիկներին, և հիմա անընդհատ նրա հետ է այդ ծերուկ Մաքսիմովը։ Ես համոզեցի նրան, լսո՞ւմ ես, համոզեցի ու հանգստացրի, բացատրեցի, որ քեզ հիմա արդարանալ է հարկավոր, ուրեմն նա չպետք է խանգարի քեզ, չպետք է հուզմունք պատճառի քեզ, թե չէ դու կարող ես շփոթվել ու սխալ ցուցմունքներ տալ ինքդ քո դեմ, հասկանո՞ւմ ես։ Դե, մի խոսքով, ասացի և նա հասկացավ։ Խելացի աղջիկ է, սիրելիս, բարի է, ուզում էր իմ ձեռքերը համբուրել, այս իմ ծերունական ձեռքերը, քեզ համար օգնություն էր խնդրում։ Ի՛նքը ուղարկեց ինձ այստեղ, որ ասեմ քեզ մի՛ մտահոգվիր նրա համար, հանգիստ եղիր. և պե՛տք է, սիրելիս, պետք է գնամ ու ասեմ նրան, որ դու հանգիստ ես և չես մտահոգվում նրա համար։ Դե հանգստացիր ուրեմն, հասկացի՛ր դու այս բանը։ Ես մեղավոր եմ նրա առաջ, քրիստոնյա հոգի ունի այդ աղջիկը, այո՛, պարոնայք, հեզ հոգի է նա և ոչ մի բանում մեղավոր չէ։ Ուրեմն ի՞նչ ասեմ նրան, Դմիտրի Ֆյոդորովիչ, հանգիստ պիտի նստե՞ս, թե չէ։

Բարեսիրտ ոստիկանապետը ավելորդ բաներ շատ ասաց, բայց Գրուշենկայի վիշտը, մարդկային վիշտը տոգորել էր նրա բարի սիրտը, և նույնիսկ արցունք կար նրա աչքերի մեջ։ Միտյան վեր թռավ ու վազեց նրա մոտ։

— Ներեցեք, պարոնայք, թույլ տվեք, օ՜, թույլ տվեք, — գոչեց նա։— Հրեշտակի հոգի ունեք դուք, հրեշտակի՜, Միխայիլ Մակարովիչ, շնորհակալ եմ Գրուշենկայի համար։ Հանգիստ կլինեմ, հանգիստ, զվարթ կլինեմ, ասացեք նրան ձեր հոգու անչափ բարությամբ, ասացեք, որ ես զվարթ եմ, ուրախ, նույնիսկ սկսեմ ծիծաղել հիմա, գիտենալով, որ ձեզ նման մի պահապան հրեշտակ ունի նա։ Ա՛յս րոպեիս կվերջացնեմ ամեն ինչ, և հենց որ ազատվեմ՝ իսկույն կվազեմ նրա մոտ, կտեսնի՛ նա, թող սպասի։ Պարոնա՛յք, — դարձավ նա հանկարծ դատախազին ու քննիչին, — հիմա իմ ամբողջ հոգին կբանամ ձեր առաջ, կզեղեմ ամբողջությամբ, մի վայրկյանում կվերջացնհնք այս բանը, ուրախ կվերջացնենք, և վերջում կծիծաղենք իհարկե, այնպես չէ՞, կծիծաղե՜նք։ Բայց այդ կինը իմ սրտի թագուհի՜ն է, պարոնայք։ Օ՜, թույլ տվեք ինձ ասել այս բանը, ա՛յս մեկն արդեն կբանամ ձեր առաջ... Տեսնում եմ, չէ՞, ազնվագույն մարդկանց հետ է իմ գործը։ Նա իմ լույսն է, իմ սրբությո՜ւնը, և եթե իմանայի՜ք... Լսեցիք, թե ինչպես էր գոռում՝ «Քեզ հետ մահապատժի՜ էլ կգնամ» ։ Իսկ ի՞նչ եմ տվել ես նրան, ես՝ աղքատի, տկլորի մեկը, ինչո՞ւ այդպիսի սեր իմ նկատմամբ, արժանի՞ եմ արդյոք ես՝ անշնորհք, խայտառակ մի արարած, խայտառակ դեմքով, արժանի՞ եմ այդպիսի սիրո, արժանի՞ եմ, որ նա ինձ հետ աքսոր գնա։ Ինձ համար քիչ առաջ ձեր ոտքերն էր ընկել, նա՜, որ հպարտ է և ոչ մի մեղք չունի։ Ինչպե՞ս չպաշտեմ նրան, ինչպե՞ս չաղաղակեմ, չսուրամ նրա մոտ՝ այն, ինչ արեցի հիմա։ Օ՜ պարոնայք, ներեցեք ինձ։ Բայց հիմա, հիմա արդեն սփոփվել է իմ սիրտը։

Եվ նա ընկավ աթոռին, երկու ափով ծածկեց դեմքը և սկսեց աղիողորմ լաց լինել։ Բայց դրանք արդեն երջանիկ արցունքներ էին։ Վայրկենապես ուշքի եկավ։ Ծերունի ոստիկանապետը շատ գոհ էր, և իրավաբաններն էլ կարծես գոհ էին. նրանք զգացին, որ հարցաքննությունը հիմա նոր փուլի մեջ կմտնի։ Երբ ոստիկանապետը դուրս էր գնում, Միտյան պարզապես ուրախ էր արդեն։

— Է՛հ, պարոնայք, հիմա ձերն եմ, լրիվ ձերը։ Եվ... եթե չլինեին բոլոր այս մանրուքները, մենք անմիջապես կհասկանայինք իրար։ Ես նորից մանրուքների մասին եմ ասում։ Ձեր տրամադրության տակ եմ, պարոնայք, բայց, ազնիվ խոսք, փոխադարձ վստահություն է պետք՝ դուք իմ նկատմամբ, ես ձեր նկատմամբ, այլապես մենք երբեք չենք կարող վերջացնել։ Հենց ձեր օգտին եմ ասում։ Գործի անցնենք, պարոնայք, գործի, և գլխավորը՝ մի՛ փորփրեք այդպես իմ հոգին, մի՛ տանջեք ինձ դատարկ բաներով, գործի հետ կապ ունեցող փաստերը միայն հարցրեք, և ես անմիջապես կգոհացնեմ ձեզ։ Իսկ մանրուքները՝ գրողի ծո'՛ցը։

Այսպես էր բացականչում Միտյան։ Հարցաքննությունը նորից սկսվեց։

IV։ Չարչարանք երկրորդ

— Դուք չգիտեք, թե մեզ էլ ինչպե՜ս եք քաջալերում ձեր այդ պատրաստակամությամբ, Դմիտրի Ֆյոդորովիչ...— սկսեց խոսել Նիկոլայ Պարֆյոնովիչն աշխույժ արտահայտությամբ, նա իր ակնոցը հանել էր մի րոպե առաջ, և նրա խոշոր ու բաց մոխրագույն, դուրս ընկած, խիստ կարճատես աչքերի մեջ փայլում էր ակնհայտ գոհունակությունը։— Եվ դուք հիմա իրավացիորեն արեցիք այդ նկատումը փոխադարձ վստահության վերաբերյալ, առանց որի երբեմն նույնիսկ անկարելի է արդյունքի հասնել այսպիսի կարևորություն ունեցող գործերում, այն պարագային, երբ կասկածելի անձը իրոք ցանկանում է, հույս ունի և կարող է արդարացնել իրեն։ Մենք մեր կողմից ի գործ կդնենք ամեն ինչ, որ կախված է մեզնից, և նույնիսկ դուք ինքներդ կարող էիք տեսնել հիմա, թե ինչպես ենք վարում գործը... Դուք հավանություն տալի՞ս եք, Իպոլիտ Կիրիլովիչ, — դարձավ նա հանկարծ դատախազին։

— Օ՜, անտարակույս, — հավանություն տվեց դատախազը, թեև նրա շեշտը մի քիչ ավելի չոր էր՝ Նիկոլայ Պարֆյոնովիչի եռանդի հետ համեմատած։

Մի անգամ ընդմիշտ նշեմ, որ դեռ վերջերս մեզ մոտ եկած Նիկոլայ Պարֆյոնովիչը, իր գործունեության հենց սկզբից, բացառիկ հարգանք էր զգացել մեր դատախազ Իպոլիտ Կիրիլովիչի հանդեպ և համարյա թե նրա սրտակից բարեկամն էր դարձել։ Նա գրեթե միակ մարդն էր, որ անպայմանորեն հավատացել էր «չգնահատված ու վշտացած» մեր Իպոլիտ Կիլոիլովիչի հոգեբանական ու հռետորական արտակարգ տաղանդին և լրիվ հավատում էր նաև, որ նա իսկապես վշտացած է։ Նրա մասին դեռ Պետերբուրգում էր լսել։ Բայց և Նիկոլայ Պարֆյոնովիչն էլ, իր հերթին, ամբողջ աշխարհում եղավ միակ մարդը, որին մեր «վշտացած» դատախազն անկեղծորեն սիրեց։ Ճանապարհին, այստեղ գալու ժամանակ, նրանք հասցրել էին որոշ հարցերում խոսք մեկ անել ու պայմանավորվել առաջիկա գործի վերաբերյալ, և հիմա, երբ նստել էին սեղանի առաջ, Նիկոլայ Պարֆյոնովիչի սուր միտքն անմիջապես որսում ու հասկանում էր ամեն մի ցուցմունք, ամեն մի շարժում իր ավագ պաշտոնակցի դեմքին, կռահում էր կես բառից, մի հայացքից, աչքերի մի թեթև թարթումից։

— Պարոնայք, միայն թե թույլ տվեք, որ ինքս պատմեմ, մի՛ ընդհատեք ինձ դատարկ բաներով, և ես մի վայրկյանում ամեն ինչ կնկարագրեմ, — տաքացավ Միտյան։

— Սքանչելի է։ Շնորհակալ եմ։ Բայց ձեր հաղորդման ունկնդրությանն անցնելուց առաջ թույլ տայիք ինձ՝ ևս մի փոքրիկ փաստի մասին հավաստիանալ, մեզ համար շատ հետաքրքրական մի փաստի։ Խնդիրը այն տասը ռուբլին է, որ դուք երեկ, ժամը հինգի մոտ, փոխ եք վերցրել ձեր բարեկամ Պյոտր Իլյիչ Պերխոտինից՝ գրավ դնելով ձեր ատրճանակները։

— Գրավ եմ դրել, պարոնայք, գրավ եմ դրել տասը ռուբլու դիմաց։ Հետո՞ ինչ։ Ա՛յդ է եղած—չեղածը։ Հենց որ քաղաք վերադարձա, ուղղակի գնացի գրավ դրեցի։

— Քաղաք վերադարձա՞ք։ Իսկ դուք քաղաքից դո՞ւրս էիք գնացել։

— Գնացել էի, պարոնայք, քառասուն վերստ հեռու տեղ էի գնացել, իսկ դուք չգիտե՞ք, ինչ է։

Դատախազն ու Նիկոլայ Պարֆյոնովիչը իրար նայեցին։

— Եվ ընդհանրապես, լավ չէ՞ր լինի, եթե ձեր պատմությունն սկսեիք ձեր երեկվա ամբողջ օրը կանոնավորաբար նկարագրելով՝ հենց առավոտից սկսած։ Թույլ տվեք, օրինակ, իմանալ, թե ինչո՞ւ բացակայեցիք քաղաքից և հատկապես ո՞ր ժամին գնացիք, ո՞ր ժամին վերադարձաք... և բոլոր այս փաստերը...

— Դե ուրեմն այսպես էլ հարցնեիք հենց սկզբից, — բարձրաձայն ծիծաղեց Միտյան։— Եվ եթե ուզում եք, պետք է սկսել ոչ թե երեկվա օրից, այլ անցյալ օրվա հենց առավոտից, այն ժամանակ կհասկանաք, թե որտեղ, ինչու և ինչպես եմ գնացել։ Անցյալ օրը, պարոնայք, առավոտյան գնացի վաճառական Սամսոնովի մոտ՝ երեք հազար ռուբլի փոխ վերցնելու նրանից, ամենահաստատ գրավականով, հանկարծ սոսկալի պետք եղավ այդ գումարը, պարոնայք, սոսկալի պետք եղավ...

— Թույլ տվեք ընդհատել ձեզ, — քաղաքավարի կերպով վրա բերեց դատախազը, — ինչո՞ւ հանկարծ պետք եղավ, և հենց այդպիսի մի գումար, այսինքն երեք հազար ռուբլի։

— Է՜, պարոնայք, մի կողմ թողնենք մանրուքները՝ ինչպե՞ս, ե՞րբ, ինչո՞ւ, և ինչո՞ւ հենց այդքան փող և ոչ թե այսքան, ձեռք քաշեիք այդ ամբողջ գլխացավանքից... այդ ձևով երեք հատորն էլ չի հերիքի, և դեռ վերջաբա՜ն էլ պետք կլինի։

Միտյան այդ բոլորն ասաց բարեհոգի, բայց անհամբեր մի մտերմավարությամբ, որ հատուկ է ամբողջ ճշմարտությունն ասել ցանկացող և ամենաբարի նպատակներով տոգորված մարդուն։

— Պարոնա՛յք, — մի տեսակ խոսքը փոխեց նա հանկարծ, — դուք ինձնից մի՛ դժգոհեք իմ վեր-վեր թռնելու համար, նորից եմ խնդրում՝ հավատացեք, որ ես լիակատար հարգանք եմ զգում ձեր նկատմամբ և հասկանում եմ իրերի իսկական դրությունը։ Մի՛ կասկածեք, որ հարբած եմ։ Արդեն սթափվել եմ հիմա։ Եվ հարբած լինելն էլ չէր խանգարի բոքորովին։ Իմ բանն այսպես է ախր՝

Ուշքի եկավ, խելքի եկավ՝ հիմար դարձավ։
     Մի լավ խմեց, խելքը կորցրեք՝ խելոքացավ։

Հա-հա՜։ Բայց տեսնում եմ, պարոնայք, որ դեռ ինձ համար անվայել բան է ձեր առաջ սրամտելը, այսինքն քանի դեռ չենք բացատրվել։ Թույլ տվեք պահպանել նաև իմ սեփական արժանապատվությունը։ Ես լավ հասկանում եմ տարբերությունը այս րոպեիս. չէ՞ որ ես համենայն դեպս որպես հանցագործ եմ նստել ձեր առաջ, ուրեմն բացարձակապես ձեր հավասարը չեմ, իսկ ձեր պարտականությունն է դիտել ու հսկել ինձ։ Հո չե՜ք շոյելու իմ գլուխը, որ այդպիսի բան արեցի Գրիգորիին. իրոք որ չի կարելի ծերուկների գլուխը ջարդել ու անպատիժ մնալ, և իհարկե դրա համար ինձ կնստեցնեք դատ-դատաստանով, դե ասենք կես տարի, կամ թեկուզ մի տարի ուղղիչ տանը, չգիտեմ ինչ պատիժ կտաք վերջապես, բայց թե առանց իրավազրկման, այնպես չէ՞, պարոն դատախազ, առանց իրավազրկման, չէ՞։ Դե ուրեմն տեսնում եք, պարոնայք, հասկանում եմ այդ տարբերությունը... Բայց և համաձայնվեցեք, որ այդպիսի հարցեր տալով կարող եք հենց աստծուն էլ մոլորեցնել, ո՞ւր կոխեցիր, ինչպե՞ս կոխեցիր, ե՞րբ կոխեցիր, ինչի՞ վրա կոխեցիր։ Եթե այդպես լինի, կարող եմ շփոթվել հանկարծ, իսկ դուք անմիջապես լուրջի տեղ կընդունեք ու կարձանագրեք։ Եվ ի՞նչ դուրս կգա։ Ոչի՛նչ էլ դուրս չի գա։ Եվ վերջապես, եթե նույնիսկ մեծ-մեծ բրդել սկսեցի հիմա, դե ուրեմն մինչև վերջ ասեմ, իսկ դուք, պարոնայք, որպես բարձրագույն կրթություն ունեցող և ազնվագույն մարդիկ, ներեցեք ինձ։ Հենց մի խնդրանքով վերջացնեմ խոսքըս. մոոացե՛ք այլևս այդ պաշտոնական, ձևական հարցաքննությունը, այսինքն, հասկանո՞ւմ եք, իբր թե նախ ինչ-որ չնչին, անպետք բաներից սկսել՝ ինչպե՞ս վերկացար, ի՞նչ կերար, ինչպե՞ս թքեցիր, և այդ ձևով «հանցագործի ուշադրությունը ցրելուց» հետո, հանկարծ շշմեցնող մի հարց ես տալիս ու բռնում նրան՝ «Ո՞ւմ սպանեցիր, ո՞ւմ կողոպտեցիր» ։ Հա֊հա՜։ Այս է ահա ձեր պաշտոնական ձևը, չէ՞ ձեր օրենքն է դա, ահա՜ թե ինչի վրա է հիմնված ձեր ամբողջ խորամանկությունը։ Բայց դուք գյուղացիներին կարող եք ուշադրությունից շեղել այդպիսի խորամանկություններււվ, ոչ թե ինձ։ Ես հասկանում եմ այս գործը, չէ՞, ինքս եմ ծառայության մեջ եղել, հա-հա֊հա՜։ Չե՞ք բարկանում, պարոնայք, ներո՞ւմ եք իմ հանդգնությունը, — գոռաց նա, գրեթե զարմանալի մի բարեհոգությամբ նայելով նրանց։— Միտյա Կարամազովն է ասում, չէ՞, ուրեմն և կարելի է ներել, որովհետև խելացի մարդուն ներելի չէ, իսկ Միտյային ներելի է։ Հա-հա՜։

Նիկոլայ Պարֆյոնովիչը լսում էր և նույնպես ծիծաղում։ Դատախազը թեև չէր ծիծաղում, թայց սևեռուն դիտում էր Միտյային, առանց աչքերը վար անելու, կարծես չուզելով բաց թողնել նրա ամենափոքր բառն իսկ, ամենափոքր շարժումը, ամենափոքր դիմագծի ամենափոքր կծկումը։

— Բայց մենք այդպես էլ սկսեցինք ձեզ հետ հենց առաջին րոպեից, — պատասխանեց Նիկոլայ Պարֆյոնովիչը, դեռ շարունակելով ծիծաղել։— Չաշխատեցինք շփոթեցնել ձեզ այդպիսի հարցերով՝ թե ինչպե՞ս եք վեր կացել առավոտյան և ի՞նչ եք կերել, այլ սկսեցինք հենց ամենաէականից։

— Հասկանում եմ, հասկացա և գնահատեցի, և ավելի ևս գնահատում եմ այս րոպեիս ձեր բարությունը իմ նկատմամբ, անօրինակ բարությունը, որ արժանի է ազնվագույն հոգիներին։ Մենք այստեղ, երեք ազնիվ մարդիկ, հանդիպել ենք իրար, և թող այսպես էլ ամեն ինչ մեր միջև փոխադարձ վստահության վրա լինի, քանի որ զարգացած ու նրբակիրթ մարդիկ ենք՝ ազնվական ծագումով ու պատվի զգացումով իրար կապված։ Համենայն դեպս, թույլ տվեք ձեզ իմ լավագույն բարեկամները համարել իմ կյանքի այս րոպեին, իմ պատվի նվաստացմա՜ն այս րոպեին։ Դա հո վիրավորական չէ՞ ձեզ համար, պարոնայք, վիրավորական չէ՞։

— Ընդհակառակը, դուք այնքա՜ն սքանչելի արտահայտեցիք այդ բոլորը, Դմիտրի Ֆյոդորովիչ, — համաձայնվեց Նիկոլայ Պարֆյոնովիչը, ծանրակշիռ ու հավանություն տվող շեշտով։

— Իսկ մանրուքները, պարոնայք, բոլոր այդ սմսեզուկ մանրուքները դե՛ն գցենք, — բացականչեց Միտյան ոգևորված, — թե չէ՝ պարզապես... սատանան գիտե, թե ուր կհասնենք։ Ճիշտ չե՞մ ասում։

— Լիովին կհետևեմ ձեր ողջամիտ խորհուրդներին, — մեջ ընկավ հանկարծ դատախազը, դիմելով Միտյային, — բայց և այնպես իմ հարցերից չեմ հրաժարվի։ Խիստ էականորեն անհրաժեշտ է մեզ իմանալ, թե հատկապես ինչի՞ համար պետք եղավ ձեզ այդպիսի գումարը, այսինքն հենց երեք հազար ռուբլին։

— Ինչի համար պետք եղա՞վ։ Է՜, մի բանի համար պետք եղավ, էլի... դե պարտք ունեի տալիք։

— Ո՞ւմ հատկապես։

— Այդ մեկը ուղղակի հրաժարվում եմ ասել, պարոնայքք հասկանո՞ւմ եք, ոչ թե որովհետև չեմ կարող ասել կամ չեմ համարձակվում և կամ թե վախենում եմ. թքա՛ծ ունեմ այդ բոլորի վրա, դրանք բացարձակապես դատարկ բաներ են։ Չեմ ասում, որովհետև սկզբունքի հարց է. իմ անձնական կյանքն է դա, և չեմ թողնի, որ խառնվեն իմ անձնական կյանքին։ Ահա՛ իմ սկզբունքը։ Ձեր հարցը գործի հետ կապ չունի, և գործի հեո կապ չունեցող ամե՛ն ինչ իմ անձնական կյանքին է վերաբերուվ։ Ուզում էի պարտքս վերադարձնել, պատվո պարտքս էի ուզում, տալ, բայց թե ում՝ չեմ ասի։

— Թույլ տվեք մեզ արձանագրել այս կետը, — ասաց դատախազը։

— Խնդրեմ։ Հենց այնպես էլ արձանագրեցեք՝ չեմ ասի ու չեմ ասի։ Գրեցեք, պարոնայք, որ նույնիսկ անազնիվ եմ համարում ասել այդ բանը։ Ա՜յ թե գրում ու գրում եք հա՜, ժամանա՜կ ունեք վատնելու։

— Թույլ տվեք, հարգելի պարոն, նախազգուշացնել ձեզ ու կրկին անգամ հիշեցնել, եթե անշուշտ չգիտեիք այս բանը, — ասաց դատախազը մի հատուկ ու բավական խիստ հորդորանքով, — որ դուք լիակատար իրավունք ունեք չպատասխանելու այն հարցերին, որոնք առաջարկվում են հիմա ձեզ, իսկ մենք էլ, ընդհակառակը, ոչ մի իրավունք չունենք պատասխաններ կորզելու ձեզնից, եթե ինքներդ խուսափում եք պատասխանել այս կամ այն պատճառով։ Դա թողնվում է ձեր անձնական դատողության։ Բայց և միաժամանակ մեր պարտքն է այսպիսի դեպքում ձեր ուշադրությանը հանձնել ու բացատրել ամբողջ չափը այն վնասի, որ ինքներդ պատճառում եք ձեզ, հրաժարվելով տալ այս կամ այն ցուցմունքը։ Իսկ այժմ խնդրում եմ շարունակել։

— Պարոնայք, ես հո չեմ բարկանում... ես, — սկսեց մրթմրթալ Միտյան, մի քիչ շփոթված այդ նախազգուշացումից, — դե հասկանո՞ւմ եք, պարոնայք, հենց այդ Սամսոնովը, որի մոտ գնացի այն ժամանակ...

Մենք, իհարկե, մանրամասնորեն չենք մեջ բերի նրա պատմածը, որ արդեն ծանոթ է ընթերցողին։ Նա անհամբեր ուզում էր պատմել ամեն ինչ, մինչև ամենահետին մանրամասնությունը, և միաժամանակ ուզում էր շուտ վերջացնել։ Բայց որքան ցուցմունք էր տալիս, այնքան արձանագրում էին, ուստի և անհրաժեշտորեն ընդհատում էին նրան։ Դմիտրի Ֆյոդորովիչը կշտամբում էր դրա համար, բայց ենթարկվում էր. բարկանում էր, բայց դեռ բարեհոգաբար։ Ճիշտ է, երբեմն բացականչում էր՝ «Պարոնա՛յք, դա հենց աստծուն էլ համբերությունից կհանի», և կամ՝ «Պարոնա՛յք, գիտե՞ք, որ պարզապես իզուր ջղայնացնում եք ինձ» ։ Բայց այնուամենայնիվ, այդպես բացականչելով հանդերձ, նա դեռ պահպանում էր իր բարեկամական, զեղուն տրամադրությունը։ Այսպես, նա պատմեց, թե ինչպես երկու օր առաջ Սամսոնովը «խաբեց» իրեն։ (Հիմա արդեն լիովին հասկանում էր, որ իրեն խաբել են այն ժամանակի ճանապարհածախսի համար ժամացույցը վեց ռուբլով ծախելը, մի փաստ, որ դեռ բոլորովին անծանոթ էր քննիչին ու դատախազին, անմիջապես նրանց արտակարգ ուշադրությունը գրավեց, և դա արդեն չափից դուրս վրդովեց Միտյային, որովհետև անհրաժեշտ գտան մանրամասնորեն արձանագրել այդ փաստը՝ որպես կրկնակի մի հաստատում այն հանգամանքի, թե նախորդ օրն էլ նա համարյա ոչ մի կոպեկ փող չուներ արդեն։ Հետզհետե Միտյան սկսեց մռայլվել։ Հետո, նկարագրելով Լյագավիին տեսնելու համար կատարած ճամփորդությունը, ածխահոտով թունավորված խրճիթում գիշերելը և այլև, պատմությունը հասցրեց մինչև քաղաք վերադառնալու պահը։ Եվ այստեղ արդեն ինքն անձամբ, առանց իրավաբանների կողմից հատուկ խնդրանքի, սկսեց մանրամասնորեն նկարագրել Գրուշենկայի նկատմամբ իր խանդի տանջանքները։ Լուռ և ուշադիր լսում էին նրան։ Հատկապես խորացան այն հանգամանքի մեջ, որ Միտյան վաղուց արդեն, Գրուշենկային հետևելու համար դիտակետ է ունեցել Ֆյոդոր Պավլովիչի տան «ետևի կողմը», Մարյա Կոնդրատենայի այգում, և որ Սմերդյակովն էր տեղեկություններ բերում նրան. այս կետը շեշտակի նշեցին ու արձանագրեցին։ Իր խանդի մասին նա խոսեց եռանդով ու ընդարձակորեն, ու թեև ներքուստ ամաչում էր, որ իր ամենաթաքուն զգացմունքները դնում է, այսպես ասած, «ընդհանուր պարսավանքի» առաջ, բայց երևի հաղթահարում էր ամոթը, որպեսզի ճշմարտությունը պատմի։ Ի վերջո Միտյային սաստիկ խռովեցին քննիչի ու մանավանդ դատախազի սևեռուն հայացքները, որոնք անկարեկից խստությամբ ուղղվել էին նրան, երբ նա իր պատմությունն էր պատմում։ «Այս երեխան, Նիկոլայ Պարֆյոնովիչը, որի հետ դեռ ընդամենը մի քանի օր առաջ հիմարություններ էի խոսում կանանց մասին, և այս հիվանդ դատախազը արժանի չեն, որ այս բանը պատմեմ նրանց, — մտածեց նա տխրությամբ, — խայտառակությո՜ւն է» ։— «Համբերիր, խաղաղվիր ու լռիր», — վերջացրեց նա իր մտածմունքը այս բանաստեղծական տողով, բայց այնուամենայնիվ ոգեպնդեց ինքն իրեն նորից, որպեսզի շարունակի իր պատմությունը։ Անցնելով Խոխլակովային կատարած իր այցելության, նույնիսկ զվարթացավ կրկին և նույնիսկ ուզեց գործի հետ կապ չունեցող մի նոր անեկդոտ պատմել այդ տիկնոջ մասին, բայց քննիչը կանգնեցրեց նրան և քաղաքավարի կերպով առաջարկեց անցնել «ավելի էական» հարցերի։ Վերջապես, նկարագրելով իր հուսահատությունը, պատմեց այն րոպեի մասին, երբ, Խոխլակովայի տնից դուրս գալով, նույնիսկ մտածել էր «թեկուզ սպանել որևէ մեկին, բայց ձեռք բերել երեք հազարը» . այստեղ նորից ընդհատեցին նրան և արձանագրեցին, որ «ուզում էր սպանել» ։ Միտյան լուռումունջ թողեց, որ արձանագրեն։ Եվ վերջապես հասավ պատմության այն պահին, երբ հանկարծ իմացել էր, որ Գրուշենկան խաբել է իրեն և իր ուղեկցելուց անմիջապես հետո գնացել է Սամսոնովի տնից, այնինչ իրեն ասել էր, որ մինչև կեսգիշեր նստելու է ծերունու մոտ։ «Եթե այդ րոպեին ես չսպանեցի այդ Ֆենային, պարոնայք, պատճառը միայն այն էր, որ ժամանակ չունեի», — թռավ հանկարծ նրա բերանից, երբ պատմության այդ կետին էր հասել։ Այդ էլ ուշի֊ուշով արձանագրեցին։ Միտյան մռայլ դեմքով սպասեց, հետո սկսեց պատմել այն մասին, թե ինչպես հոր այգին էր վազել, բայց հանկարծ քննիչը կանգնեցրեց նրան, բացեց իր խոշոր թղթապանակը, որ դրել էր կողքին, բազմոցի վրա, և այնտեղից հանեց պղնձե սանդկոթը։

— Ձեզ ծանո՞թ է այս առարկան, — ցույց տվեց նա սանդկոթը Միտյային։

— Ա՜խ, այո, — մռայլ ծիծաղեց Միտյան, — ինչպե՜ս թե ծանոթ չէ։ Տվեք մի նայեմ... Բայց դե գրո՛ղը տանի, պետք չէ՜։

— Դուք մոռացաք հիշել այս բանը, — նկատեց քննիչը։

— Է՜, գրո՛ղը տանի։ Հո չէի թաքցնելու ձեզնից։ Ինչ է, կարծում էիք առանց դրան կվերջանա՞ր պատմությունը։ Հիմա պարզապես հիշողությունիցս դուրս էր թռել։

— Բարեհաճեցեք հանգամանորեն պատմել, թե ինչպես զինվեցիք սրանով։

— Խնդրեմ, կբարեհաճեմ, պարոնայք։

Եվ Միտյան պատմեց, թե ինչպես վերցրեց սանդկոթը և վազեց։

— Բայց ի՞նչ նպատակ ի նկատի ունեիք, երբ զինվում էիք այսպիսի զենքով։

— Ինչ նպատա՞կ։ Ո՛չ մի նպատակ։ Վերցրի ու վազեցի։

— Բայց ինչո՞ւ, եթե նպատակ չունեիք։

Միտյայի սրտում բորբոքվում էր վրդովմունքը։ Նա սևեռուն նայեց «երեխային» և մռայլ ու զայրացած քմծիծաղեց։ Ավելի ու ավելի ամոթ էր զգում, որ իր խանդի պատմությունն այնքա՜ն անկեղծորեն և այդպիսի զեղումներով պատմել էր «այսպիսի մարդկանց» ։

— Թքե՛լ եմ սանդկոթի վրա, — պոռթկաց նա հանկարծ։

— Բայց համենայն դեպս...

— Դե լավ, շների՛ց պաշտպանվելու համար, էլի։ Դե մութ էր, էլի... Դե մի բա՜ն կարող էր պատահել, էլի։

— Իսկ առաջ էլ, երբ գիշերը դուրս էիք գալիս, մի որևէ զենք վերցնո՞ւմ էիք ձեզ հետ, եթե այդպես վախենում էիք մութից։

— Է՜, գրո՛ղ, թո՛ւհ։ Պարոնայք, բացարձա՛կապես չի կարելի խոսել ձեզ հետ, — գոռաց Միտյան ծայր աստիճան ջղայնացած, և դառնալով գրագրին, զայրույթից կաս-կարմիր կտրած, ձայնի մեջ մոլեգին մի շեշտով ասաց նրան.

— Գրի՛ր անմիջապես... անմիջապես... «որ հետս վերցրի սանդկոթը, որպեսզի վազեմ սպանելու հորս... Ֆյոդոր Պավլովիչին... գլխին հարվածելով» ։ Էհ, գո՞հ եք հիմա, պարոնայք։ Սրտներդ հանգստացա՞վ, — ասաց նա, աչքերը հանդիմանորեն սևեռելով քննիչի ու դատախազի վրա։

— Մենք շատ լավ հասկանում ենք, որ այսպիսի ցուցմունքը հիմա դուք տվեցիք մեր դեմ ջղայնանալով ու վրդովվելով այն հարցերից, որ առաջարկում ենք ձեզ, և որ դուք մանր եք համարաւմ, բայց որ ըստ էության խիստ էական են, — չոր-չոր պատասխանեց նրան դատախազը։

— Բայց ի սե՜ր ասածս, պարոնայք։ Դե լավ, սանդկոթը վերցրի... Է՜հ, մարդ ինչո՞ւ այսպիսի դեպքերում մի բան է վերցնում ձեռքը։ Ես չգիտեմ ինչու։ Վերցրի ու վազեցի։ Ուրիշ ոչինչ։ Ամոթ է պարոնայք, passons, թե չէ՝ երդվում եմ, էլ ոչինչ չեմ պատմի։

Նա արմունկները սեղանին դրեց ու գլուխը հենեց ձեռքին։ Իր կողքն էր դարձրել նրանց ու պատին էր նայում, աշխատելով մի վատ զգացում հաղթահարել իր մեջ։ Եվ իրոք, սոսկալի ուզում էր վեր կենալ ու հայտարարել, որ այլևս ոչ մի բառ չի ասի, «թեկուզ կախաղան հանեցեք» ։

— Գիտե՞ք ինչ, — պարոնայք, — ասաց նա հանկարծ, դժվարությամբ հաղթահարելով ինքն իրեն, — գիտե՞ք ինչ։ Լսում եմ ձեզ, և ինձ թվում է... գիտե՞ք ինչ, ես երբեմն մի երազ եմ տեսնում... մի այնպիսի երազ, որ հաճախ եմ տեսնում, միշտ կրկնվում է նույնը... որ մեկը հալածում է ինձ, այնպիսի մեկը, որից ես սոսկալի վախենում եմ, և նա հալածում է խավարի մեջ, գիշերը, ինձ է փնտրում, իսկ ես թաքնվում եմ նրանից մի որևէ տեղ մի դռան ետև, մի պահարանի ետև, թաքնվում եմ նվաստացնող ձևով, և խնդիրն այն է, որ նա շատ լավ գիտե որտեղ եմ թաքնվել, բայց կարծես դիտմամբ ձևացնում է, թե չգիտե որտեղ եմ նստում, որպեսզի ավելի երկար տանջի ինձ, որպեսզի ըմբոշխնի իմ վախը... Այ հենց ա՛յդ եք անում հիմա։ Հենց դրա՛ն է նման։

— Դուք այդպիսի երազնե՞ր եք տեսնում, — հարցրեց դատախազը։

— Այո, այդպիսի երազներ եմ տեսնում... Ինչ է, չե՞ք ուզում այս, էլ արձանագրել, — ծուռ ժպտաց Միտյան։

— Ոչ, արձանագրելու պետք չկա, բայց համենայն դեպս հետաքրքրական են ձեր երազները։

— Իսկ հիմա արդեն երազ չէ՜։ Ռեալիզմ է, պարոնայք, իրակա՛ն կյանքի ռեալիզմը։ Ես՝ գայլ եմ, իսկ դուք՝ որսորդներ։ Է՜հ, հալածո՜ւմ եք գայլին։

— Դուք իզուր այդպիսի համեմատություն արեցիք...— սկսեց Նիկոլայ Պարֆյոնովիչը չափազանց մեղմ շեշտով։

— Իզուր չէ, պարոնայք, իզուր չէ՜, — բորբոքվեց կրկին Միտյան, թեև նորից սկսել էր բարեհոգի դառնալ, երևի անակնկալ զայրույթի այդ պոռթկումը թեթևացրել էր սիրտը։— Դուք կարող եք չհավատալ հանցագործին կամ մեղադրյալին, որ չարաչար տանջվում է ձեր հարցերից, բայց չե՛ք կարող չհավատալ ազնվագույն մարդուն, հոգու ազնվագո՜ւյն մղումներին (համարձակորեն գոռում եմ այս բանը), ո՜չ, պարոնայք, չե՛ք կարող չհավատալ դրան... նույնիսկ իրավո՛ւնք չունեք չհավատալու... բայց՝


     լռիր, սիրտ իմ,
     Համբերիր, խաղաղվիր ու լռիր։

Է՜հ, ինչ եք ասում, շարունակե՞մ, — մռայլորեն ընդհատեց նա։

— Խնդրեմ, շնորհ արեք, — պատասխանեց Նիկոլայ Պարֆյոնովիչը։

V։ Երրորդ չարչարանք

Միտյան թեև մռայլորեն սկսեց խոսել, բայց երևում էր, որ ավելի ևս աշխատում է ոչ մի մանրամասնություն չմոռանալ ու բաց չթողնել իր պատմածից։ Պատմեց, թե ինչպես ցանկապատի վրայով ցատկել էր հոր այգին, ինչպես գնացել էր մինչև պատուհանը և վերջապես ամեն ինչ, որ տեղի էր ունեցել պատուհանի տակ։ Հստակ, ճշգրիտ, կարծես քանդակելով նկարագրեց այն զգացմունքները, որ այդ վայրկյաններին հուզել էին նրան այգու մեջ, երբ այնպե՜ս սոսկալիորեն ուզում էր իմանալ հոր մո՞տ է Գրուշենկան, թե ոչ։ Բայց տարօրինակ բան՝ այս անգամ և՛ դատախազը, և՛ քննիչը մի տեսակ ահավոր ժուժկալությամբ էին լսում, չոր-չոր նայում էին, շատ ավելի քիչ հարցեր էին տալիս։ Միտյան ոչինչ չէր կարողանում կռահել նրանց դեմքերից։ «Բարկացան ու վիրավորվեցին, — մտածեց նա, — դե թքա՛ծ» ։ Իսկ երբ պատմեց, թե ինչպես ի վերջո սիրտ էր արել հորը նշանտալ, որ Գրուշենկան եկել է, ուստի և նա պետք է բաց անի պատուհանը, դատախազն ու քննիչը բնավ ուշադրություն չդարձրին «նշան» բառի վրա, կարծես բոլորովին էլ չհասկանալով, թե ինչ իմաստ ունի այս պարագային այդ բառը, այնպես որ Միտյան նույնիսկ նկատեց այդ։ Վերջապես հասավ իր պատմության այն վայրկյանին, երբ տեսնելով պատուհանից դուրս ցցված իր հորը, ատելությամբ էր բորբոքվել ու գրպանից հանել էր սանդկոթը։ Եվ հանկարծ այստեղ, կարծես դիտմամբ, կանգ առավ ու լռեց։ Նստած նայում էր պատին և գիտեր, որ նրանք իրենց աչքերն ուղղակի բևեռել էին իրեն։

— Դե լավ, — ասաց քննիչը, — հանեցիք զենքը և... և ի՞նչ պատահեց հետո։

— Հետո՞։ Է՛հ, հետո սպանեցի... հասցրի գագաթին և ջախջախեցի գանգը... Այդպես է, չէ՞, ձե՛ր կարծիքով այդպես է, — փայլատակեցին հանկարծ նրա աչքերը։ Մեղմացած զայրույթը հանկարծ արտակարգ ուժով բորբոքվեց նրա հոգում։

— Մե՛ր կարծիքով, — կրկնեց Նիկոլայ Պարֆյոնովիչը, — դե լավ, իսկ ձե՞ր կարծիքով։

Միտյան հայացքն իջեցրեց ու երկար ժամանակ լուռ մնաց։

— Ըստ իս, պարոնայք, ըստ իս, ահա թե ինչպես եղավ, — մեղմորեն սկսեց խոսել նա։— Չգիտեմ՝ լա՞ց եղավ մեկը այդ վայրկյանին, արդյոք մա՞յրս աղաչեց աստծուն, արդյոք պայծառ մի ոգի՞ համբուրեց ինձ հանկարծ՝ չգիտեմ, բայց սատանան տապալվեց իմ մեջ։ Ես դեն նետվեցի պատուհանից և վազեցի դեպի ցանկապատը... Հայրս վախեցավ և առաջին անգամ այդ վայրկյանին տեսավ ինձ, ճչաց ու ետ ցատկեց պատուհանից, այս բանը շատ լավ եմ հիշում։ Իսկ ես այգու միջով վազեցի դեպի ցանկապատը... և ահա այստեղ է, որ իմ ետևից հասավ Գրիգորին, երբ ես արդեն նստել էի ցանկապատի վրա...

Եվ Միտյան վերջապես աչքերը բարձրացրեց ու նայեց իր ունկնդիրներին։ Իսկ նրանք կարծես բացարձակորեն անվրդով ուշադրությամբ դիտում էին նրան։ Զայրույթի մի ջղաձգություն սարսեց Միտյայի հոգին։

— Բայց դուք այս րոպեին ծիծաղո՜ւմ եք ինձ վրա, պարոնայք, — ընդհատեց նա հանկարծ։

— Ինչո՞ւ եք այդպես ենթադրում, — նկատեք Նիկոլայ Պարֆյոնովիչը։

— Իմ ոչ մի բառին չեք հավատում, ահա՛ թե ինչու։ Դե հասկանում եմ իհարկե, բանը հասավ ամենակարևոր կետին, ծերուկը հիմա այնտեղ ընկած է ջախջախված գլխով, իսկ ես... ողբերգականորեն նկարագրում եմ, թե ինչպես ուզում էի սպանել նրան և ինչպես արդեն հանել էի սանդկոթը... և հետո հանկարծ թողնում ու փախչում եմ պատուհանի մոտից... Պոե՜մ է։ Չափածո՜ պոեմ։ Կարելի՞ է հավատալ կտրիճ մարդու խոսքին։ Հա-հա՜։ Դուք սիրում եք ծաղրե՛լ մարդուն, պարոնայք։

Եվ նա ամբողջ մարմնով շրջվեց աթոռի վրա, այնպես որ աթոռը ճռճռաց։

— Իսկ դուք չնկատեցի՞ք արդյոք, — սկսեց հանկարծ դատախազը, կարծես ուշադրություն էլ չդարձնելով Միտյայի հուզմունքին, — պատուհանից դեն վազելու ժամանակ չնկատեցի՞ք արդյոք, թե բա՞ց կամ փա՞կ էր այն դուռը, որ գտնվում է տան մյուս ծայրին, այգու կողմը։

— Ոչ, բաց չէր։

— Բաց չէ՞ր։

— Փակ էր, ընդհակառակը, և ո՞վ կարող էր բաց անել որ։ Բահո՜, դո՞ւռը, սպասե՜ք, — կարծես հանկարծ ուշքի եկավ նա և համարյա թե ցնցվեց։— Ի՞նչ է, դուռը բա՞ց գտաք։

— Բաց էր։

— Ուրեմն ո՞վ կարող էր բաց անել, եթե ինքներդ չեք բացել, — սոսկալի զարմացավ հանկարծ Միտյան։

— Դուռը լրիվ բաց էր, և, անտարակույս, ձեր ծնողին սպանողն այդ դռնից է ներս մտել և սպանությունը կատարելուց հետո այդ դռնից էլ դուրս է եկել, — դանդաղ ու հատիկ-հատիկ ասաց դատախազը, կարծես ամեն մի բառը դրոշմելով։— Մեզ համար դա բացարձակապես պարզ է։ Սպանությունը ակնհայտորեն կատարվել է սենյակում, ոչ թե պատուհանից, և դա հաստատապես երևում է կատարված հետաքննությունից, մարմնի դիրքից և ամեն ինչից։ Այս հանգամանքը ոչ մի տարակույսի չի կարելի ենթարկել։

Միտյան ահռելիորեն ապշել մնացել էր։

— Բայց դա ուղղակի անկարելի՜ է, պարոնայք, — գոռաց նա, բոլորովին իրեն կորցնելով, — ես... ես չեմ մտել... ես հաստատ եմ ասում, որոշակի եմ ասում ձեզ, որ դուռը փակ էր ամբողջ ժամանակ երբ ես գտնվում էի այգում և երբ փախչում էի այգուց։ Ես միայն պատուհանի տակ էի կանգնել և պատուհանից նրան տեսա, այդքան միայն, այդքան... Մինչև վերջին րոպեն հիշում եմ։ Եվ չհիշեի էլ, միևնույնն է՝ գիտեմ, որովհետև նշանները ես ու Սմերդյակովը միայն գիտեինք, մեկ էլ նա՛ հանգուցյալը, իսկ նա աշխարհում ոչ ոքի առաջ դուռը չէր բանա առանց այդ նշանների։

— Նշաննե՞ր։ Իսկ ի՞նչ նշաններ են դրանք, — ասաց դատախազը ագահ, գրեթե հիստերիկ հետաքրքրությամբ ու վայրկենապես կորցրեց իր ամբողջ զուսպ կեցվածքը։ Վեհերոտ սողոսկելու պես հարցրեց նա։ Մի կարևոր, իրեն անծանոթ փաստի հոտն առավ և նույն վայրկյանին սաստկապես զգաց այն վախը, թե Միտյան գուցե չցանկանա լիովին բաց անել գաղտնիքը։

— Ինչ է, չգիտեի՞ք, — աչքով արեց նրան Միտյան, հեգնական ու քինոտ մի ժպիտով։— Է՜, հապա եթե չասե՞մ։ Ումի՞ց կարող եք իմանալ այդ դեպքում։ Չէ՞ որ նշանների մասին մե՛նք միայն գիտեինք՝ հանգուցյալը, ես և Սմերդյակովը, ուրիշ ոչ ոք. մեկ էլ երկինքը գիտեր, բայց հո երկինքը ձեզ չի ասի։ Իսկ փաստը հետաքրքրակա՜ն է, սատանան գիտե, թե ինչեր կարելի է կառուցել դրա վրա, հա֊հա՜։ Հանգիստ եղեք, պարոնայք, այդ էլ կհայտնեմ, հիմարություններ եք մտածում։ Չգիտեք, թե ո՛ւմ հետ է ձեր գործը։ Դուք գործ ունեք այնպիսի մի մեղադրյալի հետ, որ ինքն իր դեմ է ցուցմունք տալիս, ի վնաս իրեն։ Այո, պարոնայք, որովհետև ես պատվո ասպետ եմ, իսկ դուք՝ ոչ։

Դատախազը կուլ տվեց այդ բոլորը. նա պարզապես դողում էր նոր փաստն իմանալու անհամբերությունից։ Միտյան հստակ ու մանրամասն պատմեց ամեն ինչ այդ նշանների մասին, որ Ֆյոդոր Պավլովիչը հնարել էր Սմերդյակովի համար, բացատրեց, թե ինչ էր հատկապես նշանակում ամեն մի թխկոցը պատուհանին, նույնիսկ թխկացրեց այդ նշանները սեղանի վրա։ Եվ երբ Նիկոլայ Պարֆյոնովիչը հարցրեց, թե ուրեմն նա ծերունու պատուհանին թխկացրել է հենց ա՞յն նշանը, որի իմաստն էր «Գրուշենկան եկավ», Միտյան որոշակիորեն պատասխանեց՝ այո, ճիշտ այդպես է թխկացրել, այսինքն թե՛ «Գրուշենկան եկավ» ։

— Ահա խնդրեմ, հիմա կառուցե՜ք աշտարակը, — ընդհատեց Միտյան և կրկին երես դարձրեց նրանցից՝ արհամարհանքով։

— Եվ այդ նշանները հայտնի էին միայն ձեր հանգուցյալ ծնողին, ձեզ և ծառա Սմերդյակովի՞ն։ Ուրիշ ո՞չ ոքի, — հարցրեց նորից Նիկոլայ Պարֆյոնովիչը։

— Այո, ծառա Սմերդյակովին և մեկ էլ երկնքին։ Երկնքի մասին էլ արձանագրեցեք։ Ավելորդ չի լինի։ Եվ դուք ինքներդ էլ աստծո կարիքը կունենաք։

Եվ անշուշտ արձանագրում էին արդեն, բայց արձանագրելու ժամանակ հանկարծ դատախազը, կարծես բոլորովին անակնկալորեն մի նոր միտք հղանալով, ասաց.

— Բայց եթե Սմերդյակովն էլ գիտեր այդ նշանները, իսկ դուք արմատապես ժխտում եք ձեր նկատմամբ որևէ մեղադրանք ձեր ծնողի մահվան հարցում, ապա գուցե նա՞ է, որ թխկացրել է պայմանադրված նշանը, ձեր հորն ստիպել է դուռը բաց անել, իսկ հետո նաև... կատարել է ոճիրը։

Միտյան խորապես հեգնական, բայց և միաժամանակ ահավոր ատելությամբ լեցուն մի հայացքով նայեց դատախազին։ Նայեց երկար ու լուռ, այնպես որ դատախազն սկսեց հաճախակի թարթել աչքերը։

— Նորի՜ց բռնեցիք աղվեսին, — ասաց վերջապես Միտյան, — ճզմեցիք թշվառականի պոչը և բռնեցիք, հե-հե՜։ Ձեր ուղն ու ծուծն եմ տեսնում, դատախա՛զ։ Հենց այդպես էլ մտածում էիք, չէ՞, կարծում էիք, որ անմիջապես տեղիցս վեր կցատկեմ, կկառչեմ այն բանից, որ դուք ինձ հուշում եք, և կոկորդս պատռելով կգոռամ. «Ա՜յ, Սմերդյակո՜վն է, ահա՜ մարդասպանը» ։ Խոստովանեցեք, որ մտածեցիք այդ բանը, խոստովանեցեք, և այդ դեպքում կշարունակեմ։

Բայց դատախազը չխոստովանեց։ Լուռ սպասում էր։

— Սխալվեցի՜ք, չեմ գոռա, թե Սմերդյակովն է, —ասաց Միտյան։

— Եվ նույնիսկ բոլորովին չե՞ք կասկածում նրա վրա։

— Իսկ դուք կասկածո՞ւմ եք։

— Նա էլ կասկածի տակ է։

Միտյան աչքերը հառեց հատակին։

— Կատակը մի կողմ, — ասաց նա մռայլորեն, — լսեցե՛ք. հենց սկզբից, համարյա թե այն րոպեին, երբ ես վարագույրի ետևից դուրս վազեցի ու եկա ձեզ մոտ, իմ մտքից արդեն անցավ այդ բանը՝ «Սմերդյակո՜վ» ։ Նստել էի այս սեղանի առաջ և գոռում էի, որ մեղավոր չեմ, իսկ իմ մեջ անընդհատ մտածում էի՝ «Սմերդյակո՜վ» ։ Եվ հոգուս կպել էր Սմերդյակովը։ Վերջապես հենց հիմա նույնը մտածեցի հանկարծ՝ «Սմերդյակո՜վ» ։ Բայց միայն մի վայրկյան, դրա հետ անմիջապես մտածեցի՝ «Ո՛չ, Սմերդյակովը չէ» ։ Սա նրա գործը չէ, պարոնա՛յք։

— Այդ դեպքում մի ուրիշ անձնավորության վրա կասկած չունե՞ք, — զգուշորեն հարցրեց Նիկոլայ Պարֆյոնովիչը։

— Չգիտեմ ով կամ ինչ անձնավորություն, երկնքի՞ ձեռքն է, թե սատանայի ձեռքը, բայց... Սմերդյակովը չէ՛, — կտրուկ վճռականությամբ ասաց Միտյան։

— Բայց ինչո՞ւ դուք այսպես հաստատ և այսպես համառորեն պնդում եք, որ նա չէ։

— Այդպես եմ համոզված։ Այդ է տպավորությունս։ Որովհետև Սմերդյակովը ամենաստոր բնավորությամբ մի մարդ է և վախկոտ։ Ոչ թե վախկոտ է, այլ աշխարհի բոլոր վախկոտությունների հանրագումարը, որ քայլում է երկու ոտքի վրա հավից է նա ծնվել։ Երբ խոսում էր ինձ հետ, ամեն անգամ էլ դողում էր վախից, որ կսպանեմ իրեն, այնինչ ես ձեռքս էլ չէի բարձրացնում։ Ընկնում էր ոտքերս և լաց էր լինում, համբուրում էր ահա այս կոշիկները, տառացիորեն համբուրում և աղաչում էր, որ «չվախեցնեմ» իրեն։ Լսո՞ւմ եք. «Չվախեցնե՜մ» ։ Սա՞ ինչ խոսք է։ Իսկ ես նույնիսկ նվեր էի տալիս նրան։ Ցավագար մի հավ է նա, ընկնավոր, թուլամիտ, և ութ տարեկան մի տղա կարող է նրան ծեծել։ Դա ի՞նչ մի բնավորություն է որ։ Չէ, Սմերդյակովը չէ, պարոնայք, և նա փող էլ չի սիրում, երբեք չէր վերցնում իմ նվիրածը... Եվ հետո ինչո՞ւ նա սպանի ծերունուն։ Չէ՞ որ ինքն էլ նրա որդին է գուցե, ապօրինի որդին, գիտե՞ք այս բանը։

— Լսել ենք այդ առասպելը։ Բայց չէ՞ որ դուք էլ ահա ձեր հոր որդին եք, և սակայն հենց ինքներդ էլ ասել եք բոլորին, որ ուզում էիք սպանել նրան։

— Քա՜ր եք գցում իմ կտուրը։ Եվ ստո՛ր, զզվելի մի քար։ Չե՛մ վախենում։ Օ՜ պարոնայք, գուցե շատ մեծ ստորություն է, որ հենց իմ երեսին ասում եք այդ բանը։ Ստորություն եք անում, որովհետև այդ բանը ի՛նքս եմ ասել ձեզ։ Ոչ միայն ուզում էի, այլև կարող էի սպանել, և դեռ, ավելին, ինքս կամովի՛ն մեղք բարդեցի ինձ վրա, ասելով, թե քիչ մնաց սպանեի։ Բայց չէ՞ որ չսպանեցի նրան, չէ՞ որ ինձ փրկե՛ց իմ պահապան հրեշտակը, ահա ա՛յս է, որ դուք հաշվի չառաք... Դրա համար էլ ստորություն եք անում, ստորությո՛ւն։ Որովհետև ես չե՛մ սպանել, չե՛ սպանել, չե՛մ սպանել։ Լսո՞ւմ եք, դատախա՛զ. չե՛մ սպանե՜լ։

Համարյա թե շնչահեղձ եղավ նա։ Ամբողջ հարցաքննության ընթացքում դեռ ոչ մի անգամ այդպես չէր հուզվել։

— Իսկ ի՞նչ ասաց ձեզ նա, պարոնայք, այդ Սմերդյակովը, — ավելացրեց նա հանկարծ, մի քիչ լռելուց հետո։— Կարո՞ղ եմ այս բանը հարցնել ձեզնից։

— Դուք կարող եք ամեն ինչ հարցնել մեզնից, — սառն ու խիստ արտահայտությամբ պատասխանեց դատախաղը, — ամեն ինչ, որ վերաբերում է գործի փաստական կողմին, իսկ մենք, կրկնում եմ, նույնիսկ պարտավոր ենք գոհացում տալ ձեր յուրաքանչյուր հարցին։ Ծառա Սմերդյակովին, որի մասին հարցնում եք դուք, ուշակորույս պառկած գտանք իր անկողԽոմ՝ ընկնավորության չափազանց ուժեղ, գուցե տասը անգամ իրար վրա կրկնված նոպայի մեջ։ Մեզ հետ եղող բժիշկը, քննելով հիվանդին, նույնիսկ ասաց, որ գուցե նա չապրի մինչև առավոտ։

— Է՜, այդ դեպքում սատանա՛ն է սպանել հորս, — պոռթկաց հանկարծ Միտյան, կարծես մինչև այդ վայրկյանը նա դեռ հարց էր տալիս ինքն իրեն՝ «Սմերդյակո՞վն է, թե Սմերդյակովը չէ» ։

— Մենք դեռ կվերադառնանք այդ փաստին, — որոշեց Նիկոլայ Պարֆյոնովիչյը։— Իսկ այժմ չե՞ք ցանկանա շարունակել ձեր ցուցմունքը։

Միտյան հանգստանալու թույլտվություն խնդրեց։ Քաղաքավարի կերպով թույլ տվեցին նրան։ Հանգստանալուց հետո շարունակեց պատմել։ Բայց երևում էր, որ տաժանելի է նրա համար։ Տանջվել էր նա, վիրավորվել ու ցնցվել բարոյապես։ Եվ մանավանդ որ հիմա դատախազը, արդեն կարծես դիտմամբ, սկսեց ամեն րոպե ջղայնացնել նրան, բռնելով «մանրուքների» պոչից։ Հազիվ էր Միտյան նկարագրել թե ինչպես ինքը, ցանկապատի վրա նստած, սանդկոթով հարվածել էր իր ձախ ոտքից կառչած Գրիգորիի գլխին և հետո իսկույն ետ էր ցատկել տապալված ծերունու մոտ, և ահա դատախազն ընդհատեց նրան ու խնդրեց ավելի մանրամասն նկարագրել, թե ինչպես էր նստել ցանկապատի վրա։ Միտյան զարմացավ։

— Ա՛յ այսպես էի նստել ահա, ձի հեծնելու պես, մեկ ոտքս այս կողմ, մյուս ոտքս այն կողմ։

— Իսկ սանդկո՞թը։

— Սանդկոթը ձեռքիս էր։

— Եվ ոչ թե գրպանո՞ւմ։ Այդպես որոշակի հիշո՞ւմ եք։ Լավ, իսկ ուժգի՞ն թափ առաք ձեռքով։

— Երևի ուժգին էր, բայց դա ձեր ինչի՞ն է պետք։

— Լավ կլիներ, եթե հիմա աթոռի վրա նստեիք ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ նստել էիք ցանկապատի վրա, և, պարզելու համար, մեր աչքի առաջ ցույց տայիք, թե ինչպես և ո՛ր կողմից թափ առաք, ո՛ր կողմը շարժեցիք ձեր ձեռքը։

— Բայց ինչ է, դուք ծիծաղո՞ւմ եք ինձ վրա, — հարցրեց Միայան, հպարտորեն նայելով հարցաքննողին, բայց վերջինս աչքերն անգամ չթարթեց։ Միտյան ջղաձգորեն դարձավ, ձիավորի պես նստեց աթոռին և թափահարեց ձեռքը.

— Ա՛յ այսպես խփեցի։ Ա՛յ այսպես սպանեցի, էլ ի՞նչ եք ուզում։

— Շնորհակալ եմ։ Իսկ հիմա նեղություն չե՞ք կրի բացատրելչու, թե ինչո՞ւ, հատկապես ի՞՛նչ նպատակով վար ցատկեցիք և ինչ նկատի ունեիք հատկապես։

— Է՜, գրո՛ղը տանի... ցատկեցի ընկած ծերուկի մոտ... Չգիտեմ ինչու։

— Այդպիսի հուզված վիճակո՞ւմ։ Եվ փախչելով հանդե՞րձ։

— Այո, հուզված վիճակում և փախչելով հանդերձ։

— Օգնել էիք ուզում նրան։

— Ի՜նչ օգնել... Այո, գուցե և ուզում էի օգնել, չեմ հիշում։

— Չէ՞ր գործում ձեր հիշողությունը։ Այսինքն նույնիսկ մի որոշ չափով անզգայացե՞լ էիք։

— Օ ո՜չ, բոլորովին էլ չէի անզգայացել, ամեն ինչ հիշում եմ։ Մինչև վերջին մանրամասնությունը։ Ցատկեցի, որ նայեմ նրան, և թաշկինակով սրբեցի արյունը։

— Տեսանք ձեր թաշկինակը։ Հույս ունեիք, որ ուշքի՞ կբերեք ձեր զգետնած մարդուն։

— Չգիտեմ, հույս ունեի՞, չունեի՞։ Պարզապես ուզում էի համոզվել՝ կենդանի՞ է, թե չէ։

— Ա՜, ուրեմն ուզում էիք համոզվե՞լ։ Եվ ի՞նչ։

— Ես բժիշկ չեմ, չկարողացա որոշել։ Փախա, մտածելով որ սպանել եմ, բայց ահա ուշքի է եկել։

— Հիանալի է, — վերջացրեց դատախազը։— Շնորհակալ եմ։ Այդ էր միայն իմ ուզածը։ Հաճեցեք շարունակել։

Ավա՜ղ, Միտյան թեև հիշում էր, բայց մտքովն էլ չանցավ պատմել, որ ծերուկի մոտ ցատկել էր խղճահարությունից մղված, ե նույնիսկ, կանգնելով նրա գլխին, մի քանի կարեկցական խոսք էր ասել. «Փորձանքի ընկար, բիձուկ, էլ ի՞նչ կարող եմ անել, դե այդպես էլ մնա» ։ Իսկ դատախազը մեկ եզրակացություն միայն հանեց. այսինքն թե մարդը «այդպիսի րոպեին և այդպիսի հուզված վիճակում» ցատկել է՝ պարզապես հաստատ համոզվելու համար, որ իր ոճրագործության միակ վկան կենդանի՞ է, թե ոչ։ Եվ որ, ուրեմն, ի՜նչ ուժ, վճռականություն, պաղարյունություն ու հաշվենկատ վերաբերմունք է ունեցել մարդը նույնիսկ այդպիսի րոպեին... և այլն, և այլն։ Դատախազը գոհ էր. այսինքն թե՝ «դյուրաբորբոք մարդուն գրգռեցի «մանրուքներով», և նա իր ասել չուզածն էլ բերանից թռցրեց» ։

Միտյան տանջահար սրտով շարունակեց պատմել։ Բայց այս անգամ արդեն Նիկոլայ Պարֆյոնովիչն անմիջապես ընդհատեց նրան.

— Իսկ ինչպե՞ս կարողացաք վազել սպասուհի Ֆեոդոսյա Մարկովնայի մոտ, երբ այդպես արյունոտ էին ձեր ձեռքերը և, ինչպես պարզվել է հետո, նաև ձեր դեմքը։

— Բայց այդ պահին բոլորովին էլ չէի նկատել որ արյունոտվել եմ, — պատասխանեց Միտյան։

— Ճշմարտանման է ասում, հենց այդպես էլ լինում է, — դատախազը մի հայացք փոխանակեց Նիկոլայ Պարֆյոնովիչի հետ։

— Չէի նկատել հենց, շատ լավ ասացիք, դատախա՛զ, — հանկարծ հավանություն տվեց նաև Միտյան։

Իսկ այնուհետև Միտյան պատմեց, թե ինչպես ինքը անակնկալորեն որոշել էր «մի կողմ քաշվել» և «ճանապարհ տալ երջանիկներին» ։ Բայց արդեն ոչ մի կերպ չէր կարող նորից բաց անել իր սիրտը քիչ առաջվա նման և պատմել «իր հոգու թագուհու» մասին։ Նողկանք էր զգում այդ սառնասիրտ մարդկանցից, որոնք «փայտոջիլների նման կպել էին իրեն» ։ Այդ պատճառով էլ կարճ ու կտրուկ պատասխանեց կրկին ու կրկին տրվող հարցերին.

— Դե՛հ, վճռեցի սպանել ինքս ինձ։ Էլ ինչո՞ւ պետք է ողջ մնայի. այս հարցը ինքն իրեն կանգնում էր իմ առաջ։ Հայտնվել էր նրա առաջին, անվիճելի սիրահարը, այն մարդը, որ նրա սիրտն էր կոտրել, բայց հիմա, հինգ տարի հետո, վազելով եկել ու իր սերն էր բերել օրինական ամուսնությամբ քավելու համար իր հասցրած վիրավորանքը։ Դե ուրեմն հասկացա, որ ամեն ինչ կորել էր ինձ համար... Իսկ իմ ետևում՝ խայտառակությո՜ւն, և ահա այդ արյունը, Գրիգորիի արյունը... Էլ ինչո՞ւ ապրեի։ Դե ուրեմն գնացի ետ առնելու գրավ դրած ատրճանակներս, որպեսզի լցնեմ դրանք և լուսադեմին փամփուշտը խրեմ գանգիս մեջ...

— Իսկ մինչ այդ, գիշերը փառավոր մի խնջո՞ւյք։

— Այո, գիշերը փառավոր խնջույք։ Է՜, գրողը տանի, պարոնայք, շուտ արեք, վերջացրեք։ Ուզում էի անպայման ցրիվ տալ գանգս, ա՛յ այստեղ հեռու չէ, գյուղի, ծայրին, և առավոտը ժամը հինգին պեպք է մաքրեի իմ հաշիվը, գրպանումս մի երկտող էի պատրաստել արդեն։ Պերխոտինի մոտ էի գրել, երբ ատրճանակն էի լցնում։ Ահա՛ այդ թուղթը, կարդացեք։ Ձեզ համար չէ՛, որ պատմում եմ, — ավելացրեց նա հանկարծ արհամարհանքով։ Բաճկոնակի գրպանից հանեց թուղթը և նետեց սեղանի վրա. քննիչները հետաքրքրությամբ կարդացին և, ըստ սովորականի, այդ թուղթն էլ միացրին գործին։

— Եվ նույնիսկ երբ պարոն Պերխոտինի մոտ գնացիք, դեռ չէի՞ք մտածում ձեր ձեռքերը լվանալ։ Ուրեմն չէի՞ք վախենում կասկածներից։

— Ի՞նչ կասկածներ։ Կասկածեին կամ ոչ՝ միևնույն է, ես պիտի սուրալով գայի այստեղ ու ժամը հինգին վերջ տայի կյանքիս, և դուք ոչինչ էլ չէիք հասցնի անել։ Եթե չլիներ հորս դեպքը, դուք ոչինչ էլ չէիք իմանա և չէիք գա այստեղ։ Օ՜, սատանա՛ն է արել այդ բանը, սատանա՛ն է սպանել հորս, և հենց սատանայի շնորհիվ այդքան շուտ իմացաք։ Ինչպե՞ս է, որ այդքան շուտ հասաք այստեղ։ Հրաշք է, ցնո՜րք։

— Պարոն Պերխոտինը հաղորդեց մեզ, որ դուք, երբ մտնում էիք նրա մոտ, ձեր ձեռքում... արյունոտ ձեռքում... բռնել էիք ձեր դրամը... մի մեծ գումար... հարյուրանոց թղթադրամների մի կապոց, և նրան ծառայող մանչն էլ տեսել է այդ բանը։

— Ճիշտ է, պարոնայք, հիշում եմ, որ այդպես էր։

— Հիմա մի փոքրիկ հարց է մեջտեղ գալիս։ Չե՞ք կարող մեզ հայտնել, — չափազանց մեղմորեն սկսեց Նիկոլայ Պարֆյոնովիչը, — որտեղի՞ց վերցրիք հանկարծ այդքան փողը, քանի որ գործից երևում է, որ եթե ժամերի հաշիվը անենք՝ նույնիսկ տուն էլ չեք գնացել։

Դատախաղը մի քիչ խոժոռվեց, որ հարցն այդպես ուղղակի է դրվում, բայց չընդհատեց Նիկոլայ Պարֆյոնովիչին։

— Ոչ, տուն չեմ գնացել, — պատասխանեց Միտյան, ըստ երևույթին շատ հանգիստ, բայց նայելով հատակին։

— Թույլ տվեք այդ դեպքում կրկնել հարցը, — շարունակեց Նիկոլայ Պարֆյոնովիչը, մի տեսակ սողոսկելով դեպի բուն խնդիրը։— Որտեղի՞ց կարող էիք այդպիսի գումար ձեռք բերել միանգամից, երբ նույն օրը, ժամը հինգին, ձեր իսկ խոստովանությամբ...

— Տասը ռուբլու կարիք ունեի և ատրճանակները գրավ դրի Պերխոտինի մոտ, հետո գնացի Խոխլակովայից երեք հազար ռուբլի խնդրելու, բայց նա չտվեց, և այլն, և այլն, ահա այսպիսի բաներ, — կտրականորեն ընդհատեց Միտյան։— Հա՛ ուրեմն, պարոնայք, փող չունեի, և մեկ էլ հանկարծ երե՜ք հազար ռուբլի բուսավ գետնի տակից, հը՞։ Գիտե՞ք ինչ, պարոնայք, հիմա երկուսիդ էլ փորը վախ է ընկել հապա եթե չասի՜, թե որտեղից է վերցրել այդ փողը։ Հենց այդպես էլ է. չեմ ասի, պարոնայք, ճիշտ կռահեցիք։ Չե՛ք իմանա այդ բանը, — ասաց հանկարծ Միտյան, արտակարգ վճռականությամբ շեշտելով իր խոսքը։ Քննիչները մի պահ լուռ մնացին։

— Հասկացեք, պարոն Կարամազով, մեզ համար էականորեն անհրաժեշտ է իմանալ այդ բանը, — ասաց Նիկալոյ Պարֆյոնովիչը մեղմ ու հեզաբարո։

— Հասկանում եմ, բայց և այնպես՝ չեմ ասի։

Միջամտեց նաև դատախազը և նորից հիշեցրեց, որ հարցաքննվողն անշուշտ կարող է չպատասխանել հարցերին, եթե այդպես անելը իր համար շահավոր է համարում և այլն, բայց նկատի ունենալով, որ կասկածի ենթակա անձը ինչպիսի՜ վնաս կարող է հասցնել իրեն իր լռությամբ, և հատկապես նկատի առնելով այսպիսի կարևորություն ունեցող հարցերը, որոնք...

— Եվ այլն, պարոնայք, և ա՜յլն։ Բավական է, լսեցի արդեն այդ քարոզը, — նորից ընդհատեց Միտյան։— Ինքս էլ հասկանում եմ, որ խնդիրը շատ կարևոր է, և որ հենց ա՛յս է ամենաէական կետը, բայց և այնպես՝ չեմ ասի։

— Է՛հ, մե՞զ ինչ, սա հո մեր գործը չէ, ձե՛ր գործն է, ինքներդ ձեզ կվնասեք, — ջղայնորեն նկատեց նիկոլայ Պարֆյոնովիչը։

— Գիտե՞ք ինչ, պարոնայք, կատակը մի կողմ թողնենք, — Աչքերը բարձրացրեց Միտյան և հաստատակամորեն նայեց երկուսին էլ։— Հենց սկզբից արդեն նախազգում էի, որ մենք այս կետի վրա ճակատ ֊ճակատի ենք խփվելու։ Բայց քիչ առաջ, երբ սկսեցի ցուցմունքներ տալ, այս ամբողջը դեռ հեռավոր մշուշի մեջ էր, վայրիվերո մի բան, և ես նույնիսկ այնքա՜ն պարզամիտ եղա, որ «մեր միջև փոխադարձ վստահություն» առաջարկելով սկսեցի։ Հիմա ինքս եմ տեսնում, որ այդ վստահությունը չէր էլ կարող լինել, որովհետև համենայն դեպս պետք է հասնեինք այդ անիծյա՜լ պատնեշին։ Է՛հ, հասանք ուրեմն։ Չի՞ կարելի, և վե՛րջ։ Բայց դե ես չեմ մեղադրում ձեզ. դո՛ւք էլ չեք կարող պարզապես իմ խոսքին հավատալ, հասկանում եմ իհարկե։

Նա մռայլորեն լռեց։

— Իսկ չէի՞ք կարող, առանց որևէ կերպ խախտելու ձեր այդ վճռականությունը, որով ուզում եք չխոսել ամենագլխավորի մասին, չէի՞ք կարող միաժամանակ ամենափոքր մի ակնարկությամբ մեզ հասկացնել, թե այդ ի՞նչ ուժեղ շարժառիթներ են հատկապես, որ ներկա հարցաքննության այս վտանգավոր պահին կարող են ձեզ մղել լուռ մնալու։

Միտյան տխուր ու մի տեսակ մտախոհ ժպտաց։

— Ես շատ ավելի բարի եմ, քան դուք կարծում եք, պարոնայք։ Կհայտնեմ ձեզ, թե ինչու չեմ ասում, և կանեմ այդ ակնարկությունը, թեև դուք արժանի չեք դրան։ Չեմ ասում, պարոնայք, որովհետև ինձ համար անպատվություն է դա։ Հարցնում եք, թե որտեղի՞ց եմ վերցրել այդ փողը. դրա պատասխանն ինձ համար այնպիսի մի անպատվություն է, որի հետ չէր կարող համեմատվել նույնիսկ հորս սպանելն ու կողոպտելը, եթե իրոք սպանած ու կողոպտած լինեի նրան։ Ահա թե ինչու չեմ կարող ասել։ Անպատվության վախից է, որ չեմ կարող։ Բայց ի՞նչ է, պարոնայք, ուզում եք արձանագրե՞լ։

— Այո, պետք է արձանագրենք, — թոթովեց Նիկոլայ Պարֆյոնովիչը։

— Չպետք է արձանագրեիք այս բանը, «անպատվությունը» այսինքն։ Իմ սրտի բարությունից է միայն, որ հայտնեցի ձեզ, բայց կարող էի և չհայտնել։ Ես ձեզ, այսպես ասած, նվեր արեցի, իսկ դուք անմիջապես պոչից բռնեցիք։ Դե լա՜վ, գրեցեք, գրեցեք ինչ ուզում եք, — եզրակացրեց նա արհամարհանքով ու զզվանքով, — չեմ վախենում ձեզնից և... հպարտ եմ զգում ձեր առաջ։

— Իսկ չե՞ք ասի, թե ի՞նչ բնույթի է, այդ, անպաավությունը, — կմկմաց Նիկոլայ Պարֆյոնովիչը։

Դատախազը սոսկալի խոժոռվեց։

— Չէ-չէ, cest fini (վերջացավ, ֆրանս.), իզուր մի՛ հոգնեք։ Չարժի էլ, որ ձեռքերս կեղտոտեմ։ Այնպես էլ արդեն կեղտոտվեցի ձեզ հետ շփվելով։ Արժանի չեք, ոչ ոք արժանի չէ... Բավական է, պարոնայք, վերջ եմ տալիս։

Չափազանց վճռականորեն ասվեց այդ բանը։ Նիկոլայ Պարֆյոնովիչը չպնդեց այլևս, բայց Իպոլիտ Կիրիլովիչի աչքերից անմիջապես նկատեց, որ նա դեռ հույսը չի կորցնում։

— Չե՞ք կարող գոնե հայտնել, թե ի՞նչ գումար ունեիք ձեր ձեռքում, երբ մտաք պարոն Պերխոտինի տունը, այսինքն քանի՞ ռուբլի հատկապես։

— Այդ էլ չեմ կարող հայտնել։

— Պարոն Պերխոտինին, կարծեմ, ասել եք երեք հազար ռուբլու մասին, որ իբր թե ստացել եք տիկին Խոխլակովայի՞ց։

— Գուցե և ասել եմ։ Բավական է, պարոնայք, չեմ ասի, թե ինչ գումար էր։

— Այդ դեպքում բարի եղեք նկարագրել, թե ինչպես եկաք այստեղ և ամեն ինչ, որ արեցիք այստեղ գալուց հետո։

— Է՜հ, դրա մասին հարցրեք բոլոր այստեղացիներին։ Բայց դե լավ, ես էլ կպատմեմ։

Ու պատմեց, բայց մենք չենք կրկնի նրա պատմածը։ Պատմեց չոր ու հարևանցի։ Իր սիրո խայտանքների մասին բոլորովին չխոսեց։ Պատմեց, սակայն, թե ինչպես չքացավ անձնասպան լինելու իր վճիռը՝ «նոր փաստերի շնորհիվ» ։ Պատմում էր առանց պատճառաբանելու, առանց մանրամասնությունների մեջ մտնելու։ Եվ քննիչներն էլ այս անգամ շատ չանհանգստացրին նրան. պարզ էր, որ նրանց համար ևս գլխավոր կետը այդ չէ հիմա։

— Մենք այդ բոլորը կստուգենք, մենք դեռ կվերադառնանք այդ բոլորին՝ վկաների հարցաքննության ժամանակ, որ անշուշտ ձեր ներկայությամբ տեղի կունենա, — Նիկոլայ Պարֆյոնովիչն ավարտեց հարցաքննությունը։— Իսկ այժմ թույլ տվեք մի խնդրանք ներկայացնել ձեզ. դրեք սեղանի վրա ձեր ունեցած բոլոր իրերը և մանավանդ այն ամբողջ դրամը, որ գտնվում է հիմա ձեր գրպաններում։

— Դրա՞մը, պարոնայք։ Խնդրե՜մ, հասկանում եմ, որ այդպես է պետք։ Զարմանում եմ նույնիսկ, թե ինչպե՞ս ավելի շուտ չհետաքրքրվեցիք։ Ճիշտ է, ոչ մի տեղ էլ չէի կարող գնալ, նստել եմ ձեր աչքի առաջ։ Է՛հ, ահա իմ ունեցած դրամը, հաշվեցեք ահա, վերցրեք, կարծեմ այս է ամբողջը։

Լրիվ դատարկեց գրպանները, նույնիսկ մանր դրամը հանեց, երկու հատ քսանկոպեկանոց դուրս բերեց բաճկոնակի գրպանից։ Հաշվեցին դրամը. պարզվեց, որ ութ հարյուր երեսուն վեց ռուբլի քառասուն կոպեկ ուներ։

— Եվ ա՞ս է ամբողջը, — հարցրեց քննիչը։

— Այս է։

— Քիչ առաջ, երբ ձեր ցուցմունքներն էիք տալիս, հաճեցիք ասել, որ Պլոտնիկովների խանութում երեք հարյուր ռուբլի եք թողել, Պերխոտինին էլ տվել եք տասը ռուբլի, կառապանին՝ քսան, այստեղ երկու հարյուր ռուբլի տարվել եք, հետո...

Նիկոլայ Պարֆյոնովիչը հաշվեց այդ բոլորը։ Միտյան հոժարությամբ օգնեց նրան։ Հիշեցին յուրաքանչյուր կոպեկը և մտցրին հաշվի մեջ։ Նիկոլայ Պարֆյոնովիչն արագորեն հանեց ընդհանուր գումարը։

— Այս ութ հարյուրի հետ, ուրեմն, ընդամենը շուրջ հազար հինգ հարյուր ռուբլի՞ եք ունեցել սկզբում։

— Այդպես է երևի, — կարճ կտրեց Միտյան։

— Իսկ ինչպե՞ս են բոլորը պնդում, թե շատ ավելին էր։

— Թող պնդեն։

— Բայց դուք ինքներդ էլ պնդում էիք։

— Ես ինքս էլ պնդում էի։

— Մենք դեռ այս բոլորը կստուգենք՝ ուրիշ չհարցաքննված անձանց վկայություններով։ Ձեր դրամի մասին մի՛ մտահոգվեք, սրանք կպահվեն որտեղ որ պետք է և նորից ձեր տրամադրության տակ կլինեն, երբ վերջանա այս ամբողջ... որ սկսվել է... եթե պարզվի կամ այսպես ասած ապացուցվի, որ դուք անվիճելիորեն այս դրամի տերն եք։ Է՛, իսկ հիմա...

Նիկոլայ Պարֆյոնովիչը հանկարծ վեր կացավ և հաստատապես հայտարարեց Միտյային, որ «ստիպված է և պարտավոր է» ամենամանրամասն և ամենաստույգ խուզարկության ենթարկել «ձեր հագուստը և ամեն ինչը...» ։

— Խնդրեմ, պարոնայք, բոլոր գրպաններս շուռ կտամ, եթե ուզում եք։

Եվ նա իրոք սկսեց շուռ տալ գրպանները։

— Անհրաժեշտ կլինի նույնիսկ, որ ձեր հագուստն էլ հանեք։

— Ինչպե՞ս։ Հանվե՞մ» Թո՛ւհ, գրողը տանի։ Դե հենց այսպես էլ խուզարկեցեք, էլի։ Չի՞ կարելի այսպես։

— Ոչ մի կերպ չի կարելի, Դմիտրի Ֆյոդորովիչ։ Պետք է հանեք հագուստը։

— Ինչպես ուզում եք, — մռայլորեն ենթարկվեց Միտյան, — միայն թե, խնդրում եմ, ոչ թե այստեղ, այլ վարագույրի ետև։ Ո՞վ է խուզարկելու։

— Իհարկե վարագույրի ետև, — գլուխը խոնարհեց Նիկոլայ Պարֆյոնովիչը՝ ի նշան համաձայնության։ Նրա դեմքին նույնիսկ մի յուրահատուկ, ծանրակշիռ լրջություն երևաց։

VI։ Դատախազը բռնում է Միտյային

Սկսվեց մի բան, որ բոլորովին անսպասելի ու զարմանալի էր Միտյայի համար։ Նա ոչ մի կերպ ու երբեք, նույնիսկ մի րոպե առաջ չէր կարող ենթադրել, թե որևէ մեկը կարող է այդպես վարվել իր հետ՝ Միտյա Կարամազովի՛ հետ։ Եվ նամանավանդ՝ ստորացուցիչ մի բան կար դրա մեջ, իսկ նրանց կողմից՝ «ամբարտավան ու իր նկատմամբ արհամարհական» մի բան։ Սերթուկը հանելը դեռ ոչի՜նչ, բայց խնդրեցին, որ դեռ շարունակի հանվել։ Եվ ոչ թե պարզապես խնդրեցին, այլ ըստ էության հրամայեցին, ինքը շատ լավ հասկացավ այդ։ Հպարտությունից ու արհամարհանքից դրդված՝ նա լիովին ենթարկվեց, առանց որևէ բան ասելու։ Բացի Նիկոլայ Պարֆյոնովիչից, վարագույրի ետև եկավ նաև դատախազը, մի քանի գյուղացիներ էլ ներկա գտնվեցին, «անշուշտ ուժ գործադրելու համար, — մտածեց Միտյան, — և գուցե մի ուրիշ որևէ նպատակով էլ» ։

— Է՛հ, ինչ է, վերնաշապի՞կս էլ հանեմ, — կտրուկ հարցրեց նա, բայց Նիկոլայ Պարֆյոնովիչը չպատասխանեց։ Դատախազի հետ միասին նա, կլանված, զննում էր սերթուկը, տաբատը, բաճկոնակն ու գլխարկը, և երևում էր, որ երկուսն էլ խիստ հետաքրքրվել են այդ զննությամբ։ «Ոչ մի բանից չեն քաշվում, — անցավ Միտյայի մտքով, — նույնիսկ անհրաժեշտ քաղաքավարությունն էլ չեն պահպանում» ։

— Երկրորդ անգամ եմ հարցնում ձեզ՝ պե՞տք է հանեմ վերնաշապիկս, թե ոչ, — ասաց նա ավելի կտրուկ և ավելի ջղայնորեն։

— Մի՛ անհանգստանաք, կասենք ձեզ, — պատասխանեց Նիկոլայ Պարֆյոնովիչը՝ նույնիսկ մի տեսակ մեծավորի շեշտով։ Գոնե Միտյային այդպես թվաց։

Այդ միջոցին քննիչն ու դաաախազը ցածր ձայնով խորհրդակցում էին փութեռանդորեն։ Պարզվել էր, որ սերթուկի վրա, հատկապես ձախ քղանցքին, ետևի կողմից, արյան հսկայական բծեր կային՝ չորացած, քարացած ու դեռ այդպես էլ կոշտ մնացած։ Տաբատի վրա՝ նույնպես։ Նիկոլայ Պարֆյոնովիչը, բացի այդ, գյուղացի ենթավկաների ներկայությամբ, իր սեփական մատներով շոշափեց սերթուկի օձիքը, թևածալքերը, բոլոր կարերը, տաբատն էլ շոշափեց վերից վար. մի բան էր փնտրում հայտնապես՝ անշուշտ թե փող։ Մինչև իսկ չէին թաքցնում Միտյայից իրենց կասկածները, թե նա կարող էր փողը հագուստի մեջ կարել, ընդունակ էր այդպիսի բան անելու։ «Այս արդեն՝ կարծես ուղղակի գողի՜ հետ է իրենց գործը, ոչ թե սպայի», — քրթմնջաց նա ինքն իրեն։ Իսկ իրենց մտքերը տարօրինակ թվալու չափ բացահայտորեն հաղորդում էին իրար՝ Միտյայի ներկայությամբ։ Օրինակ, գրագիրը, որ նույնպես հայտնվել էր վարագույրի ետևում ու անընդհատ դեսուդեն էր ընկնում՝ ծառայություն մատուցելով, Նիկոլայ Պարֆյոնովիչի ուշադրությունը հրավիրեց գլխարկի վրա, որը նույնպես շոշափեցին. «Հիշո՞ւմ եք գրագիր Գրիդենկային, — նկատեց նա, — ամառը գնացել էր ամբողջ գրասենյակի ռոճիկներն ստանալու, իսկ վերադառնալուց հետո հայտարարեց, թե հարբած վիճակում կորցրել է փողը։ Եվ որտե՞ղ գտան, հիշո՞ւմ եք։ Այ հենց գլխարկի այս եզրակների մեջ. հարյուրանոցները բարակ—բարակ ոլորել ու այս եզրակների մեջ էր կարել» ։ Քննիչն ու դատախազը շատ լավ էին հիշում Գրիդենկայի դեպքը, ուստի Միտյայի գլխարկը մի կողմ դրեցին ու որոշեցին, որ այդ բոլորը պետք է լրջորեն զննել հետո, և առհասարակ ամբողջ հագուստը պետք է զննել։

— Ներեցե՜ք խնդրեմ, — գոչեց հանկարծ Նիկոլայ Պարֆյովիչը, նկատելով Միտյայի վերնաշապկի աջ թևքը, որի ներս դարձած ծայրն ամբողջովին արյունոտ էր, — ներեցե՜ք խնդրեմ, սա՞ ինչ է, արյո՞ւն։

— Արյուն, — կարճ կտրեց Միտյան։

— Այսինքն, ի՞նչ արյուն է... և ինչո՞ւ թևքի ծայրը ներս է դարձրած։

Միտյան պատմեց, թե ինչպես Գրիգորիի գլուխը մաքրելու ժամանակ թևքի ծայրն արյունոտվել էր, և թե հետո Պերխոտինի մոտ, երբ ձեռքերն էր լվանում, ներս էր դարձրել արյունոտ մասը։

— Ուրեմն ձեր վերնաշապիկն էլ պետք է վերցնենք, շատ կարևոր է... որպես իրեղեն ապացույց։

Միտյան կարմրեց ու կատաղեց։

— Ի՞նչ է, մե՞րկ մնամ, — գոռաց նա։

— Մի՛ անհանգստանաք... Մի կերպ կկարգադրենք։ Իսկ մինչ այդ գուլպաներն էլ հանեցեք խնդրեմ։

— Հո կատակ չե՞ք անում։ Դա իսկապես անհրաժե՞շտ է, — փայլատակեցին Միտյայի աչքերը։

— Մենք կատակելու տրամադրություն չունենք, — խստորեն դիմադարձեց նիկոլայ Պարֆյոնովիչը։

— Դե լավ, եթե պետք է... ես...— մրթմրթաց Միտյան և, նստելով մահճակալին, սկսեց հանել գուլպաները։ Անտանելիորեն անհարմար էր զգում նա. բոլորը հագնված են, իսկ ինքը մերկ է և, տարօրինակ բան, այդպես մերկ լինելով՝ կարծես ինքն էլ մի տեսակ մեղավոր էր զգում իրեն նրանց առաջ, և մանավանդ ինքն էլ համաձայն էր գրեթե, որ իսկապես հանկարծ ավելի նվաստ էր դարձել, քան նրանք, և որ հիմա արդեն լիովին իրավունք ունեն արհամարհելու իրեն։ «Երբ բոլորն են մերկ՝ ամոթ չէ, բայց երբ մեկ հոգի է մերկ, իսկ բոլորը նայում են՝ խայտառակությո՜ւն է, — կրկին ու կրկին անցնում էր նրա մտքով։— Կարծես երազ լինի. երբեմն երազի մեջ ինքս ինձ տեսել եմ այսպիսի խայտառակ վիճակում» ։ Բայց գուլպաները հանելը մինչև իսկ տանջալի էր նրա համար. շատ անմաքուր էին դրանք, և սպիտակեղենը՝ նույնպես, և հիմա բոլորը տեսնում էին այդ բանը։ Եվ մանավանդ ինքն էլ չէր սիրում իր ոտքերը. ամբողջ կյանքում, չգիտես ինչու, անճոռնի էր համարել երկու ոտքերի բթամատերը, հատկապես աջ ոտքի կոպիտ, տափակ, դեպի ներքև ծռված մի եղունգը, և ահա հիմա բոլոր այս մարդիկ կտեսնեն դա։ Անտանելի ամոթ զգալով, նա հանկարծ ավելի ևս կոպիտ սկսեց վարվել արդեն դիտմամբ։ Ինքը անձամբ պոկեց ու հանեց իր վերնաշապիկը։

— Չե՞ք ուզում մի ուրիշ տեղ էլ խուզարկել, եթե չեք ամաչում։

— Ոչ, առայժմ պետք չէ։

— Ինչ է, հենց այսպես էլ մե՞րկ եմ մնալու, — ավելացրեց նա մոլեգնորեն։

— Այո, առայժմ այդպես է պետք... Բարի եղեք առայժմ այստեղ նստելու, կարող եք անկողնից վերցնել ծածկոցը և փաթաթվել, իսկ ես... ես այս բոլորը հիմա կկարգադրեմ։

Բոլոր իրերը ցույց տվեցին ենթավկաներին, կազմեցին խուզարկության ատենագրությունը, և վերջապես Նիկոլայ Պարֆյոնովիչը դուրս գնաց, իսկ հագուստը տարան նրա ետևից։ Իպոլիտ Կիրիլովիչը նույնպես դուրս գնաց։ Միտյայի մոտ մնացին միայն գյուղացիները, որոնք լուռ կանգնել էին ու իրենց հայացքները չէին հեռացնում նրանից։ Միտյան վերցրեք ծածկոցը և փաթաթվեց, սկսել էր մրսել։ Մերկ ոտքերը դուրս էին ցցվել, և նա ոչ մի կերպ չէր կարողանում ծածկոցն այնպես հարմարեցնել իր վրա, որ ծածկի դրանք։ Նիկոլայ Պարֆյոնովիչը կարծես թե շատ ուշացավ, «տանջելու չափ շատ», «ինձ շան լակոտի տեղ է դնում», կրճտացնում էր ատամները Միտյան։ «Այդ անպիտան դատախազն էլ գնաց՝ իհարկե արհամարհելով ինձ, զզվեց մերկ մարդուն նայելուց» ։ Միտյան այնուամենայնիվ ենթադրում էր, որ իր հագուստը կզննեն այնտեղ ու ետ կբերեն։ Բայց ինչպիսի՜ վրդովմունքով լցվեց նա հանկարծ, երբ Նիկոլայ Պարֆյոնովիչը վերադարձավ բոլորովին ուրիշ մի հագուստով, որ մի գյուղացի բերում էր նրա ետևից։

— Դե՛հ, ահա ձեզ հագուստ, — ասաց նա սանձարձակ մի շեշտով, ըստ երևույթին շատ գոհ լինելով, որ կարողացել էր հոգատարություն ցույց տալ։— Այս արտասովոր պարագաներում պարոն Կալգանովն է ձեզ ընծայում սրանք, ինչպես և մի մաքուր վերնաշապիկ։ Բարեբախտաբար հենց այս բոլորը կային նրա ճամպրուկի մեջ։ Կարող եք հագնել ձեր սեփական սպիտակեղենն ու գուլպաները։

Միտյան սոսկալի բորբոքվեց։

— Չե՛մ ուզում ուրիշի հագուստը, — սպառնալից գոռաց նա, — ի՛մը տվեք։

— Անկարելի է։

— Տվե՛ք իմը, գրողի ծո՛ցը Կալգանովին, նրա հագուստն էլ, իրեն էլ։

Երկար աշխատեցին համոզել նրան։ Բայց մի կերպ հանգստացրին։ Հասկացրին, որ նրա հագուստը, արյունոտ լինելով, պետք է «մտցվի իրեղեն ապացույցների ցուցակի մեջ», և որ հիմա հագուստը նրան վերադարձնելու «իրավունք անգամ չունեն... նկատի առնելով, թե ո՛վ գիտե ինչ ելք կունենա գործը» ։ Միտյան մի կերպ հասկացավ այդ բանը վերջապես։ Մռայլորեն լռեց և սկսեց շտապ հագնվել։ Միայն թե հագնվելու ժամանակ ասաց, որ սա ավելի շքեղ է, քան իր հին հագուստը, և որ ինքը չէր ուզենա «օգտվել» ։ Բացի այդ, «խայտառակորեն նեղ է այս հագուստը։ Ինչ է, ծաղրածուի դե՞ր եմ խաղալու սրանով... ձեր հաճույքի՜ համարյ» ։

Նորից նրան հասկացրին, որ այս հարցում էլ չափազանցում է. պարոն Կալգանավը թեև ավելի բարձրահասակ է նրանից, բայց ոչ այնքան, և գուցե տաբատը միայն երկար լինի մի քիչ։ Բայց սերթուկի ուսերն իսկապես նեղ եկան։

— Գրո՛ղը տանի, կոճկելն էլ դժվար է, — քրթմնջաք նորից Միտյան։— Բարի եղեք խնդրեմ, հենց այս վայրկյանիս հաճեցեք իմ կողմից հաղորդել պարոն Կալգանովին, որ ես ինքս չեմ խնդրել նրա հագուստը, ինձ ստիպեցին հագնել ու խեղկատակ դարձրին այսպես։

— Նա շատ լավ հասկանում է այդ բանը և ցավում է... այսինքն ոչ թե իր հագուստի համար է ցավում, այլ, ճիշտն ասած, այս ամբողջ դեպքի համար...— կմկմաց Նիկոլայ Պարֆյոնովիչը։

— Թքե՛լ եմ նրա ցավելու վրա։ Է՛հ, ո՞ւր գնամ հիմա։ Կամ թե շարունակե՞մ նստել այստեղ։

Խնդրեցին, որ նորից անցնի «այն սենյակը» ։ Միտյան դուրս եկավ, զայրույթից մռայլված, աշխատելով ոչ ոքի չնայել։ Ուրիշ հագուստով նա իրեն բոլորովին խայտառակված էր զգում, նույնիսկ այդ գյուղացիների և Տրիֆոն Բորիսովիչի առաջ, որի դեմքը հանկարծ, չգիտես ինչու, երևաց դռան մեջ ու անհայտացավ։ «Եկավ մի աչք գցելու իմ կերպարանքի վրա», — մտածեց Միտյան։ Նստեց իր նախկին տեղը՝ նույն աթոռին։ Ամեն ինչ մղձավանջային ու անհեթեթ էր երևում աչքին. թվում էր իրեն, թե խելքը կորցրել է։

— Է՛հ, հիմա՞ ինչ, սկսելու եք ճիպոտներով ծեծել, հը՞։ Էլ ուրիշ բան չմնաց, չէ՞, — կրճտացրեք նա ատամները, դիմելով դատախազին։ Նիկոլայ Պարֆյոնովիչի կողմը դառնալ անգամ չէր ուզում արդեն, կարծես արժանի էլ չհամարելով նրա հետ խոսել։ «Չափից ավելի ուշադիր զննում էր իմ գուլպաները, որպեսզի բոլորին ցույց տա, թե ինչ կեղտոտ է իմ սպիտակեղենը» ։

— Այ հիմա պետք է անցնենք վկաների հարցաքննության, — ասաց Նիկոլայ Պարֆյոնովիչը, կարծես պատասխանելով Դմիտրի Ֆյոդորովիչի հարցին։

— Այո՜, — ասաց դատախազը մտախոհ, ասես նույնպես մի բանի մասին մտմտալով։

— Մենք, Դմիտրի Ֆյոդորովիչ, հենց ձեր օգտին արեցինք ամեն ինչ, որ կարող էինք, — շարունակեք Նիկոլայ Պարֆյոնովիչը, — բայց երբ դուք այդքան կտրականորեն մերժում եք բացատրել մեզ, թե որտեղից եք ձեռք բերել այն գումարը, որ գտնվեց ձեզ մոտ, մենք տվյալ րոպեին...

— Այդ ի՞նչ քար է ձեր մատանու վրա, — ընդհատեց հանկարծ Միտյան, կարծես մտասույզ իր վիճակից սթափվելով. նա մատով ցույց տվեց մեկն այն երեք խոշոր մատանիներից, որոնք զարդարում էին Նիկոլայ Պարֆյոնովիչի աջ ձեռքը։

— Մատանի՞, — կրկնեց Նիկոլայ Պարֆյոնովիչը զարմացած։

— Այո, ահա այդ մեկը... միջնամատի վրա, բարալիկ երակներով քարը, ի՞նչ քար է, — պնդում էր Միտյան մի տեսակ ջղայնորեն, համառ երեխայի նման։

— Ծխագույն տպազիոն է, — ժպտաց Նիկոլայ Պարֆյոնովիչը, — ուզո՞ւմ եք նայել, հանեմ...

— Չէ, չէ, մի՛ հանեք, — մոլեգնորեն գոռաց Միտյան, հանկարծ ուշքի գալով ու զայրանալով ինքն իր վրա, — մի՛ հանեք, պետք չէ... Գրո՛ղը տանի... Կեղտոտեցի՜ք իմ հոգին, պարոնայք։ Մի՞թե կարծում եք, որ կպահեի ձեզնից, եթե իրոք սպանած լինեի հորս. խորամանկությո՞ւն կանեի, կստեի՞, կթաքնվեի՞։ Ո՛չ, այդպիսի մարդ չէ Դմիտրի Կարամազովը, նա չէր կարող հանդուրժել այդ, և եթե ես մեղավոր լինեի, երդվում եմ՝ չէի սպասի ձեր գալուն, չէի սպասի, որ ծագի արևը, ինչպես մտադիր էի սկզբում, այլ դրանից էլ առաջ կոչնչացնեի՛ ինքս ինձ, էլ չսպասելով արշալույսին։ Հիմա ես ի՛նքս իմ մեջ զգում եմ այդ բանը։ Քսան տարի էլ ապրեի, չէի կարող այնքան բան սովորել, որքան իմացա այս մի անիծյա՛լ գիշերվա մեջ... Եվ ես այսպե՞ս, այսպե՞ս կլինեի այս գիշեր և ահա այս րոպեիս, երբ նստել եմ ձեզ հետ, այսպե՞ս կխոսեի, այսպե՞ս կշարժվեի, այսպե՞ս կնայեի ձեզ և աշխարհին, եթե իրոք հայրասպան լինեի. այնինչ պատահաբար Գրիգորիին սպանած լինելու գաղափարն անգամ հանգիստ չէր տալիս ինձ ամբողջ գիշերը, ո՜չ թե վախից, օ՜, ոչ թե հենց միայն ձեր պատիժը կրելու վախից։ Նախատի՜նքը։ Եվ դուք ուզում եք, որ մեկ էլ նորից սի՞րտս բանամ ձեզ նման ծաղրասերների առաջ, որոնք ոչինչ չեն տեսնում և ոչ մի բանի չեն հավատում, ուզում եք, որ ձեզ նման կույր խլուրդներին ու ծաղրասերներին պատմե՞մ իմ մի ուրիշ ստորությունն էլ, մի ուրի՜շ խայտառակություն, թեկուզ և, ասենք թե, այդ բանը փրկեր ինձ ձեր մեղադրանքից։ Չէ՜, ավելի լավ է աքսորն ու տաժանակիր աշխատանքը։ Ով որ բացել է հորս տան դուռը և մտել է այդ դռնից, հենց նա էլ սպանել է հորս, հենց նա էլ կողոպտել է։ Իսկ ո՞վ է նա, չեմ կարողանում կռահել և շշմում եմ, տանջվում։ Բայց Դմիտրի Կարամազովը չէ՛ այդ մարդը, իմացե՛ք. ահա այս է այն ամբողջը, որ կարող եմ ասել ձեզ, և բավակա՜ն է, հանգիստ թողեք ինձ... Աքսորեցեք, մահապատիժ տվեք, բայց էլ մի՛ ջղայնացնեք ինձ։ Բերանս փակում եմ։ Կանչեցեք ձեր վկաներին...

Միտյան իր անակնկալ մենախոսությունն ասաց այնպես, որ կարծես արդեն որոշել էր վերջնականապես լռել դրանից հետո։ Հազիվ էր նա բերանը փակել, երբ դատախազը, որ շարունակ հետևում էր Միտյային, հանկարծ ամենասառն ու ամենահանգիստ արտահայտությամբ սկսեց խոսել, կարծես ամենահասարակ մի բան ասելով.

— Ահա հենց այդ բաց դռան առիթով, որի մասին դուք խոսեցիք հիմա, կարող ենք հայտնել ձեզ, և հենց այս րոպեիս տեղը եկավ հայտնելու, թե ձեր ձեռքով վիրավորված ծերունի Գրիգորի Վասիլևը տվել է մի չափազանց հետաքրքրական ցուցմունք, որ վերին աստիճանի կարևոր է թե՛ ձեզ, թե՛ մեզ համար։ Ուշքի գալուց հետո, պատասխանելով մեր հարցերին, նա հստակորեն հաղորդեց մեզ ու պնդեց, որ դեռ այն ժամանակ, երբ ինքը դուրս է եկել, սանդուղքի վրա և այգում մի աղմուկ լսելով որոշել է իջնել ու այգի մտնել դռնակից, որը բաց է եղել այդ պահին, ապա ուրեմն, մտնելով այգի, նախքան տեսնելը, թե դուք, ինչպես արդեն ինքներդ հայտնեցիք մեզ, մթան մեջ փախչում եք այն բաց պատուհանից, որի մեջ տեսել էիք ձեր հորը, նա, Գրիգորին, մի հայացք նետելով ձախ կողմը և նկատելով իսկապես բաց եղող այդ պատուհանը, միաժամանակ շատ ավելի մոտից նկատել է նաև լրիվ բացված դուռը, այն դուռը, որի մասին դուք հայտարարեցիք, թե փակ է եղել ամբողջ ժամանակ, երբ դուք գտնվել եք այգում։ Չեմ թաքցնում ձեզնից, որ Վասիլևն ինքը հաստատորեն եզրակացնում է ու վկայում, թե դուք պետք է այդ դռնից դուրս փախած լինեք, թեև, իհարկե, նա իր աչքերով չի տեսել ձեր փախչելը, քանի որ երբ առաջին անգամ նկատել է ձեզ դուք արդեն նրանից մի որոշ հեռավորության վրա եք եղել, այգու մեջ, դեպի ցանկապատը փախչելիս...

Միտյան դեռ այդ ճառի կեսին վեր էր թռել աթոռից։

— Տխմարությո՜ւն է, — բղավեց նա հանկարծ կատաղորեն, — լկտի խաբեբայությո՜ւն։ Նա չէր կարող դուռը բաց տեսնել, որովհետև փակ էր այն ժամանակ... Սո՛ւտ է ասում...

— Պարտք եմ համարում կրկնել, որ նրա ցուցմունքը հաստատ է։ Չի վարանում։ Պնդում է իր ասածը։ Մի քանի անգամ հարցրինք նրան։

— Ճիշտ այդպես, ինքս մի քանի անգամ հարցրի, — եռանդով հաստատեց նիկոլայ Պարֆյոնովիչը։

— Սո՛ւտ է, սուտ։ Կա՛մ զրպարտություն է իմ դեմ, կամ էլ խելագարի ցնորք, — շարունակեց գոռալ Միտյան։— Պարզապես աչքին է երևացել զառանցանքի մեջ, արյունլվա, երբ ուշքի է եկել վերքից ուժասպառ... Եվ ահա զառանցում է։

— Այո, բայց չէ՞ որ նա բաց դուռը նկատել է ոչ թե վիրավորվելուց և ուշքի գալուց հետո, այլ դրանից առաջ, երբ հենց նոր է այգի մտել բակի շենքից։

— Բայց սո՛ւտ է ախր, սո՜ւտ, չի կարող այդպես լինել։ Ոխը հանելու համար զրպարտում է ինձ... Չէր կարող այդպիսի բան տեսնել... Դռնից դուրս չե՜մ եկել ես, — խեղդվում էր Միտյան։

Դատախազը դարձավ Նիկոլայ Պարֆյոնովիչին և ազդու մի շեշտով ասաց նրան.

— Ցույց տվեք։

— Զեզ ծանո՞թ է այս իրը, — հանկարծ Նիկոլայ Պարֆյոնովիչը սեղանին դրեց հաստ թղթից խոշոր, գրասենյակային չափսի մի ծրար, որի վրա դեռ մնացել էին երեք կնիքները։ Բայց ծրարը դատարկ էր ու մի ծայրից պատռված։ Միտյան չռված աչքերով նայեց դրան։

— Դա... դա ուրեմն հորս ծրարն է, — մրթմրթաց նա, — հենց այն ծրարը, որի մեջ այդ երեք հազարն էր... և եթե վրան մակագրություն կա... ներողություն, ահա՛ «ճուտիկին» ... ահա՛, երեք հազար, — գոռաց նա, — երե՜ք հազար, տեսնո՞ւմ եք։

— Դե իհարկե, տեսնում ենք, բայց մեջը դրամ չգտանք, դատարկ էր ու ընկած էր հատակին, մահճակալի մոտ, ձեղկի ետև։

Միտյան մի քանի վայրկյան շշմածի նման կանգնեց մնաց։

— Պարոնա՜յք, Սմերդյակո՛վն է, — գոռաց հանկարծ ամբողջ ուժով, — նա՛ է սպանել, նա՛ է կողոպտել։ Միայն նա՛ գիտեր, թե ծերուկը որտեղ է պահել այս ծրարը... նա է, նա՛, պարզ է հիմա։

— Բայց չէ՞ որ դուք էլ գիտեիք այս ծրարի մասին ու գիտեիք նաև, որ դրված էր բարձի տակ։

— Երբե՛ք չգիտեի, երբեք էլ չեմ տեսել, առաջին անգամն եմ տեսնում հիմա, իսկ առաջ Սմերդյակովից եմ լսել միայն... նա՛ միայն գիտեր, թե որտեղ է պահել ծերուկը, ես չգիտեի՜...— լրիվ շնչահեղձ էր լինում Միտյան։

— Եվ սակայն դուք ինքներդ քիչ առաջ հայտնեցիք մեզ, թե ծրարը դրված էր ձեր հանգուցյալ հոր բարձի տակ։ Հենց այդպես էլ ասացիք՝ բարձի տակ, ուրեմն գիտեիք, թե որտեղ էր դրված։

— Մենք այդպես էլ արձանագրեցինք, — հաստատեց Նիկոլայ Պարֆյոնովիչը։

— Հիմարությո՜ւն է, անհեթեթ բան։ Բոլորովին էլ չգիտեի, որ բարձի տակ էր։ Գուցե բնավ էլ բարձի տակ չէր... Ես հենց այնպես ասացի, թե բարձի տակ էր, պատահաբար ասացի... Իսկ ի՞նչ է ասում Սմերդյակովը։ Հարցրի՞ք նրան՝ ծրարը որտեղ էր։ Ի՞նչ է ասում Սմերդյակովը։ Այդ է գլխավորը... Իսկ ես դիտմամբ սուտ բաներ ասացի ինքս իմ դեմ... Առանց մտածելու փչեցի, թե բարձի տակ էր, իսկ դուք հիմա... Դե գիտե՞ք ինչ, հանկարծ բերնիցդ է թռնում, և ահա մի սուտ բան է՝ փչում ես։ Միա՛յն Սմերդյակովը գիտեր, միայն ու միայն Սմերդյակովը, ուրիշ ո՜չ ոք... նա ինձ էլ չասաց ծրարի տեղը։ Բայց նա՛ է արել, նա՛։ Ոչ մի տարակույս՝ նա՜ է սպանել, հիմա ինձ համար պարզ է լույսի նման, — բացականչում էր Միտյան ավելի ու ավելի մոլեգնելով, անկապորեն կրկնելով ասածը, տաքանալով, կատաղելով։ — Հասկացե՛ք այս բանը և ձերբակալեցե՛ք նրան՝ շուտ, շո՜ւտ... Հենց նա է սպանել, երբ ես փախչում էի, Գրիգորին էլ ընկել էր ուշաթափված, պարզ է հիմա, պարզ... նա է թխկացրել նշանը, և հայրս բացել է նրա առաջ... Որովհետև նա՝ միայն գիտեր նշանները, իսկ հայրս ոչ ոքի առաջ չէր բանա դուռը առանց այդ նշանների...

— Բայց նորից դուք մոռանում եք այն հանգամանքը, — նկատեց դատախազն առաջվա նման զուսպ, բայց արդեն մի տեսակ հաղթական շեշտով, — որ կարիք էլ չկար նշանը թխկացնելու, եթե դուռը բաց էր արդեն ձեր այնտեղ եղած ժամանակ, երբ դեռ դուք այգում էիք գտնվում...

— Դուռը, դուռը, — մրմնջաց Միտյան և, համրանալով, աչքեքը հառեց դատախազին, նորից աթոռի վրա ընկավ թուլացած։ Բոլորը լուռ մնացին։— Այո, դո՛ւռը... Ցնո՜րք է։ Աստվա՜ծ էլ դեմ է ինձ, — բացականչեց նա, արդեն բոլորովին մտակորույս հայացքով նայելով առաջը։

— Տեսնո՞ւմ եք ահա, — ասաց դատախազը ծանրակշիռ կերպով։— Եվ հիմա ինքներդ դատեցեք, Դմիտրի Ֆյոդորովիչ։ Մի կողմից՝ այդ ցուցմունքը բաց դռան մասին, որտեղից դուք դուրս եք վազել, մի ցուցմունք, որ ձեզ էլ է ընկճում, մեզ էլ։ Մյուս կողմից ձեր անհասկանալի, համառ ու գրեթե անդրդվելի լռությունը, որով հրաժարվում եք ասել, թե որտեղից եք ճարել այդ դրամը, մի գումար, որ հանկարծ հայտնվել է ձեր ձեռքում, այնինչ դեռ դրանից երեք ժամ առաջ, ձեր իսկ տված ցուցմունքի համաձայն, դուք գրավ եք դրել ձեր ատրճանակները, որպեսզի տա՜սը ռուբլի միայն ստանաք։ Նկատի ունենալով այս բոլորը, ինքներդ որոշեցեք՝ ո՞ր փաստին հավատանք և ո՞ր փաստի վրա հենվենք։ Եվ մի՛ մեղադրեք մեզ, որ «սառնասիրտ, անպատկառ ու ծաղրասեր մարդիկ» ենք և ընդունակ չենք ձեր հոգու ազնիվ մղումներին հավատալու... Ընդհակառակը, մեր վիճակի մեջ էլ մտեք...

Միտյան աներևակայելիորեն հուզվել էր։ Մեկեն գունատվեց։

— Լա՛վ, — բացականչեց նա հանկարծ, — կհայտնեմ ձեզ իմ գաղտնիքը, կասեմ, թե որտեղից եմ փողը վերցրել... Մեջտեղ կհանեմ իմ անպատվությունը, որպեսզի հետո ո՛չ ձեզ մեղադրեմ ո՛չ էլ ինձ...

— Եվ հավատացեք, Դմիտրի Ֆյոդորովիչ, — վրա բերեց Նիկոլայ Պարֆյոնովիչը՝ մի տեսակ ուրախությունից փափկած ձայնով, — հավատացեք, որ հենց այս րոպեիս արված ձեր ամեն մի անկեղծ ու լիակատար խոստովանությունը հետագայում կարող է մեծապես նպաստել ձեր վիճակի թեթևացմանը և նույնիսկ, բացի այդ...

Սակայն դատախաղը մի թեթև մշտեց նրան սեղանի տակ, և Նիկոլայ Պարֆյոնովիչը կարողացավ ճիշտ ժամանակին խոսքը կտրել։ Թեև, ճիշտն ասած, Միտյան չէր լսում նրան։

VII։ Միտյայի մեծ գաղտնիքը։ Շվացնում են

— Պարոնա՛յք, — սկսեց նա նույն հուզմունքով, — այդ փողը... ես ուզում եմ լրիվ խոստովանել... այդ փողը իմն էր։

Դատախազի ու քննիչի դեմքերը նույնիսկ կախ ընկան. բոլորովին այդ չէր նրանց սպասածը։

— Ինչպես թե ձերը, — կմկմաց Նիկոլայ Պարֆյոնովիչը, — երբ դեռ նույն օրը ժամը հինգին, ձեր իսկ խոստովանությամբ...

— Է՜, գրո՛ղը տանի նույն օրվա ժամը հինգն էլ, իմ խոստովանությունն էլ, խնդիրն այդ չէ հիմա։ Իմն էր այդ փողը, իմը, այսինքն իմ գողացածը... ոչ թե իմը այսինքն, այլ գողացված փող էր, ես էի գողացել, և հազար հինգ հարյուր ռուբլի էր, մոտս էի պահում, միշտ մոտս էի պահում...։

— Բայց որտեղի՞ց եք վերցրել։

— Իմ վզից եմ վերցրել, պարոնայք, վզից, ա՜յ հենց այս իմ վզից... Այստեղ էր փողը, վզիս վրա, լաթի մեջ կարել ու կախել էի վզիցս, վաղո՜ւց, արդեն մի ամիս է՝ վզիս վրա կրում էի այդ փողը, ամոթով ու անպատվությամբ։

— Բայց ումի՞ց... յուրացրիք։

— Ուզում էիք ասել «գողացաք», չէ՞։ Բառերը ուղղակի ասացեք հիմա։ Այո, ես համարում եմ, որ միևնույն է՝ գողացել եմ այդ փողը, իսկ եթե ուզում եք՝ «յուրացրել» եմ իրոք։ Բայց, ըստ իս, գողացել եմ։ Իսկ երեկ իրիկուն հենց ուղղակի գողացա արդեն։

— Երեկ իրիկո՞ւն։ Բայց դուք հիմա ասացիք, որ արդեն մի ամիս է, ինչ... ձեռք եք բերել։

— Այո, բայց ոչ թե հորիցս, ո՜չ թե հորիցս, մի՛ անհանգստանաք, ոչ թե հորիցս եմ գողացել, այլ այն օրիորդից։ Թողեք պատմեմ և մի՛ ընդհատեք։ Ծանր բան է։ Հա սկանո՞ւմ եք՝ մի ամիս առաջ ինձ կանչեց Կատերինա Իվանովնա Վերխովցևան, իմ նախկին հարսնացուն... Ճանաչո՞ւմ եք նրան։

— Ինչպես թե, անշուշտ։

— Գիտեմ, որ ճանաչում եք։ Ազնվագույն մի հոգի, ազնիվների մեջ ազնվագույնը, որ սակայն ատում է ինձ, օ՜, վաղուց արդեն, վաղուց... և իրավունքով, իրավունքո՜վ է ատում։

— Կատերինա Իվանովնա՞ն, — զարմացած հարցրեց քննիչը։ Դատախազը նույնպես աչքերը սոսկալի սևեռեց։

— Օ՜, իզուր մի՛ առնեք նրա անունը ձեր բերանը։ Սրիկա՛ եմ ես, որ նրան էլ մեջտեղ եմ բերում։ Այո, ես տեսնում էի, որ նա ատում էր ինձ... վաղուց... հենց առաջին անգամից... հենց այն օրից, երբ իմ բնակարանում, դեռ այնտեղ... Բայց բավավա՛ն է, բավակա՛ն է, դուք արժանի էլ չեք այդ բանը իմանալու, պետք չէ, բոլորովին պետք չէ... Միայն մի բան պետք է ասեմ, մի ամիս առաջ նա կանչեց ինձ, երեք հազար ռուբլի տվեց, որպեսզի Մոսկվա ուղարկեմ՝ իր քրոջը և իր մի ուրիշ ազգականուհուն (կարծես թե ի՜նքը չէր կարող ուղարկել), իսկ ես... դա իմ կյանքի հենց այն ճակատագրական պահն էր, երբ ես... դե մի խոսքով՝ երբ ես հենց նոր սիրել էի ուրիշին, նրան, հիմիկվա իմ... այ նա հիմա նստել է ներքևում, Գրուշենկան... Ես այն ժամանակ նրան բերեցի այստեղ՝ Մոկրոե, երկու օրում վատնեցի այդ անիծյալ երեք հազարի կեսը, այսինքն հազար հինգ հարյուր ռուբլի, իսկ մյուս կեսը պահեցի մոտս։ Ահա ուրեմն այդ իմ պահած հազար հինգ հարյուրն էր, որ կրում էի վզիս հուռութի պես, իսկ երեկ հանեցի այդ փողը և ծախսեցի։ Ութ հարյուր ռուբլի մնացորդը ձեր ձեռքումն է հիմա, Նիկոլայ Պարֆյոնովիչ, երեկվա հազար հինգ հարյուրի մնացորդն է դա։

— Ներեցեք, ինչպե՞ս թե, չէ՞ որ դուք երեք հազար եք ծախսել այստեղ մի ամիս առաջ, և ոչ թե հազար հինգ հարյուր։ Բոլորը գիտեն, չէ՞։

— Իսկ ո՞վ գիտե, ո՞վ։ Ո՞վ է հաշվել։ Ո՞ւմ եմ ես հաշիվ տվել։

— Ներեցեք, բայց դուք ինքներդ եք ասել բոլորին, թե ուղիղ երեք հազար եք ծախսել այդ ժամանակ։

— Ճիշտ է, ասել եմ, ամբողջ քաղաքին եմ ասել, ամբողջ քաղաքն էր խոսում, բոլորն այդպես էին կարծում, և այստեղ էլ՝ Մոկրոեում էլ բոլորը կարծում էին, թե երեք հազար էր։ Բայց ինչ էլ կարծեն, ես ոչ թե երեք հազար, այլ հազար հինգ հարյուր ծախսեցի, իսկ մյուս կեսը կարեցի լաթի մեջ ու վզիս կախեցի։ Ահա այսպես է եղել բանը, պարոնայք, ահա թե որտեղից երեկվա փողը...

— Դա գրեթե հրաշքի նման է...— կմկմաց Նիկալայ Պարֆյոնովիչը։

— Թույլ տվեք հարցնել, — ասաց ի վերջո դատախազը, — այդ հանգամանքի մասին, գոնե որևէ մեկին չե՞ք հայտնել մինչև հիմա... այսինքն թե՝ այդ հազար հինգ հարյուրք պահել եք ձեզ մոտ հենց այն ժամանակ, մեկ ամիս առաջ։

— Ոչ ոքի չեմ ասել։

— Տարօրինակ է։ Հենց այնպես էլ ոչ ոքի չէ՞ք հայտնել, բացաբձակաւպե՞ս։

— Բացարձակապես ոչ ոքի։ Ոչ ոքի, ոչ մեկին։

— Բայց ի՞նչն է նման գաղտնապահության պատճառը։ Ի՞նչը դրդեց ձեզ այդպիսի մի գաղտնիք դարձնել այդ բանը։ Միտքս ավելի հստակ բացատրեմ. դուք վերջապես հայտնեցիք մեզ ձեր գաղտնիքը, որ ըստ ձեր ասածի այնքա՜ն «անպատվաբեր» է, թեև ըստ էության, այսինքն իհարկե համեմատաբար ասած, այդ արարքը, այսինքն հենց ուրիշի երեք հազար ռուբլին յուրացնելը, և միայն ժամանակավորապես անկասկած, այդ արարքը, գոնե իմ տեսակետով, վերին աստիճանի թեթևամիտ մի արարք է պարզապես, բայց ոչ այնքան անպատվաբեր, նկատի առնելով, բացի այդ, նաև ձեր նկարագիրը... Դե ասենք նաւյնիսկ վերին աստիճանի ամոթաբեր արարք է, համաձայն եմ, բայց ամոթաբեր, և ոչ համենայն դեպս անպատվաբեր... Այսինքն, ճիշտն ասած, խնդիրն այն է, որ այս վերջին ամսվա ընթացքում, առանց ձեր խոստովանության էլ, շատերն արդեն կռահել էին, որ այդ երեք հազարը վերցրել եք օրիորդ Վերխովցևայից ու վատնել եք։ Ինքս անձամբ լսել եմ այդ առասպելը... Միխայիլ Մակարովիչը, օրինակ, նույնպես լսել է։ Այնպես որ դա ի վերջո առասպել իսկ չէ արդեն, այլ ամբողջ քաղաքում տարածված բամբասանք։ Բացի այդ, նշաններ կան, որ դուք ինքներդ էլ, եթե չեմ սխալվում, այդ բանը խոստովանել եք ինչ֊որ մեկին, այսինքն թե այդ դրամը վերցրել էիք օրիորդ Վերխովցևայից... Ուստի ինձ չափազանց զարմացնում է, որ դուք մինչև հիմա, այսինքն մինչև հենց այս րոպեն, այդպիսի արտասովոր մի գաղտնիք եք դարձրել այդ հազար հինգ հարյուր ռուբլին, որ մի կողմ եք դրել ձեր ասելով, և նույնիսկ ինչ-որ սարսափելի բանի բնույթ եք տվել ձեր այդ գաղտնիքին... Անհավատալի է, որ այդպիսի մի գաղտնիք խոստովանելը կարող էր այնքա՜ն տանջանքներ արժել ձեզ համար... որովհետև դուք հիմա նույնիսկ գոռում էիք, որ ավելի լավ է աքսորն ու տաժանակրությունը, քան խոստովանելը...

Դատախազը լռեց։ Տաքացել էր նա։ Չէր թաքցնում իր վրդովմունքը, համարյա զայրույթը, և դուրս տվեց ամեն ինչ, որ կուտակվել էր իր մեջ, նույնիսկ չմտածելով ոճի գեղեցկության մասին, այսինքն անկապակից ու մինչև իսկ խառնափնթոր խոսելով։

— Ոչ թե հազար հինգ հարյուր ռուբլին էր անպատվությունը, այլ այն, որ այդ հազար հինգ հարյուրը անջատել էի երեք հազարից, — ասաց Միտյան անդրդվելիորեն։

— Հետո ի՜նչ, — ջղայնորեն քմծիծաղեց դատախազը, — ի՞նչ մի անպատվություն է այն, որ ըստ ձեր հայեցողության մի կողմ եք դրել երեք հազարի կեսը, այն երեք հազարի, որ արդեն, վերցրել եք ամոթաբեր ձևով և կամ, եթե ուզում եք, թեկուզ և անպատվաբեր ձևով։ Ավելի կարևոր է այն, որ դուք յուրացրել եք երեք հազարը, և ոչ թե այն, թե ինչպես եք տնօրինել այդ դրամը։ Ի դեպ, ինչո՞ւ եք հենց այդպես տնօրինել, այսինքն առանձնացրել եք այդ կեսը։ Ինչո՞ւ համար, ի՞նչ նպատակով եք այդպես արել, կարո՞ղ եք բացատրել մեզ։

— Օ՜ պարոնայք, հենց նպատակն է ամբողջ խնդիրը, — բացականչեց Միտյան։— Առանձնացրի, որովհետև ստոր էի, այսինքն հաշիվ ունեի, իսկ այս դեպքում հենց հաշիվն է ստորությունը... Եվ այդ ստորությունը շարունակվեց մի ամբողջ ամիս։

— Անհասկանալի է։

— Զարմանում եմ ձեզ վրա։ Բայց ավելի պարզ բացատրեմ, գուցե իրոք անհասկանալի է։ Լսեցեք հիմա, հետևեցեք իմ ասածին։ Յուրացնում եմ երեք հազարը, որ հանձնել է ինձ վստահելով իմ պատվին, քեֆ եմ անում այդ փողով, մսխում ամբողջը, առավոտյան գնում եմ նրա մոտ և ասում. «Կատյա, մեղավոր եմ, վատնեցի քո երեք հազարը» ։ Է՛հ, լա՞վ բան է դա։ Ոչ, լավ չէ, անազնիվ բան է, փոքրոգի, գազանային բան. մի մարդ, որ գազան դառնալու չափ անզուսպ է, հա՞, այնպես չէ՞։ Բայց համենայն դեպս գող չեմ տակավին։ Չեք կարող ասել, որ ուղղակի գող եմ, չեք կարող, համաձայնվեցե՛ք։ Վատնել եմ, բայց չեմ գողացել։ Հիմա՝ երկրորդ պարագան, որ ավելի ևս նպաստավոր է, հետևեցեք իմ ասածին, թե չէ նորից կարող եմ շփոթվել, գլուխս պտտվում է մի տեսակ։ Ուրեմն երկրորդ պարագան. այստեղ վատնում եմ միայն հազար հինգ հարյուր ռուբլի այդ երեք հազարից, այսինքն կեսը։ Մյուս օրը գնում եմ մոտը և այդ կեսը տալիս եմ նրան. «Կատյա, վերցրու այս կեսը ինձնից՝ թշվառական ու թեթևամիտ մի սրիկայից, որովհետև փողի կեսը վատնել եմ, ուրեմն այս կեսն էլ կվատնեմ, այնպես որ գլուխս ազատի՜ր մեղքից» ։ Է՛հ, ի՞նչ կասեիք այս դեպքում։ Ի՜նչ որ ուզեք՝ և՛ գազան, և՛ սրիկա, բայց գո՞ղ, ոտից գլուխ գո՞ղ ոչ երբեք. որովհետև եթե գող լինեի, մնացած կեսը ետ չէի տա իհարկե, այլ կյուրացնեի։ Նա անմիջապես տեսնում է, որ քանի որ բերել եմ կեսը, ուրեմն մնացածն էլ կբերեմ, այսինքն վատնածս. ամբողջ կյանքումս կջանամ ճարել այդ գումարը, թեկուզ աշխատանքի կգնամ, բայց կճարեմ ու կվերադարձնեմ։ Այդպիսով, կարող եմ սրիկա լինել, բայց գո՞ղ, գո՞ղ՝ ո՜չ երբեք, բնա՛վ, կարող եք ամեն ինչ ասել, բայց ո՛չ գող։

— Ասենք, թե մի որոշ տարբերություն կա, — սառնորեն քմծիծաղ տվեց դատախազը։— Բայց համենայն դեպս տարօրինակ է, որ դուք դրա մեջ այդպիսի ճակատագրական տարբերություն եք տեսնում։

— Այո՛, այդպիսի ճակատագրական տարբերություն եմ տեսնում։ Ամեն մարդ կարող է սրիկա լինել, և գուցե իրոք էլ ամեն մարդ սրիկա է, բայց ամեն մարդ չի կարող գող լինեի միա՛յն գերսրիկան է ընդունակ։ Դե ես այդպիսի նրբությունները բնորոշել չգիտեմ... Միայն՝ գողը սրիկայից էլ ստոր է, ահա իմ, համոզմունքը։ Լսեցե՛ք. մի ամբողջ ամիս փողը մոտս եմ պահում, վաղն ևեթ կարող եմ վճռական լինել ու ետ տալ, և արդեն սրիկա չեմ լինի, բայց հենց վճռե՛լ չեմ կարողանում, հասկանո՞ւմ եք, թեև ամեն օր աշխատում եմ վճռել, ամեն օր մղում եմ ինքս ինձ՝ «վճռիր, վճռի՛ր, սրիկա՜», և ահա ամբողջ մի ամիս չեմ կարողանում վճռել, հասկանո՞ւմ եք։ Դե ինչ է, լա՞վ է այսպես, լա՞վ է ձեր կարծիքով, հը՞։

— Ասենք թե այնքան էլ լավ չէ, ես հիանալի կարող եմ հասկանալ այդ բանը և չեմ վիճում դրա դեմ, — զուսպ պատասխանեց դատախազը։— Եվ առհասարակ մի կողմ թողնենք բոլոր հակաճառությունները այդ նրբությունների և տարբերությունների մասին, և լավ կլիներ, որ հաճեիք նորից բուն խնդրին անցնել։ Իսկ խնդիրը հենց այն է, որ դուք դեռ չբարեհաճեցիք բացատրել մեզ, թեև մենք հարցրինք՝ ինչո՞ւ ամենից առաջ երկու մասի բաժանեցիք այդ երեք հազարը, այսինքն մի կեսը մսխեցիք, իսկ մյուս կեսը պահեցիք։ Հատկապես ի՞նչ նպատակով պահեցիք, հատկապես ինչի՞ համար ուզում էիք օգտագործել ձեր այդ առանձնացրած հազար հինգ հարյուր ռուբլին։ Ես պնդում եմ այս հարցը, Դմիտրի Ֆյոդորովիչ։

— Հա՜, այո, իսկապես, — գոչեց Միտյան, ձեռքը խփելով ճակատին, — ներեցեք, տանջում եմ ձեզ, բայց ամենակարևորը չեմ բացատրում, թե չէ դուք մի վայրկյանում կհասկանայիք, որովհետև հենց այդ նպատա՛կը, այդ նպատա՛կն է անպատվությունը։ Հասկանո՞ւմ եք, խնդիրը այդ ծերուկն է նորից, հանգուցյալը, նա անընդհատ խռովում էր Ագրաֆենա Ալեքսանդրովնային, իսկ ես խանդում էի և այն ժամանակ մտածում, որ նա տատանվում է իմ և ծերուկի միջև։ Եվ ահա ամեն օր մտահոգվում էի՝ ի՞նչ պետք է անեմ, եթե հանկարծ որոշում տա Գրուշենկան, եթե հոգնի ինձ տանջելուց և հանկարծ ասի՝ «Քեզ եմ սիրում, ոչ թե նրան, տար ինձ աշխարհի մյուս ծայրը» ։ Ընդամենը մի երկու հատ քսանկոպեկանոց ունեմ, ինչո՞վ կարող եմ տանել նրան, ի՞նչ անեմ այդ դեպքում։ Ուրեմն կորա... Ես չէի ճանաչում նրան այդ ժամանակ, չէի հասկանում նրան, կարծում էի՝ նրան փող է պետք և չի ների ինձ, որ աղքատ եմ։ Եվ ահա ես նենգորեն հաշվեցի այդ երեք հազարի կեսը, առանձնացրի, սառնասրտորեն կարեցի լաթի մեջ, դեռ հարբելուց առաջ կարեցի, և հետո երբ արդեն կարել պրծել էի՝ մնացած կեսը վերցրի ու գնացի խմելու։ Չէ՜, դա ստորությո՛ւն է։ Հասկացա՞ք հիմա։

Դատախազը բաձրաձայն ծիծաղեց, քննիչը՝ նույնպես։

— Ես նույնիսկ խոհեմ ու բարոյական եմ համարում, որ զսպել եք ձեզ և ամբողջ դրամը չեք մսխել, — քրքջաց նիկոլայ Պարֆյոնովիչը, — որովհետև, ճիշտն ասած, ի՞նչ մի սոսկալի բան կա դրա մեջ։

— Ի՞նչ։ Գողացել եմ, գողացե՜լ, այդ է սոսկալին։ Օ՜ աստված իմ, դուք ինձ սարսափեցնում եք ձեր անհասկացողությամբ։ Ամբողջ ժամանակ, որ այդ հազար հինգ հարյուրը պահում էի կրծքիս, լաթի մեջ կարված, ամեն օր ու ամեն ժամ ասում էի ինքս ինձ. «Գո՛ղ ես դու, գո՛ղ» ։ Ինչո՞ւ էի կատաղել մի ամբողջ ամիս, ինչո՞ւ էի կռվում գինետանը, ինչո՞ւ ծեծեցի հորս, ինչո՞ւ. որովհետև գող էի զգում ինձ։ Նույնիսկ չկարողացա սիրտ անել, չհամարձակվեցի այդ հազար հինգ հարյուր ռուբլու մասին հայտնել եղբորս՝ Ալյոշային. ա՜յն աստիճան զգում էի, որ սրիկա եմ, մի ողորմելի գրպանահատ։ Բայց իմացե՛ք, քանի դեռ կրծքիս էր այդ փողը, ես միաժամանակ ամեն օր և ամեն ժամ ասում էի ինքս ինձ. «Չէ՜, Դմիտրի Ֆյոդորովիչ, դու գուցե գող չես տակավին» ։ Ինչո՞ւ։ Հենց որովհետև կարող ես վաղը գնալ ու հազար հինգ հարյուրը ետ տալ Կատյային։ Եվ ահա երեկ միայն վճռականությունն ունեցա վզիցս պոկելու իմ հուռութը, երբ Ֆենյայի տնից գնում էի Պերխոտինի մոտ, իսկ մինչև այդ րոպեն սիրտ չէի անում. և հենց որ պոկեցի, նույն րոպեին արդեն վերջնականապես գող դարձա, ուղղակի գող ու անազնիվ մարդ՝ մինչև կյանքիս վերջը։ Ինչո՞ւ։ Որովհետև հուռութի հետ պատռեցի նաև այն բաղձանքը, որ ինձ մղում էր գնալ ու ասել Կատյային։ «Ես սրիկա եմ, բայց ո՛չ գող» ։ Հասկանո՞ւմ եք հիմա, հասկանո՞ւմ եք։

— Իսկ ինչո՞ւ հենց երեկ իրիկուն վճռեցիք այդ բանը, — ընդատեց Նիկոլայ Պարֆյոնովիչը։

— Ինչո՞ւ։ Ծիծաղելի է հարցնելը։ Որովհետև մահվան էի դատապարտել ինքս ինձ. առավոտյան ժամը հինգին, այստեղ, լուսածագին։ «Միևնույնը չէ՞, մտածեցի, որպես սրիկա՞ ես մեռնում, թե որպես ազնիվ մարդ» ։ Բայց ահա պարզվեց, որ ո՜չ, միևնույնը չէ՛։ Հավատացեք, պարոնայք, ամբողջ գիշերը տանջվում էի, բայց ոչ թե, ո՜չ թե այն պատճառով, որ ծերունի ծառային եմ սպանել և Սիբիր գնալու վտանգն է կախվել գլխիս, այն էլ ե՜րբ... երբ պսակներո՜վ է զարդարվել իմ սերը և նորից երկինքն է բացվել իմ առաջ։ Օ՜, դա ինձ տանջում էր, բայց ոչ այնքան. համենայն դեպս ոչ այնպես, ինչպես այն անիծյալ գիտակցությունը, թե վերջապես պոկեցի իմ կրծքից այդ անիծյա՜լ փողը և ծախսեցի և ուրեմն գո՛ղ եմ այլևս, գող եմ վերջնականորեն։ Օ՜ պարոնայք, նորից եմ ասում ձեզ, այրվող սրտով եմ ասում՝ շա՜տ բան իմացա այս գիշեր։ Իմացա, որ ոչ միայն սրիկայորեն ապրելն է անկարելի, այլև սրիկա մեռնելն իսկ անկարելի է... Չէ՜, պարոնայք, մարդ պետք է ազնի՛վ մեռնի...

Գունատ էր Միտյան։ Ուժասպառ ու տանջված մարդու տեսք ուներ դեմքը, հակառակ որ ծայր աստիճան հուզվել էր նա։

— Սկսում եմ հասկանալ ձեզ, Դմիտրի Ֆյոդորովիչ, — ծոր տվեց դատախազը մեղմորեն ու նույնիսկ մի տեսակ կարեկցանքով, — բայց այս ամբողջը, թույլ տվեք ասել պարզապես ջղերի հարց է ըստ իս... ձեր վատառողջ ջղերի, ահա թե ինչ։ Եվ ինչո՞ւ, օրինակ, չազատվեիք գրեթե մի ամբողջ ամիս տևող այդպիսի տանջանքներից, չգնայիք ու չվերադարձնեիք այդ հազար հինգ հարյուրը այն օրիորդին, որ վստահել էր ձեզ այդ դրամը, ինչո՞ւ չբացատրեիք խնդիրը նրան, և հետո, նկատի առնելով ձեր այն ժամանակվա վիճակը, որ այնքա՜ն սարսափելի էր ըստ ձեր նկարագրածի, ինչո՞ւ չփորձեիք այն կերպը, որ շատ բնականորեն կարող է մարդու միտքը գալ. այսինքն, ձեր սխալներն ազնվորեն խոստովանելուց հետո, ինչո՞ւ հենց այդ օրիորդից էլ չխնդրեիք ձեր ծախսերի համար անհրաժեշտ գումարը, որ նա չէր մերժի անշուշտ, լինելով այդպիսի մեծասիրտ մի անձնավորություն և տեսնելով ձեր ծանր վիճակը, մանավանդ եթե դրամը ստացագրով վերցնեիք և կամ, վերջապես, թեկուզ այն նույն երաշխիքով, որ առաջարկել եք վաճառական Սամսոնովին ու տիկին Խոխլակովային։ Կարծեմ մինչև հիմա էլ դեռ արժեքավոր եք համարում ձեր այդ երաշխիքը, չէ՞։

Միտյան հանկարծ կարմրեց.

— Բայց ի՛նչ է, նույնիսկ ա՞յդ աստիճան սրիկա եք համարում ինձ։ Լո՞ւրջ եք ասում այդ բանը. չի՛ կարող պատահել...— ասաց նա վրդովված, ուղղակի նայելով դատախազի աչքերին ու կարծես չհավատալով, որ այդպիսի բան է լսել նրանից։

— Հավատացնում եմ ձեզ, որ լուրջ եմ ասում... Ինչո՞ւ եք կարծում, որ լուրջ չէ, — զարմացավ իր հերթին դատախազը։

— Օ՜, ինչ ստոր բան կլիներ դա։ Պարոնայք, գիտե՞ք, որ տանջում եք ինձ։ Խնդրե՜մ, ամեն ինչ ասեմ հիմա ձեզ, ուրիշ ճար չկա երևի, հիմա արդեն խոստովանեմ իմ ամբողջ դժոխային էությունը, բայց ձե՛զ ամաչեցնելու համար. և ինքներդ պիտի զարմանաք, թե ինչպիսի՜ ստորության կարող է հասնել մարդկային զգացմունքների շփոթը։ Իմացեք ուրեմն, ես ինքս արդեն ունեի այդ ծրագիրը, այ հենց այն, ինչի մասին խոսեցինք հիմա, դատախա՛զ։ Այո, պարոնայք, ես էլ այդ միտքն եմ ունեցել այս ամբողջ անիծյալ ամսվա ընթացքում, այնպես որ համարյա վճռել էի արդեն գնալ Կատյայի մոտ, ա՜յդ աստիճան ստոր էի։ Բայց գնալ նրա մոտ, հայտնե՜լ նրան իմ դավաճանությունը և հենց նրանից էլ, հենց Կատյայից էլ փող խնդրել (խնդրել, լսո՞ւմ եք, խնդրե՜լ) հենց այդ դավաճանության համար, այդ դավաճանությունն իրագործելու համար, այդ դավաճանության պահանջած ծախսերի համար, և հետո անմիջապես նրանից փախչե՜լ ուրիշի հետ, նրա մրցակցի հետ, մի կնոջ հետ, որ ատում է նրան, անպատվել է նրան... Ներեցեք, բայց խելագարվե՜լ եք դուք, դատախա՛զ։

— Խելագարվել եմ թե չեմ խելագարվել, բայց... իհարկե, տաքացա մի քիչ ու հաշվի չառա... այ հենց այդ կանացի խանդը... եթե իսկապես կարող էր խանդ լինել այս հարցում, ինչպես հավաստում եք... այո, կարծես թե այդ տեսակ մի բան կա, — ժպտաց դատախազը։

— Բայց դա արդեն այնպիսի՜ մի զզվանք կլիներ, — բռունցքը կատաղորեն սեղանին խփեց Միտյան, — այնպիսի՜ մի գարշահոտություն, որ էլ չգիտե՛մ։ Եվ գիտե՞ք, որ նա կարո՛ղ էր տալ ինձ այդ փողը, և կտա՜ր, անպայման կտար, ինձնից վրե՛ժ լուծելու համար կտար, վրեժի հաճույքն զգալու, ինձ արհամարհելու համար կտար, որովհետև նա էլ դժոխային հոգի է, ահռելի ցասում ունեցող մի կին։ Իսկ ես կառնեի փողը, օ՜, կառնեի, այո, կառնեի, և հետո իմ ամբողջ կյանքում... օ՜ աստված իմ։ Ներեցեք, պարոնայք, ես այսպես գոռում եմ, որովհետև հենց վերջերս դեռ այդ միտքն ունեի, ընդամենը դեռ երկու օր առաջ, հենց այն գիշեր, երբ հոգիս հանեց այդ Լյագավին, և հետո՝ երեկ, այո, երեկ էլ, ամբողջ օրը, հիշում եմ, ուղղակի մինչև այս դեպքը...

— Մինչև ո՞ր դեպքը, — վրա բերեց Նիկոլայ Պարֆյոնովիչը հետաքրքրությամբ, բայց Միտյան չլսեց։

— Ահավոր մի խոստովանություն արեցի ձեզ, — մռայլորեն եզրակացրեց նա։— Գնահատեցեք ուրեմն իմ ասածը, պարոնայք։ Բայց քիչ է դա, քիչ է գնահատելը, ոչ թե գնահատեցեք, այլ արժեքը իմացեք, իսկ եթե ոչ, եթե սրա՛ նկատմամբ էլ անտարբեր մնացին ձեր հոգիները, ուրեմն դուք արդեն ուղղակի չեք հարգում ինձ, պարոնայք, ա՛յ ասում եմ ձեզ, և ես ամոթի՜ց կմեռնեմ, որ խոստովանեցի ձեզ նման մարդկանց։ Օ՜, կսպանեմ ինքս ինձ։ Բայց տեսնում եմ արդեն, տեսնո՜ւմ եմ, որ չեք հավատում։ Ի՞նչ, ուրեմն ա՞յս էլ ուզում եք արձանագրել, — գոռաց նա արդեն վախեցած։

— Այ հենց այն, որ հիմա ասացիք, — զարմացած նայեց նրան Նիկոլայ Պարֆյոնովիչը, — այսինքն թե մինչև վերջին ժամն էլ դուք դեռ մտադիր էիք գնալ օրիորդ Վերխովցևայի մոտ և այդ գումարը խնդրել նրանից... հավատացնում եմ ձեզ, դա շատ կարևոր ցուցմունք է մեզ համար, Դմիտրի Ֆյոդորովիչ, այսինքն ամբողջ այդ պարագան... և հատկապես ձե՛զ համար, հատկապես ձեզ համար է կարևոր։

— Գութ ունեցեք, պարոնայք, — ձեռքերն իրար զարկեց Միտյան, — գոնե այս բանը մի՛ գրեք, ամո՜թ ունեցեք։ Ես իմ հոգին պատռեցի ձեր առաջ, երկու կես արեցի, իսկ դուք օգտվում եք առիթից և երկու մասում էլ խառնում եք պատռվածքները ձեր մատներով... Օ՜ աստված իմ։

Հուսահատված՝ նա ձեռքերով ծածկեց դեմքը։

— Մի՛ անհանգստանաք այդպես, Դմիտրի Ֆյոդորովիչ, — ասաց դատախաղը, — ամեն ինչ, որ արձանագրվում է հիմա, հետո ինքներդ կլսեք, և եթե համաձայն չլինեք որևէ բանի, կփոխենք ըստ ձեր ցանկության։ Իսկ հիմա երրորդ անգամ կրկնելու եմ մի փոքրիկ հարց. մի՞թե իսկապես ոչ ոք, հենց ուղղակի ոչ ոք չի լսել ձեզնից այն փողի մասին, որ կարել եք լաթի մեջ։ Ասեմ ձեզ, գրեթե անկարելի է պատկերացնել այդ բանը։

— Ո՛չ ոք, ոչ ոք, ասացի արդեն, այլապես դուք ոչինչ չեք հասկացել։ Հանգիստ թողեք ինձ։

— Խնդրեմ։ Այս հարցը պետք է պարզվի, և դրա համար դեռ շատ ժամանակ ունենք մեր առաջ, բայց առայժմ մտածեցեք՝ մենք գուցե տասնյակներով վկայություններ ունենք, որ հենց ինքներդ ամեն տեղ տարածել ու նույնիսկ գոռացել եք ձեր ծախսած այդ երեք հազարի մասին, եթե՜ք հազար, ոչ թե հազար հինգ հարյուր, և հիմա էլ դարձյալ, երեկվա դրամը ձեռք բերելուց հետո, նույնպես հասցրել եք շատերին իմացնել, թե նորից երեք հազար ռուբլի եք բերել ձեզ հետ...

— Ոչ թե տասնյակներով, այլ հարյուրներով վկայություններ ունեք ձեր ձեռքում, երկո՜ւ հարյուր վկայություն, երկո՛ւ հարյուր մարդ լսել է, հազա՜ր հոգի է լսել, — բացականչեց Միտյան։

— Դե այ, տեսնո՞ւմ եք, բոլորն են վկայում, բոլորը։ Եվ վերջապես բոլոր բառը մի որևէ բան նշանակում է, չէ՞։

— Ոչինչ էլ չի նշանակում։ Ես փչեցի, և իմ ետևից բոլորն էլ կրկնեցին իմ փչածը։

— Բայց ի՞նչ կարիք ունեիք այդպես «փչելու» ինչպես ասում եք։

— Է՜հ, սատանան գիտի։ Պարծենալու համար էր գուցե... հենց այնպես... թե տեսե՜ք՝ այսքան շատ փող եմ ծախսել, քեֆ եմ արել... Գուցե և մոռանալու համար այն փողը, որ կարել էի... այո՛, հենց դրա համար... գրո՛ղը տանի... քանի՞երորդ անգամն եք տալիս այդ հարցը։ Դե փչեցի՜, և վե՛րջ։ Փչել էի մի անգամ և էլ չուզեցի ուղղել։ Մարդ ինչո՞ւ երբեմն սուտ է փչում։

— Շատ դժվար է որոշել, Դմիտրի Ֆյոդորովիչ, թե ինչո՞ւ մարդ սուտ է փչում, — ասաց դատախազը ազդեցիկ շեշտով։—Բայց ասացեք, խոշո՞ր բան էր ձեր այդ հուռութ կոչածը Ւ որ կախել էիք վզից։

— Ոչ, փոքր բան էր։

— Ի՞նչ մեծության էր, օրինակ։

— Հարյուրանոց թղթադրամը կեսից ծալեք, այ այդ մեծության։

— Լավ կլիներ, որ ցույց տայիք մեզ լաթի կտորները։ Պահել եք ձեր մի որևէ գրպանում, չէ՞։

— Է՜, գրո՛ղը տանի... այս ինչ հիմարություն է... չգիտեմ որտեղ են դրանք։

— Բայց ներեցեք, համենայն դեպս՝ որտե՞ղ և ե՞րբ եք հանել ձեր վզից։ Չէ՞ որ ինքներդ եք վկայում, որ տուն չեք գնացել։

— Այ երբ Ֆենյայի տնից դուրս եկա և գնում էի Պերխոտինի մոտ, ճանապարհին պոկեցի վզիցս և հանեցի փողը։

— Խավարի մե՞ջ։

— Դրա համար լո՞ւյս էր պետք։ Մատովս, հենց մի վայրկյանում արեցի։

— Առանց մկրատի՞, փողոցո՞ւմ։

— Հրապարակում էի կարծեմ։ Ի՞նչ մկրատ։ Հին լաթի կտոր էր, անմիջապես պատռվեց։

— Ի՞նչ արեցիք հետո այդ լաթը։

— Այնտեղ գցեցի։

— Ո՞ւր այսինքն։

— Դե հենց հրապարակում, էլի, առհասարակ հրապարակում։ Սատանան գիտե, թե հրապարակի ո՛ր մասն էր։ Բայց դա ձեր ինչի՞ն է պետք։

— Դա չափազանց կարևոր է, Դմիտրի Ֆյոդորովիչ, իրեղեն ապացույցներ՝ հենց ձեր օգտին։ Ինչպե՞ս չեք ուզում հասկանալ այդ բանը։ Իսկ մեկ ամիս առաջ ո՞վ օգնեց ձեզ կարելու։

— Ոչ ոք չի օգնել, ինքս եմ կարել։

— Դուք կարել գիտե՞ք։

— Զինվորը պետք է իմանա կարել։ Բայց այդպիսի մի բան կարելու համար հմտություն էլ պետք չէ։

— Իսկ որտեղի՞ց վերցրիք նյութը, այսինքն այդ կտորը, որի մեջ կարել եք։

— Ինչ է, հո չե՞ք ծիծաղում։

— Բնավ երբեք, և բոլորովին էլ ծիծաղելու տրամադրություն չունենք, Դմիտրի Ֆյոդորովիչ։

— Չեմ հիշում որտեղից եմ վերցքել լաթը, մի տեղից վերցրել եմ, էլի։

— Գոնե ա՛յդ պետք է հիշեիք կարծես թե, չէ՞։

— Աստված վկա, չեմ հիշում։ Գուցե մի որևէ սպիտակեղենից պատռել եմ մի կտոր։

— Դա շատ հետաքրքրական է։ Կարող էինք վաղը ձեր բնակարանում գտնել այդ իրը՝ գուցե մի վեինաշապիկ, որից պատռել եք այդ կտորը։ Ի՞նչ կտավ էր՝ վո՞ւշ, բամբա՞կ։

— Սատանան գիտե, թե ինչ էր։ Սպասե՜ք... Կարծեմ ոչ մի բանից էլ չեմ պատռել։ Կոլենկորի մի կտոր էր... Կարծեմ իմ տանտիրուհու տնային գլխարկի մեջ կարեցի։

— Տանտիրուհու տնային գլխարկի՞։

— Այո, թռցրել էի նրանից։

— Ինչպե՞ս թե թռցրել էիք։

— Հասկանո՞ւմ եք, մի անգամ իսկապես, հիշում եմ, նրա տնային մի գլխարկը թռցրի, որ քուրջի տեղ օգտագործեմ, գուցե և գրիչս սրբելու համար։ Սուսուփուս վերցրի, որովհետև անպետք մի լաթ էր։ Հետո դրա կտորները մնացել էին, և մեկ էլ այդ հազար հինգ հարյուր ռուբլու հարցը ելավ, վերցրի կտորներից մեկը և կարեցի մեջը... Կարծեմ հենց այդ լաթի կտորն էր։ Կոլենկորե հին, անպետք մի բան, հազար անգամ լվացված։

— Եվ արդեն հաստա՞տ եք հիշում այդ բանը։

— Չգիտեմ, հաստա՞տ է, թե չէ։ Կարծեմ այդ գլխարկն էր։ Է՜, թքա՛ծ։

— Այդ դեպքում՝ գոնե ձեր տանտիրուհին կկարողանա՞ հիշել, թե կորել էր այդ իրը։

— Ոչ, նա չիմացավ անգամ։ Հին լաթ էր, ասում եմ ձեզ, հին ու մին լաթի կտոր, կոպեկ չարժեր։

— Իսկ ասե՞ղը որտեղից վերցրիք, թե՞լը որտեղից։

— Վե՛րջ, էլ չեմ ուզում որևէ բան ասել։ Բավակա՛ն է, — բարկացավ ի վերջո Միտյան։

— Եվ համենայն դեպս տարօրինակ է, որ այդպես բոլորովին մոռացել եք, թե հրապարակի ո՛ր մասում հատկապես գցեցիք այդ... հուռութը։

— Է՛հ, հրամայեցեք, որ վաղը ավլեն հրապարակը, գուցե գտնեք, — քմծիծաղեց Միտյան։— Բավական է, պարոնայք, բավական է, — վճռեց նա տանջահար ձայնով։— Պարզ տեսնում եմ՝ չհավատացիք ինձ։ Իմ ասածներին կոպեկի արժեք չտվեցիք։ Ես եմ մեղավորը, ոչ թե դուք, չպետք է ընդառաջեի ու մեջ ընկնեի։ Ինչո՞ւ, ինչո՞ւ խոստովանեցի իմ գաղտնիքը և զզվելի դարձրի ինքս ինձ։ Իսկ ձեզ համար դա ծիծաղի նյութ է, ձեր աչքերի՜ց եմ տեսնում։ Դո՛ւք էիք, որ ինձ հասցրիք սրան, դատախա՛զ։ Ձեր անձի գովքը երգեցեք, եթե կարող եք... Անիծյա՛լ լինեք դուք, չարչարողնե՜ր։

Նա գլուխը ծռեց ու դեմքը ծածկեց ձեռքերով։ Դատախազն ու քննիչը լուռ մնացին։ Մի րոպե հետո նա վեր առավ գլուխը և մի տեսակ խելազուրկ հայացքով նայեց նրանց։ Հիմա արդեն լիակատար, անդառնալի հուսահատություն էր արտահայտում դեմքը, և նա մի տեսակ սսկվել նստել էր ու կարծես մոռացել ինքն իրեն։ Եվ սակայն պետք է վերջացնեին գործը. պետք էր անհապաղ անցնել վկաների հարցաքննության։ Առավոտյան ժամը ութն էր արդեն։ Մոմերը վաղուց հանգցրել էին։ Միխայիլ Մակարովիչն ու Կալգանովը, որոնք հարցաքննության ամբողջ ընթացքում ներս ու դուրս էին անում, այս անգամ նորից դուրս գնացին սենյակից։ Դատախազն ու քննիչը նույնպես չափազանց հոգնած էին երևում։ Մռայլ մի առավոտ էր բացվել, ամբողջ երկինքն ամպամած էր և տեղատարափ անձրև էր գալիս։ Միտյան դատարկ հայացքով նայում էր լուսամուտներին։

— Կարո՞ղ եմ լուսամատից դուրս նայել, — հարցրեց նա հանկարծ Նիկոլայ Պարֆյոնովիչին։

— Օ՜, որքան ուզում եք, — պատասխանեց քննիչը։

Միտյան վեր կացավ և մոտեցավ լուսամուտին։ Անձրևն ուղղակի մտրակում էր լուսամուտի փոքրիկ, կանաչավուն ապակիները։ Հենց լուսամուտի տակ ցեխոտ ճանապարհն էր, իսկ ավելի հեռու, անձրևային մառախուղի մեջ, շարք֊շարք երևում էին սև, թշվառ, խեղճուկրակ խրճիթները, որոնք կարծես ավելի ևս սևացել ու խղճուկ էին դարձել անձրևի տակ։ Միտյան հիշեց «ոսկեհեր Ֆեբուսը» և թե ինչպես ինքը ուզում էր անձնասպան լինել այն պահին, երբ երևար առաջին ճառագայթը նրա։ «Այսպիսի մի առավոտ... գուցե և ավելի լավ լիներ», — ժպտաց նա հանկարծ, վերից վար թափահարեց ձեռքը, դարձավ «չարչարողներին» ։

— Պարոնա՛յք, — գոչեց նա, — ես հո տեսնում եմ, որ կորա արդեն։ Բայց նա՞, Գրուշենկա՞ն։ Ասացե՛ք ինձ նրա մասին, աղաչում եմ, մի՞թե նա էլ պետք է կորչի ինձ հետ։ Անմեղ է նա, հասկանո՞ւմ եք, երեկ պարզապես խելքը կորցրել էր, երբ գոռում էր՝ «ամեն ինչում մեղավոր եմ» ։ Նա ոչ մի մեղք չունի, ո՜չ մի մեղք։ Աբողջ գիշերը սիրտս մղկտում էր, երբ նստել էի ձեզ հետ... Չի՞ կարելի արդյոք, չե՞ք կարող արդյոք ինձ ասել՝ ի՞նչ եք անելու նրան հիմա։

— Կատարելապես հանգիստ եղեք այդ մասին, Դմիտրի Ֆյոդորովիչ, — պատասխանեց դատախազն անմիջապես ու ակնհայտ աճապարանքով, — առայժմ մենք ոչ մի նշանակալից շարժառիթ չունենք որևէ ձևով անհանգստացնելու այն տիկնոջը, որով դուք այնքան հետաքրքրվում եք։ Հույս ունեմ, որ գործի հետագա ընթացքն էլ նույն բանը ցույց կտա... Ընդհակառակը, այդ առնչությամբ մենք կանենք ամեն ինչ, որ հնարավոր է մեր կողմից։ Կատարելապես հանգիստ եղեք։

— Շնորհակալ եմ, պարոնայք, ես այդպես էլ գիտեի, որ դուք համենայն դեպս ազնիվ ու արդար մարդիկ եք, չնայած այս բոլորին։ Ազատեցիք իմ սիրտը ծանր բեռից... Դե լավ, էլ ի՞նչ ենք անելու հիմա։ Ես պատրաստ եմ։

— Է՛հ, պետք է շտապել։ Պետք է անհապաղ անցնենք վկաների հարցաքննության։ Այդ ամբողջը անպայման ձեր ներկայությամբ պետք է տեղի ունենա, ուստի և...

— Բայց նախ մի թեյ չխմե՞նք, — ընդհատեց Նիկոլայ Պարֆյոնովիչը։— Կարծեմ թե այլևս արժանի՜ ենք դրան։

Որոշեցին, որ եթե պատրաստ թեյ կա ներքևում (քանի որ Միխայիլ Մակարովիչը վստահաբար գնացել էր «թեյելու»), մեկական բաժակ խմեն ու հետո «շարունակեն ու շարունակեն» ։ Իսկ բուն «նախաճաշը» հետաձգեն ավելի ազատ մի ժամի։ Ներքևում իսկապես պատրաստ թեյ կար և շուտով վեր բերեցին։ Միտյան սկզբում հրաժարվեց մի բաժակ թեյից, որ Նիկոլայ Պարֆյոնովիչը սիրալիր առաջարկում էր նրան, բայց հետո ինքը խնդրեց ու խմեց ագահորեն։ Եվ ընդհանրապես մի տեսակ զարմանալիորեն տանջված տեսք ուներ։ Կարելի էր մտածել, թե աժդահա ուժի տեր այդ մարդու համար ի՞նչ մի բան է մի գիշերվա գինարբուքը, թեկուզ և ամենաուժեղ հուզմունքներն ապրած լինի միաժամանակ։ Բայց նա ինքը զգում էր, որ հազիվ է կարողանում նստել, իսկ մերթ ընդ մերթ կարծես բոլոր իրերն սկսում էին ուղղակի պտտվել ու պար գալ իր աչքերի առաջ։ «Մի քիչ էլ, և արդեն կսկսեմ զառանցել երևի», — մտածեց նա ինքն իրեն։

VIII։ Վկաների ցուցմունքը։ Երեխեն

Վկաների հարցաքննությունն սկսվեց։ Բայց մենք այլևս մեր պատմությունը չենք շարունակի այնպիսի մանրամասնությամբ, ինչպես անում էինք մինչև հիմա։ Ուստի և զանց կառնենք այն, թե ինչպես Նիկոլայ Պարֆյոնովիչն ազդարարում էր յուրաքանչյուր կանչվող վկային, որ նա պետք է ցուցմունք տա ըստ ճշմարտության ու խղճի մտոք, և որ հետագայում պարտավոր է երդմամբ կրկնել իր այդ ցուցմունքը։ Եվ վերջապես չենք պատմի, թե ինչպես յուրաքանչյուր վկայից պահանջվում էր, որ նա ստորագրի իր ցուցմունքների արձանագրությունը և այլն, և այլն։ Նշենք միայն մի բան. ամենագլխավոր կետը, որի վրա առավելաբար հրավիրվում էր հարցաքննվողների ուշադրությունը, նույն այդ երեք հազար ռուբլու հարցն էր, այսինքն՝ երե՞ք հազար ռուբլի էր այդ գումարը, թե հազար հինգ հարյուր, երբ Դմիտրի Ֆյոդորովիչն իր առաջին խնջույքն էր արել այստեղ՝ Մոկրոեում, մեկ ամիս առաջ, և երեկ էլ, Դմիտրի Ֆյոդորովիչի երկրորդ խնջույքին, երե՞ք հազար էր նորից, թե հազար հինգ հարյուր։ Ավա՜ղ, բոլոր վկայությունները, առաջինից մինչև վերջինը, Միտյայի դեմ եղան, և ոչ մեկը նրա օգտին չխոսեց. իսկ վկաներից ոմանք հենց ուղղակի նոր, գրեթե շշմեցուցիչ փաստեր բերեցին ի հեճուկս Միտյայի ցուցմունքների։ Առաջին հարցաքննվողը Տրիֆոն Բորիսիչն էր։ Նա հարցաքննողների առաջ կանգնեց առանց դույզն վախի. ընդհակառակը, մեղադրյալի դեմ խիստ ու դառն վրդովմունք ունեցողի տեսք ընդունեց և դրանով էլ, անկասկած, արտակարգ ճշմարտասիրության ու սեփական արժանապատվության տեր մարդու երևույթ տվեց ինքն իրեն։ Քիչ ու զուսպ խոսեց, սպասելով հարցերին և ճշգրիտ ու մտածված պատասխանելով։ Հաստատապես և առանց այլևայլի վկայեց, որ մեկ ամիս առաջ ծախսված գումարը չէր կարող երեք հազարից պակաս լինել, և որ այստեղի բոլոր գյուղացիները կարող են վկայել, թե հենց «Միտրի Ֆյոդորովիչից» են լսել այդ երեք հազարի մասին։ «Միայն գնչուհիներին ինչքա՜ն փող էր գցում։ Երևի մի հազարից էլ ավել հենց մենակ նրանց տվեց» ։

— Գուցե մի հինգ հարյուր էլ չեմ տվել, — մռայլորեն նկատեց Միտյան դրա դիմաց, — միայն թե չհաշվեցի այն ժամանակ, հարբած էի, և ափսո՜ս, որ չհաշվեցի...

Միտյան այս անգամ կողքով էր նստել, մեջքը վարագույրին դարձրած, լսում էր մռայլորեն, տխուր ու հոգնած դեմքով, որ կարծես ասում էր՝ «Է՛հ, տվեք ինչ վկայություն որ ուզում եք, հիմա էլ ամե՜ն ինչ միևնույնն է» ։

— Հազարից ավել գնաց էդ գնչուհիների վրա, Միտրի Ֆյոդորովիչ, — անդրդվելիորեն ժխտեց Տրիֆոն Բորիսովիչը, — զուր գցում էիք, նրանք էլ վերցնում էին։ Էդ ժողովուրդն ախր գող ու խարդախ է, ձիագողեր են նրանք, քշեցին նրանց էստեղից, թե չէ ինքները գուցե կգային ու վկա կլինեին, թե ինչքան են ձեզնից օգուտ ստացել։ Ինքս էն օրը ձեր ձեռքում էն գումարց տեսա, հաշվելը՝ դե չհաշվեցի իհարկե, դուք իմ ձեռքը չտվեցիք, դա ճիշտ է, բայց աչքի չափով, հիշում եմ, հազար հինգ հարյուրից շատ-շատ ավել կլիներ... Ի՜նչ հազար հինգ հարյուր, է՜։ Մենք էլ հո փող ենք տեսել, կարանք դատենք...

Իսկ երեկվա գումարի մասին Տրիֆոն Բորիսովիչն ուղղակի ասաց, թե Դմիտրի Ֆյոդորովիչը հենց կառքից իջել էր թե չէ՝ անձամբ հայտարարել էր իրեն, որ երեք հազար ռուբլի է բերել։

— Դե լա՜վ, էլի, այդպե՞ս է որ, Տրիֆոն Բորիսիչ, — առարկեց Միտյան։— Ինչ է, հենց այնպես էլ ուղղակի հայտարարեցի, որ երե՞ք հազար եմ բերել։

— Ասացիք, Միտրի Ֆյոդորովիչ։ Անդրեյի առաջ ասացիքք։ Այ Անդրեյն ինքը էստեղ է, դեռ չի գնացել, կանչեք նրան։ Իսկ էն դահլիճում, որ երգչախմբին էիք պատիվ անում, հենց ուղղակի գոռացիք, որ վեցերորդ հազարն եք թողնում էստեղ, այսինքն էն անգամվա փողերն էլ հաշված. էդպես պետք է հասկանալ։ Ստեփանն ու Սեմյոնն էլ լսեցին էդ բանը, և Պյոտր Ֆոմիչ Կալգանովն էլ էդ րոպեին ձեր կողքին էր կանգնած, գուցե թե նա էլ հիշում է...

Վեցերորդ հազարի մասին վկայությունը արտակարգ տպավորություն գործեց հարցաքննողների վրա։ Դուր եկավ նոր ձևակերպումը. երեքին գումարած երեք՝ վեց է անում, ուրեմն երեք հազար այն անգամ, երեք հազարն էլ հիմա՝ ահա և վեց հազարը, պարզ հաշիվ էր ստացվում։

Հարցաքննեցին Տրիֆոն Բորիսովիչի մատնանշած բոլոր գյուղացիներին, Ստեփանին ու Սեմյոնին, կառապան Անդրեյին և Պյոտր Ֆոմիչ Կալգանովին։ Գյուղացիներն ու կառապանը առանց այլևայլի հաստատեցին Տրիֆոն Բորիսիչի ցուցմունքը։ Բացի այդ, հատկապես արձանագրեցին Անդրեյի պատմածը՝ ճանապարհին Միտյայի հետ նրա ունեցած այն խոսակցության մասին, թե «որտե՞ղ եմ ընկնելու ես՝ Դմիտրի Ֆյոդորովիչս, դրա՛խտ, թե դժոխք, և արդյոք կներե՞ն ինձ մյուս աշխարհում, թե ոչ» ։ «Հոգեբան» Իպոլիտ Կիրիլովիչն այդ բոլորը լսեց մի նուրբ ժպիտով և ի վերջո հանձնարարեց «գործին կցել» նաև այդ ցուցմունքը, այսինքն այն մասին, թե որտեղ է «ընկնելու» Դմիտրի Ֆյոդորովիչը։

Կալգանովը, երբ կանչեցին, դժկամորեն ներս մտավ, խոժոռված, քմահաճ, և այնպես խոսեց դատախազի ու Նիկոլայ Պյարֆյոնովիչի հետ, որ կարծես թե առաջին անգամ էր տեսնում նրանց իր կյանքում, այնինչ վաղեմի և ամենօրյա ծանոթն էր նրանց։ Հենց սկզբից էլ ասաց, որ «ոչինչ չգիտե այդ բոլորի մասին և չի էլ ուզում իմանալ» ։ Բայց պարզվեց, որ լսել է «վեցերորդ հազարի» մասին, և ընդունեց, որ այդ րոպեին Միտյայի մոտ էր կանգնել։ Նրա կարծիքով՝ Միտյայի ձեռքում «չգիտեմ որքան» փող կար։ Իսկ այն մասին, թե լեհերը թղթախաղի մեջ խարդախություն արեցին, նա վկայեց հաստատապես։ Պատասխանելով կրկնակի հարցումներին, բացատրեց նաև, որ լեհերի դուրս արվելուց հետո Միտյայի գործն իսկապես լավ գնաց Ագրաֆենա Ալեքսանդրովնայի հետ, և որ վերջինս ինքն ասաց, թե սիրում է նրան։ Ագրաֆենա Ալեքսանդրովնայի մասին Կալգանովը զուսպ ու հարգալից արտահայտվեց, ասես նա ամենալավ հասարակության պատկանող մի ազնվական տիկին լիներ, և նույնիսկ ոչ մի անգամ իրեն թույլ չտվեց «Գրուշենկա» կոչել նրան։ Հակառակ որ երիտասարդն ակնհայտորեն զզվանք էր զգում վկայություն տալուց, Իպոլիտ Կիրիլովիչը երկար հարցաքննեց նրան և միայն նրանից իմացավ բոլոր մանրամասնություններն այն բանի, որն այսպես ասած Միտյայի «սիրավեպն» էր եղել այդ գիշեր։ Միտյան ոչ մի անգամ չընդհատեց Կալգանովին։ Վերջապես ազատ թողեցին երիտասարդին, և նա անսքող վրդովմունքով հեռացավ սենյակից։

Հարցաքննեցին նաև լեհերին։ Նրանք իրենց սենյակում թեև պառկել էին քնելու, բայց ամբողջ գիշերն արթուն էին մնացել, իսկ իշխանավորների ժամանումից հետո շտապ հագնվել ու պատրաստվել էին, հասկանալով, որ անպայման կկանչեն իրենց։ Արժանապատվությամբ ներկայացան նրանք, թեև մի քիչ էլ վախեցել էին։ Պարզվեց, որ գլխավոր, այսինքն կարճահասակ պանը տասներկուերորդ կարգի պաշտոնաթող աստիճանավոր է, որպես անասնաբույժ ծառայել է Սիբիրում, ազգանունն էլ Մուսյալովիչ է։ Իսկ պան Վրոլբլյովսկին, բանից դուրս եկավ, ատամնաբույժ է, որ աշխատուժ է առանց վկայագրի։ Չնայած որ Նիկոլայ Պարֆյոնովիչն էր հարցեր տալիս նրանց, բայց երկուսն էլ, հենց որ սենյակ մտան, իրենց պատասխաններն անմիջապես սկսեցին ուղղել մի կողմ կանգնած Միխայիլ Մակարովիչին, անգիտորեն կարծելով, թե նա է գլխավոր պետն ու ղեկավար դեմքը, և ամեն մի բառից հետո նրան կոչելով «պան գնդապետ» ։ Մի քանի անգամ հենց Միխայիլ Մակարովիչը նկատել տվեց ու հետո միայն նրանք հասկացան, որ իրենց պատասխանները պետք է ուղղեն միայն Նիկոլայ Պարֆյոնովիչին։ Պարզվեց, որ կարող են շատ ճիշտ ռուսերեն խոսել, բացի որոշ բառերի արտասանությունից։ Գրուշենկայի հետ իր անցյալ ու ներկա փոխհարաբերությունների մասին պան Մուսյալովիչն սկսեց բարբառել եռանդով ու հպարտորեն, այնպես, որ Միտյան անմիջապես համբերությունը կորցրեց ու գոռաց, որ «սրիկային» թույլ չի տա այդպես խոսել իր ներկայությամբ։ Պան Մուսյալովիչն իսկույն ևեթ ուշադրություն հրավիրեց «սրիկա» բառի վրա և խնդրեց, որ մտցնեն արձանագրության մեջ։ Միտյան կատաղությամբ բռնկվեց։

— Այո՛, սրիկա՛ է, սրիկա՜։ Գրեցե՛ք այս բանը, և այն էլ գրեցեք, որ չնայած արձանագրությանը ես դարձյալ գոռում եմ՝ սրիկա՛ է նա, — բղավեց Միտյան։

Նիկոլայ Պարֆյոնովիչը թեև մտցրեց այդ բանը արձանագրության մեջ, բայց այս տհաճ միջադեպի առիթով հույժ դրվատելի գործնականություն և հարցերը տնօրինելու ընդունակություն ցուցաբերեց. Միտյային խիստ նկատողություն անելուց հետո, ինքն էլ իսկույն դադարեցրեց գործի սիրավեպային կողմի հետ առնչված բոլոր հետագա հարցապնդումները և շուտով անցավ էական խնդրին։ Իսկ էական խնդրին պատասխանելիս պաները առաջ քաշեցին մի ցուցմունք, որ քննիչների արտակարգ հետաքրքրությունը շարժեց. այսինքն այն, թե ինչպես Միտյան փոքր սենյակում կաշառում էր պան Մուսյալովիչին և երեք հազար ռուբլի հրաժարագին էր առաջարկում՝ յոթ հարյուր ռուբլին առձեռն, իսկ մնացյալ երկու հազար երեք հարյուրն էլ «հենց վաղը առավոտ քաղաքում» տալու պայմանով, ըստ որում ազնիվ խոսքով երդվում էր, թե այստեղ, Մոկրոեում, առայժմ այդքան փող չունի մոտը, բայց թե քաղաքում փող ունի։ Միտյան, տաքացած, տեղն ու տեղը առարկեց, թե ինքը չի ասել անպայման կտա վաղը քաղաքում. սակայն պան Վրուբլյովսկին հաստատեց ցուցմունքը, և Միտյան ինքն էլ մի րոպե մտածելուց հետո, հոնքերը կիտելով համաձայնվեց, որ ըստ երևույթին այնպես էլ եղել է, ինչպես ասում են պաները, որովհետև ինքը այդ պահին բորբոքված էր, ուստի և իրոք կարող էր այդպես ասած լինել։ Դատախազն ուղղակի կառչեց այդ ցուցմունքից. հետաքննության համար պարզ էր դառնամ (ինչպես իրոք եզրակացրին հետո), որ Միտյայի ձեռքն անցած երեք հազար ռուբլու կեսը կամ մի մասը կարող էր իսկապես պահված լինել քաղաքում մի տեղ, կամ էլ գուցե նույնիսկ այստեղ Մոկրոեում, մի որևէ անկյունում, այնպես որ այդ ձևով պարզվում էր նաև հետաքննության համար կնճռոտ այն հանգամանքը, թե Միտյայի ձեռքին ընդամենը ութ հարյուր ռուբլի էին գտել։ Այդ հանգամանքը մինչև հիմա միակ ցուցմունքն էր, որ բավական չնչին լինելով հանդերձ՝ համենայն դեպս մի որոշ վկայություն էր հօգուտ Միտյայի։ Իսկ հիմա այդ նրա օգտին եղող միակ վկայությունն էլ խորտակվում էր։ Երբ դատախազը Միտյային հարցրեց, թե որտեղի՞ց էր նա վերցնելու մնացյալ երկու հազար երեք հարյուր ռուբլին՝ հաջորդ օրը պանին տալու համար, եթե ինքն իսկ պնդում է, որ ընդամենը հազար հինգ հարյուր ռուբլի ուներ, այնինչ միաժամանակ ազնիվ խոսք տալով ջանացել է վստահեցնել պանին, Միտյան հաստատորեն պատասխանեց, թե ուզում էր հաջորդ օրը այդ «լեհուկին» ոչ թե փող առաջարկել, այլ Չերմաշնյա կալվածքի վրա իր ունեցած իրավունքները հանձնելու պաշտոնական վավերագիր, հենց այն իրավունքները, որ առաջարկել էր Սամսոնովին ու Խոխլակովային։ Դատախազը նույնիսկ ժպտաց «չքմեղանքի միամտության» վրա։

— Եվ դուք կարծում եք, որ նա կհամաձայնվե՞ր երկու հազար երեք հարյուր ռուբլի առձեռն դրամի փոխարեն ընդունել այդ «իրավունքները» ։

— Անպայման կհամաձայնվեր, — վրա բերեց Միտյան եռանդով։— Ի՜նչ եք ասում, ոչ թե երկու, այլ չորս, նույնիսկ վե՜ց հազար կարող էր չնթել դրա դիմաց։ Անմիջապես կհավաքեր իր մանր-մունր փաստաբաններին, լեհուկներին ու ջհուդներին, և ոչ թե երեք հազար, այլ ամբողջ Չերմաշնյան կխլեին ծերուկից։

Իհարկե, պան Մուսյալովիչի ցուցմունքն ամենայն մանրամասնությամբ մտցրին արձանագրության մեջ։ Եվ դրանով էլ բավարարվեցին ու ազատ արձակեցին պաներին։ Իսկ թղթախաղի խարդախության փաստը համարյա թե չհիշատակեցին անգամ. առանց այդ էլ Նիկոլայ Պարֆյոնովիչը չափազանց երախտապարտ էր նրանց և չէր ուզում դատարկ բաներով անհանգստացնել, մանավանդ որ այդ ամբողջ թղթախաղը անիմաստ մի կռիվ էր եղել հարբած վիճակում, ուրիշ ոչինչ։ Էլ ի՜նչ կերուխում ու այլանդակություն ասես չէր եղել այդ գիշեր... Եվ շորթված փողը, երկու հարյուր ռուբլի, այնպես էլ մնաց պաների գրպանում։

Այնուհետև կանչեցին ծերուկ Մաքսիմովին։ Նա վախվխելով ներս մտավ, մոտեցավ մանր քայլերով, թափթփված տեսք ուներ և շատ տխուր էր։ Մինչ այդ նա շարունակ պատսպարվել էր ներքևում, Գրուշենկայի մոտ, լուռ նստել էր նրա կողքին և «մեկ էլ տեսար՝ հակվում էր նրա վրա և սկսում էր հեկեկալ, իսկ աչքերը սրբում էր կապույտ, քառակուսավոր թաշկինակով», ինչպես պատմում էր հետո Միխայիլ Մակարովիչը։ Այնպես որ Գրուշենկան ինքն էր այլևս հանգստացնում ու մխիթարում նրան։ Ծերուկն իսկույն ևեթ, արցունքն աչքերին, խոստովանեց, որ մեղավոր է ինքը, որ Դմիտրի Ֆյոդորովիչից պարտք է վերցրել «տասը ռուբլի, տիարք, իմ աղքատության երեսից, տիարք», և որ պատրաստ է վերադարձնելու... Նիկոլայ Պարֆյոնովիչի այն ուղղակի հարցին, թե նա չի՞ նկատել արդյոք՝ որքան փող կար Դմիտրի Ֆյոդորովիչի ձեռքում, քանի որ պարտք վերցնելու ժամանակ ամենից ավելի մոտիկ կարող էր տեսնել նրա ձեոքի փողը, Մաքսիմովն ամենայն վճռականությամթ հայտարարեց, թե «քսան հազար» ռուբլի կար։

— Իսկ դուք առաջ երբևիցե քսան հազար ռուբլի տեսե՞լ եք որևէ տեղ, — հարցրեց Նիկոլայ Պարֆյոնովիչը ժպտալով։

— Ինչպե՜ս թե, տեսել եմ, տիարք, միայն թե ոչ քսան հազար, այլ յոթ հազար, երբ կինս գրավ դրեց իմ փոքրիկ գյուղակը։ Միայն հեռվից թողեց, որ նայեմ, պարծեցավ իմ առաջ։ Շատ խոշոր մի կապոց էր, բոլորը վարդագույն հարյուրանոցներ։ Դմիտրի Ֆյոգորովիչի ձեռքում էլ բոլորը վարդագույն էին...

Շուտով բաց թողեցին նրան։ Վերջապես հերթը հասավ նաև Գրուշենկային։ Քննիչները հայտնապես երկյուղ էին կրում այն բանից, թե ինչ տպավորություն կարող էր գործել նրա երևալը Դմիտրի Ֆյոդորովիչի վրա, և Նիկոլայ Պարֆյոնովիչը նույնիսկ մի քանի հորդորական խոսքեր մրթմրթաց Միտյային, բայց Միտյան լռելյայն խոնարհեց գլուխն ի պատասխան, հասկացնելով, որ «անկարգություն չի լինի» ։ Միխայիլ Մակարովիչն անձամբ ներս բերեց Գրուշենկային։ Նա ներս մտավ խստահայաց ու մռայլ դեմքով, որ արտաքուստ գրեթե հանգիստ էր, և հանդարտորեն նստեց ցույց տրված աթոռին՝ Նիկոլայ Պարֆյոնովիչի դիմաց։ Շատ գունատ էր, մրսում էր կարծես, և պինդ փաթաթվել էր իր սքանչելի սև շալով։ Իրոք, մի թեթև, տենդագին դող էր բռնել նրան այդ պահին, և դա սկիզբն էր այն երկարատև հիվանդության, որով նա տառապեց այդ գիշերից հետո։ Նրա խստաշունչ տեսքը, շիտակ ու լուրջ հայացքը և հանգիստ վարվելակերպը շատ բարենպաստ տպավորություն գործեցին բոլորի վրա։ Նիկոլայ Պարֆյոնովիչն անմիջապես մի քիչ «հրապուրվեց» նույնիսկ։ Հետագայում տեղ-տեղ պատմելով այդ մասին, նա ինքը խոստովանում էր, որ այդ օրը միայն հասկացավ, թե որքան «գեղեցիկ է այդ կինը», իսկ առաջ թեև մերթ ընդ մերթ տեսել էր նրան, բայց միշտ էլ «գավառական ցնծուհու» նման մի բան էր համարել։ «Ամենաբարձր հասարակությանը վայել վարվելակերպ ունի», — բերանից թռցրեց մի անգամ, հիացմունքով, երբ տիկնանց շրջանակում խոսում էր նրա մասին։ Բայց նրա ասածն ընդունեցին լիակատար վրդովմունքով և անմիջապես «չարաճճի» անվանեցին նրան, և ինքը շատ գոհ մնաց այդ բանից։

Ներս մտնելով, Գրուշենկան պարզապես հարևանցի մի ակնարկ նետեց Միտյայի վրա, որն իր հերթին անհանգստությամբ նայեց նրան, բայց նրա տեսքը նույն րոպեին իսկ հանգստացրեց Միտյային։ Առաջին անհրաժեշտ հարցերից ու նախազգուշացումներից հետո, Նիկոլայ Պարֆյոնովիչը թեև մի քիչ կմկմալով, բայց և ամենաքաղաքավարի վերաբերմունքը պահպանելով հարցրեց Գրուշենկային, թե ի՞նչ փոխհարաբերություններ ունեք պաշտոնաթող պորուչիկ Դմիտրի Ֆյոդորովիչ Կարամազովի հետ։ Գրուշենկան մեղմ ու հաստատ ձայնով ասաց.

— Նա իմ ծանոթն էր, որպես ծանոթ ընդունում էի նրան այս վերջին ամսում։

Հետագա պրպտուն հարցերին նա ուղղակի և լիակատար անկեղծությամբ պատասխանեց, որ թեև «լինում էին ժամեր», երբ հավանում էր Միտյային, բայց թե չէր սիրում նրան, այլ գայթակղեցնում էր՝ «իմ նողկալի չարությունից մղված», նմանապես հրապուրում էր նաև այն «ծերուկին», տեսնում էր, որ Միտյան սաստիկ խանդ էր ցուցաբերում Ֆյոդոր Պավլովիչ և բոլորի նկատմամբ, սակայն դա պարզապես զվարճացնում էր իրեն՝ Գրուշենկային։ Իսկ Ֆյոդոր Պավլովիչի մոտ ինքը երբեք չէր ուզում գնալ, հենց միայն ծիծաղում էր նրա վրա։ «Նրանց մասին, թե՛ հոր, թե՛ որդու, չէի էլ մտածում այս ամբողջ ամսվա ընթացքում։ Սպասում էի մի ուրիշ մարդու, որ մեղավոր էր իմ առաջ... Միայն թե կարծում եմ, — եզրակացրեց Գրուշենկան, որ դուք կարիք չունեք դրանով հետաքրքրվելու, ես էլ կարիք չունեմ պատասխանելու ձեզ, որովհետև դա իմ անձնական գործն է» ։

Նիկոլայ Պարֆյոնովիչը հենց այդպես էլ վարվեց անմիջապես. նորից հրաժարվեց «սիրավեպային» կետերի վրա ծանրանալուց և ուղղակի անցավ լուրջ խնդրին, այսինքն նույն այն երեք հազար ռուբլու կարևորագույն հարցին։ Գրուշենկան հաստատեց, որ Մոկրոեում, մեկ ամիս առաջ, իսկապես երեք հազար ռուբլի էր ծախսվել, ու թեև ինքն անձամբ չէր հաշվել փողը, բայց հենց Դմիտրի Ֆյոդորովիչից լսել էր, որ երեք հազար ռուբլի էր գումարը։

— Առանձի՞ն ասաց ձեզ այդ բանը, թե՞ ուրիշ մեկի ներկայությամբ, կամ էլ դուք պարզապես լսեցիք, երբ նա ձեր առաջ ուրիշների՞ հետ էր խոսում, — հարցրեց անմիջապես դատախազը։

Գրուշենկան դրան պատասխանեց, թե լսել է և՛ ուրիշների ներկայությամբ, լսել է, երբ Միտյան ուրիշների հետ էր խոսում, չսել է նաև անձամբ նրանից, երբ իրենք առանձին են եղել։

— Մե՞կ անգամ միայն նրանից լսեցիք առանձին, թե՞ մի քանի անգամ, — հարցրեց նորից դատախազը և իմացավ, որ Գրուշենկան մի քանի անգամ է լսել։

Իպոլիտ Կիրիլովիչը շատ գոհ մնաց այդ ցուցմունքից։ Հետագա հարցերից պարզվեց նաև, որ Գրուշենկային հայտնի է եղել, թե որտեղից էր այդ փողը, այսինքն թե Դմիտրի Ֆյոդորովիչը վերցրել էր Կատերինա Իվանովնայից։

— Իսկ թեկուզ մի անգամ չե՞ք լսել, որ ոչ թե երեք հազար է ծախսվել մեկ ամիս առաջ, այլ ավելի քիչ, և որ Դմիտրի Ֆյոդորովիչն այդ գումարի ամբողջ մի կեսը պահել է իր համար։

— Ոչ, երբեք չեմ լսել այդ բանը, — վկայեց Գրուշենկան։

Այնուհետև պարզվեց նույնիսկ, որ Միտյան, ընդհակառակը, հաճախ ասել է նրան այդ ամբողջ ամսվա ընթացքում, թե ոչ մի կոպեկ փող չունի։ «Միշտ սպասում էր, որ իր հորից կստանա», — եզրակացրեց Գրուշենկան։

— Իսկ երբևիցե չի՞ ասել ձեր առաջ... կա՛մ մի տեսակ հարևանցիորեն, կամ էլ ջղայնության պահին, — վրա բերեց հանկարծ Նիկոլայ Պարֆյոնովիչը, — թե մտադիր է իր հոր կյանքի դեմ ոտնձգություն անելու։

— Ա՜խ, ասել է, — հառաչից Գրուշենկան։

— Մե՞կ անգամ, թե մի քանի անգամ։

— Մի քանի անգամ հիշել է այդ բանը, միշտ էլ բարկացած ժամանակ։

— Եվ դուք հավատո՞ւմ էիք, որ կկատարի իր ասածը։

— Ոչ, երբե՛ք չեմ հավատացել, — հաստատ պատասխանեց Գրուշենկան, — հույս ունեի նրա ազնվության վրա։

— Պարոնա՛յք, թույլ տվեք, — գոչեց հանկարծ Միտյան, — թույլ տվեք՝ ձեր ներկայությամբ մի խոսք միայն ասեմ Ագրաֆենա Ալեքսանդրովնային։

— Ասացեք, — թույլատրեց Նիկոլայ Պարֆյոնովիչը։

— Ագրաֆենա Ալեքսանդրովնա, — վեր կացավ աթոռից Միտյան, — հավատա՛ աստծուն և ինձ. երեկ իրիկուն սպանված իմ հոր արյան մեջ ես մեղք չունե՛մ։

Այդ ասելուց հետո Միտյան նորից նստեց աթոռին։ Գրուշենկան վեր կացավ և դառնալով սրբապատկերին՝ ջերմեռանդորեն խաչակնքեց երեսը։

— Փա՜ռք քեզ, աստված, — ասաց նա կաթոգին, հուզաթաթավ ձայնով, և դեռ տեղը չնստած, դառնալով Նիկոլայ Պարֆյսնովիչին, ավելացրեց.— Ինչպես որ ասաց հիմա, հենց դրան էլ հավատացե՛ք։ Գիտեմ նրան. ինչե՜ր ասես դուրս չի տալիս՝ կա՛մ հանաքով, կամ էլ համառությունից, բայց եթե խղճի դեմ է՝ երբեք չի խաբի։ Ուղղակի ճշմարտությունը կասի, հավատաքե՛ք դրան։

— Շնորհակալ եմ, Ագրաֆենա Ալեքսանդրովնա, ուժ տվեցիր հոգուս, — արձագանքեց Միտյան դողահար ձայնով։

Երբ հարցրին երեկվա փողի մասին, Գրուշենկան հայտարարեց թե չգիտե որքան էր գումարը, բայց, լսել է ինչպես Միտյան երեկ բազմիցս ասում էր ուրիշներին, որ երեք հազար ռուբլի է բերել իր հետ։ Իսկ թե որտեղի՞ց է վերցրել փողը, այդ մասին նա ասել է միայն իրեն՝ Գրուշենկային, թե Կատերինա Իվանովհայից է «գողացել», և ինքն էլ պատասխանել է նրան, թե դա ճիշտ չէ, չի գողացել, և թե վաղն ևեթ պետք է վերադարձնի փողը։ Դատախազի պնդած այն հարցին, թե ի՞նչ փողի մասին էր ասում Միտյան, որ գողացել է Կատերինա Իվանովնայից երեկվա՞ գումարը, թե՞ այն երեք հագարը, որ մեկ ամիս առաջ է ծախսվել այստեղ, Գրուշենկան հայտարարեց, թե նա խոսում էր մեկ ամիս առաջ ծախսված փողի մասին, և թե իեքը այդպես է հասկացել նրա ասածը։

Ի վերջո ազատ արձակեցին Գրուշենկային, ըստ որում Նիկոլայ Պարֆյոնովիչը փութաց հայտնել, որ նա կարող է թեկուզ նույն րոպեին քաղաք վերադառնալ, և որ եթե ինքը իր կողմից կարող է որևէ բանով աջակցել, օրինակ, ձիերի հարցում, կամ էլ, օրինակ, եթե նա ուղեկից է ցանկանում, ապա ինքը... իր կողմից...

— Շատ շնորհակալ եմ, — գլուխ տվեց նրան Գրուշենկան, — ես այն ծերուկի հետ կգնամ, կալվածատեր ծերուկի, նրան էլ տեղ կհասցնեմ, բայց առայժմ, եթե թույլ տաք, կսպասեմ ներքևում, որ իմանամ ինչ եք որոշելու Դմիտրի Ֆյոդորովիչի մասին։

Նա դուրս գնաց։ Միտյան հանգիստ էր և նույնիսկ լիովին սրտապնդված էր երևում, բայց միայն մի րոպե։ Ֆիզիկական տարօրինակ մի անզորություն էր տիրում նրան հետզհետե, ավելի ու ավելի սաստկորեն։ Աչքերը փակվում էին հոգնածությունից։ Վկաների հարցաքննությունը վերջապես ավարտվեց։ Սկսեցին պատրաստել արձանագրության վերջնական ձևակերպումը։ Միտյան վեր կացավ իր աթոռից ու գնաց անկյունը, վարագույրի մոտ, պառկեց գորգով ծածկված մի մեծ սնդուկի վրա և վայրկենապես քնեց։ Տարօրինակ մի երազ տեսավ, այնպիսի մի երազ, որ բոլորովին չէր համապատասխանում ո՛չ տեղին, ոչ էլ պահին։ Ահա իբր թե ճամփորդում է տափաստանում, այնտեղ, ուր ծառայել է մի ժամանակ, վաղուց, և մի գյուղացի քշում է երկձի սայլը ձյունախառն ցեխի մեջ։ Միայն թե կարծես մրսում է Միտյան, նոյեմբերի սկիզբն է, և ձյունը թափվում է խոշոր ու թաց փաթիլներով, և ընկնելով գետին՝ հալչում է անմիջապես։ Եվ աշխուժորեն քշում է գյուղացին, հոյակապորեն սլանում, շեկ ու երկար է մորուքը նրա, և ոչ թե ծեր է, այլ կլինի մի հիսուն տարեկան, գեղջկական գորշ կապա է հագել։ Եվ ահա մի գյուղ դիմացը, երևում են սեփ-սև խրճիթները, իսկ խրճիթների կեսն այրվել է, ցցված են միայն կիսայրված գերանները։ Գյուղի եզրին գեղջկուհիներ են շարվել ճանապարհի վրա, շատ ու շատ գեղջկուհիներ, մի ամբողջ շարք, բոլորն էլ նիհար, հյուծված, մի տեսակ դարչնագույն դեմքեր ունեն։ Ահա մանավանդ մեկը, որ կանգնել է շարքի ծայրը, բարձրահասակ, այնպե՜ս կմախքացած, քառասուն տարեկան է երևի, բայց գուցե և ընդամենը քսան տարեկան, դեմքը երկար է, նիհար, իսկ նրա ձեռքերին մի փոքրիկ երեխա է լալիս, և այնքա՜ն չորացած են երևում գեղջկուհու կրծքերը, ո՜չ մի կաթիլ կաթ չկա դրանց մեջ։ Եվ լալիս է, լալի՜ս է երեխան, երկարում փոքրիկ թևերը, մերկ թևերը, և պստլիկ բռունցքները բոլորովին կապտել են ցրտից։

— Ինչո՞ւ են լալիս։ Ինչո՞ւ են լալիս, , — հարցնում է Միտյան, երբ թափով սլանում են նրանց մոտով։

— Երեխեն, — պատասխանում է կառապանը, — երեխեն է լալիս։

Ու Միտյային զարմացնում է այն, որ նա յուրովի, գեղջկական ձևով ասաց «երեխեն», և ոչ թե երեխան։ Ու նրան դուր է գալիս, որ գյուղացին «երեխեն» ասաց, դրա մեջ կարեկցանքն ավելի շատ է կարծես։

— Բայց ինչո՞ւ է լալիս, — պնդում է Միտյան հիմարի պես։— Ինչո՞ւ մերկ են թաթիկները, ինչո՞ւ չեն փաթաթում նրան։

— Դե մրսել է երեխեն, շորերը սառել են, այ դրա համար էլ չեն տաքացնում երեխուն։

— Բայց ինչո՞ւ է այդպես։ Ինչո՞ւ, — շարունակում է պնդել հիմար Միտյան։

— Դե աղքատ են, էլի, հրդեհից են տուժել, հաց չունեն, ողորմություն են ուզում իրենց վառված տների համար։

— Չէ, չէ, — կարծես դեռ չի հասկանում Միտյան, — դու ասա ինձ՝ ինչո՞ւ են այդպես կանգնել հրդեհից տուժած մայրերը, ինչո՞ւ աղքատ են մարդիկ, ինչո՞ւ աղքատ է երեխեն, ինչո՞ւ մերկ է տափաստանը, ինչո՞ւ նրանք չեն գրկում իրար, ինչո՞ւ չեն համբուրում իրար, ինչո՞ւ չեն երգում ուրախ երգեր, ինչո՞ւ նրանք սևացել են այս սև ցավից, ինչո՞ւ չեն կերակրում երեխուն։

Եվ զգում է նա, որ թեև խենթ ու անօգուտ հարցեր է տալիս, բայց ուզում է անպայման հարցնել ճի՛շտ այդպես, և որ ճիշտ այդպես էլ պետք է հարցնել։ Եվ զգում է նաև, որ իր սրտում բարձրանում է մի խանդաղատանք, որի նմանը երբեք չի եղել իր մեջ, և ուզում է արտասվել, ուզում է բոլորի համար անել այնպիսի մի բան, որ այլևս լաց չլինի երեխեն, լաց չլինի նաև երեխու սևադեմ, չորացած մայրիկը, որ այս րոպեից սկսած ոչ ոք արցունք չթափի այլևս, և ուզում է իսկույն, իսկույն ևեթ անել այդ բանը, առանց հետաձգելու և հակառակ ամեն ինչի, կարամազովյան ամբողջ ապերասանությամբ։

— Եվ ե՛ս էլ քեզ հետ, հիմա էլ չեմ հեռանա քեզնից, մինչև կյանքիս վերջը քեզ հետ եմ գալիս, — լսվում են նրա կողքին Գրաւշենկայի քաղցրալուր, սրտալիր խոսքերը։ Եվ ահա բոցկլտում է Միտյայի սիրտը և ձգտում դեպի հրաշալի մի լույս, ուզում է նա ապրել ու ապրել, գնալ ու գնալ մի նոր ճանապարհով, դեպի նոր, կանչող լույսը, և շուտով, շուտո՜վ, հենց հիմա, ա՛յս րոպեիս։

— Ի՞նչ։ Ո՞ւր, — բացականչում է նա, բանալով աչքերը և նստելով սնդուկի վրա, կարծես նվաղումից հետո լրիվ ուշքի եկած, և սակայն պայծառ ժպտալով։ Նրա գլխին կանգնել էր Նիկոլայ Պարֆյոնովիչը, որ հրավիրում էր լսելու արձանագրությունը և ստորագրելու։ Միտյան հասկացավ, որ քնել էր մի ժամ և գուցե ավելի, բայց նա չէր լսում Նիկոլայ Պարֆյոնովիչին։ Հանկարծ զարմացավ, որ իր գլխի տակ հայտնվել է մի բարձ, որ չկար քիչ առաջ, երբ ինքն ուժասպառ մեկնվել էր սնդուկի վրա,

— Ո՞վ իմ գլխի տակ այս բարձը դրեց։ Ո՞վ է այն մարդը, որ այդքան բարի է եղել, — բացականչեց նա մի տեսակ ցնծագին, շնորհակալ զգացմունքով ու մի տեսակ արտասվալից ձայնով, կարծես թե մեծ բարիք էին արել նրան։ Այդ բարի մարդն այնպես էլ անհայտ մնաց, թերևս գյուղացի ենթավկաներից որևէ մեկն էր, կամ էլ թերևս Նիկոլայ Պարֆյոնովիչի աննշան գրագիրը, որ կարեկցանքից մղված՝ մտածել էր բարձ դնել նրա գլխի տակ, համենայն դեպս Միտյայի ամբողջ հոգին ցնցվեց արտասուքով։ Նա մոտեցավ սեղանին և հայտարարեց, թե կստորագրի ամեն ինչ, որ ուզում են։

— Ես լավ երազ տեսա, պարոնայք, — ասաց նա մի տեսակ տարօրինակորեն, և մի նոր արտահայտություն կար դեմքին, որ կարծես ուրախությամբ էր լուսավորված։

IX։ Տանում են Միտյային

Երբ արձանագրությունն ստորագրվեց, Նիկոլայ Պարֆյոնովիչը հանդիսավոր կերպով դարձավ մեղադրյալին և կարդաց նրան «Որոշումը», ուր ասված էր, թե այսինչ թվականին և այսինչ օրը, այսինչ վայրում, նահանգային այսինչ դատարանի դատաքննիչը, հարցաքննելով այսինչ մարդուն (այսինքն Միտյային) որպես այսինչ ու այնինչ հանցանքներում մեղադրյալի (բոլոր հանցանքները ամենայն բծախնդրությամբ արձանագրված էին), և նկատի առնելով, որ մեղադրյալը, իր վրա բարդվող հանցագործությունների մեջ իրեն մեղավոր չճանաչելով հանդերձ, իր արդարացման համար ոչինչ չկարողացավ առաջադրել, մինչդեռ վկաները (այսինչ մարդիկ) և հանգամանքները (այսինչ ու այնինչ) լիովին ապացուցում են նրա հանցապարտությունը, և առաջնորդվելով «Պատժական օրենսգրքի» այսինչ ու այնինչ հոդվածներով և այլն, որոշեց. խափանելու համար այն միջոցները, որով այսինչը (Միտյան) կարող է խուսափել դատաքննությունից ու դատից, արգելափակել նրան այսինչ բանտում, որի մասին հայտնել մեղադրյալին, իսկ սույն որոշման պատճենը հաղորդել դատախազի օգնականին և այլն, և այլն։ Մի խոսքով, Միտյային հայտարարեցին, թե նա այդ րոպեից կալանավոր է, և թե նրան հիմա տանելու են քաղաք, որտեղ արգելափակելու են մի շատ տհաճ վայրում։ Միտյան, ուշադիը լսելուց հետո, պարզապես ուսերը թոթվեց։

— Է՜հ, պարոնայք, ես ձեզ չեմ մեղադրում, պատրաստ եմ... հասկանում եմ, որ ձեզ ուրիշ ոչինչ չի մնում անելու։

Նիկոլայ Պարֆյոնովիչը մեղմորեն բացատրեց Միտյային, որ նրան իսկույն ևեթ տանելու է գավառական ոստիկանապետ Մավրիկի Մավրիկիևիչը, որ հենց բախտի բերմամբ այստեղ է հիմա...

— Սպասեցեք, — ընդհատեց հանկարծ Միտյան և, դիմելով բոլոր նրանց, ովքեր գտնվում էին սենյակում, խոսեց անդիմադրելի մի զգացումով.— Պարոնա՛յք, մենք բոլորս էլ դաժան ենք, բոլորս էլ հրեշներ ենք, բոլորս էլ պատճառ ենք դառնում, որ լաց լինեն մարդիկ, մայրերն ու ծծկեր երեխաները, բայց բոլորից ավելի (է՜հ, թող այդպես լինի վճիռը հիմա) բոլորից ավելի ես եմ ամենաստոր սողունը։ Թո՛ղ այդպես լինի։ Ես իմ կյանքում ամեն օր, կուրծքս ծեծելով, խոստացել եմ ուղղվել և ամեն օր էլ նույն կեղտոտ բաներն եմ արել։ Հասկանում եմ հիմա, որ ինձ նմանների գլխին մի հարված է պետք, ճակատագրի հարվածը, կարծես օղապարանով վզից բռնելու և արտաքին մի ուժով կապկպելու համար։ Ես երբեք, երբե՜ք ինքնաբերաբար չէի բարձրանա։ Բայց որոտը պայթեց։ Ընդունում եմ մեղադրանքի և հրապարակային նախատինքի տանջանքը, տառապել եմ ուզում և տառապանքո՛վ կմաքրվեմ։ Ու թերևս մաքրվեմ իրոք, պարոնայք, հա՞։ Բայց և այնպես, լսեցե՛ք վերջին անգամ՝ հորս արյան մեջ ես մեղք չունե՛մ։ Պատիժն ընդանում եմ՝ ոչ թե որովհետև սպանել եմ նրան, այլ որովհետև ուզում էի սպանել և գուցե իրոք սպանեի... Բայց համենայն դեպս մտադիր եմ պայքարել ձեր դեմ և հայտարարում եմ ձեզ այս բանը։ Պիտի պայքարեմ ձեր դեմ մինչև ամենավերջին վայրկյանը, և հետո թող աստվա՛ծ որոշի։ Մնաք բարով, պարոնայք, մի՛ նեղանաք, որ հարցաքննության ընթացքում գոռացի ձեզ վրա, օ՜, դեռ այնքա՜ն հիմար էի այդ ժամանակ... Եվս մի րոպե, և կալանավոր եմ ես, բայց հիմա, վերջին անգամ, որպես դեռ ազատ մարդ, Դմիտրի Կարամազովը մեկնում է ձեզ իր ձեռքը։ Հրաժեշտ տալով ձեզ՝ մարդկանց եմ հրաժեշտ տալիս։

Նրա ձայնը դողում էր, և իսկապես երկարեց իր ձեռքը, բայց Նիկոլայ Պարֆյոնովիչը, որ ամենից ավելի մոտ էր կանգնած, մի տեսակ հանկարծակի, գրեթե ջղաձիգ շարժումով ձեռքերը ետ տարավ ու պահեց մեջքին։ Միտյան վայրկենապես նկատեց դա և ցնցվեց։ Անմիջապես իջեցրեց իր մեկնած ձեռքը։

— Քննությունը դեռ չի ավարտվել, — կմկմաց Նիկոլայ Պարֆյոնովիչը, մի քիչ շփոթվելով, — պիտի շարունակենք քաղաքում, և ես, իհարկե, իմ կողմից պատրաստ եմ ձեզ ամենայն հաջողություն մաղթելու... ձեր արդարացման մեջ... ճիշտն ասելով, Դմիտրի Ֆյոդորովիչ, ես միշտ էլ հակված եմ ձեզ նկատելու, այսպես ասած, ոչ այնքան մեղավոր, որքան դժբախտ մի մարդ... Մենք բոլորս էլ այստեղ, եթե անշուշտ կարող եմ համարձակվել բոլորի անունից արտահայտվելու, բոլորս էլ պատրաստ ենք ընդունելու ձեզ որպես իր խորքում ազնիվ մի երիտասարդի, որ սակայն, ավա՜ղ, մի քիչ չափից ավելի տարվել է որոշ կրքերով...

Նիկոլայ Պարֆյոնովիչի փոքրիկ դեմքն այդ ճառի վերջում կատարելապես մեծաշուք արտահայտություն էր ստացել։ Հանկարծ Միտյայի մտքով անցավ, որ այս «տղան» հիմա կմտնի իր թևը, մյուս անկյունը կտանի իրեն և կվերսկսի դեռ վերջերս իրենց ունեցած խոսակցությունը «աղջիկների» մասին։ Բայց ինչե՜ր ասես չեն անցնում նույնիսկ մահապատժի գնացող ոճրագործի մտքով, ի՜նչ մտորումներ, որոնք բոլորովին երկրորդական են ու անպատեհ։

— Պարոնայք, դուք բարի եք, ողորմասիրտ, կարո՞ղ եմ տեսնել նրան, մնաս բարով ասել վերջին անգամ, — հարցրեց Միտյան։

— Անտարակույս, բայց նկատի առնելով, որ... մի խոսքով, հիմա այլևս չի կարելի առանց հսկողության...

— Խնդրե՜մ, հսկեցեք։

Բերեցին Գրուշենկային, բայց հրաժեշտը կարճատև եղավ, քիչ խոսքեր ասվեցին, և դա չգոհացրեց Նիկոլայ Պարֆյոնովիչին։ Գրուշենկան խոր գլուխ տվեց Միտյային։

— Ասացի քեզ, որ քոնն եմ, և քոնն էլ պիտի լինեմ, հավիտյանս պիտի գամ քեզ հետ, ուր էլ ուղարկեն քեզ։ Մնաս բարո՜վ, անմեղորեն ինքն իրեն կործանած մարդ։

Նրա շրթունքները դողացին, արցունքը հոսեց աչքերից։

— Ներիր ինձ իմ սիրո համար, Գրուշա, ներիր, որ իմ սիրով քե՜զ էլ խորտակեցի։

Միտյան ուզում էր դեռ մի բան էլ ասել, բայց հանկարծ ինքն ընդհատեց ու դուրս գնաց։ Նրա շուրջ անմիջապես հայտնվեցին մարդիկ, որոնք ուշի-ուշով հետևում էին։ Ներքևում, անդաստակի առաջ, ուր երեկ այնպիսի դրմփոցով քշել հասել էր Անդրեյի եռաձին, հիմա արդեն պատրաստ կանգնած էին երկու ուրիշ կառքեր։ Մավրիկի Մավրիկիևիչը, կարճլիկ ու թիկնեղ մի մարդ, ուռած դեմքով, ջղայնացել էր մի բանից՝ անակնկալորեն պատահած ինչ֊որ անկարգությունից, և բարկացած գոռում էր։ Մի տեսակ չափից ավելի խստորեն նա Միտյային հրավիրեց կառք նստելու։ «Առաջ, երբ գինետանը խմացնում էի սրան, բոլորովին ուրիշ դեմք ուներ մարդը», — մտածեց Միտյան կառք բարձրանալով։ Անդաստակից իջավ նաև Տրիֆոն Բորիսովիչը։ Դարպասի առաջ խռնվել էին մարդիկ՝ գյուղացիներ, կանայք, կառապաններ, բոլորն էլ աչքները հառել էին Միտյային։

— Մնացեք բարով ու ներեցե՜ք, ողորմած մարդիկ, — գոռաց հանկարծ Միտյան կառքից, դառնալով նրանց։

— Մեզ էլ ներիր, — լսվեց երկու֊երեք ձայն։

— Դո՜ւ էլ մնաս բարով, Տրիֆոն Բորիսիչ։

Բայց Տրիֆոն Բորիսիչը շուռ չեկավ ու չնայեց անգամ, գուցե շատ էր զբաղված։ Նա էլ գոռգոռում էր ու իրար էր անցել։ Պարզվեց, որ դեռ ամեն ինչ կանոնավոր չէր երկրորդ կառքում, որի մեջ գյուղական ոստիկանության երկու վերակացու պետք է ուղեկցեին Մավրիկի Մավրիկիևիչին։ Այն գյուղացին, որին հանձնարարել էին քշել երկրորդ կառքը, կապան էր հագնում և բուռն վիճում էր, թե Ակիմը պետք է գնա, ոչ թե ինքը։ Բայց Ակիմը չկար. վազել էին նրան փնտրելու։ Գյուղացին պնդում էր և աղաչում, որ սպասեն։

— Մեր էս ժողովուրդն սկի՛ ամոթ չունի ախր, Մավրիկի Մավրիկիևիչ, — բացականչում էր Տրիֆոն Բորիսիչը։— Անցյալ օրն Ակիմը քեզ քսանհինգ կոպեկ տվեց, խմեցիր պրծար էդ փողը, հիմի էլ գոռգոռում ես։ Պարզապես զարմանում եմ, որ էսպես բարի եք վարվում մեր ստոր ժողովրդի հետ, Մավրիկի Մավրիկիևիչ, էլ ուրիշ բան չեմ ասում։

— Բայց մեր ինչի՞ն է պետք երկրորդ կառքր, — միջամտեց Միտյան, — մի կառքով գնանք, Մավրիկի Մավրիկիևիչ, մի՛ վախենա, չեմ ըմբոստանա, չեմ փախչի քեզնից, ի՞նչ կարիք կա պահնորդների։

— Հաճեցեք ինձ հետ խոսելու ձևն իմանալ, պարո՛ն, եթե դեռ չեք սովորել։ Հաճեցեք դու ֊ով չխոսել ինձ հետ, ես ձեր ընկերը չեմ, և ձեր խորհուրդներն էլ ուրիշ անգամվա համար պահեցեք...— կատաղորեն շշպռեց հանկարծ Մավրիկի Մավրիկիևիչը, կարծես ուրախանալով, որ զայրույթն է թափում։

Միտյան սսկվեց։ Կաս-կարմիր եղավ։ Մի վայրկյան հետո հանկարծ զգաց, որ սաստիկ մրսում է։ Անձրևը դադարել էր, բայց պղտոր երկինքը ծայրից ծայր ամպերով էր ծածկված, և սուր քամին ուղղակի դեմքին էր փչում։ «Մրսե՞լ եմ, ինչ է», — մտածեց Միտյան, ներս քաշելով ուսերը։ Վերջապես Մավրիկի Մավրիկիևիչն էլ կառք մտավ, ծանրորեն ու լայն-լայն նստեց և, կարծես չնկատելով Միտյային, պինդ սեղմեց դեպի անկյունը։ Ճիշտ է, տրամադրությունը վատ էր, և տրված հանձնարարությունը խիստ տհաճ էր նրա համար։

— Մնա՛ս բարով, Տրիֆոն Բորիսիչ, — գոռաց նորից Միտյան, և ինքն էլ զգաց, որ ոչ թե բարեսրտության մղումով էր գոռում այս անգամ, այլ զայրույթից, իր կամքին հակառակ։ Բայց Տրիֆոն Բորիսիչը հպարտ կանգնել էր, ձեռքերը մեջքին կապած, աչքերն ուղղակի հառել էր Միտյային, նայում էր խիստ ու բարկացած և ոչինչ չպատասխանեց նրան։

— Գնաք բարո՜վ, Դմիտրի Ֆյոդորովիչ, գնաք բարո՜վ, — լսվեց հանկարծ Կալգանովի ձայնը։ Չգիտես որտեղից դուրս էր թռել նա հանկարծ, և վազելով կառքի մոտ՝ ձեռքը մեկնեց Միտյային։ Առանց գլխարկի էր։ Միտյան հասցրեց բռնել ու սեղմել նրա ձեռքը։

— Մնաս բարով, սիրելի՛ բարեկամ, չեմ մոռանա քո մեծահոգությունը, — բացականչեց Միտյան ջերմորեն։ Բայց կառքը շարժվեց, և նրանց ձեռքերը բաժանվեցին իրարից։ Զանգուլակն սկսեց զնգզնգալ, և տարան Միտյային։

Իսկ Կալգանովը վազելով ներս մտավ, նստեց նախասենյակի անկյունը, գլուխը ծռեց, ձեռքերով ծածկեց դեմքը և սկսեց լաց լինել։ Երկար նստեց այդպես ու արտասվեց, կարծես դեռ մի փոքր տղա լիներ, և ոչ թե արդեն քսանամյա երիտասարդ։ Օ՜, նա գրեթե լիովին հավատում էր, որ մեղավոր է Միտյան։ «Այս ի՜նչ մարդիկ են, էլ ի՜նչ կարող են լինել մարդիկ սրանից հետո», — անկապորեն բացականչում էր նա դառն տրտմությամբ, համարյա հուսահատորեն։ Այդ վայրկյանին նա չէր էլ ուզում ապրել այս աշխարհում։ «Արժե՞ որ, արժե՞ որ», — բացականչում էր դառնացած պատանին։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3369 | 0 | 0
Facebook